Մոսկվան արտաքսում է ԱՄՆ դեսպանության 755 աշխատակցի. ի՞նչն է իրականում Պուտինի մտահոգությունը
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության թվով 755 աշխատակիցներ հարկադրված են լքել Ռուսաստանը մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը: Այդ պահանջը հուլիսի 28-ին ներկայացրել էր ՌԴ արտգործնախարարությունը, իսկ հուլիսի 30-ին դրա մասին հրապարակային հայտնել էր նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդպիսով մոսկովյան դեսպանությում և ռեգիոնալ հյուպատոսարաններում ամերիկյան դիվանագիտական ու տեխնիկական աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 455-ը:
Սկզբունքորեն Կրեմլը չբարձրաձայնվող տարբերակով հայտնում է, որ դիվանագիտական ու հյուպատոսական ծառայությունների համար այդ աշխատակազմի երկու երրորդն էլ լրիվ բավարար է, իսկ մնացյալ աշխատակիցները Մոսկվայի ենթադրությամբ զբաղվում են քվազիդիվանագիտական աշխատանքներով՝ լրտեսությամբ ու այլախոհության հովանավորությամբ:
Պաշտոնապես հայտարարվում է, որ այս պարտադրանքը Կրեմլի պատասխանն է ամերիկյան նոր պատժամիջոցներին, որոնք արդեն իսկ ընդունվել են Կոնգրեսի երկու պալատներում և ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն նախագահի ստորագրությունը:
Այդ տեսանկյունից սա Կրեմլի ճարահատ քայլ է. Մոսկվան բավարար լծակներ ու հնարավորություններ չունի ԱՄՆ-ի դեմ համահունչ ազդեցություն ունեցող պատժամիջոցներ կիրառելու համար, բայց որպես «գերտերություն» ներկայացող երկիր ուղղակի պարտավոր է պատասխան գործողություններ ձեռնարկել:
Սակայն իրականում այս միջոցը կարելի է պատասխան համարել 2016 թվականի տարեվերջին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից թվով 35 ռուս դիվանագետների արտաքսմանը (Վաշինգտոնի պատասխանն էր ամերիկյան ընտրությունների ժամանակ ռուսական միջամտությանը՝ հակերային հարձակումներին):
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը (2012-2014թթ.) այս ամենի վերաբերյալ նշել է, որ նման պայմաններում ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար ռուսները հարկադրված կլինեն շաբաթներ, անգամ ամիսներ սպասել: Թերևս այս հանգամանքը հազիվ թե մտահոգեր Կրեմլին, ընդհակառակը Ռուսաստանի քաղաքացիների սակավ կապերը Միացյալ Նահանգների հետ հնարավորություն է տալիս բացառել երկրում ազատական գաղափարախոսության տարածումը, որն ռուսական ավտորիտար ռեժիմի համար լուրջ վտանգ է պարունակում:
ԱՄՆ դիվանագիտական աշխատակազմի հարկադիր կրճատման այս գործողությունների առավել իրատեսական նպատակն է նվազեցնել Ռուսաստանում ամերիկյան ազդեցության մեխանիզմները: Ռուսական իշխանական շրջանակներում վաշինգտոնյան դիվանագետների գործունեության մեջ տեսնում են «հինգերորդ շարասյուն» ձևավորելու վտանգներ, ինչն իր մեջ հակառուսական տարրեր է պարունակում և այլընտրանք-սպառնալիք կարող է լինել իշխանությունների համար:
Նշենք, որ ընդամենը 7 ամիս անց (2018թ. մարտի 18) Ռուսաստանում նախագահական ընտրություններ են: Կրեմլի արտաքին քաղաքականության լավագույն գնահատականը կլինի Վլադիմիր Պուտինին տրված քվեների բարձր ցուցանիշը, այդ ժողովրդական վստահությունը ցույց կտա Արևմուտքին, որ պատժամիջոցները ներքին քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանի համար մտահոգություն չեն (կարդացե՛ք. «Ռուսաստանը ծնկի բերելու ամերիկյան քաղաքականությունից շահում է Պուտինը»): Ընտրությունների նախաշեմին երկու երրորդով կրճատելով ամերիկյան դիվանագիտական ծառայության աշխատակիցների թիվը՝ Մոսկվան ապահովագրում է իրեն այլընտրանքներից, որոնք կարող են կազմակերպվել ԱՄՆ գործուն միջամտությամբ:
Այսպիսի պայմաններում ԱՄՆ-ը պատասխան գործողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա:
Ռուսաստանի դեմ ներդրված պատժամիջոցների ու պատասխան քայլերի ժամանակագրությունը