Գազի գները բարձրանում են, քանի որ Ռուսաստանը կրճատում է մատակարարումները Գերմանիա
Եվրոպական գազի գները բարձրացել են 9%՝ հասնելով իրենց պատմական առավելագույնին, երբ սկսվեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Քննադատները մեղադրում են Ռուսաստանին՝ գազը որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ։ Հայտնում է bbc-ին։
Ռուսաստանը կրճատում է մատակարարումները «Հյուսիսային հոսք 1» գազատարով դեպի Գերմանիա, և այժմ այն աշխատում է իր սովորական հզորության մեկ հինգերորդից պակաս ծավալով: Գերմանիան իր գազի 55%-ը ներկրում է Ռուսաստանից, որի մեծ մասը՝ «Հյուսիսային հոսք 1»-ով, մնացածը՝ ցամաքային խողովակաշարերով։
Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը փորձել է հիմնավորել վերջին կրճատումը` նշելով, որ դա անհրաժեշտ է տեխնիկական աշխատանքներ թույլ տալու համար տուրբինի վրա։
Մատակարարումների վերջին կրճատումը ճնշում է ԵՄ երկրների վրա՝ էլ ավելի նվազեցնելու իրենց կախվածությունը ռուսական գազից, և, հավանաբար, կդժվարացնի լրացնել գազի պաշարները ձմռանն ընդառաջ:
Ուկրաինա ներխուժումից սկսած՝ եվրոպացի առաջնորդները բանակցություններ են վարել հարցի շուրջ, թե ինչպես նվազեցնեն իրենց կախվածությունը ռուսական վառելիքից: Երեքշաբթի օրը ԵՄ-ն համաձայնեց կրճատել գազի օգտագործումը, եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները, սակայն որոշ երկրների համար բացառություններ կլինեն։
ԵՄ անդամներն համաձայնել են կամավոր նվազեցնել գազի օգտագործումը 15%-ով օգոստոսից մարտ ամիսներին։ ԵՄ-ն հայտարարել է, որ գործարքի նպատակն է խնայողություններ անել և գազ կուտակել ձմռանն ընդառաջ՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը «շարունակաբար օգտագործում է էներգետիկ պաշարները որպես զենք»:
Կամավոր համաձայնագիրը կդառնա պարտադիր, եթե մատակարարումները հասնեն ճգնաժամային մակարդակի։
Էներգետիկայի գների աճը ազդում է բոլոր երկրների տնտեսությունների վրա։