Եվրամիության հակառուսական պատժամիջոցներն ընդլայնվում են. ճգնաժամային հետևանքներ Ռուսաստանի համար
Եվրոպակական Միությունը օգոստոսի 4-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել՝ «Siemens» ընկերության գազային տուրբինները Ղրիմ մատակարարելու հիմնավորմամբ:
Եվրամիությունը Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիան Ռուսաստանի Դաշնության կողմից չի ճանաչում: Նախկինում ընդունած սանկցիաների պահանջով ԵՄ-ն արգելել է այդ շրջանների ենթակառուցվածքային նախագծերի համար սարքավորումներ մատակարարումը, քանի որ անկախ էներգետիկ համակարգի ձևավորումը Ղրիմին հնարավորություն է տալիս ամրապնդելու Ուկրաինայից բաժանվածությունը:
Նշենք, որ «Siemens» ընկերությունը վաճառել էր տուրբինները ՌԴ տարածքում շահագործելու համար, որոնք այնուհետ տեղափոխվել են Ղրիմ, դրա բողոքարկմամբ ընկերությունը հուլիսի 11-ին հայց է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան:
Այդպիսով Եվրամիության սանկցիոն ցանկին ավելանում են ՌԴ 3 քաղաքացի և 3 ընկերություն, ովքեր առնչություն են ունեցել այդ ձեռնարկի հետ: Այժմ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 153 անձ և 40 կազմակերպություն:
Եվրամիության սանկացիաներն ընդունվել են 2014 թվականի մարտին և վերջին անգամ երկարաձգվել են 2017 թվականի մարտին՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը (կարդացե՛ք. «Ռուսաստանի դեմ ներդրված պատժամիջոցների ու պատասխան քայլերի ժամանակագրությունը»):
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով Եվրամիությունը նաև այլ միջոցների է դիմել.
— Տնտեսական պատժամիջոցներ, որոնք թիրախավորում են Ռուսաստանի տնտեսության կոնկրետ ոլորտները, դրանք ուժի մեջ են մինչև 2018 թվականի հունվարի 31-ը:
— Սահմանափակող պատժամիջոցներ ի պատասխան Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիայի, որոնք տարածվում են միայն Ղրիմի թերակղզու տարածքում և ուժի մեջ են մինչև 2018 թվականի հունիսի 23-ը:
Պետք է շեշտել, որ Մոսկվայի համար Եվրամիության պատժամիջոցները շատ ցավոտ ազդեցություն ունեն, քանի որ ԵՄ երկրները Ռուսաստանի առանցքային առևտրային գործընկերներն են (Նիդերլանդներ՝ 11.9%, Գերմանիա՝ 7.4%, Իտալիա՝ 6.5%,): Եթե մինչ սանկցիաների հաստատումը Ռուսաստանից դեպի Եվրամիության երկրներ արտահանումը կազմում էր տարեկան մոտ 250 մլրդ դոլար (գրեթե կեսը), ապա այժմ ողջ արտահանումները չեն գերազանցում 260 մլրդ դոլարը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանից դեպի ԱՄՆ արտահանումները կազմում են ընդամենը 4 տոկոս, այսինքն դրանք այնքան էլ մեծ ազդեցություն չեն կարող ունենալ երկրի տնտեսության վրա:
Առավելապես ԵՄ պատժամիջոցների պատճառով զգալիորեն կրճատվել է նաև Ռուսաստանի ՀՆԱ-ն (38,4 տոկոսով), ինչն էլ խոսում է հասունացող ճգնաժամի մասին: