Թուրքիա — Իրան. տնտեսական ու ռազմական ներուժի համեմատություն
Առաջավոր Ասիայում առավել ազդեցիկ ռեգիոնալ տերությունները Թուրքիան և Իրանն են: Տարածաշրջանում գերակայության համար այդ երկրների հակամարտությունները դարերի պատմություն ունի` սկսած 1400-ականներից: Ռեգիոնալ ազդեցության համար պայքարը շարունակվում է նաև այսօր:
Հանրապետական Թուրքիան աշխարհաքաղաքական տեսանկյունից Արևմուտքի վերահսկողության տակ է (անդամ է ՆԱՏՕ-ին, ձգտում է միանալ Եվրամիությանը), թեև նախագահ Էրդողանը փորձում է երկրի արտաքին քաղաքական կուրսը վերանայել՝ ազատվել Արևմուտքի գերակայությունից և դառնալ տարածաշրջանի կամ թյուրքական երկրների դրոշակակիրը (նեոօսմանիզմ, նեոթուրքիզմ):
Իրանն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից կախվածություն չունի, համարվում է Արևմուտքի ռեգիոնալ ախոյանը: Հանդիսանում է շիա մահմեդական երկրնների ու ժողովուրդների փաստացի առաջնորդը:
Ներկայացնենք նախ այս երկրների մարդկային ու տնտեսական ներուժը:
Իրանը տարածքով կրկնակի մեծ է Թուրքիայից, իսկ բնակչությունը գրեթե նույնն է:
Թուրքիան անվանական տնտեսական ցուցանիշներով (անվանական ՀՆԱ, պետական բյուջե, առևտրաշրջանառություն) կրկնակի գերազանցում է Իրանին, մինչդեռ տնտեսական ներուժով (գնողունակություն) երկրները գրեթե հավասար են:
Թուրքիայի տնտեսությունը բավականին դիվերսիֆիկացված է, մինչդեռ Իրանի տնտեսության լոկոմոտիվը ածխաջրածնային հումքն է. երկիրը բնական գազի պահուստներով 2-րդ երկիրն է աշխարհում (34 տրիլ խմ), իսկ նաթվի պահուստներով՝ 4-րդ երկիրը (157,8 մլրդ բարել):
Ընդհանուր պատկերը հետևյալն է.
Թուրքիա | Իրան | |
Տարածք (քկմ) | 783 562 | 1 648 195 |
Բնակչությունը (մլն) | 80,3 | 82,8 |
ՀՆԱ՝գնողունակություն (մլրդ դոլար) | 1 698 | 1 459 |
ՀՆԱ՝ անվանական (մլրդ դոլար) | 856,8 | 412,3 |
ՀՆԱ՝ մեկ անձի հաշվով (դոլար) | 21 100 | 18 100 |
Պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ (տոկոս) | 29,5 | 11,9 |
Արտաքին պարքտը (մլրդ դոլար) | 410,4 | 7,1 |
Պետբյուջեի ծախսերը (մլրդ դոլար) | 151 | 72,29 |
Արտահանումներ (մլրդ դոլար) | 143,8 | 87,5 |
Ներմուծումներ (մլրդ դոլար) | 142,5 | 62,12 |
Ոսկու և արտարժույթի պահուստներ (մլրդ դոլար) | 115 | 135,5 |
Գործազրկություն (տոկոս) | 10,9 | 10,7 |
Ռազմական ներուժով ևս այս Թուրքիան և Իրանը բավականին բարձր ցուցանիշներ են ապահովում աշխարհում: «Global Firepower»-ի վարկանիշով Թուրքիան աշխարհում 8-րդ երկիրն է, իսկ Իրանը՝ 20-րդ:
Իրանի ակտիվ զինուժը մեկ քառորդով (135 հազարով) գերազանցում է Թուրքիային, իսկ պահեստազորը գերազանցում է շուրջ 10 անգամ: Մյուս կողմից Թուրքիայի ռազմական ծախսերը մեկ քառորդով (2 մլրդ դոլարով) ավելի մեծ են, քան Իրանինը:
Անկարան գերազանցում է ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի և մարտական մեքենաների թվով, իսկ զիջում է Թեհրանին ռազմածովային տեխնիկայի և հրթիռահրետանային համակարգերի թվով:
Ընդհանուր պատկերը հետևյալն է.
Թուրքիա | Իրան | |
Ակտիվ զինուժ (հազար մարդ) | 410,5 | 545 |
Պահեստազոր (հազար մարդ) | 185,6 | 1800 |
Զինծառայությանը պիտանի անձանց թիվը (մլն մարդ) | 41,6 | 47 |
Պաշտպանության բյուջեն (մլրդ դոլար) | 8,3 | 6,3 |
Ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ (հատ) | 1018 | 477 |
Տանկեր (հատ) | 2445 | 1616 |
Մարտական մեքենաներ (հատ) | 7550 | 1315 |
Ռազմածովային տեխնիկա (հատ) | 194 | 398 |
Հրթիռային համակարգեր | 811 | 1474 |
Հրետանային համակարգեր | 1710 | 2398 |