ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին ագրեսիվ քաղաքականության մեջ. Մոսկվայի հանդեպ Դաշինքի երկակի դիրքորոշումը
ՆԱՏՕ—ն չի ցանկանում բախում ունենալ Ռուսաստանի հետ, սակայն վերջինիս «ագրեսիվ վարքագիծը սասանում է վստահությունը, կայունությունն ու անվտանգությունը Եվրոպայում», այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օգոստոստի 24-ին իտալական Ռիմինի քաղաքում:
Ստոլտենբերի դիտարկմամբ՝ Ռուսաստանն անօրինաբար գրավել է Ղրիմը և շարունակում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայի արևելքում և շեշտել. «Այդ հակամարտության ընթացքում շուրջ 10 հազար ուկրաինացիներ են սպանվել»:
ՆԱՏՕ-ն այժմ Ռուսաստանի նկատմամբ երկակի դիրքորոշում ունի՝ պաշտպանություն և երկխոսություն, նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ ավելի կառուցողական և կանխատեսելի հարաբերությունների, որպեսզի պահպանվի խաղաղությունը և Ռուսաստանը դրդված լինի գործել միջազգային հանրության նորմերի և կանոնների շրջանակներում:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք համարում է իր ազգային-պետական շահերի և անվտանգությանն ամենամեծ սպառնալիքը, իսկ իր գործողությունները մասնավորապես Ուկրաինայում այդ «ագրեսիվ քաղաքականության» պատասխանն է: Ուշագրավ է, որ Կրեմլը պատմության ընթացքում երկու անգամ բացահայտ ցանկություն է հայտնել անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն մերժվել է:
Մոսկվան քննադատում է Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարումը, մինչդեռ ԱՄՆ-ը, նոր տվյալներով 175 մլն դոլարի զենք մատակարարելով Ուկրաինային, հիմնավորում է, թե Ռուսաստանը ճանապարհներ է փնտրում ռազմական ուժով սահմանային խնդիրները լուծել: Նման պայմաններում Միացյալ Նահանագների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը նշվում, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել Ղրիմի անեքսիան և հրաժարվել պատժամիջոցներից, քանի դեռ «Ռուսաստանը չի դադարեցրել դրանք առաջացրած գործողությունները»:
Սկզբունքորեն պարզ է, որ թեև ՆԱՏՕ-ն հայտարարվում է «Ռուսաստանի հետ երկխոսության մասին», սակայն փոխզիջումային արդյունավետ բանակցությունների մասին խոսք անգամ չկա. ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները պատային վիճակում են հայտնվել: