Երկաթուղային ճանապարհով Հայաստանը շրջափակելու ադրբեջանական պլանը դատապարտված է. Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումը
«Բաքու – Թբիլիսի – Կարս» երկաթուղու բացումը կրկին հետաձգվում է առնվազն մինչև 2017 թ. ավարտը, այդ մասին լրատվամիջոցները տեղեկացվել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներում:
Տարեսկզբին Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովային գործերի նախարար Ահմեդ Արսլանը հայտնել էր, որ երկաթուղին բացվելու էր հունիս ամսին, իսկ այժմ Թուրքիայի առևտրի և մաքսային ոլորտի նախարար Բյուլենտ Թյուֆենկչին նշում է, որ իրենց երկիրը պլանավորում է երկաթգծի թուրքական մասի կառուցումն ավարտել մինչև տարեվերջ: Որքանով իրականություն կդառնա այս նոր պլանը, դեռ կրկին պարզ չէ:
Հիշեցնենք, որ Հայաստանը շրջանցող «Բաքու – Թբիլիսի – Կարս» երկաթուղու նախագիծը ստորագրվել էր 2007 թ. փետրվարի 7-ին, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկել էին նույն տարվա նոյեմբերի 21-ին: Երկաթուղի կառուցումը պետք է ավարտվեր դեռ 2010-2011 թվականներին, սակայն մի շարք պատճառներով այն անդադար հետաձգվում էր:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալներով երկաթուղու կառուցման համար մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը հատկացվել է 619.8 մլն դոլար, իսկ այս տարի հատկացվելու է ևս մոտ 98 մլն դոլար: Այսինքն Հայաստանի շրջափակելու երկաթուղային նախագծի համար Ադրբեջանն առնվազն 720 մլն դոլար է հատկացրել:
Նշենք, նաև որ 2007-2011 թվականներին այդ նույն հիմնադրամից Վրաստանը երկաթուղու կառուցման համար հատուկ պայմաններով 775 մլն դոլարի վարկ էր ստացել:
Խնդիրն այն է, որ այս երկաթուղին ի սկզբանե հետապնդել է միայն քաղաքական շահ, տնտեսական շահավետությունը մեծ հարցականի տակ է ու հենց դրանով է պայմանավորված, որ շինարարական աշխատանքներն այսքան ձգձգվում են (երկաթուղու տեխնիկական, տնտեսական ու քաղաքական խնդիրների մասին կարդացե՛ք. «Բաքու – Թբիլիսի – Կարս «քաղաքական» երկաթուղու խնդիրները»):
Այս երկաթուղու գործունեությունը նաև չի մտնում Արևմուտքի ու Ռուսաստանի պլանների մեջ:
Արևմուտքի համար ցանկալի չէ, քանի որ շրջանցելով Հայաստանը՝ այն դառնում է «քաղաքական ճնշման լծակ», և տարածաշրջանային միասնական ծրագրերի գաղափարին դեմ է:
Ռուսաստանի համար այն այլընտրանքային ճանապարհ է Չինաստանը Եվրոպային կապելու համար՝ շրջանցելով ՌԴ տարածքը, ուստի Մոսկվան ևս բացարձակապես շահագրգռված չէ այդ ծրագրի իրագործմամբ:
Եթե հաշվի ենք առնում նաև այդ երկաթուղիով բեռնափոխադրումների իրականացման տեխնիկական խնդիրներն ու անհրաժեշտ ենթակառույցների բացակայությունը, հասկանալի է դառնում, որ իրատեսական հեռանկարում այն դատապարտված է անհաջողության, իսկ լավագույն դեպքում կծառայի Թուրքիա-Ադրբեջան կապի համար: