Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլը. Մադրիդյան սկզբունքներ
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլերի, որոնց ընթացքում փոփոխվել է բանակցությունների թե ձևաչափը, թե բնույթը, ինչպես նաև քննարկումների բովանդակությունը:
1988-ին բարձրացված Լեռնային Ղարաբաղի հարցը հակամարտության վերածվեց այն պահին, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, Ադրբեջանը ուժ կիրառեց, ինչն ի վերջո հանգեցրեց ռազմական գործողությունների: Այդ տարիներին նախկին խորհրդային տարածքում տարաբնույթ, երբեմն իրարամերժ ու չհամակարգված, ցաքուցրիվ ու պատահական միջնորդական ջանքեր գործադրվեցին, որոնք այդպես էլ չհանգեցրին որևէ հետևողական գործընթացի, և դրանց արդյունքում չծնվեց կարգավորման որևէ փաստաթուղթ:
1992թ. կարգավորման գործընթացը միջազգայնացվեց: Եվրոպայում անվտանգության ու համագործակցության խորհրդաժողովը (ԵԱՀԽ), որին անդամակցում էին Հայաստանն ու Ադրբեջանը, որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել Մինսկում գումարվելիք կոնֆերանսի ժամանակ: Այս որոշմամբ ծնվեց ԵԱՀԽ Մինսկի գործընթացը, որին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղը: Այնուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում էր առավել ակտիվորեն ներգրավված լինել՝ շատ հաճախ մրցակցելով Մինսկի խմբի հետ: Միևնույն ժամանակ հակամարտությունն սկսեց Լեռնային Ղարաբաղի բուն սահմաններից դուրս գալ, երբ, ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի, հայկական ուժերն ստիպված եղան ԼՂ անվտանգությունն ապահովելու նպատակով որոշակի տարածքներ իրենց վերահսկողության տակ վերցնել:
1994թ. մայիսին հաստատվեց փոխադարձաբար համաձայնեցված զինադադար, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները:
Ռազմական գործողությունների կասեցմանը զուգընթաց ԵԱՀԿ-ը Բուդապեշտում կայացած գագաթաժողովի ժամանակ ի մի բերեց մինչ այդ առկա տարբեր բանակցային ուղիները: Ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահների կառույցը, պաշտոնականացվեց բանակցային գործընթացը և վերջ դրվեց տարբեր միջնորդական ջանքերի մրցակցությանը: Այսպիսով, ռազմական փուլի ավարտը համընկավ լուրջ բանակցությունների համար անհրաժեշտ մեխանիզմի ստեղծմանը:
Բանակցությունների այս փուլը, որը շարունակվում է արդեն 10 տարի, կարելի է բաժանել չորս շրջանի` սկսվեց ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովով և ավարտվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին, երկրորդ շրջանը ներառեց հետ-լիսաբոնյան տարիները մինչև Հայաստանում 1998թ. Իշխանափոխությունը, երրորդ շրջանը ձգվեց մինչև հայր Ալիևի մահը, չորրորդ շրջանն այն է, որն սկսվեց Ադրբեջանում վարչակազմի փոփոխությամբ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մյուս փուլը համընկնում է 2001թ. սկզբներից բանակցային գործընթացում նկատվող որոշակի ակտիվացման հետ, որն իր արտացոլումը գտավ փարիզյան և քիուեսթյան բանակցություններում: Այսպես կոչված «Փարիզյան սկզբունքների» հիման վրա կազմված Քիուեսթյան համաձայնագրի փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ամրագրված էր համաձայնագրի երկրորդ հոդվածում, ըստ որի՝ դե ֆակտո ամրագրվում էր, որ նախկին ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ և անցնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Փաստորեն, սրանով ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի փաստացի գոյությունը և Ադրբեջանի վերջնական վերահսկողության կորուստն այդ տարածքի նկատմամբ:
Հակառակ Ադրբեջանի ներգրավմանը և կողմերի ջանքերին` կարգավիճակի շուրջ ընդունելի ձևակերպումներ որոնելու ուղղությամբ , համենայն դեպս ադրբեջանցիները զուգահեռաբար փորձում են Լեռնային Ղարաբաղի հարցը մտցնել այնպիսի միջազգային ատյաններ, որոնք շարունակում են տարածքային ամբողջականության ու ինքնորոշման խնդիրների հանդեպ ավանդական մոտեցումներ դրսևորել: Այդ կազմակերպությունների մոտեցումը հանգում է հետևյալին, որ`
– տարածքների ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների բախման կամ հակադրման դեպքում նախապատվությունը տրվում է առաջինին,
– բոլոր հակամարտությունները պետք է լուծման մեկ եղանակ ունենան՝ անկախ պահանջների օրինականությունից ու խնդրի խորությունից,
– որևէ շեղման պարագայում կամ ինքնորոշման փաստի ճանաչման դեպքում այն կարող է նախադեպ հանդիսանալ և դոմինոյի էֆեկտ հարուցել:
Ի պատասխան ինքնորոշման կոչերի առաջարկվում է սոսկ մարդու իրավունքների ընդլայնում ու որոշ տնտեսական արտոնություններ: Այս մոտեցումը բազմաթիվ գործոններ է անտեսում, այդ թվում նաև՝ մարդկանց ինքնության ու ճակատագրի ձևավորմանգործում պատմության ունեցած դերը:
Այսօր Լեռնային Ղարաբաղը պատկանում է բոլորովին տարբեր՝ 4-րդ դասին: Ադրբեջանը որևէ վերահսկողություն չունի այդ տարածքների հանդեպ, իսկ Լեռնային Ղարաբաղն ունի լիակատար ինքնիշխանության բոլոր հատկանիշները: Նման դեպքում, հրապուրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդու իրավունքների և տնտեսական առավելությունների խայծով, փորձել նրանց վերադարձնել Ադրբեջանի գերիշխանության ներքո, ուղղակի անիմաստ ու անհեռանկար զբաղմունք է: Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի իր ինքնորոշման չափի ու ժամանակի առումով առանձին կատեգորիայում լինելը առավել ամրագրվում և ամբողջական է դառնում հետևյալ իրավական փաստարկներով.
- ինքնորոշման բաղադրիչով. Լեռնային Ղարաբաղն անջատվել է օրինականորեն՝ գործող օրենքներիլիակատար կիրառմամբ,
- տարածքային բաղադրիչով. Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է այն տարածքների վրա, որոնք երբևէ անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել,
- մարդու իրավունքների բաղադրիչով. Ադրբեջանը, բռնություններ իրականացնելով իր իսկ քաղաքացիներըհամարվող ժողովրդի հանդեպ, կորցրել է այդ ժողովրդի նկատմամբ խնամակալության բարոյական իրավունքը,
- և վերջապես, անկախ պետական-քաղաքական միավոր լինելու հատկանիշների լիակատար դրսևորում, որն ապացուցվել է ընտրություններ անցկացնելու, իր ժողովրդին կառավարելու, իր սահմանները պաշտպանելու և միջազգային հարաբերություններ վարելու Լեռնային Ղարաբաղի կարողությամբ:
ԵԱՀԿ շրջանակներում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացների համատեքստում, կարելի է փաստել, որ ի սկզբանե այդ կառույցի ստեղծման հիմնարար սկզբունքներից են սահմանների անխախտելիությունը և պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնցում արտացոլվում էին ինչպես Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ երկրների, այնպես էլ արևմտյան երկրների տրամադրություններն ու ցանկությունները: Նմանատիպ մոտեցումներ են ամրագրված նաև 2004-2005թթ. ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային տարբեր կառույցների և կազմակերպությունների կողմից ներկայացված զեկույցներում:
2008 թվականի օգոտստոսի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզը բացահայտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի մանրամասները, որոնց համաձայն` «հանրաքվե կանցկացվի, որտեղ որոշում կկայացնեն հենց ղարաբաղցիները» և «նրանք անձամբ կորոշեն` մնալ Ադրբեջանի իրավասության տակ, թե անկախանալ»: Պաշտոնական Բաքուն չի հերքել այս փաստերը և հայտարարել, որ Ղարաբաղում հանրաքվե հնարավոր է անցկացնել միայն 15-20 տարի անց:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերջին ժամանակներս որոշակի կանգ է արձանագրել, դրական զարգացման գոնե փոքր-ինչ նշանակալի դինամիկա չի նկատվում։ Սույն միտումը ռելիեֆային ձևով դրսևորվել է Սոչիում 2010թ. հունվարի 25-ին երեք նախագահների հայտնի հանդիպումից հետո, այնուհետև այն էլ ավելի շոշափելի դարձավ 2010թ. Սանկտ Պետերբուրգում և, վերջապես, նույն ձևաչափով հանդիպումն Աստրախանում նույնիսկ ամենաթունդ լավատեսներին վերջնականապես համոզեց այն բանում, որ ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից երկուսի դիրքորոշումներն ամենևին մերձ չեն դարձել։ Ավելին, եռակողմ ձևաչափով քննարկումների մանրամասներին տեղյակ անձանց գնահատականներով՝ կողմերի դիրքորոշումներում մերձեցման որևէ դինամիկա չկա:
2009 թվականից հաճախակի հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլան՝ «ճանապարհային քարտեզի» ձևով։
Հնացած միջպետական հակամարտությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» նոր երևույթ չէ: Մի քանի տարի առաջ նույն փորձը կիրառվեց պաղեստինա-իսրայելական հակամարտությանը կարգավորման համար: Ղարաբաղյան կարգավորման հնարավոր «ճանապարհային քարտեզի» գլխավոր նպատակներից մեկը, որի հետ են արտաքին ուժերը կապում առաջընթացի ապահովումը, կարող է լինել այն, որ ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզը», ինքնըստինքյան, կարող է դառնալ որոշակի «փոխզիջում» կարգավորման երկու՝ «փաթեթային» և «փուլային» մոտեցումների միջև, ինչն ավանդաբար գլխավոր հակասություններից մեկն է հայկական և ադրբեջանական մոտեցումներում։
Նրա հնարավոր դրականն այն կարող է լինել, որ այն կշարունակի խորհրդատվություն-բանակցությունների գործընթացը ղարաբաղյան կարգավորման շուրջ, և դա կպահպանի ներկայիս ստատուս-քվոն տարածաշրջանում, երերուն կայունությունը չի գլորի դեպի մարտական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում։ ”Ճանապարհային քարտեզը” մի ինչ-որ փոխզիջում կդառնա գլխավոր միջազգային միջնորդների միջև՝ հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, քանի որ Ռուսաստանի նախաձեռնած հանդիպումների եռակողմ ձևաչափը շատերի մոտ ավելի ու ավելի է ամրապնդում այն միտքը, որ Մոսկվային տհաճ է Մինսկի խումբը և այն ցանկանում է ազատվել վերջինից։ «Ճանապարհային քարտեզը» թույլ չի տա Մինսկի խմբին վերջնականապես հեռանալ ղարաբաղյան կարգավորման բեմահարթակից, բայց միևնույն ժամանակ այն Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն էլ ավելի շատ երկրորդ պլան կմղի։ Չէ՞ որ ցանկացած փաստաթուղթ, որը կբարեհաճեն ստորագրել կողմերը, կարող է իրականություն դառնալ միայն Մոսկվայի ակտիվ դիվանագիտական աշխատանքի պարագայում։
Այնուհետև, «ճանապարհային քարտեզի» դրականը մտցվում է հակամարտության երեք կողմերից երկուսի հետագա քայլերի կանխատեսելիության հուն, սահմանվում է միջոցառումների, կոնկրետ գործողությունների մի ինչ-որ ժամանակացույց, որոնք պետք է իրականացվեն կոնկրետ ժամկետում:
«Ճանապարհային քարտեզի դրույթների կատարման» Ադրբեջանի գնահատականը միշտ անբավարար կլինի, քանի որ Բաքվում բացարձակապես չի մշակվել կառուցողական կարգավորման համար անհրաժեշտ հարգալից պահելաոճ իրենց ընդդիմախոսների հանդեպ։ Հայատյացության և «Արևմտյան Ադրբեջանի» պահանջ ներկայացնելու ֆոնին այն անիրականանալի է։
Այսպես, ռուսաստանցի փորձագետները, նշելով ղարաբաղյան կարգավորման մեջ սովորական դարձած իրական տեղաշարժերի բացակայությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո, աստրախանյան հանդիպման արդյունքներից ելնելով մատնաշում էին, որ Երևանը և Բաքուն կարող են հանգել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի, այնքան էլ իրական չէ։
Եվ վերջապես, գուցե ղարաբաղյան կարգավորման հնարավոր «ճանապարհային քարտեզի» դրական կենսագործման ամենագլխավոր սահմանափակիչն այն է, որ ներկա փուլում գլխավոր արտաքին ուժերը մտադրություն չունեն ինչ-որ բան վճռել ղարաբաղյան գործընթացում։ Իսկ վերջինը պետք է լինի, և այդ հարցի շուրջ երեք միջնորդող ուժերը հակասություններ չունեն։ Բայց համաձայնությունն այն բանի շուրջ, որ գործընթացը պետք է լինի, չի նշանակում, թե արտաքին ուժերը տրամադրված են արդյունք ունենալ։ Արդյունքն արդեն կա, և այդ արդյունքը հակամարտության գոտում վերջին 16 տարիներին ստատուս-քվոյի համեմատական պահպանումն է։ Արտաքին ուժերը հիանալի հասկանում են, որ թույլատրելիի շրջանակում պահպանվող ներկա արդյունքն ավելի լավ է, քան անորոշությունը, որը գտնվում է ղարաբաղյան կարգավորման հապճեպ ստեղծված «ճանապարհային քարտեզի» առաջին իսկ քայլի հետևում։
2009 թ-ի հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնապես հրապարակած «Մադրիդյան սկզբունքները» նոր հարցադրումներ են առաջացրել: Դեռ 2007թ. նոյեմբերին Միջազգային ճգնաժամային խմբի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի ռիսկ» զեկույցում խոսվում էր Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև համաձայնեցված բանակցային հիմնարար սկզբունքների մասին: Եվ գրեթե դրա կրկնությամբ հրապարակվել են լրամշակված «Մադրիդյան սկզբունքերը», որոնք հետևյալն են`
- Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով,
- ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք,
- անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Համանախագահները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին` սատարել վերոհիշյալ սկզբունքները: Այս 6 կետերը միայն հիմնարար սկզբունքներ են, որոնց համապատսախան դեռ պետք է համաձայնություններ ձեռք բերվեն: Իրականում, Մադրիդյան փաստաթուղթը կազմված է մոտ 15 սկզբունքային կետերից, և որ դրանցից միայն 2-3-ն են գրեթե համաձայնեցված։
Բանակցություններում հիմնական տարաձայնությունները Հայաստան-Ղարաբաղ միակ ցամաքային ճանապարհի` Լաչինի միջանցքի ու Քելբաջարին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցերն են: Հիմա պաշտոնապես հաստատվում է, որ գլխավոր խնդիրը, որը դեռ համաձայնության կարիք ունի, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է:
Այստեղից կարելի է ենթադրել, որ Լաչինի ու Քելբաջարի հարցերը Ֆասիեի նշած «գրեթե համաձայնեցված կետերից» են: Չնայած ելնելով այն փորձից, որ Ադրբեջանական կողմը բազմիցս չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները (օրինակ` ուժի չկիրառման սկզբունքի տակ ստորագրելուց հետո (Մոսկովյան հռչակագիր, 2008 նոյեմբերի 2) ապա նաև ընդունելով Հելսինկյան համաձայնագիրը (2008 դեկտեմբերի 5), Ադրբեջանը շարունակում էր ԼՂՀ-ի հետ շփման գծում պարբերաբար մարտական գործողություններ անել: Կամ ասենք, ղարաբաղյան հարցը բազմիցս ՄԱԿ տանելու Բաքվի նախաձեռնությունները (2008թ. մարտի 14, ապա 2009թ. հունվարի 23-ին և փետրվարի 17), որով ուղղակի խախտում էր միջնորդության Մինսկի ֆորմատը), դժվար է եզրակացնել, որ այդ 2 տարածքների հարցը վերջնականպես լուծված է: Պատահական չէ, որ հենց Լաչինի ու Քելբաջարի շուրջ են ընթացել ծանր բանակցություններ: Թե՛ Լաչինը, և թե՛ Քելբաջարը կենսականորեն կարևոր նշանակություն ունեն ԼՂՀ-ի ու Հայաստանի համար:
Թեև փախստականների ու տեղահանվածների վերադարձի կետը դրված է Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման կետից հետո, բայց իրականում այն ենթադրում է, որ հանրաքվեն կլինի այդ մարդկանց վերադարձից հետո: Նոր հանրաքվեի հնարավորության մասին խոսելով, ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական գործերով օգնական Գորդոն Ֆիլիպը նշել է. Քվեարկելու ցանկացած մեխանիզմ, որով ժողովուրդը կարտահայտի իր կամքը, պետք է ներառնվի կարգավորման գործընթացում»:
Հաջորդ պարադոքսը, որ ներառված է հրապարկված համաձայանգրի մեջ, «հարակից շրջանների»` «5 շրջանների» վերադարձի մասին կետն է (Լաչինի ու Քելբաջարի հարցերը առանձին են): Իրականում այդ «5 շրջանները» ԼՂՀ Սահամանադրությամբ ամրագրված են` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածք (142 հոդված): Իսկ Մադրիդյան նշված սկզբունքն ուղղակի ոչ լեգալ է համարում ԼՂՀ պետական ողջ ապարատն ու մնացած բոլոր ինստիտուտները, այնտեղի ապրող մարդկանց իրավունքներն ու ազատությունները, որոնք ևս ամրագրված են նույն Սահմանադրությամբ: Հետևաբար հինգ շրջանների հարցը առանց Ղարաբաղի իշխանությունների մասակցության անհնար է լուծել։
Հրապարակված սկզբունքները կարող են առաջացնել անհամաձայնություններ հենց համանախագահ երկրների միջև: Օրինակ, տարաձայնություններ կարող են լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, թե որտեղ կտեղակայվեն խաղաղապահ ուժերը։ Խնդիրը կապված է իրանական սահմանի հետ. ԱՄՆ-ը ուզում է, որ իր խաղաղապահները մոտ լինեն Իրանին, իսկ Ռուսաստանը, բնականաբար չի համաձայնվի:
Իսկ Մադրիդյան սկզբունքները կարծես փաթեթային ու փուլային տարբերակների միաձուլումը լինեն: Կարգավորման մեխանիզմի բովանդակությունը փուլային տրամաբանությամբ է, բայց ենթադրում է միանվագ համաձայնություն բոլոր մնացած կետերի վերաբերյալ: (Չնայած նախկինում էլ փաթեթային ու փուլային տարբերակները չնչին տարբերություն ունեին):
Իսկ ինչ դրված է այսօրվա օրակարգում, այն է` Մադրիդյան սկզբունքները, հայաստանյան որոշ քաղաքական ու հասարակական շրջանակներն արդեն համարում են վտանգավոր: Դրանց հրապարակումից անմիջապես հետո նրանք սկսել են ահազանգել այն մասին, թե Հայաստանը պատրաստվում է ստորագրել ոչ հայանպաստ փաստաթուղթ: