Ադրբեջանի «բուտաֆորիկ հզորության հիմքերը» քանդվում են
2010 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվում պաշտոնապես բացվեց Պետական դրոշի հրապարակը: 70 մետր երկարությամբ և 35 մետր լայնությամբ (2450 քմ մակերեսով) և մոտ 350 կգ կշռող դրոշն ամրացվեց 162 մետր բարձրությամբ ձողին, ինչն այդ պահին ամենաբարձր էր աշխարհում: Սակայն հաշված ամիսներ անց՝ 2011 թվականի մայիսին, այդ ցուցանիշը գերազանցեց Տաջիկստանը՝ Դուշանբեում կանգնեց 165 մետր բարձրությամբ դրոշաձողը:
Ադրբեջանի հզորության խորհրդանիշը նույնքան «ամուր» գտնվեց, որքան և այդ բուտաֆորիկ պետությունը: Տեղադրումից երկու օր անց՝ սեպտեմբերի 3-ին դրոշը պատռվեց, հետագա տարիներին այն բազմիցս նորից պատառոտվեց ու փոխարինվեց:
Այժմ արդեն Ադրբեջանի դրոշաձողն ապամոնտաժվում է, թեև ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նպատակն է ձողը երկարացնել՝ կրկին առաջինը լինելու համար, սակայն դա միայն հիմնավորում է: Իսկ իրական նպատակն է ամրացնել Դրոշի հրապարակի հիմքերը, որը 7 տարվա ընթացքում ճեղքվածներ է տվել՝ ակամա խորհրդանշելով Ադրբեջանի պետականության ճեղքվածները:
Այս անիմաստ ինքնագովազդի համար Ադրբեջանը 32 մլն դոլար էր ծախսել, այժմ էլ պարզ չէ, թե նոր սիզոփոսյան ջանքերն ինչ կարժենան ու որքանով հուսալի կլինեն: Սակայն տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանի համար «հերոստրատյան փառքը» միայն հեգնանքի է արժանի (կարդացե՛ք «Ադրբեջանի տնտեսության անկումը. 2017 թ. հունվար-մայիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը»):
Ալիևը հստակ հասկանում է իր ձեռնարկի անհեթեթությունը, դրա համար Պետական դրոշի հրապարակը քաղաքացիների այցելությունը բացման օրվանից ի վեր արգելված է, բռնապետն այն կառուցել է ոչ թե ժողովրդի համար, այլ օտարերկրյա պատվիրակություններին «զարմացնելու» նպատակով: Սա է ժամանակակից Ադրբեջանի իրական կերպարը: