Ռուսական նավթի գնային շեմը կարող է այնքան ամուր չլինել, որքան սպասվում է
Նավթի շուկաների համար ձախողման վտանգ է առաջացել՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմամբ, գրում է Bloomberg-ի վերլուծաբանը։ Այս ամենից խուսափելու համար ԱՄՆ-ն առաջարկել է ռուսական հումքի գնային շեմ սահմանել, սակայն Մոսկվան չի վաճառի գեթ մեկ բարել Արևմուտքի սահմանած գնով, կարծում է հոդվածի հեղինակը։
Մենք պետք է պատրաստվենք նավթի շուկաների անկայունության աճին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Դեկտեմբերի 5-ից ԵՄ երկրներին (մի քանի բացառությամբ) կարգելվի ծովով առաքվող ռուսական նավթի ներկրումը, իսկ եվրոպական ընկերություններն այլևս չեն կարողանա ապահովագրական ծառայություններ մատուցել Ռուսաստանից հումք տեղափոխող նավերին ամբողջ աշխարհում։
Արդյունքում կարող է առաջանալ լուրջ ձախողում։ Մոսկվան արդեն կորցրել է իր եվրոպական շուկայի զգալի մասը, քանի որ գնորդները սկսեցին խուսափել ռուսական հումքից՝ չսպասելով արգելքի ուժի մեջ մտնելուն: Ռուսաստանը, սակայն, շարունակում է ԵՄ երկրներին օրական մոտ 63 հազար բարել նավթ մատակարարել։
Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան, Չինաստան և Թուրքիա աճել էր, սակայն վերջին շրջանում նվազել է։
Հավանական է, որ Նյու Դելին, Պեկինը և Անկարան չեն ցանկանա զգալիորեն մեծացնել իրենց ներմուծումը, քանի դեռ Մոսկվան նրանց ավելի էական զեղչեր չի առաջարկում: Եթե եվրոպական պատժամիջոցները հարվածեն ռուսական նավթին, ապա նրանք, անկասկած, հնարավորություն կտեսնեն գնային ավելի կոշտ բանակցություններ վարելու համար:
Բացի այս երեք երկրներից, Ռուսաստանը չի կարողացել էական հաջողությունների հասնել նոր հաճախորդներ գտնելու հարցում։ Նա շարունակում է ժամանակ առ ժամանակ վառելիք ուղարկել Ատլանտյան օվկիանոսով Կուբայի իր ընկերներին: Մի քանի բեռներ հասան Եգիպտոս, ևս մի քանիսը հասան Արաբական Միացյալ Էմիրություններ։
Բալթիկ ծովից Հնդկաստան հում նավթի առաքումը տևում է առնվազն չորս անգամ ավելի երկար, քան բեռնափոխադրումները Ռոտերդամ, ինչը նշանակում է, որ նույն ծավալի փոխադրման համար անհրաժեշտ կլինի չորս անգամ ավելի շատ տանկեր: Երկար ձգձգումները էլ ավելի կբարձրացնեն պահանջարկը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փորձել է լուծել այս խնդիրը՝ առաջարկելով ռուսական նավթի համար գնային սահմանաչափ։ Այս գաղափարը պաշտպանվել է դաշնակից երկրների քաղաքական գործիչների կողմից, թեև այն մերժվել է աշխարհի մնացյալ այլ հայտվածներում։
Միացյալ Նահանգների առաջարկի իմաստը պարզ է. եթե գնորդը վճարի ավելի քիչ, քան համաձայնեցված գինը, որը դեռ պետք է սահմանվի, նա կկարողանա օգտվել եվրոպական ընկերությունների դատարաններից, ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական ծառայություններից: Նպատակը ռուսական նավթի մատակարարումները շուկայում պահելն է՝ միաժամանակ սահմանափակելով Կրեմլի եկամուտները:
Վաշինգտոնը, ըստ երևույթին, կարծում է, որ եթե գնային առաստաղը սահմանվի արտադրության ինքնարժեքից բարձր, Ռուսաստանը դեռևս խթան կունենա շարունակելու արտահանումը։ Սակայն Վաշինգտոնում կարծես թե ընդհանրապես չեն հասկանում, որ Մոսկվայի համար սա քաղաքական որոշում է, ոչ թե կոմերցիոն։
Պուտինը բազմիցս ասել է, որ իր երկիրը նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք միանում են գների սահմանաչափի ծրագրին, իսկ փոխվարչապետը Վիեննայում, ՕՊԵԿ+ խմբի ներկայացուցիչների հանդիպումից հետո, ասել է, որ այդ «մեխանիզմն անընդունելի է»։ Նովակը նաև զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է ժամանակավորապես կրճատել արտադրությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը սխալվում է, երբ հավաստիացնում է, որ «գնային այս շեմը կօգնի մեզ լավ մատակարարում ապահովել համաշխարհային էներգետիկ շուկաների համար»: Դա չի օգնի: Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կհամաձայնի վաճառել թեկուզ մեկ բարել արեւմտյան երկրների կողմից սահմանված գնով։
Ընտրությունը, սակայն, Պուտինինն է։ Գնային շեմի այլընտրանքը ռուսական նավթի անվճար մատակարարումը չէ։ Գնային շեմ սահմանելու այլընտրանքը ԵՄ պատժամիջոցների ամբողջական ուժն է: ԱՄՆ-ի առաջարկը հնարավորություն է տալիս խուսափել նման սահմանափակումներից, նույնիսկ եթե ՌԴ ղեկավարը հրաժարվի։ Կրեմլը գրազ կգա, որ Սիբիրում նավթային պոմպերի անջատումը շատ ավելի կվնասի գնորդներին, քան Ռուսաստանին․ նույն հաշվարկը, որը կիրառեց բնական գազի դեպքում:
Կկարողանա՞ն արդյոք նավթային շուկաները հաղթահարել ռուսական արդյունահանման անկումը՝ ի հավելումն ՕՊԵԿ+-ի օրական երկու միլիոն բարել արդյունահանման կրճատմանը, որն ուժի մեջ կմտնի նոյեմբերին:
Առաջինը, որ պետք է հիշել, այն է, որ ՕՊԵԿ+-ի արդյունահանման կրճատման որոշումը մեծ մասամբ պատրանք է: Իրականում արդյունահանման կրճատումը սեպտեմբերի ցուցանիշների համեմատ կարող է կազմել հայտարարված երկու միլիոն բարելի միայն մեկ տասներորդը, ինչը հազիվ թե լրջորեն անհանգստանալու առիթ տա։ Միևնույն ժամանակ, պահանջարկի կանխատեսումները նվազում են՝ պայմանավորված գների բարձրացմամբ և մոտալուտ անկմամբ: Այս երկու գործոնները կարող են նշանակել, որ աշխարհը մոտակա ամիսներին ավելի քիչ ռուսական նավթի կարիք կզգա։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այսքան շատ փոփոխականները և փաստը, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է շուկաները անհանգիստ պահելու համար նոր պատժամիջոցներից առաջ, մի ակնկալեք, որ նրանք հանգիստ կմտնեն ձմեռ: