Ադրբեջանի կողմից ազգային փոքրամասնությունների ոչնչացման մեկդարյա քաղաքականությունը. մարդահամարների տվյալների համեմատություն
1918 թ. արհեստականորեն ձևավորված Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը և դրան հաջորդած Խորհրդային Ադրբեջանն ու ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության շուրջ մեկ դար իրականացնում են պետության կազմում գտնվող ազգերի ու ազգությունների ոչնչացման քաղաքականություն:
Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությամբ 2017 թվականի տվյալներով այդ երկրի բնակչությունը կազմում է 9810 հազար մարդ[1], որի շուրջ 92 տոկոսը կազմում են ադրբեջանցիները: Իհարկե այդ թիվը խիստ չափազանցված է, սակայն մեր վերլուծության համատեքստում կարևորվում է պետական քաղաքականություն, ուստի հիմնվելու են պաշտոնական տվյալների վրա:
ԽՍՀՄ կազմավորման ժամանակ Ադրբեջանի բնակչությունը կազմում էր կրկին ըստ ադրբեջանական տվյալների 1863 հազար մարդ (1923 թ.)[2], այսինքն աճել է ավելին քան 5 անգամ:
Այս ընթացքում իրականացված մարդահամարների տվյալներով կարող ենք դուրս բերել այդ երկրում ազգային փոքրամասնությունների թվաքանակի տոկոսային շարժը, ըստ այդմ պատկերացում կազմել, թե ինչպիսին է Բաքվի պետական քաղաքականությունը:
Խորհրդային Միությունում առաջին մարդահամարն անց է կացվել 1926 թվականին: Այդ ժամանակ դեռ չէր կիրառվում «ադրբեջանցի» տերմինը, այդ էթնոսին անվանում էին «թյուրքեր», իսկ ժամանակակից թուրքերին անվանում էին «թյուրք-օսմաններ», որոնց թիվն Ադրբեջանական ԽՍՀ-ում 335-ն էր:
1926 թվականին թյուրք-ադրբեջանցիները կազմում էին Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչության 62,13 տոկոսը, իսկ հայերը 12,18 տոկոսը: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը 125,3 հազար էր, որից միայն 12,6 հազարն էին (10,06 տոկոս) թյուրք-ադրբեջանցիները, իսկ 111,7 հազարը հայերն էին (89,15 տոկոս)[3]:
Հայ ազգաբնակչության թվի դինամիկայի ուսումնասիրությունը մանրամասն հետազոտության նյութ է: Այստեղ մեկ կներկայացնենք այլ ազգային փոքրամասնությունների՝ թալիշ, լեզգի, թաթ և ավար բնակչության թվի շարժընթացը 1926-ից մինչև 2009 թվականների մարդահամարների ընթացքում:
1926 թ. [4] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Թյուրքեր* | 1437977 | 62,13 |
Հայեր | 282004 | 12,18 |
Ռուսներ | 220545 | 9,53 |
Թալիշներ | 77323 | 3,34 |
Քրդեր | 41193 | 1,78 |
Լեզգիներ | 37263 | 1,61 |
Հրեաներ | 30848 | 1,33 |
Թաթեր | 28443 | 1,23 |
Ավարներ | 19104 | 0,83 |
Ուկրաինացիներ | 18241 | 0,79 |
Ցախուրներ | 15552 | 0,67 |
Թաթարներ | 9948 | 0,43 |
Այլ ազգեր | 96130 | 4,15 |
Ընդհանուր | 2314571 |
1939 թվականի մարդահամարի մեջ արդեն կիրառվում է «ադրբեջանցի» անվանումը: Այս մարդահամարի տվյալներով ադրբեջանցիների թիվը նվազել է մինչև 58,25 տոկոս, ընդհակառակը ընդլայնվել է ռուս ազգաբնակչության թիվը՝ մինչև 16,45 տոկոս, իսկ հայերի թիվը կրճատվել է մեկ տասնորդական տոկոսով՝ մինչև 12,08 տոկոս:
Այս մարդահամարում ընդհանրապես չեն նշվում թաթերն ու ցախուրները, դրանից բացի մնացյալ ազգային փոքրամասնությունների թիվը տոկոսային հարաբերակցությամբ (բացառությամբ լեզգիների) զգալիորեն կրճատվել է:
Ասյպես՝ թալիշները կազմում են ընդամենը 2,73 տոկոսը, մինչդեռ 13 տարի առաջ բնակչության 3,34 տոկոսն էին, ավարները՝ 0,83 տոկոսից իջել են մինչև 0,49 տոկոս, իսկ քրդերի թիվը կրճատվել է 7 անգամ, որի պատճառը քուրդ ժողովրդի ասիմիլացիան էր (այլևս այսպես կոչված «Կարմիր Քուրդիստան» հակահայկական պրոյեկտի կարիքը չկար):
1939 թ. [5] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 1870471 | 58,25 |
Ռուսներ | 528318 | 16,45 |
Հայեր | 388025 | 12,08 |
Թալիշներ | 87510 | 2,73 |
Լեզգիներ | 111666 | 3,48 |
Հրեաներ | 41245 | 1,28 |
Թաթարներ | 27591 | 0,86 |
Ուկրաինացիներ | 23643 | 0,74 |
Ավարներ | 15740 | 0,49 |
Քրդեր | 6005 | 0,19 |
Թաթեր | — | — |
Ցախուրներ | — | — |
Այլ ազգեր | 110941 | 3,45 |
Ընդհանուր | 3211155 |
1959 թվականի մարդահամարի տվյալներով ադրբեջանցիներն արդեն կազմում էին այդ երկրի բնակչության երկու երրորդը (67,46 տոկոսը): Քսան տարվա ընթացքում ռուսների թիվը թվային արտահայտությամբ կրճատվեց 27 հազարով՝ կազմելով բնակչությանը 13.56 տոկոսը, հայերի թիվը ևս տոկոսային հարաբերակցությամբ կրչատվեց՝ մինչև 11,96 տոկոս:
Այս մարդահամարում թաթերն ու ցախուրները կրկին ասպարեզում են, իսկ արդեն թալիշները բացակայում են: Անհասկանալի տարբերակով ազգերի հայտնվելն ու անհայտանալը խոսում է պետության կողմից վարվող հատուկ էթնիկական քաղաքականության մասին: Տվյալ դեպքում Բաքվի ու Մոսկվայի համար նախընտրել էր թալիշներին, չնայած իրենց էթնիկ տարբերությանը, նույնականացնել «ադրբեջանցի» կոչվող ազգի հետ:
Երկու տասնամյակների ընթացքում կրճատվել է նաև լեզգի բնակչության թիվը շուրջ 13.5 հազարով՝ կազմելով Ադրբեջանի բնակչության միայն 2,66 տոկոսը: Ավարների բնակչության թիվը տոկոսային հարաբերակությամբ գրեթե նույնն է մնացել (0,47 տոկոս):
1959 թ[6]. | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 2494381 | 67,46 |
Ռուսներ | 501282 | 13,56 |
Հայեր | 442089 | 11,96 |
Լեզգիներ | 98211 | 2,66 |
Հրեաներ | 40204 | 1,09 |
Թաթարներ | 29552 | 0,80 |
Ուկրաինացիներ | 25778 | 0,70 |
Ավարներ | 17254 | 0,47 |
Թաթեր | 5887 | 0,16 |
Ցախուրներ | 2876 | 0,08 |
Քրդեր | 1487 | 0,04 |
Թալիշներ | — | — |
Այլ ազգեր | 38716 | 1,05 |
Ընդհանուր | 3697717 |
1970 թվականի մարդահամարով ադրբեջանցիների քանակն էլ ավելի ընդլայնվեց մինչև 73,81 տոկոս: Ռուսները կազմում էին Ադրբեջանի բնակչության միայն 9,97 տոկոսը, իսկ հայերը՝ 9,45 տոկոսը:
Լեզգի (2,68 տոկոս) ու թաթ (0,15 տոկոս) բնակչության թիվը տոկոսային հարաբերակցությամբ գրեթե նույնն էր մնացել, փոքր-ինչ աճել էր ավարների (0,6 տոկոս) ու ցախուրների (0,12 տոկոս) քանակը:
Թալիշները այս և հաջորդ մարդահամարում կրկին ներկայացված չէին:
1970 թ. [7] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 3776778 | 73,81 |
Ռուսներ | 510059 | 9,97 |
Հայեր | 483520 | 9,45 |
Լեզգիներ | 137250 | 2,68 |
Հրեաներ | 41045 | 0,80 |
Թաթարներ | 31353 | 0,61 |
Ավարներ | 30735 | 0,60 |
Ուկրաինացիներ | 29160 | 0,57 |
Թաթեր | 7769 | 0,15 |
Ցախուրներ | 6208 | 0,12 |
Քրդեր | 5488 | 0,11 |
Թալիշներ | — | — |
Այլ ազգեր | 57716 | 1,13 |
Ընդհանուր | 5117081 |
1979 թվականի Ադրբեջանի բնակչության թիվը գերազանցեց 6 մլն-ը, որի ճնշող մեծամասնությունը կազմում էին ադրբեջանցիները (78,14 տոկոս): Ինը տարվա ընթացքում հայ և ռուս ազգաբնակչության թիվը կրճատվեց ևս տոկոսային հարաբերակցությամբ և բացարձակ թվով:
Այս ընթացքում լեզգի, ավար, թաթ և ցախուր բնակչության թիվը տոկոսային նշանակալի փոփոխության չէր ենթարկվել, այդ միտումը պահպանվեց նաև հաջորդ տասնամյակի ընթացքում:
1979 թ. [8] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 4708832 | 78,14 |
Հայեր | 475486 | 7,89 |
Ռուսներ | 475255 | 7,89 |
Լեզգիներ | 158057 | 2,62 |
Ավարներ | 35991 | 0,60 |
Հրեաներ | 35371 | 0,59 |
Թաթարներ | 31204 | 0,52 |
Ուկրաինացիներ | 26402 | 0,44 |
Թաթեր | 8848 | 0,15 |
Ցախուրներ | 8546 | 0,14 |
Քրդեր | 5676 | 0,09 |
Թալիշներ | — | — |
Այլ ազգեր | 56847 | 0,94 |
Ընդհանուր | 6026515 |
1989 թ. մարդահամար տվյալներով Ադրբեջանում տիրող այլատյացությունն էլ ավելի հստակ տվյալներով երևաց: Երկրի բնակչությունը գերազանցեց 7 մլն-ը, որի 82,68 տոկոսը համարվում էին ադրբեջանցիներ: Ռուսների ու հայերի թիվը տասը տարում կրճատվեց շուրջ 85 հազարով՝ կազմելով Ադրբեջանի բնակչության փոքր-ինչ ավելին քան 5,5 տոկոսը:
Խորհրդային ու ադրբեջանական իշխանություններն այլևս չէին կարող քողարկել թալիշ ժողովրդի գոյությունը, նոր մարդահամարով ներկայացվեց նրանց նրանց թիվը՝ 21 հազար, որը Ադրբեջանի բնակչության 0.3 տոկոսն է: Իհարկե հասկանալի է, որ այդ թիվը խիստ նվազեցված է:
1989 թ. [9] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 5804980 | 82,68 |
Ռուսներ | 392304 | 5,59 |
Հայեր | 390505 | 5,56 |
Լեզգիներ | 171395 | 2,44 |
Ավարներ | 44072 | 0,63 |
Ուկրաինացիներ | 32345 | 0,46 |
Թաթարներ | 28019 | 0,40 |
Հրեաներ | 25190 | 0,36 |
Թալիշներ | 21169 | 0,30 |
Ցախուրներ | 13318 | 0,19 |
Քրդեր | 12226 | 0,17 |
Թաթեր | 10239 | 0,15 |
Այլ ազգեր | 75416 | 1,07 |
Ընդհանուր | 7021178 |
Անկախություն ստացած Ադրբեջանը շարունակեց Խորհրդային Ադրբեջանի թվային նկարչությունը: 1999 թ. ադրբեջանական մարդահամարով այդ երկրի բնակչության 90,6 տոկոսը ներկայացվեցին որպես ադրբեջանցիներ:
Թեև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է, սակայն Ադրբեջանը իր մարդահամարում ներկայացնում է նաև ԼՂՀ հայ ազգաբնակչության թիվը, այն էլ աղճատված պատկերովով: Փաստն այն է, որ ԼՂՀ հայազգի բնակչությունը 2005 թվականի տվյալներով կազմել է ավելին քան 137 հազար մարդ[10]:
Մինչև 1999 թ. Ադրբեջանի ռուս բնակչության թիվը կրճատվել է գրեթե երեք անգամ (250 հազարով)՝ կազմելով 141,7 հազար:
Անկախ Ադրբեջանի համար թալիշների ազգային ինքնության սահմանափակումը մեծագույն խնդիրներից մեկն է. Արցախյան պատերազմի կիզակետում թալիշներն հռչակեցին իրենց ինքնավարությունը՝ Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը (1993 թ. հունիս — օգոստոս): Այս հանգամանքն ադրբեջանցիներին հստակ ցույց տվեց, որ այլևս հնարավոր չէ քողարկել ազգային էթնիկական տարբերությունները: Նոր մարդահամարով թալիշների թիվը ներկայացվեց արդեն գրեթե 77 հազար, ինչը դեռ 1926 թվականին էր:
1999 թ. [11] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 7205464 | 90,60 |
Ռուսներ | 141687 | 1,78 |
Լեզգիներ | 178021 | 2,24 |
Թալիշներ | 76841 | 0,97 |
Ավարներ | 50871 | 0,64 |
Թաթարներ | 30011 | 0,38 |
Ուկրաինացիներ | 28984 | 0,36 |
Ցախուրներ | 15877 | 0,20 |
Քրդեր | 13075 | 0,16 |
Թաթեր | 10922 | 0,14 |
Հրեաներ | 8916 | 0,11 |
Այլ ազգեր | 72024 | 0,91 |
Հայեր (ԼՂՀ) | 120745 | 1,52 |
Ընդհանուր | 7953438 |
Ադրբեջանում վերջին մարդահամարը տեղի է ունեցել 2009 թվականին, որի տվյալներով ադրբեջանցիների թիվն այդ երկրում կազմում է 91,6 տոկոս կամ 8173 հազար մարդ:
ԼՂՀ-ում հայերի թիվը ներկայացվում է 120 հազար, մինչդեռ իրականում 2009 թվականին Արցախի հայ բնակչությունը եղել է 139 հազար[12]:
Ըստ ադրբեջանական վիճակագրության ամենամեծ ազգային փոքրամասնությունը կազմում են լեզգիները, որոնց թիվը կազմում է 180 հազար, նրանց հաջորդում են ռուսները (119 հազար), թալիշներ (112 հազար), ավարները (50 հազար):
2009 թ. [13] | Մարդ | Բնակչության տոկոսը |
Ադրբեջանցիներ | 8172800 | 91,60 |
Լեզգիներ | 180300 | 2,02 |
Ռուսներ | 119300 | 1,34 |
Թալիշներ | 112000 | 1,26 |
Ավարներ | 49800 | 0,56 |
Թաթարներ | 25900 | 0,29 |
Թաթեր | 25200 | 0,28 |
Ուկրաինացիներ | 21500 | 0,24 |
Հրեաներ | 9100 | 0,10 |
Ցախուրներ | 12300 | 0,14 |
Քրդեր | 6100 | 0,07 |
Այլ ազգեր | 67847 | 0,76 |
Հայեր (ԼՂՀ) | 120300 | 1,35 |
Ընդհանուր | 8922447 | 100 |
1926-2009 թվականների թվային տվյալների համեմատությամբ կարող են նշել, որ նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակչության թիվն աճել է 3.85 անգամ կամ 6,6 մլն-ով: Այդ ընթացքում 6,7 մլն-ով աճել է միայն ադրբեջանցիների թիվը՝ գրեթե 5.7 անգամ:
Հայերի, ռուսների, քրդերի, հրեաների թիվը շեշտակիորեն կրճատվել է, ինչը ազգային խտրական քաղաքականության տիպիկ դրսևորում է:
Հասկանալի է, որ իրականում ադրբեջանցիների քանակը բնավ էլ չի գերազանցում 8 մլն-ը, այդ թվի մեջ զգալի մաս են կազմում և՛ թալիշները, և՛ լեզգիները, և՛ թաթերը, և՛ ցախուրները, ինչպես նաև այլ ազգեր:
Եթե վերցնենք 1926 թվականի մարդահամարի տվյալներն ու փորձենք ուրվագծել բնակչության աճի միտումները ըստ միջին թվի, ապա ադրբեջանցիների թիվը 5,5 մլն-ը չի գերազանցի: Այդ թիվն էլ ավելի է պակասում, երբ ավելացնում ենք նաև Ադրբեջանից արտագաղթի զգալի ցուցանիշները: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում բնակվող տիտղոսակիր ազգի թիվը գրեթե կրկնակի ուռճացված է:
[1] http://en.president.az/azerbaijan/population
[2] Population change 1897-2016. http://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en
[3] Национальный состав населения по регионам республик СССР, Закавказская СФСР / АО Нагорного Карабаха. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_26.php?reg=2304
[4] Всесоюзная перепись населения 1926 года. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_26.php?reg=2275
[5] Всесоюзная перепись населения 1939 года. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_39.php?reg=5
[6] Всесоюзная перепись населения 1959 года. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_59.php?reg=11
[7] Всесоюзная перепись населения 1970 года. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_70.php?reg=7
[8] Всесоюзная перепись населения 1979 года. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_79.php?reg=7
[9] Всесоюзная перепись населения 1989 года. http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89.php?reg=7
[10] http://pop-stat.mashke.org/nkr-ethnic2005.htm
[11] http://pop-stat.mashke.org/azerbaijan-ethnic1999.htm
[12] http://pop-stat.mashke.org/nkr-estimation.htm
[13] http://pop-stat.mashke.org/azerbaijan-ethnic2009.htm