Հայ համայնքն ԱՄՆ-ում. հայկական ինքնության պահպանման կրթական հաստատությունները
Հայերն ԱՄՆ-ում հայտնվել են դեռևս 17-րդ դարի առաջին կեսին, սակայն համայնքը ձևավորվել է 19-րդ դ. 70-ական թթ. վերջին։ Հայերը զանգվածաբար ԱՄՆ են գաղթել 1890-ական թթ., Օսմանյան կայսրությունից, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած հայկական կոտորածների հետևանքով։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.) ԱՄՆ-ում բնակվում էր 60 հազար հայ, 1915թ. Մեծ եղեռնից հետո (1920-1924թթ.) ԱՄՆ է գաղթել շուրջ 21 հազար հայ, ներգաղթի նոր ալիք է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) հետո, ապա՝ 1950-ական թթ., որը մեծ ընդմիջումներով շարունակվում է ցայսօր։ 1994թ. ԱՄՆ հայերի թիվը հասել է 1 միլիոն մարդու, 2003թ.՝ 1.200.000-ի, 2006թ.՝ 1.270.000-ի[1]։ Աշխարհի ամենահայաշատ երկրների թվում ԱՄՆ-ը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն Հայաստանի Հանրապետությանը (3 մլն) և Ռուսաստանի Դաշնությանը (2,5 մլն)։
Հայերը հիմնականում կենտրոնացած են այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Ռոդ Այլենդը, Միչիգանը, Ֆլորիդան, Փենսիլվանիան, Օհայոն, Վիրջինիան, Տեխասը, Լուիզիանան և այլն։
Միացյալ Նահանգների հայության համայնքային կյանքի կազմակերպման ու համակարգման առաջին լուրջ աշխատանքներն իրականացվել են 19-րդ դարի վերջերից, երբ ԱՄՆ արտագաղթած հայությունը սկսեց ներկայանալ որպես համայնք։ Միացյալ Նահանգներում բնակվող հայության առաջին կազմակերպությունների շարքում առանձնացվում է առաջին հերթին Հայկական միությունը, որը ստեղծվել է 1886թ. Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների հայության կազմակերպման, համախմբման ու ազգային ինքնության պահպանման նպատակներով։ Այդ ժամանակաշրջանում են նաև սկզբնավորվում ԱՄՆ հայության քաղաքական ինքնակազմակերպման առաջին հիմքերը. 1890թ. հիմնադրվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, իսկ 5 տարի անց՝ 1895 թվականին, գործունեությունը սկսեց Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ տեղական կազմակերպությունը։ Ավելի ուշ՝ 1919թ., հիմնվեց Ազգային ռամկավարական միությունը, որը 1921թ. դարձավ Ռամկավար ազատական կուսակցություն[2]։
1908թ. գործունեությունն սկսեց նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության ԱՄՆ շրջանային վարչությունը, որն իրականացնում է կրթական, մշակութային, բարեգործական, մարզական և այլ բնույթի հայանպաստ գործունեություն։
Հիմնվեցին հայության այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Հայ օգնության միություն կազմակերպությունը (Նյու Յորք, 1910թ.), Ամերիկայի հայ ազգային միությունը (Բոստոն, 1917թ.), Հայ դատի հանձնախումբը (Ուոթերթաուն, 1918թ.), Միացյալ Նահանգների մտավորականության գիտակրթական ներուժի համախմբման և ԱՄՆ հայությանը հայեցի կրթելու նպատակներով ձևավորված Ամերիկահայ ուսանողների միություն կրթական և բարեսիրական կազմակերպությունը (Նյու Յորք, 1910թ.) և այլն[3]։
ԱՄՆ հայության ինքնության պահպանման, համայնքի զարգացման հարցում կարևոր դեր են կատարում 1972թ. Վաշինգտոնում հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը և Հայ դատի հանձնախումբը, որոնք, մասնավորապես, ներկայացնում են Հայության և Հայաստանի շահերն ամերիկյան պաշտոնական ատյաններում։ Ամերիկյան տարբեր քաղաքներում մասնաճյուղեր ունեն Թեքեյան, Համազգային, Նոր սերունդ մշակութային միությունները՝ իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով։
Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններում՝ Կալիֆորնիայի (Լոս Անջելես, Ֆրեզնո), Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի և այլն, գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։ Հայագիտական կարևոր կենտրոններից են Կալիֆորնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, Հայագիտական համազգային ընկերությունը, Հայագիտական ուսումնասիրությունների և վավերագրերի Զորյան ինստիտուտը (երկուսն էլ Քեմբրիջում), Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը (Դիրբորն), Հայագիտական ընկերակցությունը Բոստոնում և այլն։
ԱՄՆ հայկական կառույցների և անհատների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը երբեմն աղավաղված է։ Այդ համատեքստում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կատարված այս հետազոտությունն ընդամենը փորձ է՝ ուրվագծելու այն հայկական մտավոր-քաղաքական ռեսուրսները, որոնք առկա են Միացյալ Նահանգներում։ Նման շեշտադրումը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ Հայաստանում տեղեկատվությունն այդ ոլորտի վերաբերյալ, թերևս, առավել սակավ է։ Ըստ մեզ, Հայության հիմնախնդիրների լուծման և կազմակերպման խնդիրներում մեր մտավոր–քաղաքական ներուժը որոշիչ նշանակություն և առաքելություն պետք է ունենա և այդ պատճառով արժանի է հատուկ ուշադրության։ Հետազոտությունում տեղեկատվական անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ և Կանադայի հայ բողոքական և կաթոլիկ համայնքներին, որոնք ներկայացված են հավելվածներում[4]։
Հայ առաքելական եկեղեցու թեմերի դերը ԱՄՆ-ի հայ համայնքի գիտա-կրթական դաստիարակության մեջ
ԱՄՆ-ում հայերի ազգապահպանում հիմնական գրավականը եղել է հայ առաքելական եկեղեցին, որը հայեցի դաստիարակության հիմնական օջախն է եղել հայենիքից այդքան հեռու: Գործնականում ԱՄՆ-ում հայկական դպրոցների ստեղծման ու պահպանման առաքելությունն էլ վերապահված էր հիմնականում հայոց եկեղեցուն: Առավել ևս եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Առաջին աշխարհամարտից հետո չունեինք հնարավորություն պետական մակարդակով ինչ-որ նմանատիպ հայապահպանության առաքելություն իրականացնելու հնարավորություն: ԽՍՀՄ կազմում գտնվող Հայկական ԽՍՀ-ն ուղղակի չէր կարող նման գործ իրականացնել, իսկ Առաջին հանրապետությունը տնտեսապես ու քաղաքականապես չափազանց բարդ կացության մեջ էր, որ կարողանար նման որևէ քայլ ձենարկել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փորձում է պետական մակարդակով իրականացնել այդ նվիրական նպատակը, հենց նման գործառույթներ է վերապահված ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Այդպիսով, եթե ցանկանում են պատկերացում կազմել ԱՄՆ-ում հայկական դպրոցների մասին, ապա պետք է անդրադառնանք ԱՄՆ-ում գործունեություն ծավալված Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմերը:
ԱՄՆ-ում գործում են հայոց եկեղեցու երկու թեմեր՝ արևելյան և արևմտյան: ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան թեմերը կազմավորվել են 1927թ., կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոդակով, մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը (ձևավորվել է 19-րդ դարի վերջին) միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898թ. հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոդակով[5]:
Արևելյան թեմին են պատկանում շուրջ 42 եկեղեցիներ: Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք կրթական հաստատություններ: Նյու Յորքում 1961 թվականից գործում է Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի նախաձեռնությամբ ստեղծված Ս. Ներսես ընծայարանը (ճեմարանը), որը պատրաստում է հոգևոր սպասավորներ (դաստիարակ, ծխատեր քահանա և այլն): Ընծայարանն ունի ԱՄՆ-ի Արևելյան, Արևմտյան և Կանդայի թեմերի կողմից ընտրված խնամակալ մարմին, որի նախագահն է Արևելյան թեմի առաջնորդը:
Թեմի ղեկավարության տակ է գտնվում Հայ դպրոցների կրթական կենտրոնը և Կրոնական դաստիարակչության բաժանմունքը, որոնք ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների համար: Պատանիերի համար առկա է նաև ամառային ճամբար:
Գործում է նաև Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնը, որն ունի արխիվային նյութեր, մամուլի հավաքածուներ, գրքեր, քարտեզներ և այլն: Կազմակերպում է դասախոսություններ և գիտաժողովներ՝ նվիրված հայոց պատմության և մշակույթի խնդիրներին: Հայ եկեցեղու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի ծխերում, կազմակերպում է տարեկան մարզական մրցախաղեր և համագումարներ: Տիկնանց միության կենտրոնական խորհուրդը ևս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանք է կատարում հայ հավատքի պահպանման համար:
Արևելյան թեմը հրատարակում է «Հայաստանեայց եկեղեցի» կրոնաբարոյախոսական պաշտոնաթերթը[6]:
ԱՄՆ արևմտյան թեմի ղեկավարության տակ կան 25 եկեղեցիներ: Թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական խորհուրդները՝ իրենց մասնաճյուղերով և այլ կազմակերպություններ: 1987 թվականին թեմը Ֆրեզնոյի շրջանում գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը օգտագործվում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասներիի կրոնական և կրթական դաստիարակության համար: Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ: Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որըմշակում է ճամբարի գործունեության ծրագրերը:
Վերջին շրջանում առաջնորդարանը թեմում ծառայելու է հրավիրել մի շարք հոգևոր հովիվների, հատկապես՝ Երուսաղեմից և Հայաստանից: Հոգևորականների թիվը հասնում է մի քանի տասնյակի, որոնց մի մասը կրթություն է ստացել Ս. Ներսես ընծայարանում, որը շարունակում է նոր սպասովորներ պատրաստել եկեղեցու համար:
1979 թվականից լույս է տեսնում ԱՄՆ Արևմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով[7]:
Լոս Անջելեսում կան 15 ամենօրյա հայական վարժարաններ: Առաջնորդարանի հովանավորությամբ գործում են Ալֆրես և Մարգրիթ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը (Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից), ՀԲԸՄ Մարի Մանուկյան նախակրթարան և ՀԲԸՄ Սարգիս և Սեդա Դեմիրճյան երկրորդական վարժարանները (Քանոգա Փարք), Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանը (Հոլիվուդ): Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի կիրակնօրյա և շաբաթյա հայոց լեզվի վարժարաններ:
Անդրադառնանք նաև ԱՄՆ-ում գործող այլ դպրոցների, ինչպես նաև այն կրթական հաստատություններին որոնք գործում են ՀԲԸՄ միջոցներով:
ԱՄՆ-ում գործող հայական դպրոցները
Այսօր ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:
1964թվականից գործում է Սրբոց նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանը, կից Սրբոց նահաատակաց Մարի Գապայեան նախակրթարանը: Այն գտնվում է Կալիֆորնիա նահանգում (Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հոտվում),այն ունի երկու մասնաճյուղեր՝ ավագ և միջին դպրոցներ: Այս դպրոցը ԱՄՆ-ի ամենօրյա հայկական ամենահին դպրոցն է, ունի 600-ից ավել սաներ: Դպրոցում դասավանդումը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն[8]:
Լոս Անջելոսում գործում է Ռոուզ և Ալեքս Փիլիբոս հայկական մասնավոր դպրոցը, որը հիմնվել է 1969 թվականին: Այն հայտնի էր որպես Հոլիվուդի հայկական դպրոց, գտնվում է Արևելյան Հոլիվուդում՝ Փոքր Հայաստան թաղամասում: Դպրոցը Ս. Կարապետ հայկական առաքելական եկեղեցու է պատկանում: Դպրոցում պատմություն, կրոն առարկաները դասավանդվում են հայերենով, իսկ մնացած առարկաները անգլերենով: Դպոցն ունի ավելին քան 1000 աշակերտ, ու բավականին ապահովված է կրթության ու դատիարակության կազմակերպման համար անհրաժեշտ գույքով: Այս դպրոցն են ավարտել System of a Down հայտնի ռոք խմբի հայազգի անդամները, այդ թվում նաև մենակատար Սերժ Թանկյանը:
1980 թվականից Սան Ֆրանցիսկոյում գործում է Գռուզյան-Զաքարյան- Վասպուրական ազգային վարժարանը, որտեղ նույնպես դասավանդումը իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն ու անգլերեն: Դպրոցը միակ հայկական դպրոցն է Հյուսիսային Կալիֆորնիայում[9]:
Բնականաբար դպրոց պետք լիներ նաև հայաշատ Գլենդել քաղաքում, որտեղ գործում է հայկական մասնավոր դպրոցը:
ԱՄՆ-ում հայտնի հայկական դպրոցներից է նաև Մեսրոպյան վարժարանը, որն նաև անվանվում է El Rancho Unified School District:
ԱՄՆ-ում հայկական դպրոցների գործունեության համար հատուկ ուշադրության է արաժանի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:
1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա` որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոզիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք:
ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով` ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան:
1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները: Այսօր աշխարհի 11երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժների» խմբեր[10]:
Միության տնօրինության տակ են գտնվում երկու դպրոցներ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանն ու Վաչե և Թամար Մանուկյաններ երկրորդական վարժարանը:
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը հայկական մասնավոր դպրոց է, որը գտնվում է Լոս Անջելեսի Վինեթկա թաղամասում: Ունի գրեթե 1000 սաներ, այդ ցուցանիշով երկրորդ խոշոր մասնավոր հայկական դպրոցն է Լոս Անջելեսի տարածքում: Դպրոցը հիմնվել է 1976 թվականին: Դասավանդումն իրականցվում է հայերեն և անգլերեն լեզուներով[11]:
ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյաններ երկրորդական վարժարանը, որը մասնավոր դպրոց է Փասադենայում, այն բացվել է 2006 թ. սեպտեմբերին: Այն վարչականորեն և գիտականորեն կից է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանին: Դպրոցում մոտ 150 աշակերտներ կան[12]:
Փաստացիորեն կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ում հայկական դաստիրաակության և կրթուայն հիմնական գործառույթը իրենց վրա են վերցրել առաքելական եկեղեցին, որպես հիմնական կենտրոն և հայական կազմակերպությունները, մասնավորապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Սա խոսում է այն փաստի մասին, որ սփյուռքում հայեցի կրթուայն ու ազգապահպանության համար անհրաժեշտ է հզոր ապավեն ու համակարգված աշխատանք, իսկ համահայկական կառույցներն ու եկղեցին իրավամամբ կարող են այդ գործը ստանձնել:
Անկախ Հայաստանի գործունեության հետ մեկտեղ հնարավոր է դառնում նաև հայկական կառավարության մասնակցությունը (ի դեմս Սփյուռքի նախարարության) կրթկան գործընթացներին, որը կարող է չափազնաց կարևոր նշանակություն ունենալ, որ մեր սփյուքռի հայրենակիցները պահպանեն իրենց հայական էությունը, չուծացվեն տեղի համայքներին՝ պահպանելով Հայաստանի հետ սրետ կապերը: Նման համատեղ աշխատանքը նաև իր պտուղները կտա համաշխարհային ասպարեզում մեր արդար պաանջների, այդ թվում նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացում:
[1] Մալխասյան Մ., Հայերն աշխարհում, Երևան, 2007, էջ 94։
[2] Հայ համայնքն ԱՄՆ-ում, Եր., «Նորավանք», 2010, էջ 7-8:
[3] Հայ սփյուռք հանրագիտարան, «Ամերիկայի Միացյալ Նահանգներ», Եր., 2003
[4] Հայ համայնքն ԱՄՆ-ում, Եր., «Նորավանք», 2010, էջ 9-10:
[5] Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002, էջ 45
[6] Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002, էջ 46
[7] Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002, էջ 47
[8] http://www.ferrahian.info
[9] Տե՛ս դպրոցի կայքը http://www.kzv.org
[10] http://www.agbu.am
[11] http://www.agbumds.org/
[12] http://www.agbumhs.org/