Գերմանիայի «երկաթե լեյդի» քաղաքական գործունեությունը
Այս հետազոտության մեջ մենք անդրադառնում ենք ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ կարևորագույն դեր ունեցող Անգելա Մերկելի քաղաքական գործունեության վերլուծությանը: Ա. Մերկելը 2000 թ. ապրիլի 10-ից ղեկավարում է Գերմանիայի Քրիստոնիա-դեմոկրատական միությունը, իսկ 2005 թ. նոյեմբերի 25-ից Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում է:
Դժվար է Մերկելին համարել վառ քաղաքական գործիչ: Նրա կենսագրությունն իսկ տիպիկ բյուրոկրատական աշխատակցի կենսագրություն է, ով երկար ժամանակ հեռու էր քաղաքականությունից, սակայն ճիշտ ժամանակին մտավ այդ բնագավառ և ճանապարհ հարթեց կուսակցական հիերախիայի մեջ: Մերկելը չուներ որևէ յուրատիպ գաղափարներ, չունի հիշվող իմիջ, ոչ էլ փայլում է հռետորական ունակություններով: Նրա միակ խաղաքարտը «սովորական կնոջ» համեստ գրավչությունն է, ով «իրեն համար ոչինչ չի ուզում»:
Սակայն այնուհանդերձ Մերկելն ըստ «Ֆորբս» ամսագրի 2016 թվականի տվյալների ամենազդեցիկ կինն է աշխարհում[1]: Իսկ աշխարհի ամենից ազդեցիկ մարդկանց շարքում երրորդն է[2]:
Այս հետազոտության մեջ մենք անդրադառնում ենք Անգելա Մերկելի քաղաքական հաջողությունների պատմությանը, ով դարձավ ԳԴՀ պատմության մեջ առաջին կին կանցլերը, միաժամանակ ամենից երիտասարդը, ընդամենը 51 տարեկան, նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (Արևելյան Գերմանիայի) առաջին ներկայացուցիչն է այդ պաշտոնում, ինչպես նաև կառավարության առաջին գլուխն է, ում մասնագիտությունը բնական գիտությունների բնագավառից է: Եվ ընդհանրապես Գերմանիայի ողջ պատմության երկրորդ կին պետության գլուխը (972-991 թթ. երկիրը ղեկավարում էր կայսրուհի Թեոփանոն):
* * *
Անգելա Մերկելը ծնվել է Համբուրգ քաղաքում բողոքական քահանայի և ուսուցչուհու ընտանիքում: 1954 թ. ընտանիքը տեղեափոխվել է Կվիտցով քաղաք, ուր և անցել է Մերկելի մանկությունն ու երիտասարդությունը:
Դպրոցում Մերկելն ընդգրկված է եղել պիոներական կազմակերպության, իսկ հետո Ազատ գերմանական երիտասարդության միության մեջ: Դեռ դպրոցական տաիներից Մերկելը մտադրված էր Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, արդյունքում 1973 թ. տեղափոխվեց Լայպցիգ: Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք: Աշխատանքի հետ մեկտեղ Մերկելը բավականին տարված էր ոչ միայն ֆիզիկայով, այլև վերլուծական քիմիայով, ստացել է գիտական աստիճան բնական գիտություններից: 1978-1989 թվականներին աշխատել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Գիտությունների ակադեմիայում: Աշխատանքի հետ մեկտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական կյանքում, եղել է Ազատ գերմանական երիտասարդության միության շրջանային կոմիտեի անդամ, ագիտացայի ու պրոպագանդային գծող քարտուղար: Իր այս գործունեությունն Մերկելն անվանում է լուսավորչական-մշակութային աշխատանք: Թեև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության գոյության տարիներին չի ընդգրկվել ժողովրդավարական դաշինքի կուսակցական համակարգի մեջ և ընդդիմադիր շարժումներին չի մասնակցել:
1989 թ. աշնանը Բեռլինյան պատի անկումից հետո տեղի ունեցող արմատական փոփոխությունների պայմաններում պարզ էր դառնում, որ Արևելյան Գերմանիայում մի կողմից սկսվում է նոր ժողովրդավարական կուսակցությունների ձևավորում, իսկ մյուս կողմից երկրի գիտությունների ակադեման որպես այդպիսին հոգեվարքի մեջ էր (փաստացիորեն արդեն իսկ 1991 թ. դեկտեմբերի 31-ին այն դադարեց իր գոյությունը): Մերկելը հարկադրված էր հարմարվել նոր քաղաքական իրողություններին: Այդ հատվածում նա աշխատանքի անցավ «Ժողովրդավարական զարթոնք» (Demokratischer Aufbruch) ընդդիմադիր կուսակցությունում: 1989 թ. դեկտեմբերից հանդիսանում էր ժամանակավոր ադմինստարատոր, իսկ 1990 թ. փետրվարից դարձավ կուսակցության ղեկավար Վոլֆգանգ Շնուրի ռեֆերենտի պաշտոն: Ավելի ուշ Մերկելին հանձնարարվեց մշակել կուսակցական տպագրական քարոզչական նյութերը, իսկ դրանից հետո նա ստացավ մամլո-քարտուղարի փաստացի պաշտոն:
Սակայն Ժողովրդական պալատի (պառլամենտի) առաջին ազատ ընտրությունները Մերկելի կուսակցության համար ավարտվեցին ջախջախիչ պարտությամբ, կուսակցությունն հավաքեց ընդամենը 0.9 տոկոս քվե: Սակայն նախընտրական դաշինքի մեջ գտնվող Քրիստոնյա-դեմոկրատական միությունը հաղթանակի հասավ, հավաքելով ձայների 40.8 տոկոս, արդյունքում «Դաշինք հանուն Գերմանիայի» կուսակցական դաշինքը հաղթանակի հասավ ընտրություններում[3]: Արդյունքում Մերկելի «Ժողովրդավարական զարթոնք» կուսակցությունը կարողացավ 4 տեղ ստանալ պառլամենտում: «Դաշինք հանուն Գերմանիա» միավորումը գլխավորող Լոտար դե Մեզյերը ձևավորեց կոալիցիա, որը կազմված էր «Դաշինքից», սոցիալ-դեմոկրատների ու լիդերալներից: Ապրիլի 12-ին դե Մեզյերը դարձավ Արևելյան Գերմանիայի Նախարարների խորհրդի նոր նախագահող: Կառավարական պորտֆելների բաժանման արդյունքում Անգելա Մերկելը ստացավ կառավարության մամլո-խոսնակի տեղակալի պաշտոնը:
Իր պաշտոնում Անգելա Մերկելը ներկա է գտնվել մի շարք նախնական բանակցությունների, որոնք անց էին կացվում 1990 թ. մայիսի 18-ին Բոննում, նպատակ ունենալով նախապատրաստել Դրամական, տնտեսական ու սոցիալական միության մասին պետական պայմանագրի ստորագրումը: Գերմանիայի Դոմոկրատական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում ներկայացնում էր Նախարարների խորհրդի նախագահին կից պառլամենտական պետքարտուղար Գյունտեր Կրաուզեն, ով մերկելի քաղքական կարիերայի կայացման մեջ մեծ դեր է խաղացել: 1990 թ. օգոստոսի 31-ին ստորագրվեց երկու Գերմանիաների միջև պայմանագիր (Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության միավորման մասին)[4]: Ի պաշտոնե Մերկելը մասնակից է եղել նաև գերմանիայի հետ հարաբերություների վերջնական կարգավորման պայմանագրին (այսպես կոչված «Երկու գումարած չորս» պայմանագիր, այն կնքվել է 1990 թ. սեպտեմբերի 12-ին Մոսկվայում, ացի երկու Գերմանական պետություններից այն ստորագրել են նաև ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Ֆրանսիան և Մեծ Բիտանիան[5]: Գերմանիայի քաղաքական կյանքում հաջորդ կարևոր իրադարձությունը 1990 թ. դեկտեմբերի 2-ին Բունդեստագի միասնական ընտրություններն էին:
«Ժողովրդական զարթոնք» կուսակցության նախորդ ընտրությունների անհաջողությունը, ինչպես նաև հետագա ամիսներին տեղ գտած իրադարձությունները, հանգեցրեցին նրան, որ մերձենա Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ-ի) հետ: Այս գործում մեծ դեր ունեցավ հենց Անգելա Մերկելը: 1990 թ. օգոստոսի 4-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ կուսակցությունը ձայների մեծամասնությամբ որոշում ընդունեց մտնելու արևմտագերմանական ՔԴՄ-ի մեջ, այն բանից հետո, երբ այն միանա արևելագերմանական ՔԴՄ-ի հետ: Մերկելը «Ժողովրդավարական զարթոնք» կուսակցության երեք ներկայացուցիչներից մեկն էր, որ մասնակցեց ՔԴՄ-ի միասնական համագումարին, որն անց կացվեց Համբուրգում 1990 թ. հոկտեմբերի 1-2-ին: Այս համագումարից առաջ Մերկելի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել իր առաջին առանձին հանդիպումը ՔԴՄ-ի նախագահ և Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի հետ:
1990 թ. հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Գերմանիայի միավորումը, որից հետո Մերկելին հատկացվեց ԳԴՀ տպագրության և տեղեկատվության դաշնային նախարարության նախարարի խորհրդականի պաշտոն: Այնուհետև Մերկելը որոշեց դառնալ Բունդեստագի պատգամավոր, Գ. Կրաուզեի միջնորդությամբ Անգելա Մերկելը դարձավ բունդեստագի միամանդատ թեկնածու Շտրալզունդ-Հյուսիսային Պոմերիա-Ռյուգեն ընտրական շրջանից, միաժամանակ զբաղեցնելով կուսակցական ցուցակի վեցերորդ տողը:
1990 թ. դեկտեմբերի 2-ի համագերմանական ընտրությունների ժամանակ իր ընտրատարածքում հավաքեց ձայների 48.5 տոկոսը, որն էլ Մերկելին պատգամավորի մանդատ բերեց[6]: Նույն թվականի նոյեմբերին Մերկելն հրավիրվեց Բոնն Հ. Կոլին հետ հանդիպման և անսպաելիորեն նրան առաջարկվեց նախարարական պաշտոն: Նրան հատկացվեց կանանց և երիտասարդների հարցերով նախարարի պաշտոնը, որը և ստանձնեց Մերկելը 1991 թ. հունվարի 18-ին:
Իսկ արդեն 1994 թ. հոկտեմբերի 16-ի ընտրություններից հետո, որում կրկին հաղթանակի հասան Քրիստոնյա-դեմոկրատները[7]: Մերկելն իր միամանդատ ընտրատարածքում նա հավաքեց 48.6 տոկոս: Ապա արդեն ստացավ Հ. Կոլի կառավարության մեջ Շրջակա միջավայրի պաշտպանության, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարի պաշտոնը:
Սակայն ՔԴՄ-ի հաղթարշավն դրանով ավարտվեց, արդեն իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը (դաշինք Բավարիայի Քրիստոնյա-սոցիալիստական միության հետ) անհաջողությամբ ավարտվեց: 1949 թ. ի վեր կուսակցությունն ունեցավ ամենից վատ արդյունքը, դաշինքն հավաքեց ընդամենը 35.1 տոկոս: Մերկելի ցուցանիշը ևս միամանդատ համակարգում զգալիորեն ընկել էր, նա ստացել էր ընդամենը 37.3 տոկոս[8]:
Նախքան ընտրությունները կուսակցության ներսում արդեն իսկ խնդիրներ կային կանցլեր առաջադրման հետ, ոմանք համաձայն չէին Հ. Կոլին նորից տեսնել այդ դիրքում, իսկ միակ այլընտրանքը Վոլֆգանգ Շոյբլեն էր, բայց նա այդ պահին չկարողացավ փոխարինել Կոլին: Միայն ընտրություններից հետո 1998 թ. նոյեմբերի 7-ին Շոյբլեն ընտրվեց ՔԴՄ-ի նախագահ: Իսկ Մերկելին առաջադրվեց ՔԴՄ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը կուսակցության կարևորագույն պաշտոններից մեկն է: Հ. Կոլը դարձավ կուսակցության պատվավոր նախագահ:
Հաջորդող ամիսների ընթացքում ՔԴՄ-ին հաջողվեց բավական լավ արդյունքներ գրանցել, Եվրոպական խորհրդարանում տեղերի համար լանդերի (հողերի) մակարդակում տեղ գտած ընտրությունների ժամանակ 1999 թ. հունիսին հավաքեց 48.7 տոկոս, սա նաև ամրապնդեց կուսակցության գլխավոր քարտուղարի դերը:
1999 թ. դեկտեմբերի 16-ին Հ. Կոլը հեռուստատեսային հաղորդման ժամանկ տեղեկացրեց, որ ՔԴՄ-ին բավականին մեծ քանակությամբ հովանավորություն է հատկացել, որը ըստ էության դեմ էր Գերմանիայի «Կուսակցությունների մասին» օրենքին: Սակայն դրան ի պատասխան 1999 թ. դեկտեմբերի 22-ին Մերկելը հոդված հրապարակեց, որով քննադատեց Կոլի նման վարքը և առաջարկեց կուսակիցներին գործել առանց Կոլի: Արդյունքում 2000 թ. հունվարին ՔԴՄ-ի նախագահությունը պահանջեց Կոլից վայր դնել պատվավոր նախագահի լիազորությունները: Այս սկանդալային իրավիճակը նաև Շոյբլեին հարվածեց, նա էլ էր ստիպված հրաժարականի գնալ (2000 թ. փետրվարի 16): Իսկ այդ ընթացքում Մերկելի անձը ոչ մի ձևով չէր կապվում այս սկանդալի հետ: Արդյունքում 2000 թ. ապրիլի 10-ին Էսսենում տեղի ունեցած կուսակցական համագումարի ժամանակ Անգելա Մերկելն ընտրվեց ՔԴՄ-ի նախագահ:
Մերկելի կողմից ղեկավարման առաջին տարիները զգալի արդյունք չբերեցին կուսակցությանը: 2002 թ. ընտրությունների նախաշեմին Անգելա Մերկելը կուսակցության մեջ իր տեղը ամրապնդելու համար որոշեց ընտրություններին չառաջադրվել (կուսակցության վերին շրջանակներում բավարար աջակիցներ չուներ): Արդյունքում 2002 թ. սեպտեմբերի 22-ի ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ղեկավարում էր Էդմունդ Շտոյդերը[9]: Թեև կուսակցությունը բավականին արդյունավետ հանդես եկավ, բայց այնուահանդերձ Գերմանիայի սոցիալ-դեմոկարտական կուսակցության՝ գործող կանցլեր Գերհարդ Շրոդերի գլխավորությամբ հաջողվեց հաղթանակի հասնել: Ըստ էության Շրոդերի հաղթանակի մեջ մեծ դեր խաղած 2002 թ. Էլբայում տեղ գտած աղետի (հեղեղման) արդյունքում կառավարության արագ արձագանքը, կարևոր էր նաև կառավարության բացասական դիրքորոշումը Իրաքում ԱՄՆ-ի կողմից սանձազերծվող պատերազմի հարցով: Մինչդեռ Անգելա Մերկերը աջակցություն հայտնեց Ջ. Բուշի կողմից վարվող կուրսին:
Ընտրություններում պարտությունից հետ Ա. Մերգելը ստանձնեց ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի դերը, իսկ արդեն 2002 թ. նոյեմբերի 11-12-ին Հանովեում տեղի ունեցած կուսակցական համագումարի ժամանակ Մերկելը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: 2003 թ. տեղական մակարդակի ընտրություններում ՔԴՄ-ն բավական հաջողությունների հասավ, որով պառլամենտում կուսակցության դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին: Կուսակցությունը անգամ մասնակցություն էր ունենում կառավարող կոալիցիայի կողմից մշակվող ծրագրերի հստակեցմանը, օրինակ «Գործողությունների ծրագիր 2010» հավանության արժանացավ ՔԴՄ-ի կողմից և այլն:
Արմատական փոփոխություն տեղի ունեցավ արդեն իսկ 2005 թ. սեպտեմբերի 18- ընտրություններում, որում Մերկելի կողմից ղեկավարվող ՔԴՄ/ՔՍՄ բլոկը հաղթանակի հասավ Շրոդերի կողմից ղեկավարվող ԳՍԴԿ-ի նկատմամբ[10]: Սակայն ընտրություններից հաղթած կուսակցության դաշինքի արդյունքները զգալիորեն ցածր էին, քան ակնկալվում էր: Արդյունքում Մերկելին չհաջողվեց խորհրդարանական մեծամասնության հասնել Ազատ դեմոկտրական կուսակցության հետ: Մերկելն իր ընտրատարածքում հավաքել էր 41.3 տոկոս: 5 շաբաթ տևած բանակցություններից հետո՝ նոյեմբերի 12-ին ձևավորվեց «մեծ կոալիցիա» (սև-կարմիր կոալիցիա) : Իսկ արդեն նոյեմբերի 22-ին Անգելա Մերկելն ընտրվեց ԳԴՀ-ի դաշնային կանցլեր՝ առաջին կին կանցլերը երկրում:
Իր կառավարման շրջանում Ա. Մերկելը բավականին ամրապնդեց նաև երկրի քաղաքական համակարգի մեջ սեփական կուսակցության դիրքերը՝ ի վնաս սոցիալ-դեմոկրատների, դրանից բացի Եվրոպական Միության համակարգում Գերմանիայի առանցքային դերն ու իրական նշանակությունը էլ ավելի ամրապնդվեց, արդյունքում նաև Եվրոպական միության կարգավիճակը բավականին բարձրացավ: ԳԴՀ-ին դեռ հետապնդում է ֆաշիստական սինդրոմը, որը հնարավորություն չի տալիս բացեիբաց խոսել համաշխարհային թատերաբեմում «արևի տակ իր տեղը գրավելու մասին»: Սակայն «գերմանական կենսական տարածքները» անշուշտ ներկա ԳԴՀ-ով չէր կարող սահամանափակվել, ուստի Գերմանիայի համար ԵՄ-ն կարող է լինել միջոց Եվրոպան ավելի հեշտ գերմանացնելու համար (նկատի ունենք մշակութային էքսպանսիան): Իսկ որոշ դեպքերում էլ իրեն հարմար և իր համար կարևոր հայտարարությունները կատարել ոչ թե գերմանացու, այլ եվրոպացու չեզոք անվան տակ: Եվրոպական միության հետագա զարգացման առումով Մերկելը հստակ դիրքորոշում էր արտահայտում նաև Թուրքիայի եվրոինտեգրացիոն նկրտումների մեջ: Նախքան կանցլեր ընտրվելը Մերկելը Ստամբուլ կատարած այցի ժամանակ նշել է, որ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության լիիրավ անդամ, նա առաջ քաշեց «արտոնյալ գործընկերոջ» գաղափարը: Իսկ արդեն իշխանության գալուց հետո և լինելով նաև Եվրոպական խորհրդի (ԵՄ երկրների պետությունների ղեկավարների քաղաքական երկխոսության հարթակ, պետք չէ խառնել Եվրախորհուրդ միջազգային կազմակերպության հետ), այևս չէր կարող նման բացեիբաց հայտարարություն անել: Սակայն պետք է հաշվի առնել, որ Գերմանիայի բնակչության գրեթե 5 տոկոսը թուրքեր են, նրանք երկրի ամենից մեծ ազգային փոքրամասնությունն են, սակայն այս հանգամանքն անգամ չխոչընդոտեց, որ Ա. Մերկելը հեռուստաընկերությամբ՝ որպես պահպանողական կուսակցության առաջնորդ հայտարարի, որ Թուրքիան ո՛չ իր աշխարհագրական դիրքով, ո՛չ էլ հոգեկերտվածքով եվրոպական երկիր չէ: Ըստ Մերկելի Թուրքիան մեծ խնդիրներ ունի կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության հետ: Դրանից բացի, եթե Թուրքիան Եմ անդամ դառնա, ապա թուրք պատգամավորները բավական մեծ թիվ կկազմեն Եվրախորհրդարանում, իսկ դա ամենևին չի բխում Գերմանիայի շահերից, քանի որ մի քանի տարի անց ԳԴՀ-ի ներկա դեմոգրաֆիական նվազման պայմաններում Թուրքիան անգամ կարող է ավելի մեծ բնակչություն ունենալ, ուստի լեգիտիմորեն ավելի մեծ իրավունքներով պետք է օժտվի նույն ԵՄ ինստիտուտներում, դա է խնդիրը, որ Գերմանիան ու գործող կանցլերը դեմ է Թուրքիայի միացմանը:
Անգելա Մերկելի կարևորագույն արտաքին քաղաքական կուրսի ուղենիշներից է համերաշխությունը ԱՄՆ հետ, նա բազմիցս քննադատել է Գ. Շրոդերին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ սերտ կապերի համար: Սակայն կանցլեր ընտրվելուց հետո ռուս-գերմանական հարաբերությունները որևէ վատթարացում չունեցան:
Իսկ արդեն ներքին քաղաքականության ճիշտ կազմակերպման արդյունքում Ա. Մերկելը ձեռք բերեց գերմանական ժողովրդի մեծ համակրանքը, մասնավորապես դրա վառ ապացույցն էր 2009 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունները[11], որում նախկին կոալիցիոն գործընկեր, բայց և հիմնական հակառակորդ Գերմանիայի սոցիալ-դեմակրատական կուսակցությունը պարտություն կրեց, այս անգամ բավականին զիջելով իր դիքերը, իսկ Մերկելը կարողացավ հասնել այն բանին, որ Ազատ դեմոկրատների հետ ձևավորեց կառավարություն: ԳՍԴԿ-ի նման անփառունակ պարտության պատճառը ըստ էության հենց «մեծ կոալիցիայի» շրջանակներում գործելն ու սեփական դեմքը կորցնելն էր, սա իհարկե Մերկելի ներքաղաքական մեծագույն հաղթանակն էր:
Մերկելի կառավարության երկրորդ շրջանն էլ ավելի ամրապնդեց կուսակցության և անձամբ կանցլերի դիրքերը: Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ գերմանիան կարողացավ նվազագույն կորուստներով դուրս գալ 2008 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամից և կայուն տեմպերով վերականգնել սեփական տնտեսությունը: Միաժամանակ Գերմանիայի հաստատուն դիրքորոշումը ԵՄ-ի տարբեր երկրներում ճգնաժամային իրավիճակին առումով ավելի ամրապնդեց երկրի դիրքերը, իսկ Մերկելին սկսեցին անվանել «գերմանական երկաթե լեյդի»:
2013 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան ԳԴՀ Բունդեստագի նոր ընտրություններ, որի արդյունքում թեև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ամրապնդեց իր դիրքերը, բայց կրկին պարտություն կրեց: Այս ընտրությունների արդյունքում պառլամենտական 5 տոկոսի շեմը չկարողացավ հաղթահարել Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը ՔԴՄ-ի թերևս հավատարիմ կոալիցիոն ու գաղափարական գործընկերն է: Արդյունքում Մերկելը ստիպված էր բանակցությունների մեջ մտնելու խորհրդարան անցած մնացած երեք կուսակցությունների հետ (ԳՍԴԿ, ձախեր, կանաչեր): Թեև դեռ կառավարության ձևավորման հարցը օրակարգում է, բայց արդեն իսկ այսօր պարզ է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կլինի կրկին «մեծ կոալիցիայի» ձևաչափով, այս մասին իր վերջնական որոշումը ԳՍԴԿ-ի ղեկավարությունը հայտնելու է 2013 թ. դեկտեմբերի կեսերին: Բայց դաշնային կանցլերի հարցը այլևս քննարկման ենթակա չէ, այդ պաշտոնում երրորդ անգամ վերընտրվում է Անգելա Մերկելը:
***
Թեև Անգելա Մերկելը համարվում է Գերմանիայի «երկաթյա լեյդի», բայց հազիվ թե նրան կարելի է համարել հարիզմատիկ լիդեր, ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերն էր: Մերկելը աչքի չի ընկնում իր հաբիտար իմիջի ինչ-որ տարրերով, որոնք թերևս առավել շատ են բնորոշում կին քաղաքական գործիչներին: Երևի միակ տարբերակիչ մերկելյան գիծը բոլոր մատների համադրմամբ բնորոշիչ ձեռքերի դիրքն է: Նա նաև չի փայլում հռետորական տաղանդով, դժվարությամբ է կարողանում պահել լսարանը: Անկախ ամեն ինչից թե իմիջային ինչպիսի թերություններ ունի, նա իր կերպարով կարողացել է վստահություն ներշնչել հասարակ գերմանացիների շրջանում:
Նրա նուրբ ու հաշվենկատ քաղաքական գործունեության արդյունքում սովորական գիտական աշխատողից կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ մեծ պոտենցյալ ունեցող քաղաքական գործիչ, կարողացավ ճիշտ ընկալել ժամանակի մարտահրավերները և կուսակցական գործունեության մեկնարկ տալ: Արդյունքում միասնական Գերմանիայի առաջին իսկ կառավարությունների ձևավորման շրջանում կարողացավ իր հաստատուն տեղը գտնել դրա կազմում: Զսպված ու հաշվենկատ կուսակցական գործունեության արդյունքում, լինելով ՔԴՄ-ի նախագահ չառաջադրվեց որպես կանցլերի թեկնածու, կարողացավ ամրապնդել իր դիրքերը և հող նախապատրաստել 2005 թվականի համար, երբ և սկսվեց կանցլերության շրջանը: Մերկելի կառավարման ութ տարիների ընթացքում Գերմանիան ամրապնդեց իր դիրքերը նախ Եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության համակարգում, ինչպես նաև որպես ԵՄ ամենից ազդեցիկ պետության ղեկավար, փաստացի իրական քաղաքական առաջնորդ, ամրապնդել ԵՄ դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ: Սակայն մի շարք սկզբունքային հարցերում Մերկելը միշտ պաշտպանել է գերմանական շահավետ դիրքորոշումը, մասնավորապես Թուրքիայի ԵՄ անդամագրման հարցում կանցլերը անհողդողդ է:
2013 թ. ընտրությունները ցույց տվեցին, որ Ա. Մերկելի կողմից վարվող քաղաքական կուրսը հիրավի ընդունելի է Գերմանիայի քաղաքացիների համար:
[1] http://www.forbes.com/power-women/
[2] http://www.forbes.com/profile/angela-merkel/
[3] Ընտրությունների արդյունքները տե՛ս Geoffrey Pridham, Tatu Vanhanen. Democratization in Eastern Europe Routledge, 1994, էջ 135:
[4] Պայմանագրի տեքստ տե՛ս http://www.gesetze-im-internet.de/einigvtr/
[5] Պայմանագրի տեքստը տե՛ս http://usa.usembassy.de/etexts/2plusfour8994e.htm
[6] Ընտրությունների արդյունքները տե՛ս http://www.bundeswahlleiter.de/en/bundestagswahlen/fruehere_bundestagswahlen/btw1990.html
[7] http://www.bundeswahlleiter.de/en/bundestagswahlen/fruehere_bundestagswahlen/btw1994.html
[8] Մանրամասն տե՛ս Pulzer, Peter. “The German Federal Election of 1998.” West European Politics July 1999, էջ 241–249:
[9] http://www.bundeswahlleiter.de/en/bundestagswahlen/fruehere_bundestagswahlen/btw2002.html
[10] http://www.bundeswahlleiter.de/en/bundestagswahlen/fruehere_bundestagswahlen/btw2005.html
[11] http://www.bundeswahlleiter.de/de/bundestagswahlen/BTW_BUND_09/ergebnisse/bundesergebnisse/index.html