Մոսկվայի թուրք-ադրբեջանական անհեռատեսությունը. ռուսական զենքի վաճառքի սպառնալիքները
Արցախյան պատերազմում պարտված Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում անընդհատ ընդլայնում է իր սպառազինությունը, այդ երկրին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն է: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute — SIPRI) տվյալներով` 2012-2016 թվականներին Ադրբեջան մատակարարված զենքի 69 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, 22 տոկոսը՝ Իսրայելին և 3,6 տոկոսը՝ Բելառուսին: 2007-2011 թվականների համեմատությամբ Ադրբեջանի կողմից զենքի գնման ծավալներն ավելացնել են շուրջ 75 տոկոսով[1]:
Վերջին տարիներին Մոսկվան Բաքվին վաճառել է միլիարդավոր դոլարների սպառազինություն, այդ թվում.
- «Տ-90Ս» (Т-90С) տանկ՝ շուրջ 100 միավոր,
- «ԲՄՊ-3» (БМП-3) հետևակի մարտական մեքենա՝ 100 միրավոր,
- «Մստա-Ս» (2С19М1 «Мста-С») ինքնագնաց հաուբից՝ 18 միավոր,
- «Վենա» (2С31 «Вена») ինքնագնաց հրետանային հրանոթ՝ 18 միավոր,
- «Սմերչ» (9А52 «Смерч») համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ 18 միավոր,
- «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» (ТОС-1А «Солнцепёк») ծանր հրետանի՝ 18 միավոր,
- «Խրիզանտեմա-Ս» (Хризантема-С) հակատանկային հրթիռային համակարգ՝ 10 միավոր,
- «Իգլա-Ս» («Игла-С») դյուրակիր զենիթահրթիռային համալիր՝ 300 միավոր,
- «Ս-300» (С-300ПМУ-2 «Фаворит») զենիթա-հրթիռային համալիր՝ 2 դիվիզիոն,
- «Տոր-Մ2Է» («Тор-М2Э») զենիթային համալիր՝ մի քանի մարտկոց,
- «Մի-17» (Ми-17) տրանսպորտային ուղղաթիռ՝ 60 միավոր
- «Մի-35Մ» (Ми-35М) հարվածային ուղղաթիռ՝ 24 միավոր:
Իհարկե Ադրբեջանին այսպիսի սպառազինության տրամադրումը չի կարող Ռուսաստանի դաշնակից Հայաստանի մոտ մտահոգություն չառաջացնել: Այս պայմաններում Կրեմլի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում ռազմական բալանսը պահպանվում է. այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին է վաճառել «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրներ: Մոսկվան այն կարծիքին է, որ «Իսկանդեր» համալիրների առկայությունը զսպող նշանակություն կունենա ու դրանք գործադրելու անհրաժեշտություն բնավ չի լինի:
Սակայն այդ ամենով տարածաշրջանի ռազմական հավասարակշռվածությունն ապահովված չէ, քանի որ արևմուտքում ՆԱՏՕ-ական Թուրքիայի ներկայությունը փոխում է ամեն ինչ: Նման իրավիճակում Ռուսաստանը «Ս-400» զենիթահրթիռային համալիրներ արտադրելու հնարավորություն է տալիս Թուրքիային: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա չափազանց անհեռատես քայլ է. մի՞թե Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան կարող է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից:
Կրեմլն նույն սխալներն է գործում, ինչ հարյուր տարի առաջ, երբ հավատալով Քեմալական Թուրքիայի հետ դաշնակցության ինքնախաբեության գաղափարին, զենք էր մատակարարում այդ պետության՝ անուղղակիորեն աջակցելով, որ հայկական պահանջատիրությունը թղթի վրա մնա: Մինչդեռ տասնամյակներ անց Թուրքիան միացավ Մոսկվայի դեմ ստեղծված ՆԱՏՕ-ին:
Այսօր էլ զենք մատակարարելով տարածաշրջանի թյուրքական պետություններին՝ Ռուսաստանը ոչ մի երաշխիք չունի, որ այդ զենքը վաղը չի ուղղվի իր դեմ: Ի վերջո պանթուրքական երազանքներն ամենևին էլ չեն գնացել պատմության գիրկը, շարունակում են լուրջ սպառնալիք մնալ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահին և անգամ պետական ամբողջականությանը:
[1] https://www.sipri.org/sites/default/files/Trends-in-international-arms-transfers-2016.pdf