Հայաստան՝ Արևմուտք-Արևելք բարեկամության հարթակ
Հայությունն ամբողջ աշխարհում կազմում է ավելին քան 10 մլն, որի մեկ երրորդն է միայն ապրում Հայաստանում և Արցախում, մնացյալ հայերն բնակվում են հայրենիքից դուրս՝ սփյուռքում (այսինքն հայ ազգի ներուժի առյուծի բաժինը արտերկրում է):
Այս առումով հայ ժողովուրդը բավականին նմանություն ունի հրեաներին, սակայն եթե հրեաների մեծամասնությունն ապրում են Արևմուտքի երկրներում, ապա հայկական սփյուռքը մեծ թիվ է կազմում և՛ Արևմուտքում (ԱՄՆ՝ մոտ 1,5 մլն, Ֆրանսիա՝ 0,9 մլն և այլն), և՛ Ռուսաստանում (մոտ 2,5 մլն), և՛ Իրանում (ավելին քան 0,5 մլն): Այսինքն իրար հետ քաղաքական բնույթի բազմաթիվ խնդիրներ ունեցող Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև հայությունը կարող է լինել կապող օղակ, քանի որ Այս աշխարհաքաղաքական բեռների միջև համերաշխությունը միայն ի նպաստ հայության կլինի: Սա է Հայաստանի և հայության զարգացման առավել արդյունավետ ուղին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում աննախադեպ քաղաքական իրավիճակ ձևավորվեց Հայաստանի և ողջ հայության համար: 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ բանակցություններն առնչվում էին ոչ թե Հայաստանին, այլ գլոբալ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին, Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա տարաձայնություններին: Հայությունն առավել շահագրգիռ կլինի, որ մեր երկիրը դառնա միջազգային քաղաքական ու տնտեսական բնույթի տարատիպ հիմնախնդիրների կարգավորման համար երկխոսության հարթակ դառնալ. Հայաստանը կլինի իրական կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև:
Սկզբունքորեն սա Հայաստանի «շվեյցարացման» մոդելն է: Հայաստանը պետք է ամեն կերպ ձգտի դառնալ հենց այդ բանակցային պլատֆորմը, ուր աշխարհի առաջնորդները կքննարկենք ու կլուծեն համաշխարհային կարևորագույն խնդիրները: Հասկանալի է, որ դրան հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի. Հայաստանը պետք է կարողանա պատշաճ մակարդակով անցկացնի բոլոր կազմակերպվելիք միջոցառումները, իսկ սփյուռքն ու հայկական լոբբին կլինեն կազմակերպիչ–գործակալներ: Հայաստանի այդ նոր կերպարը ողջ հայության զարգացման, ինչպես և հայապահպանության հզոր խթան կլինի: Սրանով հայ ժողովուրդը կկարողանա հետագայում իր ազդեցիկ խոսքն ասել միջազգային (այդ թվում և համահայկական) հիմնախնդիրների կարգավորման մեջ: