Հայաստան-Թուրքիա ասիմետրիկ առևտրաշրջանառությունն ու թուրքական ապրանքների «իմպորտափոխարինման» հնարավորությունները
Հայաստան ներմուծվող ապրանքների 4,2 տոկոսը բաժին է հասնում Թուրքիայի Հանրապետությանը[1], ինչը ներմուծումների թվով 6-րդ ցուցանիշն է մեր երկրի համար՝ կազմելով միջին տարեկան ցուցանիշով մոտ 200 մլն դոլար: Մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների գումարային թիվը տարեկան կազմում է մոտ 1,3 մլն դոլար[2], այսինքն ներմուծումները գերազանցում են արտահանումներն ավելին քան 150 անգամ:
Նման պատկերը Ցեղասպանություն տեսած ու Պահանջատիրության հարց բարձրաձայնող ժողովրդի համար ազգային ողբերգության նշան է, որքան էլ բիզնեսի համար շահավետ լինի թուրքական ապրանքների ներմուծումը, անընդունելի է երկրորդ պլան մղել ազգային արժանապատվությունը:
Հայաստանը պետական քաղաքականությամբ պետք է թուրքական ապրանքներին այլընտրանք գտնի, պետք է ներդրվի պետական ծրագրով «իմպորտափոխարինման» քաղաքականություն: Որքանո՞վ է այն իրատեսական, դրա համար նախ հասկանանք, թե ինչ է ներմուծվում Թուրքիայից Հայաստան:
Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական ցանկը հետևյալն է (ըստ հրապարակային տվյալների).
2015 թ. (մլն դոլար) |
2014 թ. (մլն դոլար) |
2013 թ. (մլն դոլար) |
2013-2015 թթ. միջին ցուցանիշը (մլն դոլար) |
|
Քիմիական արտադրանքներ | 24,0 | 33,8 | 31,5 | 29,8 |
Հագուստեղեն, տեքստիլ | 23,7 | 32,8 | 33,5 | 30,0 |
Մետաղներ | 18,8 | 32,9 | 30,2 | 27,3 |
Պլաստմասե և ռետինե արտադրանքներ | 14,2 | 24,6 | 26,1 | 21,6 |
Էլեկտրական սարքավորումներ | 11,3 | 27,5 | 21,5 | 20,1 |
Թղթե արտադրանքներ | 9,2 | 10,6 | 10,6 | 10,1 |
Փայտե արտադրանքներ | 7,0 | 18,5 | 19,2 | 14,9 |
Քարե և ապակյա արտադրանքներ | 5,0 | 10,1 | 9,1 | 8,1 |
Ավտոմեքենաներ և սարքավորումներ | 3,9 | 8,2 | 7,1 | 6,4 |
Հանքային արտադրանքներ | 2,8 | 2,1 | 2,4 | 2,4 |
Կենդանական և բուսական ապրանքներ | 2,5 | 3,9 | 2,4 | 2,9 |
Կոշկեղեն և գլխարկներ | 1,4 | 3,3 | 3,1 | 2,6 |
Այլ ապրանքներ | 10,6 | 19,5 | 11,5 | 13,9 |
Ընդհանուր ներմուծումներ | 134 | 228 | 208 | 190 |
Քիմիական, պլաստմասե ու ռետինե արտադրանքներ – Հայաստանը տարեկան ներկրում է Թուրքիայից մոտ 50 մլն դոլարի մաքրող միջոցներ, օճախ, սոսինձ, մածուկ և բազմաթիվ այլ քիմիական, պլաստմասե և ռետինե արտադրանքներ:
Խորհրդային Միության տարիներին քիմիական արդյունաբերությունը Հայաստանում բավականին զարգացած էր, Երևանի, Կիրովականի (Վանաձորի) և Ալավերդու քիմիական ուղղվածության գործարաններն արտադրում էին են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութեր, ավտոդողեր, արհեստական մանրաթելեր, սոսինձ, վիտամիններ, ամինաթթուներ, հերբիցիդներ, լայն սպառման տարբեր բնույթի ապրանքներ: Մի՞թե անհնար է վերականգնել այդ ներուժը, իհարկե հնարավոր է…
Այժմ գործարանների արդիականացման, արտադրական հզորությունների ավելացման ու նոր գործարանների ստեղծման ճանապարհով իրատեսական է գրեթե ամբողջությամբ փոխարինել Թուրքիայից ներմուծվող քիմիական արտադրանքները հայրենական ապրանքատեսականիով:
Հագուստեղեն, տեքստիլ, կոշկեղեն և գլխարկներ – Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է շուրջ 32 մլն դոլարի տարատիպ հագուստներ, կոշկեղեն, կտորեղեն ու տեքստիլային արտադրանք:
Նշենք, որ Խորհրդային Հայաստանում թեթև արդյունաբերության խոշոր կենտրոններ էին Լենինականը (Գյումրին), Երևանը, Կիրովականը, այս ճոյւղը նաև զարգացած էր Կամոյում (Գավառում), Ստեփանավանում, Գորիսում և այլ քաղաքներում: Այս ոլորտում ևս պետական ուղղորդված քաղաքականության դեպքում Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի փոխարինելու թուրքական ապրանքները հայկականով:
Առնվազն այս երկու ուղղությունների զարգացման դեպքում Հայաստանում հնարավոր է ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, իսկ հայկական ապրանքատեսականիով բավարարել ոչ միայն երկրի ներքին պահաջարկն, այլև կազմակերպել արտահանում դեպի ԵԱՏՄ երկրներ:
Թուրքիայից ներմուծվող ապրանքների բացարձակ մեծամասնությունը հնարավոր է արտադրել Հայաստանում, իսկ այն ապրանքները, որոնք հնարավոր չէ փոխարինել հայկականով (այդ թվում արտադրական հումքը), անհրաժեշտ է դրանք ներմուծել այլ երկրներից: Չկա մի ոլորտ, որ թուրքական ապրանքներին այլընտրանք չլինի:
«Իմպորտափոխարինման» քաղաքականության մշակումը ենթադրում է պետության կողմից ուղղորդվող մանրամասն աշխատանք. անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ինչի համար իշխանությունները պետք է առանձնացնել տնտեսական զարգացման կոնկրետ ոլորտները ու դրանց գործունեության համար ձևավորեն արտոնյալ ներդրումային պայմաններ: Լավագույն տարբերակն այն կլինի, եթե ստեղծվեն պետական ձեռնարկություններ, որոնց եկամուտն էլ կհոսի պետական բյուջե:
Սրանք ուղենիշային մտքեր են, որոնց իրականացումը բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային շահից:
[1] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/am.html
[2] http://mfa.am/hy/country-by-country/tr/