Էրդողանյան Թուրքիայի անդամակցությունն Եվրամիությանը բացառված է. Գերմանիայի արտգործնախարար
Քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, այդ երկրի անդամությունն Եվրամիությանը բացառված է, համոզված է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը: Վերջինս օգոստոսի 24-ին գերմանական «ZDF» հեռուստատեսության եթերում նշել է. «Էրդողանը ձգտում է մեզ մեջ անջրպետ առաջացնել, ինչը նա դիտավորյալ է անում, որպեսզի իրեն ավելի դրական լույսի ներքո ներկայացնի: Այս պայմաններում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շանսերը զրոյական են»:
«Էրդողանի կառավարման պայմաններում գտնվող Թուրքիան չի կարող ԵՄ անդամակցության լուրջ բանակցություններ վարել, քանի որ նա հեռացնում է Թուրքիան Եվրոպայից: Սակայն Էրդողանը ցանկանում է Գերմանիայի և Թուրքիայի թուրքերի մոտ տպավորություն ձևավորել, թե իբր մենք ենք կամուրջներն այրում» , — նշել է Զիգմար Գաբրիելը:
Նախորդ տարվա անհաջող (գուցե նաև Էրդողանի կողմից հատուկ կազմակերպված) զինվորական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահի իշխանությունը «աբսոլյուտիզմի» է հասնում: Անկարան ժողովրդավարական ցուցանիշներով նշանակալի հետընթաց է արձանագրել. տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, հարյուրավոր կրթական, հասարակական ու լրատվական հաստատություններ են փակվել:
«Heilbronner Stimme» թերթը, հիմնվելով ԳԴՀ արտգործննախարարության աղբյուրների վրա, հաղորդում է, որ թուրքական բանտերում ներկայում ԳԴՀ 10 քաղաքացի է գտնվում, ովքեր դատապարտված են քաղաքական հանցանքների համար: Իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայում ձերբակալված են Գերմանիայի թվով 54 քաղաքացիներ:
Այնուհանդերձ պետք է նշել, որ Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան էրդողանիզմն է, որքան երկրի ժողովրդագրական պատկերը (բնակչության թիվն ու կրոնամշակութային կազմը): Արդեն իսկ այսօր Թուրքիայի բնակչության թիվը հասնում է ԵՄ առաջատար Գերմանիայի ցուցանիշին, հաշվի առնելով դեմգրաֆիական աճի տեմպերը՝ հասկանալի է դառնում, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում եվրոպական կառավարման համակարգում պայմաններում Թուրքիան կունենա առավելագույն թվով ներկայացուցիչներ: Հարց է առաջ գալիս արդյոք մահմեդական Թուրքիան կարող է ներառվել քրիստոնեական մշակույթ կրող Եվրոպայի մեջ, այս առումով լավատեսությունը անհիմն է: