Պուտին — Սարգսյան «հաշվետու հանդիպման» չբարձրաձայնվող առանցքային պայմանավորվածությունը
Օգոստոսի 22-ին Կրեմլի պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակվեց այն մասին, որ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում է ունենալու Սերժ Սարգսյանի հետ: Այդ տեղեկատվությունը տառացի թարգմանությամբ ներկայացվեց նաև ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ նշված է.
«Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:
Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:
Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:
Այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ամենակարևոր հարցը երկու երկրների նախագահների միջև վեց ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությունն է: Սակայն 2017 թ. մարտի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հնչեցված հայտարարություններում հստակություն չկար: Նախագահների հիմնական խոսքում հնչում էին երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման իրողությունների մասին փաստարկներ, ինչպես նաև շեշտվում էին ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները խթանելու և Արցախյան հակամարտությունը բանակցային ձևաչափով լուծելու «բարի» ցանկությունները:
Գուցե նախագահները նշված և այլ հարցերի առումով կոնկրետ պայմանավորվածություններ ունեն, որոնց մասին չեն բարձրաձայնում, սակայն դրանց ձեռքբերումից վեց ամիս անց Սերժ Սարգսյանին հրավիրում է «հաշվետվու հանդիպման»: Այս ամենը բնավ բացառված չէ, սակայն դրա մասին մենք կարող ենք միայն ենթադրություն անել:
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ.
Եթե պայմանավորվածություններ կան Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ապա հաշվի առնելով Ադրբեջանում և Հայաստանում սպասվելիք ներքաղաքական զարգացումները, հազիվ թե կարելի է մտածել, որ արմատական որևէ փոփոխություն է նախատեսվում: Այս առումով թերևս միակ ճշտումը, որ Պուտինը կցանկանար անել վերաբերում է Սարգսյանի դիրքորոշման, թե արդյոք նա մտադրված է նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, այսինքն արդյոք նա է շարունակելու հակամարտության բանակցային գործընթացում բարձրագույն մակարդակով ներկայացնելու հայկական երկու հանրապետությունների դիրքորոշումը: Այնուհանդերձ անգամ հնարավոր փոփոխությունները նոր բանակցային պայմանավորվածություների ձեռքբերման առումով ոչինչ չեն ազդարարում:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ — ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Եթե Պուտին-Սարգսյան բանակցությունների առանցքային հարցը վերաբերում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, ապա այդ առումով ամեն ինչ հստակ է դառնում: Եվրասիական տնտեսական միության կազմում տարբեր ոլորտներում Հայաստանի ինտեգրացիոն ձեռնարկները պլանավորված ընթանում են, սակայն հորիզոնում նշմարվում է մեկ այլ խնդիր, ինչը 2014 թվականին դարձավ Ռուսաստանի կողմից Ուկրաինան կորցնելու նախահիմքը: Խոսքը վերաբերում է այլընտրանքային Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը:
Այս տարի նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության երկրների թվով արդեն 5-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել «Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը», որի նախաստորագրությունը տեղի էր ունեցել 2017 թվականի մարտի 21-ին՝ Սարգսյան-Պուտին հանդիպումից օրեր անց: Չենք կարծում, որ սա պատահականություն է:
Այժմ արդեն Հայաստանը Մոկվային է ներկայացնումն այդ համաձայնագրի ստորագրման գործընթացի մանրամասնությունները: Թե որքանով ԵՄ-ՀՀ համագործակցության նոր ձևաչափը չի հակասում Կրեմլի շահերին, դա դեռ հարց է, ու սկզբունքորեն բացառված չէ, որ 2017 թվականի օգոստոսի 23-ը կարող է վերածվել 2013 թ. սեպտեմբերի 3-ի, երբ մեկ օրում Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Մեկ տարբերությամբ, որ նահանջի հնարավոր գործընթացը կտևի ոչ թե հաշված ժամեր, այլ շատ ավելի երկար, մինչև իսկ ամիսներ՝ կրկին շեշտելով Մոսկվայի կողմից հնարավոր պարտադրման հանգամանքը:
Երկու նախագահների հանդիպման արդյունքներն էլ կթելադրեն առաջիկա քաղաքական զարգացումների տրամաբանությունը: