Սահմանային լարվածության հիմնական միտումները 2017 թ. հուլիս ամսվա ընթացքում և տարվա առաջին կեսին
2017 թվականի հունիսին ամսին նկատվեց Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի որոշակի ակտիվացում, տարածաշրջան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն դրան Բաքուն պատասխանեց լայնամասշտաբ զորավարժություններով: Հունիսի ամսվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը մասնակցեցին չորս զորավարժության, սպասելի էր, որ արդեն հուլիսի սկզբից արցախյան սահմանին լարվածության աճ է արձանագրվելու:
Հուլիս ամսվա առաջին շաբաթում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտեց ավելի քան 300 անգամ՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Իսկ հուլիսի 4-ին նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ Բաքուն կիրառեց նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ, որոնք տեղակայվել էին Ալխանլու գյուղում, իսկ արցախյան զինուժի պատասխան կրակն ակամա թիրախավորում էր բնակավայրը:
Ադրբեջանն ակնկալում էր, որ նման մարտավարությամբ միջազգային հանրության քննադատությունը կուղղի հայկական կողմի ուղղությամբ, սակայն Բաքվի պլանները ձախողվեցին, քանի որ բոլորին պարզ է, թե ով է սահմանային լարվածություն հրահրողը:
Հետագա օրերին լարվածությունը նվազեց, հուլիսի 9-15-ինը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվեց շուրջ 500 անգամ (կիրառվեցին նաև 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր), հուլիսի 16-22-ին՝ շուրջ 200 անգամ (կիրառվեցին հիմնականում հրաձգային զինատեսակներ), հուլիսի 23-29-ին՝ շուրջ 180 անգամ (կիրառվեց նաև 60 մմ ականանետներ):
Ընդհանուր պատկերը հետևյալն է՝ ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների.
Ամսաթիվ | Հուլիսի 2-8 | Հուլիսի 9-15 | Հուլիսի 16-22 | Հուլիսի 23-29 |
Խախտման դեպքերի թիվը | 300 | 500 | 200 | 180 |
Զինատեսակները | Հրաձգային զինատեսակներ,
նռնականետեր, 60, 82, 120 մմ ականանետեր, Դ-44, Դ-30 հրանոթներ, ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ |
Հրաձգային զինատեսակներ,
Նռնականետեր, 82մմ ականանետեր, |
Հրաձգային զինատեսակներ
|
Հրաձգային զինատեսակներ
60 մմ ականանետեր, |
2017 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում, ըստ Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «SPIKE» հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):
2017թ. առաջին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել: