«Առևտրային պատերազմ». Հայաստանի տնտեսությանը վերահաս հարվածի անխուսափելիությունը
2017 թվականի օգոստոսի 2-ին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ, որոնք առաջնահերթ ուղղված են Ռուսաստանի արտահանումների կեսից ավելին կազմող նավթագազային ոլորտին: Օգոստոսի 4-ին Եվրամիությունը սակցիոն ցանկում ավելացվեցին նոր անձինք ու կազմակերպություններ: Ռուսաստանն արևմտյան այս խստացումները բնորոշեց որպես «առևտրային պատերազմ»՝ կանխատեսելով դրա հարատևությունը:
Հայաստանի համար այսպիսի զարգացումները բնավ ցանկալի չեն. Ռուսաստանի դեմ նոր «սառը պատերազմը» լուրջ սպառնալիք է մեր երկրի համար:
Դիտարկենք խնդրի տնտեսական կողմը:
Ռուսաստանի անվանական ՀՆԱ-ն 2013 թվականին կազմում էր 2231 մլրդ դոլար, իսկ 2016-ին՝ 1283 մլրդ դոլար, այսինքն կրճատվել է 74 տոկոսով[1]: Արտահանումները 2013 թվականի 522 մլրդ դոլարից իջել են 2016 թվականին մինչև 282 մլրդ դոլար, 3 տարում կրճատվել են 85 տոկոսով[2]: Այսպիսի անկումը չէր կարող չազդել Ռուսաստանում տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներ ունեցող Հայաստանի վրա:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների 2013 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 2302 մլն դոլար (այդ թվում Ռուսաստանից 1728 մլն դոլար), իսկ 2016 թվականին իջել են մինչև 1533 մլն դոլար (այդ թվում Ռուսաստանից 897 մլն դոլար)[3]: Երեք տարվա ընթացքում Դաշնությունից Հայաստան տրանսֆերտները գրեթե կրկնակի կրճատվել են՝ 92,6 տոկոսով, թվային արտահայտությամբ 831 մլն դոլարով:
Ուշագրավ է, որ 2016 թվականին Ռուսաստանից 53 մլն դոլարով ավելի քիչ գումար է փոխանցվել Հայաստան, քան ճգնաժամային 2009 թվականին (950 մլն դոլար), այս ցուցանիշը ևս անուղղակիորեն խոսում է ՌԴ տնտեսության խորացող ճգնաժամի մասին:
Նոր միտումները ևս հուսադրող չեն: 2013 թվականի համեմատությամբ ռուբլու կրկնակի արժեզրկման պատճառով երեք տարվա ընթացքում կրկնակի կրճատվել է նաև ՌԴ բյուջետային եկամուտները (դոլարային հաշվարկով). 2016 թվականին այն կազմել է 186.5 մլրդ դոլար[4]: Սակայն անգամ այդպիսի հարաբերականորեն փոքր բյուջեի զգալի մասը (շուրջ 40 տոկոսը) նավթագազային եկամուտներն են: Այժմ երբ նոր պատժամիջոցները հարվածում են այս ոլորտին, ակնհայտ է, որ Ռուսաստանի բյուջետային եկամուտներն էլ ավելի կկրճատվեն: Արդյունքում ռուսական տնտեսությունն նոր խնդիրների առջև կկանգնի, ինչն էլ միջնորդավորված կհարվածի Հայաստանին:
Արևմուտք-Ռուսաստան առճակատումը բացարձակապես չի բխում Հայաստանի ու հայության շահերից:
Նախ՝ պատժամիջոցները հարվածում են Մոսկվայի կողմից նախագծված Եվրասիական տնտեսական միությանը, որին անդամ է նաև մեր երկիրը:
Երկրորդ՝ Հայաստանն ունի և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում միլիոնների հասնող հայկական սփյուռք, այդ բևեռների բախումն արհեստական սահմաններ է դնում հայ ժողովրդի երկու հատվածների միջև (կարդացե՛ք. «Հայաստան՝ Արևմուտք-Արևելք բարեկամության հարթակ»):
[1] Russia GDP — https://tradingeconomics.com/russia/gdp
[2] Russia: Export of goods from 2006 to 2016 — https://www.statista.com/statistics/263663/export-of-goods-from-russia/
[3] ՀՀ Կենտրոնական բանկ. Դեպի ՀՀ դրամական փոխանցումները 2004-2016 թթ. — https://www.cba.am/Storage/AM/downloads/stat_data_arm/5.%20Money%20transfers%20of%20individuals_arm.xls
[4] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/fields/2056.html