Ժողովրդավարական Արցախը երբեք բռնապետական Ադրբեջանի կազմում չի լինի. ԼՂՀ ընտրությունների կարևորությունը
2017 թվականի հուլիսի 19-ին Արցախի խորհրդարանը նախագահ ընտրեց Բակո Սահակյանին, նրա օգտին քվեարկեցին 28 պատգամավոր («Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները), իսկ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին՝ 4 պատգամավոր («Շարժում 88» խմբակցությունը):
Նոր սահմանադրության անցումային դրույթներով է պայմանավորված, որ նախագահն այս անգամ ընտրվեց Ազգային ժողովի կողմից (Արցախի հանրապետության սահմանադրություն, հոդված 168): 2017 թվականի փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեով երկիրն անցում կատարեց գերնախագահական կառավարման ձևի (կարդացե՛ք տարբեր կառավարման ձևերում նախագահի լիազորությունների մասին. «Խորհրդարանական, նախագահական և կիսանախագահ հանրապետություններ»), իսկ մինչև գործող՝ 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետի (2015-2020 թթ.) ավարտն Արցախն անցումային փուլում է: Արդեն 2020 թվականին Արցախի նախագահը կընտրվի ժողովրդի կողմից՝ 5 տարի ժամկետով:
Նախագահը կլինի ոչ միայն պետության գլուխը, այլև գործադիրի ղեկավարը, իսկ վարչապետի պաշտոն այլևս չի լինի: Այսպիսի ուժեղ նախագահական հանրապետության կառավարման ձևը կիսապատերազմական վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար օպերատիվ աշխատանքի լավագույն տարբերակն է: Այս փոփոխությանը դեմ արցախյան քաղաքական գործիչների հիմնական բացասական դիտարկումն այն է, որ այս կարգով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն կունենա պաշտոնավարելու մինչև 2030 թվականը:
ԼՂՀ նախագահի ընտրություններին, ինչպես նաև դրանից առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ու ընդհանրապես Արցախում ցանկացած ընտրության սվին-դանակով է արձագանքում Բաքուն՝ համարելով այդ գործընթացներն անօրինական:
Մինչդեռ միջազգային հանրության համար արցախյան ընտրությունները կայացած իրողություններ են, ու թեև Արցախը միջազգայնորեն ճանաչված հանրապետություն չէ, սակայն որպես անկախ պետականություն առաջնորդվում է ժողովրդավարական կարգի հրամայականով:
Այս առումով Ադրբեջանը լուրջ մտահոգություններ ունի, քանի որ սեփական երկրի ավտորիտարիզմի պայմաններում Լեռնային Ղարաբաղն անհամեմատ ավելի ժողովրդավարական պետություն է: Դրա ակնհայտ դրսևորումն ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցներ են, որոնցում ներկայացվում են նաև չճանաչված հանրապետությունները:
Այսպես՝ 2017 թվականի ցուցանիշներով Ադրբեջանը համարվում է «անազատ» երկիր՝ ստանալով ընդհանրական 100 հնարավոր միավորից ընդամենը 14-ը, մինչդեռ Արցախը համարվում է «մասամբ ազատ» երկիր՝ ունենալով ընդհանրական 33 միավոր: Ժողովրդավարության ցուցանիշներ հանդիսացող և՛ քաղաքացիական ազատությունները, և՛ քաղաքական իրավունքները Լեռնային Ղարաբաղում շատ ավելի լավ վիճակում են, քան Ադրբեջանում (կարդացե՛ք. ««Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը»): Իհարկե պետք է ընդունել, որ Ադրբեջանի համեմատությամբ դրական ցուցանիշները բավարար չեն, Արցախը պետք է հետևողական լինի ժողովրդավարության ամրապնդման հարցում, ինչը բխում է նրա անկախ պետականության ամրապնդման շահերից:
Միջազգային հանրության կողմից «ժողովրդավարության» գերարժևորման դարաշրջանում դեմոկրատական երկրներն ավտորիտար ռեժիմներին չեն միացվում: Այդպես է նաև ԼՂՀ-ի առումով, որքան ավելի ժողովրդավարական լինի Արցախն, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենա միջազգայնորեն ճանաչված սուվերենություն ունեցող պետականություն ձևավորելու:
Ժողովրդավարական Արցախը երբեք բռնապետական Ադրբեջանի կազմում չի լինի: