Արցախյան հակամարտության ստատուս-քվոյի վերանայման հավանականությունը
Արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի մասին մայիսի 18-ին Մինսկի խումբը Բաքվին ուղղված հասցեական մեղադրանք հնչեցվեց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) իրենց հայտարարության մեջ մասնավորապես շեշտեցին. «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով»։
Սա բացառիկ դեպք է, երբ Մինսկի խմբի նախագահները ոչ թե չեզոք գնահատական են տալիս, այլ հստակ նշում են, որ հրադադարի խախտումը տեղի է ունցել Ադրբեջանի կողմից, իսկ հայկական կողմը միայն պատասխան գործողությունների է դիմել:
Այս հայտարարությունից հետո շփման գծում կրակի ինստենսիվությունը որոշակիորեն նվազեց, թեև կա նաև այլ պատճառ. հունիսի 23-25-ը Բաքվում անց են կացվելու «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարը, որի համար Ադրբեջանը տասնյակ, անգամ հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել: Ինքնին պարզ է, որ իրեն ցանկալի չէ այդ ընթացքում և մրցաշարի նախօրեին սահմանային լարվածությունները:
Մինսկի խումբը համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հունիսի 10-ին ժամանեց Երևան, որտեղ հանդիպեց ՀՀ նախագահին և արտգործնախարարին:
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին կոչ արեց, որ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:
Հունիսի 19-ին համանախագահները կմեկնեն Բաքու, որտեղ կհանդիպեն արդեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
Հունիսի 12-ին մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարևորել է այն հարցը, թե համանախագահներն ինչ մեսիջով կգնան Բաքու և նշել, թե «Ստատուս-քվոն փոխելու ժամանակն է: Բոլորին պարզ է, թե ինչպիսին են արդյունքները տարածաշրջանի համար ստատուս-քվեի պահպանության դեպքում», ապա ինքն իրեն հակասելով հավելել է, որ «Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է: Մենք ցանկանում ենք առարկայական բանակցություններ»:
Բնավ պետք չէ Ադրբեջանի հայտարարությունները լուրջ վերաբերվել, քանի որ մշտապես բարձրաձայնվել է մի բան, սակայն իրականում կատարվել է մեկ այլ բան: Հենց Ադրբեջանն է մշտապես զրոյացրել առարկայան բանակցությունների արդյունքները ու հենց Ադրբեջանն է ետ կանգնել հակամարտության կարգավորման Մինսկի խմբի կողմից առաջադրվող տեսլականներից:
Ի՞նչ փոխվեց այժմ. ԵԱՀԿ բանակցային մանդատի հիմքով ստատուս-քվոի փոփոխությունը ենթադրում է միայն Մադրիդյան սկզբունքների կիրառություն, իսկ սա արդեն լուրջ քաղաքական գործընթացի մեկնարկ է ու հազիվ թե Ադրբեջանի իշխանությունները քաղաքականապես այնքան հասունացած լինեն, որ այսօր պատրաստ լինեն գնալու ցավոտ որոշումների: Առնվազն մեկ տարի (մինչև Ադրբեջանի նախագահական ընտրություններ) Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատում նշմարելի տեղաշարժ ակնկալելը անհիմն է: