Հնարավո՞ր է արդյոք ռուս-ամերիկյան բեռնաթափումը. The National Interest
Ներկայացնում ենք ամերիկյան «The National Interest» պարբերականի «Is a U.S.-Russia Reset Possible?» հոդվածը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո սկզբունքորեն ԱՄՆ բոլոր նախագահները փորձել են բեռնաթափել ռուս-ամերիկյան հարաբերությունները: Երբեմն այդպիսի քաղաքականությունը հիմնվում էր Ռուսաստանի հետ ավելի կոշտ վերաբերմունքի անհրաժեշտության, իսկ երբեմն էլ՝ փոխընկալման հասնելու ձգտումների վրա:
Սակայն սառը պատերազմի ավարտից հետո բոլոր այս ջանքերն անպատասխան մնացին: Յուրաքանչյուր առանձին դեպքում առանձին խոչընդոտներ էին առաջանում, սակայն վերջին հաշվով բոլոր այդ գործողություններն անհաջողության էին մատնվում, քանի որ բարեփոխումների ռուսական նախագիծը 1990-ականների վերջերին սկսեց կաղալ: Արդյունքում Ռուսաստանը չդարձավ լիբերալ աշխարհակարգի բաղադրիչ մասը, այլ վերածվեց ռևիզիոնիստական պետություն, որի հիմնարար քաղաքական ուղենիշը սահմանափակում էր այդ երկրի հետ բարեհաջող համագործակցությունը: Հենց դրա համար Թրամփի բեռնաթափումը հավանաբար անհաջողություն կկրի, ինչը լավ է, քանի որ Կրեմլի ներկա պահանջների բավարարումն անշուշտ ենթադրում է ավանդական ամերիկյան շահերի զոհաբերում:
Ինչպես և անցյալում, ռուս-ամերիկյան հարաբերությունների բեռնաթափումը սկսվում է սեփական ազգային շահերի գնահատականներից՝ ըստ քաղաքական ղեկավարության ընկալման: Խորհրդային շրջանում դա նշանակում էր ռուս-ամերիկյան սուր հակադրության կարգավորում սխալ հաշվարկներ թույլ չտալու համար, որոնք կարող են հանգեցնել միջուկային հակամարտության, և ավելին՝ բնաջնջող պատերազմի: Ջերմամիջուկային զենքի կիրառությամբ նման պատերազմում ավերածությունների մասշտաբները աննկարագրելի կլինեին: Սառը պատերազմի ավարտից հետո առաջ եկան ավելի պրոզայիկ խնդիրներ, որոնք կապված էին գլխավորապես լիբերալ աշխարհակարգի աջակցության և տարածման հետ, ինչը Ռոբերտ Կագանն անվանում է «Ամերիկայի կողմից կերտված աշխարհ»: Սկզբնական շրջանում այդ շրջանակների մեջ փորձում էին ներառել նաև Ռուսաստանը, իսկ վերջին տարիներին այն ավելի շատ ուղղված է այդ աշխարհակարգը վերանայելու ռուսական նկրտումների զսպմանը:
Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտը պետական իշխանության պուտինյան անհատականացված համակարգն է, որը հիմնվում է քաղաքական ու ռազմավարական մշակույթի վրա, ինչն էլ կառուցված է անկարգությունների, օտարերկյա բլոկադայի և անսպասելի հարձակումների նկատմամբ խորը արմատացած վախերի վրա: Այդ համակարգը կենտրոնացած է բացառապես ռեժիմի և «գողական» կապիտալիզմի ավազակապետության պահպանման վրա, որն ի հայտ էր եկել ելցինյան տարիների քաոսի ժամանակ: Այս կառուցվածքի լեգիտիմությունը, որը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին անվանում է «խաբեբաների և գողերի կուսակցություն», փխրուն հիմքերի վրա է: Պուտինյան համակարգն իր հաջողությունների համար պարտական է կայուն և նորմալ կյանքի մասին ներկայացումներին, որոնք իրագործվեցին նավթի գների աճի պայմաններում: Դա աշխատեց ի նպաստ անհրաժեշտ կապեր ունեցող օլիգարխների, քանի որ երկրի ղեկավարը բաշխում էր պետական սեփականությունը՝ գործելով նույն ոճով, ինչ ռուս ցարերը, իսկ ավելի ուշ՝ կոմունիստական կուսակցությունը: Համաձայն Մաքս Վեբերի «պատրիմոնիալիզմի» հայեցակարգի՝ «այդ ռեժիմի պայմաններում սուվերենիտետի իրավունքը միավորվում է սեփականության իրավունքի հետ, որոնք դառնում են միմյանց անքակտելի մասերը: Իսկ քաղաքական իշխանությունն իրականացվում է նույն տարբերակով, ինչ տնտեսական իշխանությունը»:
Ռուսական ծայրագավառներում գունավոր հեղափոխությունները, որոնց մեկնարկն ազդարարվեց 2004 թվականին Ուկրաինայում, շարունակում է մնալ ամենալուրջ մարտահրավերը Մոսկվայի համար՝ ազգային շահի մասին ներկա պատկերացումների տեսանկյունից: Այդ համակարգի ամրապնդման համար պահանջվեց պետական լրատվամիջոցների գերակայության հաստատում, Ռուսաստանի հզորությունը վերականգած Պուտինի՝ որպես ուժեղ առաջնորդի իմիջի ձևավորում և հասարակության մեջ վախի առաջացում, որ Ռուսաստանը թշնամիների օղակի մեջ է (ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի), ովքեր մտադրված են զրկել իրեն աշխարհում իր օրինական տեղից: Սա բնավ չի նշանակում, որ Պուտինն այս հարցում ամբողջական ցինիզմ է պահպանում: Սակայն ինչպես շեշտում է պրոֆեսոր Էլիոթ Կոհենը, խնդիրն այն չէ, որ պետական գործիչները ասում են այն, ինչին չեն հավատում, այլ այն է, որ նրանք հավատում են իրենց ասածին:
Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները, որոնք Վաշինգտոնի և Մոսվկայի միջև հիմնական կռվախնձորն են և ամերիկյան ընտրություններին միջամտությունը ցանկացած նախագահի խրթին ու անգամ անլուծելի խնդրի առաջ են կանգնեցնում, հատկապես որ Պուտինը դրանք դիտարկում է «գունավոր հեղափոխությունների» համատեքստով՝ տեսնելով դրանց վերջնական նպատակը Ռուսաստանում իշխանափոխության մեջ: Պուտինին բավարարելու համար ԱՄՆ-ի բևեռնաթափման քաղաքականությունը կպահանջի զիջումներ Ուկրաինայում և եվրոպական անվտանգության համակարգում՝ ռուսական կասկածելի խոստումների դիմաց: Սակայն ԱՄՆ նախագահը, ում որդին ընտրական արշավի ժամանակ հոր մրցակցի դեմ ակնհայտորեն վարկաբեկող կոմպրոմատներ էր փնտրում (ռուսական օժանդակությամբ), ուղղակի չի կարող դա անել:
Ու դա շատ լավ է, քանի որ Ռուսաստանին զիջումները մեծ հավանականությամբ կհանգեցնեն ապակայունացնող գործողությունների, ինչպես իրականացվում են Սիրիայում և Ուկրաինայի արևելքում: