Գերկոռուպացված Բաքուն. մեկ կիլոմետր ճանապարհի կառուցման համար աշխարհում ամենաշատ գումարը վատնում են Ադրբեջանում
Այն, որ Ադրբեջանում տնտեսության բոլոր ոլորտներում կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է, հայտնի է և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանը, և՛ ադրբեջանցիներին: Այս հիմնավորման հերթական ապացույցը վերաբերում է ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին:
Այսպես՝ «Sputnik» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ այդ երկրի ավտոճանապարհների կեսը կապիտալ վերանորոգման կարիք ունեն, նշել է «Azeravtoyol» ադրբեջանական ավտոճանապարհային ընկերության մամլո ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:
Վերջինս նշել է, որ Ադրբեջանում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 20 հազար կմ, որից միայն 50 տոկոսն է ասֆալտբետոնային շերտով: Մնացած փողոցներն անմխիթար վիճակում են, մինչդեռ այդ ճանապարհներով իրար են կապվում գյուղական համայնքները: 2016 թվականին Ադրբեջանում վերանորոգվել է շուրջ երեք տասնյակ նման ճանապարհ՝ մոտ 500-600 կմ ընդհանուր երկարությամբ, ևս չորս տասնյակ ճանապարհ է նախատեսվում վերանորոգել 2017 թվականին: Նաջաֆլին շեշտել է, որ մեկ կիլոմետր երկարությամբ փողոցի վերականգնման համար առնվազն 200 հազար մանաթ (119 հազար դոլար) գումար է ծախսվում, այդ գումարը կարող է նաև ըստ պայմանների զգալիորեն մեծանալ: Նրա շեշտած պայմանները, ենթադրաբար, ավելի շատ վերաբերում են չինովնիկների ախորժակը հագեցնելու հարցին, քան թե ճանապարհաշինության իրականացման օբյետկիվ իրողություններին, ինչպես տեղանքի խոչընդոտները և այլն:
Որքանով են այդ ճանապարհաշինությանը հատկացվող միջոցներն արդյունավետ օգտագործվում, այդ հարցին է անդրադարձել ադրբեջանական «Meydan» լրատվականը՝ ներկայացնելով «Ադրբեջանը բացարձակ առաջատար է աշխարհում մեկ կիլոմետր ճանապարհի վրա ծախսվող գումարով» հոդվածը:
Ներկայացնելով տնտեսագիտ Վուգար Բայրամովի մեկնաբանությունը՝ լրատվամիջոցը շեշտում է, որ Ադրբեջանը մեկ կիլոմետր ճանապարհի կառուցման համար ամենաշատ գումարն է վատնում ողջ աշխարհում: 2012 թվականի տվյալներով այդ աշխատաքների համար Ադրբեջանը ծախսում է միջինում 18 մլն մանաթ, այսինքն 22,86 մլն դոլար (2012 թվականի 1 մանաթն արժեր 1,27 դոլար): Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը ծախսում է մոտ 17,6 մլն դոլար, Եվրամիության երկրները՝ միջինում 6,9 մլն դոլար, ԱՄՆ-ը՝ 5,9 մլն դոլար, իսկ Չինաստանը 2,2 մլն դոլար: Նշենք, որ գումարային տարբերությունը որակի մասին ոչինչ չի ասում, Ադրբեջանական ճանապարհները չեն կարող համեմատվել ոչ՛ եվրոպական, ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ չինական ճանապարհների հետ: Իսկ վատնվող գումարն անուղղակիորեն խոսում է այն մասին, թե որքանով են պետական միջոցներն արդյունավետ օգտագործվում:
Չինաստանից տասնապատիկ ավելի մեծ ցուցանիշն ապացուցում է Ադրբեջանում պետական միջոցների յուրացման արատավոր իրողությունը: Ադրբեջանի իշխանություններն այդ երկրի բնական հարստությունը (նավթ, գազ) օգտագործում է միայն ալիևյան կլանի հարստացման համար՝ պահելով սեփական ժողովրդին թշվառության մեջ (կարդացե՛ք. «Ադրբեջանական նավթի դարձերեսն ու Բաքվի արվարձանների թշվառությունը»):