Փափուկ ուժի կարևորությունը ՀՀ-ի արտաքին քաղաքականության համատեքստում
Այսօրեական աշխարհը փոփոխվում է շատ արագ և դառնում էլ ավելի բազմազան։Այս ամենը բնականաբար վերաբերում է նաև միջազգային հարաբերություններին։ Այս համատեքստում կարևոր նշել, որ պետությունների համար անհրաժեշտ պայման է դառնում փոփուկ ուժի ( soft power ) կիրառումը։ Փափուկ ուժը ներառում է տարբեր գործիքակազմեր, որոնք նպաստում են երկրի իմիջի հայտնության առաջընթացին, արտաքին հարաբերություններում կարևորության ամրապնդմանը և ազդեցության ընդլայնմանը։
Համաշխարհային գերտերությունները և տարածաշրջային խաղացողները վաղուց կիրառում են փափուկ ուժը զանազան քաղաքական գործընթացներ կառավարելի դարձնելու, լծակներ ստեղծելու և առաջացնելու այնպիսի պայմաններ, որոնք իրենց շահերին համահունչ կլինեն։ Փոքր և նվազ ռեսուրսներով երկրները, սակայն, նույնպես հնարավորություն ունեն այս գործիքակազմերը օգտագործելու համար։ Ասվածից ակներև է, որ հարկավոր է լավ մշակված և թիրախային քաղաքականություն այս ուղղությամբ։
Փափուկ ուժի կիրառման ոլորտ են հանդիսանում լեզուն, կրթությունը, մշակույթը, սպորտը և այլն։ Օրինակ Ադրբեջանում կա ֆուտբոլային ակումբ (Qarabağ FK ), որը վերջին մեկ տասնամյակում հանդես է գալիս Եվրոպական հայտնի մրցաշարերում և հաջողություններ գրանցում։ Սա բավականին մեծ հայտնություն է ապահովում թե՛ ակումբի թե՛ երկրի համար։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սա միայն մի փոքր պատառիկն է այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում մեր շուրջը։
Հայաստանում հարկավոր է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել փափուկ ուժի կիրառմանը։ Մեր մշակութային, սպորտային և այլ ոլորտային բազմաթիվ ներկայացուցիչներ մեծ օգուտ են տալիս և հնարավորությունների մեծ շրջանակ ստեղծում պետության համար։ Սա, սակայն, կարծում եմ բավարար չէ։ Պետությունը պետք է առավելագույնս կապիտալազացնի այս հաջողությունները, միևնույն ժամանակ, ստեղծի ռազմավարություն, որը կծառայի իրեն։ Մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել բոլոր ոլորտները, ընտրել թիրախային ուղղությունները և փափուկ ուժի կիրառմամբ հասնել պետության տնտեսա-քաղաքական որոշակի խնդիրների լուծմանը։ Այս ամենը պահանջում է համակարգային մեծ ջանքեր, սակայն արդյունքը դրական ազդեցություն կունենա պետության ընդհանուր զարգացման գործում։