Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը
Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Այն նշվում է աշխարհի ավելի քան 140 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
1886 թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:
1889 թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890 թ.:
Հայաստանում օրվա խորհուրդը, իմ կարծիքով, պետք է լինի բոլոր աշխատավորների իրավունքների լիարժեք պաշտպանությունը և աշխատանքի առավել քան արդյունավետ կազմակերպումը(սա վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածին)։
Հայաստանում ռազմավարական առաջնահերթություն պետք է լինի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պետությունը ունի սահմանափակ մարդկային ռեսուրսներ։ Պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար բավարար աշխատանքային պայմաններ ստեղծել։ Չափազանց կարևոր է, որ մեր լավագույն մասնագետները աշխատեն և ստեղագործեն Հայաստանում։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որպեսզի բուհերի և աշխատաշուկայի միջև կապը անխափան աշխատի։ Սրա արդյունքում երիտասարդները հնարավորություն կունենան ավելի մոտ լինել աշխատաշուկային, ծանոթանալ տեղի ունեցող փոխակերպումներին և ըստ այդմ՝ ապագայում ճիշտ որոշումներ կայացնել աշխատանքի հարցում և նպաստել պետականության ամրապնդմանը։
Ամփոփելով՝ աշխատանքի առավել քան արդյունավետ կազմակերպումն է նաև, որ հնարավորություն է տալու հաղթահարել այն դժվարին մարտահրավերները, որոնք ծանրացած են մեր պետության առջև։
Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին տոնի առթիվ։
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան