Սկսվել են աշխատանքները Դավոսում. ի՞նչ է կանխատեսվում
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցները նախազգուշացրել են համաշխարհային ռեցեսիայի վտանգի մասին այս տարի, հայտնում է Bloomberg-ը։
Հեղինակ՝ Ֆիլիպ Օլդրիկ
Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովը մեկնարկել է Դավոսում, որտեղ կորպորացիաների ղեկավարներն ու տնտեսագետները նախազգուշացնում են համաշխարհային ռեցեսիայի սպառնալիքի մասին այս տարի:
Նախորդ տարվա հոկտեմբերին և նոյեմբերին PricewaterhouseCoopers-ի կողմից հարցված 4410 բիզնես առաջնորդներից 73%-ը կանխատեսել է, որ համաշխարհային աճը կնվազի հաջորդ 12 ամիսների ընթացքում: Ցուցանիշն ամենավատն էր պատմության մեջ (խորհրդատվական ընկերությունն առաջին անգամ հարցում է անցկացրել 2011 թվականին): Հարցվածներից հինգից երկուսն անգամ մտահոգություն են հայտնել, որ իրենց ընկերությունները կարող են չգործել տասը տարի:
Գլխավոր տնտեսագետների առանձին հարցումը, որը հրապարակվել է Ֆորումի կողմից, ցույց է տվել, որ երկու երրորդն ակնկալում է համաշխարհային անկում 2023 թվականին, քանի որ ձեռնարկությունները կրճատում են ծախսերը. 18%-ը նման անկումը համարում է «չափազանց հավանական»։
Ակնկալվում է, որ այս շաբաթ վախերը կուժեղանան, քանի որ ավելի քան 2700 ղեկավարներ, բանկիրներ և տնտեսագետներ առաջին անգամ կհանդիպեն շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում՝ սկսած 2020թվականից: Թեև վերջին տվյալները հույսեր են արթնացնում, որ տնտեսությունը դեռ կարող է մեղմ վայրէջք կատարել, նախորդ տարվա գնաճի ալիքը և կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների հետագա բարձրացումը ստիպել է անկման պատրաստվել շատերին:
PWC-ի նախագահ Բոբ Մորիցը, սակայն, ասաց, որ անհանգստության մակարդակը չափազանցված է իր ընկերության հարցման մեջ:
Նա ասաց, որ նվազման ակնկալիքներն արմատացած են կանխատեսումների մեջ, քանի որ մարդիկ վաղուց էին սպասում դրան։ Համեմատած 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ՝ ղեկավարներն այժմ ավելի շատ են վախենում տնտեսության համար, բայց ավելի վստահ են, որ իրենց ընկերությունները «կհաղթահարեն այս անկումը»:
Չնայած դրան, բիզնես առաջնորդների վստահությունը սեփական ընկերությունների աճի հեռանկարների նկատմամբ ամենաշատն ընկել է 2008 թվականի ճգնաժամից հետո:
Հարմարվիր կամ մահացիր
Հետազոտությունը ցույց է տվել, որ այս տարվա հիմնական ռիսկերն են՝ գնաճը, մակրոտնտեսական անկայունությունը և աշխարհաքաղաքական հակամարտությունը:
Մորիցը նշել է, որ հիմնական անակնկալը երկարաժամկետ հեռանկարն էր. առաջնորդների 40%-ը համոզված է, որ «իրենց կազմակերպությունները տնտեսապես կենսունակ չեն լինի 10 տարի հետո, եթե չվերափոխվեն»:
Նա ասաց. «Կարճաժամկետ հեռանկարում խոսքը գնում է ծախսերի կառավարման մասին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ մատակարարման շղթաների, կլիմայի, տեխնոլոգիական խափանումների մասին»: Ղեկավարները պետք է քայլեր ձեռնարկեն հիմա՝ «գոյատևելու երկու տարի և բարգավաճելու հաջորդ 10-ի ընթացքում»՝ միաժամանակ ապահովելով, որ նրանք ունեն ապագայում օգտագործելու կապիտալ:
Նախորդ տարում բիզնես առաջնորդները մտահոգված էին կիբեր սպառնալիքներով և առողջության ու կլիմայական ռիսկերով: Մորիցն ասաց, որ կլիմայական ճգնաժամը մնում է հրատապ խնդիր: «Չեմ կարծում, որ այս հարցը կվերանա օրակարգից։ Ամեն ինչ հարաբերական է. ղեկավարների 60-70%-ն արդեն քայլեր է ձեռնարկում»,- ասաց նա:
Աշխարհաքաղաքական սպառնալիքները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և Չինաստանով. «Եթե ռուս-ուկրաինական հակամարտություն կարող է տեղի ունենալ, էլ ի՞նչ: Մորիցը հարցրեց. — Իսկ Մերձավոր Արևելքի և Իրանի դերի մասին ի՞նչ կասեք: Նույնիսկ ԱՄՆ-ի գնաճի նվազեցման օրենքը հնարավոր ռիսկ է»: Օրենքի սուբսիդիաները հարյուր միլիարդավոր դոլարների մաքուր էներգիայի նախագծերի համար աշխարհաքաղաքական լարվածություն են առաջացնում Եվրոպայում:
Աշխատուժ
Ինչ վերաբերում է անձնակազմին, ապա ղեկավարների 60%-ը մտադիր չէ կրճատել աշխատակիցների թիվը, իսկ 80%-ը չի գնա աշխատավարձերի կրճատման, քանի որ նախընտրում է պահպանել անձնակազմը, քան ծախսել ծախսատար հավաքագրման գործընթացների վրա: Սպասվում է, որ անձնակազմի արտահոսքը կրկին բարձր կլինի այս տարի:
«Ուժը մնում է ճիշտ հմտություններ ունեցող աշխատողներին», — ասաց Մորիցը:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բիզնեսի սեփականատերերը նույնիսկ ավելի քիչ լավատես են ներքին աճի նկատմամբ, քան համաշխարհային ընդլայնման:
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան բարելավել է իր դիրքը որպես բիզնես իրականցնելու վայր, ընկերությունների ղեկավարները դրել են վերջինիս երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ից և Չինաստանից հետո և համեմատել են Գերմանիայի հետ՝ պայմանավորված եկամտի աճով: Նախկինում այն երբեք չէր բարձրացել չորրորդ տեղից: