Որքա՞ն են Եվրոպայի էներգետիկ ծախսերը
Ուկրաինական հակամարտության պատճառով էներգիայի ծախսերի աճը Եվրոպային արժեցել է մեկ տրիլիոն դոլար, հայտնում է Bloomberg-ը։
Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով էներգիայի ծախսերի աճը Եվրոպային արժեցել է մոտ մեկ տրիլիոն դոլար, միևնույն ժամանակ, տասնամյակների ամենահզոր ճգնաժամը նոր է սկսվում։ Այս ձմեռվանից հետո մայրցամաքը գազի պաշարները համալրելու կարիք կունենա, իսկ Ռուսաստանից մատակարարումները մոտ կլինեն զրոյի։ Սա կհանգեցնի LNG տանկերների համար մրցակցության աճի: Գործարկվում են հեղուկ բնական գազի ընդունման նոր տերմինալներ, սակայն շուկայի պակասորդը կարող է պահպանվել մինչև 2026 թվականը, երբ նոր արտադրական հզորություններ կհայտնվեն ԱՄՆ-ում և Քաթարում։
Սա նշանակում է, որ հանգիստ չի լինի թանկ գներից: Կառավարությունները կարողացել են փրկել ընկերություններին և սպառողներին և թեթևացնել գնային շոկը՝ նրանց տալով ավելի քան 700 միլիարդ դոլար, ըստ Բրյուսելում տեղակայված «Brueghel» վերլուծական կենտրոնի: Սակայն արտակարգ դրությունը կարող է ձգվել տարիներ շարունակ: Տոկոսադրույքների աճով պայմանավորված` տնտեսությունն արդեն ռեցեսիայի մեջ է, այն աջակցությունը, որն օգնեց մեղմել հարվածը միլիոնավոր տնային տնտեսություններին և ձեռնարկություններին, ավելի ու ավելի է դիտվում որպես անկայուն: «Եթե գումարեք այդ ամենը՝ օգնություն, սուբսիդիաներ, ապա դա անհեթեթ գումար կլինի», — ասում է S-RM խորհրդատվական ընկերության տնօրեն Մարտին Դեվենիշը:
Պետությունների ֆինանսական հնարավորություններն արդեն սահմանագծին են։ Եվրամիության անդամ երկրների մոտավորապես կեսն ունի համախառն ներքին արդյունքի 60%-ի սահմանագիծը գերազանցող պարտք։
Bloomberg-ի 1 տրիլիոն դոլար ցուցանիշը, հիմնված շուկայական տվյալների վրա, ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսերի աճի արդյունքն է: Այն մասամբ փոխհատուցվել է օգնության փաթեթներով։ Նմանատիպ գնահատականներ ունի «Brueghel» ինստիտուտը, որոնք բխում են պահանջարկի և գնաճի վերլուծությունից: Դրանք այս ամիս հրապարակվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Նախորդ ամառ պահեստարանները լրացնելու հապճեպ ջանքերը ժամանակավորապես մեղմեցին պակասը, սակայն ցուրտ ձմեռը կլինի առաջին իրական փորձությունը Եվրոպայի էլեկտրացանցերի համար: Նախորդ շաբաթ գերմանական ցանցի կարգավորիչը նախազգուշացրեց, որ երկիրը բավականաչափ գազ չի խնայում, և որ հինգ ցուցանիշներից երկուսը, ներառյալ սպառման մակարդակը, հասել են կրիտիկական մակարդակի: