Ինչու՞ Պուտինը չմիջամտեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը․ Foreign Affairs
Ներկայացնում ենք ամերիկյան «Foreign Affairs» պարբերականի «Why Didn’t Putin Interfere in Armenia’s Velvet Revolution? His Support for Authoritarianism Abroad Has Limits» հոդվածը։
Այս ապրիլին Հայաստանի ռուսամետ ավտոկրատ-նախագահ Սերժ Սարգսյանը բախվեց ընդդիմության զանգվածային բողոքի հետ, որը հիշեցնում էր 2000-ականներին Արևելյան Եվրոպայում տեղ գտած «գունավոր հեղափոխությունների» ալիքը։ 2000 թվականի Սերբիայի, 2003 թվականի Վրաստանի և 2004 թվականի Ուկրաինայի անարյուն հեղափոխությունների նմանությամբ հայկական բողոքի ցույցեր սկսվեցին մայրաքաղաքում՝ հիմնվելով գլխավորապես հիասթափված երիտասարդության աջակցության վրա և օգտագործելով հումորն ավտոկրատիկ էլիտային ծաղրելու համար։
Նախկին լրագրող և քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ցուցարարները պահանջում էին Սարգսյանի և նրա Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հրաժարականը, որ շուրջ երկու տասնամյակ գերակա դիրք ուներ հայկական քաղաքականության մեջ։ Սարգսյանն առաջին անգամ նախագահ ընտրվեց 2008 թվականին՝ փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին, ով իշխանության էր եկել 1998-ին։ Կառավարման ժամկետի սահմանափակումները շրջանցելու համար ՀՀԿ-ն կազմակերպեց նախագահականից խորհրդարանական համակարգի անցման գործընթաց՝ մտադրություն ունենալով նշանակելու Սարգսյանին վարչապետ։ Սարգսյանն ընտրվեց ապրիլի 17-ին, ինչը նրա կառավարման դեմ բողոքող տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս հանեց։
Նման ցույցերը, ըստ երևույթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ցանկալի չէին։ Պուտինը սարսափած է սեփական երկրում բռնապետության դեմ բողոքական տրամադրությունների աճի հնարավորությունից և ուշադրության կենտրոնում է պահում հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի հավանականությունը։ Այդ պատճառով նա բազմիցս աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանին հարևան ավտոկրատ երկրներին։ Այսպես՝ նա ձեռք մեկնեց Ուկրաինայի բռնապետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ով գահընկեց արվեց 2013-14 թվականների փողոցային բողոքի ցույցերի արդյունքում։ Դրանից բացի նա բազմիցս միջամտել է նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող ընտրությունների արդյունքներին, օրինակ 2006 թվականին Բելառուսում, 2004 և 2014 թվականներին Ուկրաինայում (Եվ ինքնաբերաբար պարզ ,է որ վերջերս Պուտինը փորձեց խաթարել ժողովրդավարական գործընթացները Միացյալ Նահանգներում և Արևմտյան Եվրոպայում)։
Մի շարք ռուս մեկնաբաններ մտահոգություն հայտնեցին, որ հայկական բողոքի ցույցերն արևմտյան դավադրության մի մասն են՝ ռուսական սահմանների մոտ ուսանողների հեղափոխությունը բորբոքելու համար։ Անհանգստություն կար, որ ընդդիմությունը Հայաստանը կհանի Ռուսաստանի դեմ։ Իսկ Սարգսյանը Ռուսաստանի վաղեմի դաշնակիցն է։ 2015 թվականին Ռուսաստանի ճնշման տակ նա Հայաստանը դարձրեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, ուր առաջնորդող դեր ունի Մոսկվան։ Իր կողմից Ռուսաստանը վաղուց օժանադակում է հայկական կառավարությանը՝ տրամադրելով գազ արտոնյալ գներով և ռազմական աջակցություն է տալիս Ադրբեջանի դեմ Արցախյան հակամարտության մեջ, որն արդեն երեք տասնամյակ չի կարգավորվում։ Հայաստանի տարածքի ռուսական ռազմաբազայում տեղակայված են 5000 ռուս զինվորականներ, որոնք նաև օգնում են Թուրքիայի հետ սահմանի պահպանման գործում։
Հաշվի առնելով, թե Ռուսաստանն արդեն իսկ որքան բան է ներդրել հայկական ռեժիմի մեջ և թե ինչ հեշտությամբ է Մոսկվան միջամտում ուրիշների գործերին՝ տրամաբանական կլիներ, որ Պուտինը կրծքով կկանգներ Սարգսյանի ու ՀՀԿ-ի պաշտպանության գործին։ Եվ իրոք, երբ համաժողովրդական բողոքի արդյունքում ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանը փորձեց կազմակերպել իշխանության սահուն անցումը Կարեն Կարապետյանին՝ «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի նախկին ղեկավարին։ Ռուսամետ մամուլը ժողովրդական դժգոհությունը պիտակեցին որպես արևմտյան սցենարով մշակված «հերթական մայդան»։
Սակայն երբ ՀՀԿ-ն անկարգությունների պատճառով չկարողացավ հաստատել Կարապետյանին վարչապետի պաշտոնում, Պուտինն ի զարմանս բոլորի լռեց։ Ռուսական ԶԼՄ-ները Փաշինյանի դեմ նոր արշավ չսկսեցին, իսկ ռուսական իշխանությունները Երևանին չդրդեցին բողոքի ցույցերն ուժով ցրել, ինչպես 2014 թվականի սկզբին Ուկրաինայում էր։ Երբ մայիսի 8-ին Փաշինյանը «Հանրապետական» խմբակցության 13 պատգամավորների աջակցությամբ ընտրվեց վարչապետ, Պուտինն առաջիններից էր, որ շնորհավորեց նրան, թեև սովորաբար դավադիրներին ու նախկին քաղբանտարկյալներին չի ընդունում, այլ նախընտրում է աշխատել լրիվ այլ ոճի մարդկանց հետ։ Ուրեմն Ռուսաստանն ինչու՞ համակերպվեց եվրասիական տարածքում նոր հեղափոխության հետ։
ՊՈՒՏԻՆՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
Պուտինի դիրքորոշումը հասկանալու համար անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ և տարածաշրջաում նրա թվացյալ ազդեցության մասին մի շարք թյուրիմացությունները։ Նախ՝ ավտոկրատիայի աջակից լինելու համբավին հակառակ Պուտինն ավելի շատ մտահոգված է աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման խնդրով։ Իսկ թե դրանով հանդերձ Ռուսաստանի հարևանները կանցնեն ժողովրդավարության, թե կմնան ավտորիտար, նրան շատ ավելի քիչ է անհանգստացնում։ Արդյունքում՝ նա Ռուսաստանի սահմաններից դուրս ավտոկրատ ռեժիմների աջակցության հարցում արմատական տրամադրվածություն չունի։ Իսկ թե ինչ է կատարվում ներռուսական քաղաքականության մեջ, այլ հարց է։
Ուկրաինայի նման երկրներում, ուր ազդեցիկ են հակառուսական ուժերը, Ռուսաստանն աշխատում էր ժողովրդավարության խափանման ուղղությամբ։ 2004 թվականին Պուտինը աջակցություն հայտնեց ռուսամետ դիկտատոր Լեոնիդ Կուչմային, իսկ 2013-14 թվականներին՝ արդեն վերը նշված Յանուկովիչին, 2009 թվականին՝ Մոլդովայի ղեկավար Վլադիմիր Վորոնինին, Պուտինն օգնում էր նրանց հակառուսական տրամադրություն ունեցող մրցակիցներին հաղթելու գործում։
Ոչ պակաս խանդավառությամբ Պուտինն աջակցություն է հայտնում մրցակցային ընտրությունների ու անգամ բողոքի ցույցերի անցկացմանը՝ պայմանով, որ դրանք հակառուսական իշխանությունների դեմ են։ Երբ Ղրղզստանի բռնապետ Կուրմանբեկ Բակիևը 2009-ին հրաժարվեց կատարել խոստումը՝ փակել ԱՄՆ-ի համար Մանասի ռազմաօդային բազան, ռուսական լրատվամիջոցները կառավարության թելադրանքով սկսեցին նրա մասին անբարեհաճ պատմություններ տարածել։ Դրանից բացի Մոսկվան բարձրացրեց էներգամատակարարումների գները, ինչն էլ հանգեցրեց դժգոհությունների և արդեն 2010 թվականի ապրիլին Բակիևի իշխանությունը տապալվեց։ Նրան փոխարինելու եկավ Ռոզա Օթունբաևան, ապա Ալմազբեկ Ատամբաևը, ովքեր շատ ավելի ժողովրդավարական նախագահներ էին, ու դա Ռուսաստանին ավելին քան գոհացնում էր։
Դրանով հանդերձ Պուտինը տառացիորեն կաշվից դուրս էր գալիս Վրաստանի ռուսատյաց առաջնորդ Միխայիլ Սաակաշվլիին հեռացնելու համար՝ ողջունելով իշխանության ժողովրդավարական ճանապարհով փոխանցումը Գեորգի Մարգվելաշվիլիին 2013 թվականին։
Ակնհայտ է, որ Պուտինին ժողովրդավարության բուռն կողմնակից չես համարի, և եթե նա ընտրելու հնարավորություն ունենար, կնախընտրեր գործ ունենալ նույնպիսի դիկտատորների հետ, ինչպիսին ինքն է։ Այնուհանդերձ վկայություններ չկան, որ նա գիտակցաբար գնում էր բռնապետական ռեժիմի ստեղծման ուղիով։
Փաշինյանի հետ համակերպվելու գործում Պուտինին օգնեց այն հանգամանքը, որ հայ քաղաքական գործիչն, ի տարբերություն 2013-14 թվականների ուկրաինական ընդդիմադիրների, միանգամից հայտարարեց, որ կուզենար պահպանել ստատուս-քվոն, ու սա այն դեպքում, երբ «Ելք» դաշինքը ավելի վաղ կոչ էր անում ավելի սերտ կապեր հաստատել Եվրոպայի հետ։ Ցուցարարները չէին ծածանում Եվրամիության դրոշները, ոչ էլ այլ խորհրդանիշներ կային, որ որևէ ձևով վիճարկեր Ռուսաստանի ռեգիոնալ գերակայությունը։ Ավելին՝ միջազգային հարթակներում երկրի խոցելիության ու Ռուսաստանի ռազմական աջակցությունից խիստ կախվածության պայմաններում ռուսական ուղեծիրից Հայաստանի դուրս գալը հիրավի թանկ հաճույք կլիներ։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու էր Ռուսաստանը հանգստություն պահպանում։ Դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերի դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը։ Ռուսական ընկերությունն են տնօրինում հայաստանյան էներգետիկ ոլորտի առյուծի բաժինը։ Փորձելով ցույց տալ, թե ինչքան հեռուն գնացող հետևանքների կարող է հանգեցնել քաղաքական կողմնորոշման վերանայումը՝ ռուսական իշխանություները վերջերս հայտարարեցին, որ Հայաստանից մրգերի ու բանջարեղենի ներմուծումները կարող է ցանկացած պահի դադարեցվել։
Կրեմլի վարքը հասկանալու համար անհրաժեշտ է ռուսական արտաքին քաղաքականության վերաբերյալ ևս մեկ մոլորությունից ազատվել, որ Պուտինը գրոսմայստեր է, ով ունակ է մերձավոր հարևանների և անգամ հեռու գտնվող երկրների (ինչպես ԱՄՆ) քաղաքական պայքարի արդյունքների վրա զգալի ազդեցություն ունենալ։ Իրականում Պուտինը կարող էր հավանություն տալ Փաշինյանի թեկնածությանը, քանի որ ուղղակիորեն հասկացավ, որ ՀՀԿ-ին փրկելու փորձերը դատապարտված են։ Վերջվերջո հետխորհրդային տարածքում ռուսական միջամտության արդյունավետությունը չափազանց ցածր է։ ԽՍՀՄ կազմաքանդումից ի վեր Կրեմլի դրածոները պարտվել են 11 ընտրություններից 7-ում, որտեղ նշմարվել է Մոսկվայի ձեռքը։ Այսպես, օրինակ 2005-ին Ռուսաստանը փորձեց թույլ չտալ, որ Մոլդովայում վերընտրվի Կոմունիստական կուսակցությունը, և մատնվեց անհաջողության։ Իսկ 2009-ին, երբ Մոսկվայում մտափոխվեցին և որոշեցին ի վերջո աջակցել Մոլդովայի կոմունիստներին, անհանգստություններ սկսվեցին, և կոմունիստները կորցրեցին իշխանությունը։
Ավելի դիպուկ է Ուկրաինայի իրավիճակը։ 2004 թվականին Պուտինը հսկայական միջոցներ վատնեց և իր սեփական հեղինակությունը զոհեց՝ աջակցություն հայտնելով այդ ժամանակ վարչապետի պաշտոնում գտնվող Յանուկովիչին։ Սակայն նրա գործողությունները հակառակ արդյունքի հանգեցրեցին․ սկսվեց Նարնջագույն հեղափողությունը, և Յանուկովիչը պարտվեց։ Ընդամենը 10 տարի անց ահեղ հակառուսական ուժերին սաստել չկարողացավ անգամ ռուսական ծանրակշիռ միջամտությունը։ Մի՞թե Պուտինը Ղրիմն անվճար ստացավ․ ռուսական ներխուժման պատճառով Ուկրաինայի հետ հետագա ցանկացած ինտեգրացիոն փորձերը դատապարտում են, ռուսամետ կուսակցությունները նախկին հեգեմոն դիրքից այժմ հայտնվել են մարգինալ կարգավիճակում։ 2014 թվականից ԵԱՏՄ-ին ուկրաինական աջակցությունը զրոյացվեց։ Ուկրաինայում անհաջող փորձից ելնելով՝ Պուտինը կարող է խուսափել աջակցելու ժողովրդի կողմից անցանկալի ռեժիմից, որ ուկրաինական սցենարի կրկնություն չլինի։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․
Կարո՞ղ են արդյոք հայաստանյան իրադարձությունները ռուսական հեգեմոնիայի պայմաններում ժողովրդավարացման ավետաբեր դառնալ։ Անգամ ոչ այնքան մեծ և բացահայտ կախվածություն ունեցող երկրներն, ինչպես Հայաստանը, կարող են ժողովրդավարական անցում կատարել՝ չվախենալով միջամտությունից, եթե Ռուսաստանի դեմ բաց առճակատման չեն գնում։ Եվս մեկ օրինակ կարող է ծառայել հարաբերականորեն ժողովրդավարական Ղրղզստանը, ուր մրցակցային հիմքով իշխանության փոխանցումը տեղի ունեցավ 2017 թվականին։ Իհարկե նման ուղին պետությունը զրկում է իր օրինական իրավունքից սեփական որոշմամբ ընտրելու դաշնակիցներ, սակայն ամեն դեպքում դա ավելի լավ է, քան երբ պետություն չունի ո՛չ արտաքին ինքուրույնություն, ո՛չ էլ ներքին ժողովրդավարություն։
Վերջիվերջո հայկական ժողովրդավարության ճակատագիրը կախված է ներքաղաքական գործոններից, ոչ թե Ռուսաստանի գործողություններից։ Իրականում, թե ինչու «ռուսական աշխարհի» երկրներում ժողովրդավարությունն անհաջողության դատապարտվեց, պետք է փնտրել բուն այդ երկրների, այլ ոչ թե ռուսական միջամտության մեջ։ Դեռ պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը Հայաստանը կտանի՞ դեպի ժողովորդավարություն, թե՞ կշարունակի նախկին իշխող կուսակցության բռնապետական ավանդույթը։ Սակայն արդեն իսկ որոշ դրական տեղաշարժեր նկատվում են։
Առաջին՝ Փաշինյանը նախկին ընդդիմադիր լրագրող է, ինչը նշանակում է, որ նա աութսայդեր է, քանի որ հետխորհրդային տարածքում, որտեղ ընդդիմության առաջնորդներ սովորաբար դառնում են ավտոկրատիկ պարտված ճամբարի դասալիքները։
Երկրորդ՝ Փաշինյանը սկզբունքորեն ներգրավված չէ կուսակցական կառույցներում, ինչը նշանակում է, որ լուրջ դիմադրության է բախվելու, եթե փորձի ողջ իշխանությունները հարմարեցնել իր անձին։
Երրորդ (ամենակարևորը)՝ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը խոստացել է անցնել ընդդիմադիր դաշտ։ Հայկական ժողովրդավարությունը միայն կշահի, եթե ՀՀԿ-ն հստակ ընդդիմադիր քաղաքականություն վարի՝ դառնալով հակակշիռ նոր կառավարության համար։
Այդպիսով՝ Հայաստանն ու նրա հետխորհրդային տարածաշրջանի հարևան երկրները բավարար միջոցներ չունեն Պուտինից ամբողջությամբ ազատվելու և Ռուսաստանի ռազմական ու տնտեսական գերակայությունը զրոյացնելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ սեփական սահմանների ներսում ժողովրդավարությունն անհասանելի է։