Արցախյան հակամարտության կարգավորման հնացած սկզբունքների նոր շեշտադրումները
Oգոստոսի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավարտում է իր աշխատանքը (նա այդ պաշտոնում էր 2016 թվականի դեկտեմբերի 31-ից), նրան կփոխարինի արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերը:
Հոգլանդն իր առաքելության ավարտին հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ, որում ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման վեց առանցքային կետերը.
- «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
- Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։
- Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
- Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
- Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
- Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Այս կետերը հիմվում են դեռ տասը տարի առաջ ընդունված Մադրիդյան սկզբունքների վրա, որևէ էական տարբերություն չկա: Ինչպես շեշտում է Հոգլանդն առաջարկվող սկզբունքները որևէ համանախագահի անձի հետ կապված չէ, այսինքն այս դրույթները սկզբունքորեն անքննելին են:
Այնուհանդերձ Հոգլանդի շեշտադրումները որոշակի հստակություն են մտցնում բանակցային փաստաթղթի մանրամասնությունների վերաբերյալ:
Այսպես հասկանալի է դառնում, որ ժամանակավոր կարգավիճակ է տրվելու միայն նախկին ԼՂԻՄ այն տարածքներին, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են: ԼՂԻՄ տարածքը կազմում էր 4388 քկմ, Մարտակերտի և Մարտունիի շրջանների արևելյան հատվածները գտնվում են Ադրբեջանի օկուպացման տակ, այսինքն ժամանակավոր կարգավիճակը կտարածվի մոտ 4 հզր քկմ տարածքի վրա:
Նշենք, որ ներկայում ԼՂՀ հայտարարվող տարածքը կազմում է 11,5 հզր քկմ, որից ավելին քան 2 հզր քկմ-ը գտնվում է Ադրբեջանի վերհսկողության տակ (այդ թվում Շահումյանի շրջանը՝ 1,8 հզր քկմ): Այսինքն այժմ հայկական ուժերի վերահսկողության տակ է մոտ 9,5 հզր քկմ տարածք:
Ըստ բանակցային պահանջների հայկական կողմն Ադրբեջանին է հանձնելու 5,5 հզր քկմ տարածքի վերահսկողությունը, իսկ Լաչինի առումով շեշտվում է միայն անվտանգ փոխադրումների ապահովման համար անհրաժեշտ հատվածի մասին, այսինքն շատ փոքր գոտու մասին:
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հարցը ևս երկարատև ու խրթին գործընթաց է ենթադրում, մասնավորապես փախստականների, անվտանգության միջազգային երաշխիքների և ժողովրդի ինքնորոշման իրավական կամարտահայտման կազմակերպման ու իրագործման տեսանկյունից:
Խնդիրն այն է, որ այս կետերի հիմքով առաջարկվող լուծումը հակամարտող կողմերը (մասնավորապես Ադրբեջանը) խանդավառության չեն ընդունում ու հենց դա է պատճառը, որ հակամարտության կարգավորումը սառեցվել է: Մոտ ապագայում խնդրի լուծման ուղղությամբ որևէ նոր բան չի նշմարվում, իսկ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերածվել է միայն բանակցային ձևաչափի պահպանման առաքելության: