Ռուսաստանը ծնկի բերելու ամերիկյան քաղաքականությունից շահում է Պուտինը. Der Spiegel
Գերմանական «Der Spiegel» պարբերականն անդրադարձել ԱՄՆ կողմից Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների ընդունման և Բեռլինի համար դրա անհրաժեշտության հարցին:
Հեղինակի կարծիքով ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդեցություն գործելու ռուսական փորձերը և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները համարում են «հարված ամերիկյան պետականության սրտին»: Դրանով է պայմանավորված, որ Կոնգրեսը միաձայն հաստատեց նոր պատժամիջոցների ցանկը:
Սակայն այստեղ խնդիրն այն, որ ԱՄՆ-ը այդ միջոցները չի համաձայնեցրել իր ավանդական գործընկերների հետ և հաշվի չի առել նրանց շահերը: Նման գործելակերպը սպասելի էր Թրամփից, բայց ոչ դեմոկրատներից ու հանրապետականներից:
ԹԻՐԱԽԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ Է.
Շուրջ 70 էջից բաղկացած այս օրենքը որոշակիորեն կարելի է համարել Ռուսաստանին տնտեսական պատերազմի հայտարարություն: Այն ընկերությունները, որոնք աջակցում են ռուսական խողովակաշարերի կառուցմանն ու պահպանմանը, պետք է պատժվեն: Սակայն ազդում է ոչ միայն դեպի Եվրոպա ռուսական էներգառեսուրսների արտահանման վրա, որը մինչև վերջերս կազմում էր Ռուսաստանի պետական բյուջեի 50 տոկոսը, այլև բազմաթիվ եվրոպական էներգետիկ կոնցեռնների վրա:
Դրանից բացի պատժամիջոցները սպառնում են նաև «ՌԴ պետական սեփականության մասնավորեցման ներդրումներին»: Ցանկացած արևմտյան ընկերություն, գտնվելով տնտեսական վերահսկողության տակ, հարկադրված է երկու անգամ մտածել, թե արդյոք իրավունք ունի ռուսական պետական կոնցեռններից գնումներ իրականացնելու:
Մինչդեռ Արևմուտքի և Արևելքի լիբերալ տնտեսական փորձագետներն արդեն տարիներ շարունակ պահանջում են հենց մասնավորեցում: Կրեմլը տարիների ընթացքում իր վերահսկողության տակ է վերցրել ավելի ու ավելի մեծ թվով կոնցեռններ և անգամ տնտեսության ամբողջական ոլորտներ: Աճող պետական տնտեսությունը ճնշում է մասնավոր ձեռնարկություններին, խոչընդոտում է նորարարությունները ու արդյունքում ձեռներեցության քաղաքական անկախության զարգացմանը:
ԲԵՌԼԻՆ – ՎԱՇԻՆԳՏՈՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ.
ԱՄՆ պատժամիջոցներն անուղղակի վնաս են հասցրել առանց այդ էլ վատթարացած ամերիկա-գերմանական հարաբերություններին: Դեպի Գերմանիա գազի մատակարարումների ավելին քան մեկ երրորդը տասնամյակներ շարունակում ներմուծվում է Ռուսաստանից: Անգամ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ում հազիվ թե կարելի է կասկածել Պուտինի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մեջ, դեմ է արտահայտվել այս նոր պատժամիջոցներին, որի թիրախում է նաև ռուս-գերմանական «Հյուսիսային հոսք — 2» գազամուղի կառուցումը: Ինչը նրա դիտարկմամբ մեկ նպատակի համար է, որ անհրաժեշտ է «առաջնայնությունը տալ ամերիկյան էներգակիրների արտահանմանը, որպեսզի ԱՄՆ-ում աշխատատեղեր ստեղծվեն»:
Հեղինակի դիտարկմամբ այդ ամենը «նշանակում է, որ առաջնահերթ Ամերիկան է»:
ԱՄՆ պատժամիջոցները միտված են Ռուսաստանը տնտեսական առումով ծնկի բերելուն: Սակայն վաշինգտոնյան իշխանավորները չեն ընկալում ռուսական քաղաքականության որոշիչ մեխանիզմների դերը: Եթե ռուսների մոտ տպավորություն է առաջանում, որ օտար երկրները փորձում են ճնշում գործադրել իրենց հայրենիքի վրա, նրանք ավելի շուտ միավորվում են նախագահի շուրջ, եթե անգամ նրան քննադատում են ներքին քաղաքականության համար: Այդ ֆենոմենը մոսկովյան սոցիոլոգ և տնտեսագետ Միխայիլ Դմիտրիև անվանել է «պաշտպանական հայրենասիրություն»:
ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ Է ՈՉ ԹԵ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ.
Հարցն այն է, թե արդյոք Ամերիկայի շահերից է բխում Ռուսաստանում խորը ճգնաժամ առաջացնել: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել հակառակը. Պուտինի իշխանության գալուց հետո մեկ տասնամյակի ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է ութ անգամ: Այդ ժամանակ առաջին անգամ սկսեց ձևավորվել քաղաքացիական միջին դաս՝ առաջնահերթ մեծ քաղաքներում:
2011 և 2012 թվականներին Պուտինի հեղինակությունը, ըստ հարցումների արդյունքների, առաջին անգամ զգալիորեն իջավ, թեև տնտեսական ցուցանիշներն ու միջին աշխատավարձերը շատ ավելի բարձր էին, քան երբևէ:
Այդ ժամանակ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում բողոքում էր նոր զարգացող միջին դասը: Միլիոնավոր ռուսների մոտ այդ ժամանակ հնարավորություն առաջացավ մտածելու նոր նպատակների մասին, քանի որ ի վերջո նյութական բարեկեցությունն ապահովման հարց չունեին: Հարցումների ժամանակ նրանք հաճախ նշում էին, թե որքան է իրենց ձանձրացրել քաղաքականության հետընթացը, վատ կրթական համակարգը, հեռուստատեսության կեղծիքը: Աճող բարեկեցությունն ու ավելի էմանսիպացված բնակչությունն է Պուտինի համար վտանգ ներկայացնում, այլ ոչ թե աղքատությունը:
Հանցանք ու պատիժ տրամաբանության սանկցիաները կարելի է հասկանալ, սակայն այս դեպքում խոհեմ քայլեր չեն: Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա Պուտինի շուրջ հավաքվող կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքերը Մոսկվայում էլ ավելի կամրապնդվի: