Ռուսաստանը նախապատրաստվում է երկարատև իզոլացման
Գերմանական «Die Welt» պարբերականի «Ռուսաստանը նախապատրաստվում է երկարատև իզոլացման» հոդվածը:
Վերլուծության մեջ փորձ է կատարվում հասկանալու Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը: Հարց է առաջադրվում. «Ինչպե՞ս է գործում Ռուսաստանը ճնգաժամի պայմաններում»: Պատասխանը գերմանացիների համար տարօրինակ է:
Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում պատժամիջոցների պատճառով: Ամերիկյան վերլուծաբանները անգամ ռեցեսիա են կանխատեսում, 2015 թ. ըստ նրանց հաշվարկների ՌԴ ՀՆԱ-ն կկրճատվի ոչ թե 1.7 տոկոս, այլ 5.6 տոկոս: Այս կանխատեսումն արվում է այն հաշվարկով, որ տարվա ընթացքում 1 բարել նավթի գինը կլինի 55 դոլար: Կրճատվում են նաև ՌԴ արտարժութային պահուստները: Տնտեսության մեջ դրական փոփոխությունների միտում չկա:
Հոդվածի հեղինակի կարծիքով տարօրինակ է, որ նման ծանր պայմաններում Մոսկվան ընդլայնում է իր ոսկու պահուստները, 2014 թ. դրանք ավելացել են 165 տոննայով: Վերջին 5 տարում դրանք կրկնապատկվել են, այժմ ՌԴ ընդհանուր ոսկու պահուստները կազմում են 1206 տոննա, ինչւ կազմում են երկրի ընդհանուր պահուստերի 13 տոկոսը (378 մլրդ դոլարից):
Վերլուծության մեջ ենթադրվում է, որ նման քաղաքականությամբ Ռուսաստանը փորձում է ազատվել Արևմուտքից ունեցած կախվածությունից և համաշխարհային տնտեսության մեջ դոլարային գերակայությունից: Իսկ վերջին հաշվով Ռուսաստանը պատրաստվում է երկարատև իզոլացման: