Իլհամ Ալիևն ադրբեջանցիներին հնազանդեցնելու համար երիտթուրքերի քաղաքականությունն է կիրառում
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը որդեգրել է երկիրը կառավարելու բռնապետական ձևը, որտեղ ալիևյան բացարձակ միակալությանն այլընտրանք չկա ու չպետք է լինի:
Այս պայմաններում Իլհամ Ալիևի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում բազմակարծությունը, ինչը թույլ չտալու համար «գլխատվում» է հասարակության ազատական էլիտա: Այլախոհներին վերացնում են կամ շինծու մեղադրանքներով զրկում են ազատությունից:
«Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսն քաղբանտարկյալների խնդիրն ուսումնասիրում է շուրջ երեք տասնամյակ: Նրա դիտարկմամբ, եթե Աբդուլ-Ռահման Վեզիրովի (1988-1990 թթ.) և Այազ Մութալիբովի (1990-1992 թթ.) իշխանության տարիներին քաղբանտարկյալների թիվը չէր գերազանցում 10-ը, ապա արդեն Հեյդար Ալիևի նախագահության տարիներին՝ մինչև 1990-ականների վերջերը, հասավ առավելագույն 716-ի: Միայն Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո (2001 թ.) Արևմուտքի պահանջով քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, մնացին միայն ցմահ դատապարտված 14 անձինք:
Որդի Ալիևը շարունակեց քաղաքական «օպոնենտներին չեզոքացնելու» հեյդարյան քաղաքականությունը: Վերը նշված կենտրոնի կողմից 2017 թվականի հուլիսի 27-ին ներկայացվել է այդ երկրում քաղբանտարկյալների ցանկը, որում ներառված է 164 անձ: Ուշագրավ է այն, որ չնայած նրանց շրջանում մահացությունների ու անգամ ազատ արձակման դեպքերին, այդ թիվը չի կրճատվում, ադրբեջանական բանտերը մշտապես համալրվում են քաղաքական հետապնդումների ենթարկվող նոր «ազատազրկվածներով»:
Անցանկալի տարրերից ազատվելու ալիևյան քաղաքականությունը անալոգային է մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայիում երիտթուրքերի կողմից վարվող քաղաքականության հետ, երբ ցեղասպանության նախաշեմին իշխանությունների զոհն էր դառնում ժողովրդի կորիզը՝ մտավորականությունը: Այսօր էլ Ադրբեջանում «թյուրքական յաթաղանը» սպառնում է լիբերալ արժեքների կրողն հանդիսացող մտավորականությանը, ինչից ազատվելու լավագույն ճանապարհը բանտարկությունն է, իսկ «պաշտպաններից» զրկված հոտին շատ ավելի հիշտ է կառավարել:
Ադրբեջանում ծայրահեղ ծանր իրավիճակ է ձևավորվել ոչ միայն քաղբանտարկյալների, այլև ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ (կարդացե՛ք. ««Ադրբեջանում ոչ ոք, այդ թվում Իլհամ Ալիևն ազատություն և հանգիստ չունի». երկրի աղետալի վիճակի մասին են հայտնում «Մուսավաթի» առաջնորդները»), իսկ մամուլը տոտալ վերահսկողության տակ է (կարդացե՛ք. «Ադրբեջանական լրատվության ճգնաժամն ու իշխանությունների դեսպոտիկ քաղաքականությունը»):
Տարածաշրջանային համատեքստում ալիևյան տիրանիան միայն մի բան է ենթադրում, որ Ժողովրդավարական Արցախը երբեք բռնապետական Ադրբեջանի կազմում չի լինի: