Հայաստանաբնակ ասորիների էթնոմշակութային բնութագիրը
Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Բացառությամբ վերջին բնորոշման՝ նրանց ճակատագիրը բավականին նույնական է եղել մեր ազգի ճակատագրին:
Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, սակայն նրանց էթնիկական նույնացման ու մշակութային բնութագրերի դուրսբերմանը հարցը իրավմամբ կարող է շատ էական նշանակություն ունենալ մեր երկու ժողովուրդների համատեղ զարգացման համար:
Այս աշխատանքի մեջ մենք նախ կփորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչպիսի ազգային փոքրամասնություններ կան, ինչպես է ձևավորվել այդ կազմը, պատմական ինչ փոփոխություններ է կրել ու ինչ հետագա զարգումներ է ապրում: Ինչպես նաև, թե ինչ իրավական հիմքերով կան ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության առուվ, ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ ազգային փոքրամասնություների նկատմամբ:
Այնուհետև կմասնավորեցնենք ասորիների դեպքը, կփորձենք դուրս բերել այդ էթնոսի բնորոշման ու նույնականացման հիմքերը, մշակութային առանձնահատկությունները՝ պատմական համատեքստում դիտարկելով էթնոսի կայացման գործընթացը:
Այնուհետև կոնկրետ կանդրադառնանք հայաստանում ապրող ասորիների հիմնահարցին, նրանց գործունեությանը և առանձին բնակավայրում նրանց բաշխվածությանը, էթնիկական-ազգային շահերի պաշտպանության համար առկա հնարավորություններին և այլն:
ՀՀ ազգային փոքրամասնությունների ընդհանուր նկարագիրը
Հայաստանը որդեգրել է եվրոինտեգրացիոն արտաքին քաղաքական կուրս, ուստի և պետք է հաշվի նստի այն արժեքների ու գաղափարների հետ, որոնք անկյունաքարային են համարվում եվրոպական համայնքի համար: Եվրոպական արժեհամակարգի անկյունաքարը հանդուրժողականությունն է, որը կարելի է բնութագրել որպես առանց ագրեսիայի այլոց` սեփականից տարբեր մտքերը, վարքագիծը, ինքնարտահայտման ձևերն ու ապրելակերպն ընկալելու ունակություն:
Առաջին հերթին այս արժեքի հիմքում ընկած է մտքի և հարաբերությունների ազատությունը, անհատի անձնական ազատությունը: Հանդուրժողականությունը ենթադրում է ակտիվ դիրքորոշում, այլ ոչ թե պասիվ համբերատարություն շրջապատող անձանց և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հետևաբար հանդուրժողականությունը բավական նուրբ կատեգորիա է, որը որոշում է հասարակության բարոյական, հասարակական և ժողովրդավարական զարգացման ուղղությունը:
Այս արժեքի ընկալումն առավել կարևորվում է աշխարհասփյուռ հայերի համար, որոնք, այս կամ այն երկրում բնակվելով և հանդիսանալով ազգային փոքրամասնություն, անձնապես զգում են հանդուրժողականության դրսևորման առանձնահատկությունները: Հետևաբար, հիմք ընդունելով «Վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ վերաբերվեին քեզ» պատվիրանը, թվում է տրամաբանական անդրադառնալը հանդուրժողականության դրսևորման առանձնահատկություններին մեզանում, հատկապես Հայաստանում բնակվող ազգային և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ և մասնավորապես հասկանալ Հայաստանյան ազգային փոքրամասնություններից մեկի՝ ասորիների էությունը և առանձնահատկությունները:
Հայաստանում ներկայումս ապրում են ավելի քան 50 ազգության ներկայացուցիչներ: Միաժամանակ Հայաստանը համարվում է մոնոէթնիկ երկիր, քանի որ հայերը կազմում են բնակչության 97%: Եթե 1988թ. ազգային և էթնիկ փոքրամասնությունները Հայաստանում կազմում էին ընդհանուր բնակչության 6.7%-ը, ապա համաձայն 2001թ. մարդահամարի տվյալների, նվազել է մինչև 2.2-2.3%[1]:
Հայաստանում բնակվող ազգային և էթնիկ փոքրամասնությունները` ըստ 1988թ. մարդահամարի տվյալների
Ազգային և էթնիկ փոքրամասնություններ | Թվաքանակ |
Ադրբեջանցիներ | 85000 |
Քրդեր/եզդիներ | 56000 |
Ռուսներ | 51600 |
Ուկրաինացիներ | 8300 |
Ասորիներ | 6000 |
Հույներ | 4700 |
Այլ (հրեաներ, լեհեր, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, լիտվացիներ և այլն) | 9400 |
Ընդամենը | 221000 |
Հայաստանում բնակվող ազգային և էթնիկ փոքրամասնությունները` ըստ 2001թ. մարդահամարի տվյալների
Ազգային և էթնիկ փոքրամասնություններ | Թվաքանակ |
Քրդեր/եզդիներ | 40000 |
Ռուսներ | 14600 |
Ասորիներ | 7000 |
Մոլոկաներ | 5000 |
Հույներ | 1633 |
Ուկրաինացիներ | 4700 |
Հրեաներ | 700 |
Լեհեր | 236 |
Բելառուսներ | 160 |
Վրացիներ | 110 |
Ընդամենը | 122186 |
Միաժամանակ ազգային և էթնիկ փոքրամասնությունների թվի նվազման նման տեմպերը կարելի է բացատրել ադրբեջանական համայնքի արտահոսքով, ինչպես նաև անցման ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային էական փոփոխություններով, որոնց արդյունքում նշանակալի են նաև ժողովրդագրական փոփոխությունները` հատկապես արտագաղթի միտումները: Սակայն վերջինս առնչվում է ինչպես ազգային փոքրամասնություններին, այնպես էլ հիմնական էթնոսին` հայերին: Մյուս կողմից կարող ենք հստակորեն ասել, որ Հայաստանում ասզգային փոքրամասնությունները որևէ քաղքական դրդապատճառներ չունեն երկիրը լքելու: Ի հիմնավորումը տվյալ մտքի բերենք Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ազգությամբ ասորի Ռազմիկ Խոսրոևի կարծիքը. «Հայաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները երբեք չեն ունեցել քաղաքական խնդիրներ: Բայց միշտ եղել են կրթամշակութային խնդիրներ: Հայաստանում չի եղել պետական քաղաքականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ … հիմա էլ չի կարելի ասել, որ այդ քաղաքականությունը լիովին կա: Տարին մեկ-երկու անգամ ազգային փոքրամասնույթունների փառատոններ կազմակերպելը դեռ չի նշանակում նպաստել էթնիկ մշակույթի զարգացմանը: Կառավարությունը ազգային փոքրամասնությունների մշակութային կարիքներին հատկացնում է տարեկան 20 մլն դրամ, և մենք ստիպված ենք այդ գումարը բաժանել տասնմեկ էթնիկ փոքրամասնություների միջև»[2]:
Ազգային և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները երկրում և մայրաքաղաքում ապրում են հատվածաբար: Չկա մի որևէ մարզ կամ վարչական միավոր, որն ամբողջությամբ բնակեցված լինի որևէ փոքրամասնության ներկայացուցիչներով: Առանձին բնակելի վայրերում նրանք կա՛մ կազմում են խառը բնակչության մի մասը, կա՛մ բնակչության մեծամասնությունը:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի` 2007թ. փետրվարին Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ընդունած բանաձևում ընդգծվել է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ շարունակում է գերակշռել հանդուրժողականության մթնոլորտը:
Երկրում օժանդակվում է եզդիական, ռուսական, քրդական, ասորական համայնքների մշակութային և կրթական ծրագրերի զարգացմանը: Հանրապետության որոշ դպրոցներում հայերենի հետ միասին դասավանդվում են վերոհիշյալ ազգությունների լեզուները: Եզդի ազգության համար Հայաստանում հայ գիտնականների կողմից կազմվել են այբուբեն և ուսումնական ձեռնարկներ:
Ազգային փոքրամասնություններն իրենց մայրենի լեզվի ուսուցման իրավունքն իրականացնելիս չեն հանդիպում հակազդեցությունների: Սակայն բոլոր ազգային փոքրամասնությունների համար առկա են և՛ մասնագետների, և՛ կրթական ծրագրերի պատրաստման խնդիրներ: Բացառություն է կազմում ռուսական համայնքը, քանի որ ուսումնական նյութերը ստացվում են Ռուսաստանից, որտեղ պատրաստվում են նաև անհրաժեշտ մասնագետներ:
Ազգային փոքրամասնություններն ունեն իրենց գրասենյակները, որտեղ ղեկավարներն ու համայնքի մանկավարժները կազմակերպում են մշակութային կենտրոններ և մայրենի լեզվի ուսուցման պարապմունքներ: Պետության կողմից ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացվում ազգային փոքրամասնությունների համայնքներին, ինչպես նաև պետական բյուջեից տարեկան 10 մլն դրամ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպություններին:
Եզդիների, ասորական, քրդական և վրացական համայնքներն ունեն ժամեր հանրային ռադիոյով, որտեղից հեռարձակվում են մայրենի լեզվով հաղորդումներ: Հանրապետությունում հեռարձակվում են բազմաթիվ ռուսալեզու հեռուստա- և ռադիոհաղորդումներ: Բոլոր ազգային փոքրամասնություններն ունեն ԶԼՄ-ներ և հրապարակում են թերթեր, ամսագրեր և բուկլետներ: Ազգային և էթնիկ փոքրամասնությունների 10 անուն թերթեր հրատարակվում են պետական միջոցների հաշվին:
Ազգային և էթնիկ փոքրամասնություններն ազատ են ձևավորելու հասարակական կազմակերպություններ: Այսպես` հանրապետությունում առկա են 4 եզդիական, 7 հունական, 3 հրեական, 8 ռուսական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև 2-ական հասարակական կազմակերպություններ ունեն ասորիները, վրացիները, ուկրաինացիները և բելառուսները:
Միաժամանակ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները չունեն իրենց կուսակցությունները և Ազգային Ժողովում ներկայացված չեն: Սակայն ազգային փոքրամասնությունները ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում` իբրև գյուղապետեր[3]:
Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են համապատասխան իրավական նորմերով, թեպետ հարկ է նշել, որ մինչ օրս Հայաստանը չի ընդունել «Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մասին» օրենքը: Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանային կոնվենցիան (1998թ.) և Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիան (2002թ.):
Բոլոր մարդկանց հավասարության սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 41-րդ հոդվածը ցուցում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին դրույթներ են պարունակում «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը: Մասնավորապես «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով ՀՀ տարածքում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Բացի այդ, ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ[4]:
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, որոնց թվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող հաղորդումները: Նշված օրենքի 28-րդ հոդվածով Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը[5]:
ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը, համաձայն որի` հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:
Ասորի ժողովրդի նույնականացման գծերը
Ասորիները Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, նրանց ծագումը վերագրվում է Ասորական կայսրության հետ: Ժամանակակից ասորիների ուղղակի նախնիներն են եղել Միջագետքի ժողովուրդը, որը խոսում էր արամեերեն, որոնք 1-ին դարում ընսդունել են քրիստոնեություն:
Ժամանակակից ասորիները խոսում են հյուսիս-արևելյան նորարամեերեն (ասորերեն) լեզվով, որը մտնում է սեմիտական լեզվաընտանիքի մեջ:
Իրենց պատմական բնակավայրերում ասորիները հիմնականում տիրապետել են երկու, երեք, անգամ չորս լեզուների (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն): Սփյուռքում, որտեղ այսօր ապրում են ասորիների մեծամասնությունը, շատերը խոսում են տվյալ երկրի լեզվով, երկրորդ-երրորդ սերունդներն արդեն չեն տիրապետում իրենց էթնիկ լեզվին: Այդ ամենը հանգեցնում է ոչ միայն ասորիների ուծացման, այլև նորարամեերեն լեզվի ճյուղերի վերացման:
Ասորիների ամբողջ աշխարհում հաշվվում են մինչև 3 միլիոն թվաքանակով: Ասորական մեծագույն համայքները գտնվում են Հյուսիսային Իրաքում (800 000), ԱՄՆ-ում (97 000), Շվեդիայում (75 000), Սիրիայում (70 000), Իրանում (32 000), Ավստրալիայում (25000), Թուրքիայում (20 000), Ռուսաստանում (14 000)[6], Հայաստանում նրանց թիվը կազմում է 3409 հոգի:
Ասորացիների էթնոմշակությաին նույնականացման ու ընդհանուր բնութագրի դուրսբերման վրա առաջնային ազդեցություն է ունեցել ժողովրդի անցած պատմությունը:
Ասորեստանի անկումից հետո (Քա 605թ.) դրա բնակչությունը խառնվեց սեմիտական արամեական ու խալդի ցեղերի հետ: Պատմության ընթացքում ասորիների էթնոկոնսոլիդացնող գործոնը քրիստոնեական կրոններ էր, որը նրանց հնարավորություն էր տալիս պահպահելու իրենց էությունը զրադաշտականների, մահմեդականների ու հուդայականների շրջապատում: Չնայած դրան՝ ասորեկան էթնոսի ներսում գոյություն ունի քրիստոենության երկու տեսակ՝ Արևելքի ասորական եկեղեցի և Սիրիական ուղղափառ եկեղեցի:
Նեսորական միսիոներների ջանքերով քրիստոնեությունը տարածվեց Հնդկաստանում, Միջին Ասիայում, Չինաստանում և Մոնղոլիայում: 13-րդ դարում Կենտրոնական Ասիայի քրիստոնեական խանությունը գրավվեց Չինգիսխանի կողմից, սակայն բուն եկեղեցին չարգելվեց: Ավելին՝ Չինգիսխանի երկու որդիներկնության առան քրիստոնեաների: Իսկ Ոսկե Հորդայի երկրոդ խանի որդին էլ դավանում էր արևելյան քրիստոնեություն: Բայց շուտով մահմեդական խանը (Բերկե) նեստորականների կոտորած իրականացրեց Սամարկանդում՝ անգամ չխնայելով իր զարմիկին: Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ ասորիների մեծամասնությունը, ովքեր հրաժարվեցին ընդունել մահմեդականություն, զոհվեցին: կենդանի մնաց միայն ժողովրդի մի մասը, ովքեր թաքնվեցին Քուրդիստանի լեռներում: Արևելքի ասորական եկեղեցու հավատացյալների մի մասը Ոսկե հորդայից տեղափոխվեց Մոսկովյա Ռուսիա և ընդունեց ուղղափառություն[7]:
16-րդ դարում նեստորականների մի մասը կողմ հանդես եկան կաթոլիկ եկեղեցու հետ միացմանը (ունիտարներ)՝ ձևավորվեց Խալդիական կաթոլիկ եկեղեցին, որի նստավայրն ու կենտրոնն էր Մոսուլը: Ունիտարների մյուս ճյուղը՝ սիրիական կաթոլիկները, հիմնվեցին թուրքական Մարդին քաղաքում: Ասորիների թվում կային նաև միաբնակներ (հակաքաղկեդոնականներ), բողոքականեր և ուղղափառներ:
1842 թ. քուրդ էմիր Բադր-խանը հարձակվեց ասորական Տիարի շրջանի վրա՝ կոտորածի ենթարկելով 10 հազար բնակիչների: 1895թ. հունվարին (համիդյան ջարդերի շրջանում) թուրքական զինվորները հարձակվեցին Եդեսիա (Ուրֆա) քաղաքի նաև ասորի բնակչության վրա: Երկու օրվա ընթացքում քաղաքում սպանվեց 13 հազար ասորի, իսկ շրջանում ջարդերը շարունակվեցին մինչև գարուն՝ ընդհանուր առմամբ զոյհ գնացին շուրջ 40 հազար ասորիներ:
20-րդ դարի սկզբներին հաշվվում էին մոտ մեկ միլիոն սիրիա-խալդիացիներ, ովքեր իրենց ասորիներ էին անվանում: Նրանցից 80 հազարն ապրում էր Իրանում (Ուրմիայի մոտակայքում), շուրջ 20 հազարը՝ Անդրկովկասում, մնացյալը Օսմանյան կայսրությունում:
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է շուրջ 750 հազար ասորի, ինչպես մեկ ու կես միլիոն հայ ու շուրջ 350 հազար հույն: Քրիստոնեաներից շատերը հարկադրված էին փա-չել այս երկրներ:
Ուրմիայի շրջանում, ուր տեղակայված էր ռուսական զորքերը, ասորացի փախստականներին կազմվեցին զինվորական ստորաբաժանումներ, որոնք ղեկավարում էր Էլիա Աղա Պետրոսը: Նա սկսեց ռազմական գործողություներ ծավալել ընդդեմ ասորիների վրա հարձակվող տեղացի քրդերի ու պարսիկների: Սակայն նա վատ հարաբերությունների մեջ էր պատրիարք Բենյամին Մար-Շիմոնի հետ, ով չէր ուզում կիսել որևէ մեկի հյետ ասորիների առաջնորդի դերը:
1918թ. ապրիլին, երբ ռուսական զորքերը հեռացան, պարսիկները սպանեցին շուրջ 3000 ասորիների Խոյ քաղաքում: Ասորիները որոշեցին ընդառաջ գնալ բրիտանական զորքերին, որոնք հարձակվում էին հարավից: Շուրջ 70 հազար փախստականներ գնացին դեպի արևելք՝ Համադան քաղաքի ուղղությամբ: Ճանապարհին 20 հազարը զոհվեցին սովից, հիվանդություններին, ավազակների հարձակումներից, պարսական զորքերից: Իսկ մահմեդականները ջարդեր սկսեցին Ուրմիայում մնացած ասորիների հանդեպ, զոհվեցին շուրջ 6000 ասորիներ: Հասնելով Համադան՝ բրիտանացիների առաջարկով ասրիները ստիպված էին կտրել ևս 500 կմ մինչև փախստականների իրաքյան Բակուբա ճամբար հասնելը, որը ևս 12 հազար անձի կյանք տարավ:
Ասորի փածստականների զգալի մասը ապաստան գտան 1918 թ. բրիտանացիների կողմից օկուպացված տարածքներում՝ ներկայիս Իրաքում: Բրիտանացիները ասորիներից կազմեցին «լիվա» կոչվող էլիտար կորպուս, որը պահպանում էր նավթաարդյունաբերության կառույցները, ճնշում էր ապստամբությունները, կռվում էր ավազակների դեմ: «Լիվա»-ի ընտանիքներին տարածքներ էին տրամադրվում Իրաքի հյուսիսում, որոնք վերցվել էին արաբներից ու քրդերից հակաբրիտանական ապաստամբությունների համար: Սա որոշակի լարվածություն առաջացրեց ասորացիների ու արաբների միջև: 1933 թ. գարնանը լուրեր տարածվեցին, թե ասորիները ցանկացնում են ապստամբել և ստեղծել իրենց պետությունը Մոսուլ կենտրոնով: Իրաքյան զորքերը և ոստիկանությունը ասորիների ջարդեր սկսեցին, որի արդյունքում զոհվեց շուրջ 30 հազար ասորի: Հազարավոր ասորիներ փախան Սիրիա, որտեղից էլ մեծամասնությունը տեղափոխվեց ԱՄՆ: 1941թ. «լիվա»-ն օգնեց բրիտանացիներին հաղթանակ տանելու պրոնացիստական տրամադրվածությամբ Իրաքի ղեկավար Ռաշիդ Ալի ալ-Գայլանին, սակայն ավելի ուշ կորպուսը ցրվեց[8]:
Էթնոսի գոյապահպանության կարևորագույն գրավականներից մեկը ինքնանույնականացումն է: Այսօր ասորիները իրոք կանգնած են այդ բավականին խրթին խնդրի առաջ: Նախ նրանց և այլ փոքր էթնիկ խմբերից Մերձավոր Արևելքում նույնականացնում են արաբների, քրդերի կամ թուրքերի հետ[9]:
Պատմությունից բացի ասորիների համար կոնսոլիդացնող նշանակություն ունի նաև իրենց խորհրդանիշները: Այսպես՝ ասորիները մշտապես ունեցել որպես իրենց ազգի խորհրդանիշ դրոշ, սակայն 1968 թվականից ընդունելի է դարձել մի տարբերակ, որը միչև օրս համարվում է ճանաչվում է որպես ասորական դրոշ[10]: Թեպետ երկու հիմնական քրիստոնեական ուղղություների առումով ևս որոշակի տարբերություն է նկատվում դրոշների կիրառման հարցում: Երկու ասորական քրիստոնեական ուղղություններն էլ ունեն իրենց առանձին դրշոները: Իհարկե այս հանգամանքը ևս խոչընդոտում է ասորի ժողովրդի ընդհանուր շահի գիտակցության ու համախմբվածության հարցում:
Ասորական ազգայնականությունը հիմնվում է Քա 934-609 թվականներին գոյություն ունեցած Ասորական կայսրության գաղափարի վրա, այն իրենց հետ ուղղակի առնչություն ունենալու հավատի վրա, առավել ևս, որ այդ մտքերը պաշտպանություն են գտնում պատմաբանների կողմից[11]:
Ասորական մշակույթը զգալի ազդեցություն է ունեցել կրոնի կողմից: Քրիստոնեությունը ասորական ժողովրդի առաջնային հենքն է: Նախ ասորական լեզուն եկեղեցու լեզուն է: Քրիստոնեական ընդհանուր տոները (Զատիկ, Սուրբ Ծնունդ), ինչպես նաև զուտ ասորական դավանաբանությանը բնորոշ տոները ուղեկցվում եմ մեծ տոնախմբություններով, որոնք այն չնչին առիթներից են համայնքի համար իրենց էթնիկական «ես»-ը արտահայտելու գործում:
Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր:
Ապրիլի 1-ը ասորիների համազգային տոնն է` նշվում է Նոր տարին: «Երբ Եփրատն ու Տիգրիսը դուրս էին գալիս ափերից, հզոր աստված Մարդուկը, որին հավասարը չկար աստվածների շարքում, պայքարի էր ելնում ծովերի ու ջրերի աստված Տիամատի հետ ու հաղթում էր նրան: Այդ հաղթանակի առթիվ սկսվում էին տոնակատարություններ: Համուրաբիի օրենսգրքի ամենակարևոր օրենքներից մեկն ասում է այդ մասին: Տասնհինգ օր չէր կարելի պատժել երեխաներին, դատարանները չէին աշխատում, չէր կարելի պատժել ստրուկներին, բոլորն ուրախ էին, երգում, պարում ու փառաբանում էին Մարդուկին: Արքան վայր էր դնում իր իշխանությունը: Հարուստները բարի գործեր էին անում: Բոլորը հավասար էին դառնում: Այդ տոնակատարությունները կոչվում էին «Անզուսպ օրեր»: Երբ ասորիներն ընդունեցին քրիստոնեություն, այս հեթանոսական տոնը պահպանվեց շատ այլ տոների թվում»[12]:
իսկ հունիսի 14-ը` «Մարեզ»-ը` նշվում է որպես ասորիների կրոնական տոն: Օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայի կողմից ասորիների դեմ կատարված ցեղասպանության օրն է:
Ասորական մշակույթի մյուս կարևոր հենասյունը իրենց լեզուն է, որը անտիկ ժամանակների հին արամեերենի էվոլյուցիա ապրած տարբերակն է: Այսօր ասորիների և մասնավորապես հայաստանաբնակ ասորիների մեծամասնությունը խոսում են Արևելյան արամեերենով, իսկ գրում են Սիրիական այբուբենով, որը բխում է արամեական տառատեսակներից:
Հայաստանաբնակ ասորիները տիրապետում են լրիվությամբ հայրերենին, շատ դեպքերում նաև ռուսերենին ու արտաքնապես դժվար է տարբերակել հային կամ ասորուն: Ինչը ասորիների համար մեր երկրում իրենց էթնիկ «ես»-ը կորցնելու վտանգով է լեցուն:
Ասորիների մոտ արտահայտված է նաև իրենց ժողովրդական երաժշտություն: Ասորական ժողովրդի համար ևս աբուբան (զուռնան) և տավլան (դհոլը) դարձել են առավել տարածված երաժշտական գործիքները: Այսօր կան բազմաթիվ ասորի երգիչներ ու երաժիշտներ, 2008 թ. Լիբանանում անցկացվեց անգամ առաջին Միջազգային ասորական երաժշտության փառատոնը[13]:
Ասորիները ունեն նաև ժողովրդական պարեր, որոնք հիմնականում կապված են ինչ-որ արարողությունների հետ, օրինակ ամուսնության արարողության համար բնորոշ են որոշակի պարերի տարբերակներ: Ասորական պարերին բնորոշ են արևելյան մոտիվները[14]:
Ասորիներն ունեն նաև իրենց ավանդական հագուստները, որոնք էականորեն տարբերվում են տարբեր բնակավայրերում: Հագուստների համար առավել բնորոշ են կարմիր, կապույտ, դեղին, կանաչ և մանուշակագույն երանգները, դրանք շատ պերճազարդ են, երբեմն անգամ կրում են իրենց մեջ ոսկեղեն և այլ թանկարժեք զարդեր: Սկզբունքորեն ասորական ավանդական հագուստները էականորեն չեն փոխվել հազարամյակների ընթացքում[15]:
Առանձնացնելով ասորիների մոտ առկա խնդիրները Ռազմիկ Խոսրոևը նշում է. «Կարևորներից մեկն ասորական գրականության բացակայությունն է: Ասորիները դարեր շարունակ գոյատևել են բանավոր խոսքով: Կայսրության անկումից հետո ասորական գրականությունը գործնականորեն վերացել է . . . իսկ իրաքյան պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվեցին Աշուրբանիպալի թանգարանը և գրադարանը, որը հնագույնն էր աշխարհում, և ասորիների` դարերի ընթացքում կուտակած մշակութային ժառանգությունը ոչնչացավ . . . հնագույն ազգերից մեկը մոռացութան է մատնվում: Մեծն Ալեքսանդրը խոնարհվեց ասորական ժողովրդի մշակույթի առջև, երբ գրավեց Բաբելոնը: Ասորիները մարդկությանը բերեցին քաղաքակրթություն, գիր ու գրականություն, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, առաջին սահմանադրությունը, ժայռերին կերտված Համուրապիի օրենսգիրքը, որը մինչ այժմ ուսումնասիրում են իրավաբանական ֆակուլտետներում: Իսկ դրանք հրաշալի ու իմաստուն օրենքներ էին»[16]:
Ասորիները տարբերվում են նաև իրենց հատուկ խոհանցով, որը հարուստ է Մերձավոր Արևելքի խոհանոցին բնորոշ հացահատիկով, մսով, կարտոֆիլով, պոմիդորով ու բազմազան համեմունքներով:
Ընդհանուր առմամբ ասորիների էթնոմշակությաին նույնականացման հիմքերը ամբողջանում են նմանատիպ կենցաղային նշանակության երևույթներով: այստեղ մենք կարող ենք որոշակի ընդհանրացումներ ու եզրակացություներ կատարել:
Նախևառաջ ասորական մշակույթը իր ողջ էությամբ համակված է կրոնական՝ քրիստոենոական դավանաբանության տարրերով, մյուս կողմից կրում է ասորական պատմական հայրենիքի՝ Միջագետիք (ավելի լայն կտրվածքով՝ Մերձավոր Արևելքի պատկերը): Մշակությային հարթության մեջ ևս, ինչպես պատմական ճակատագրի առումով մեր երկու ժողովուրդները բավականին նմանություներ ունեն, որը առնչվում է տարբեր բնագավառներին, հենց դրա համար էլ մենք կարողանում ենք առանց որևէ տարաձայնությունների համագոյակցել մեր երկրում: Եվ մենք՝ հայերս, և՛ ասորիները գտնվում ենք մի տարածաշրջանում, որը ամբողջությամբ շրջապատված է մահմեդական ժողովուրդներով ու երկրներով, այսինքն մեր երկու ժողովուրդների ազգային-էթնիական շահի պահպանության համար անխուսափելի է կոնֆլիկտային հարաբերությունները:
Մեր երկու ժողովուրդներն էլ հարկադրված են եղել, այս կամ այն հանգամանքներինց ելնելով, տեղափոխվել մի վայրից մեկ այլ վայր, որի ուղղակի արդյունքը է մեծ սփյուռքը:
Ասորիները ու հայերը ընդհանրություն ունեն նաև արտաքին կողմնորոշման հարցում. նախ տարածաշրջանին առավել մոտ քրիստոնեական տարրը Ռուսաստանն է, որի հետ կապված են եղել ազատագրական ու անկախության հասնելու հուսյերը, ինչը գիտակցական, թե ենթագիտակցակն հարթության մեջ որոշակի համակրանք է առաջացրել այդ ժողովրդի հանդեպ:
Ասորիները Հայաստանում
Հայաստանի Հանրապետության իր մեծությամբ երրորդ էթնիկական փոքրամասնությունը ասորիներն են, եզդիներից և ռուսներից հետո: Համաձայն 2001 թ. մարդահամարի Հայաստանում ապրում են 3409 ասորիներ[17], իսկ համաձայն ասորիների համայնքի ղեկավար Արսեն Միքայելովի Հայաստանում ապրում են 2011թ. հունիսի դրությամբ շուրջ 7000 ասորիներ[18]: Մինչև ԽՍՀՄ փլուզումը ասորիների թիվը Հայաստանում կազմում էր շուրջ 6000, սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ կիրառած շրջափակման արդյունքում, որը Հայաստանում սուր տնտեսական խնդիրներ առաջ բերեց, ասորիների շուրջ կեսը լքեց երկիրը՝ հիմնականում գնալով Ռուսաստանի Դաշնություն:
Ասորիները և հայերը հարաբերություներ են ունեցել դեռ անտիկ ժամանակներից, երբ դեռ Ուրարտուն պարբերաբար հակամարտությունների մեջ էր մտնում Ասորեստանի դեմ (Քա 9-7-րդ դարեր): Ժամանակակից Հայաստանի տարածքւմ ասորիները հայտնվել է առաջին անգամ 1826-28թթ. ռուս-պարսական պատերազմից հետո, երբ իշխանությունները թուլատրեցին Ռուսաստանի համակրներին (Ուրմիա լճի շրջակայքի հայերին և ասորիներին) տեղափոխվել Ռուսական կայսրություն: 20-րդ դարի սկզբներին բազում ասորիներ եկան Հայաստան Թուրքիայի հարավ-արևելյան վիլայեթներից: Ասորիները, ինչպես և իրենց հայ հարևանները Առաջին աշխարհամարտի ժամանակ ենթարկվեցին երիտթուրքերի կողմից ցեղասպանության, շուրջ 275 000 նահատակներ տվեցին:
Ասորիների ու հայերի կապվածությունը հիմնականում պայմանավորված էր կրոնիի գործոնով, քանի որ երկու ժողովուրդներն էլ դավանում են քրիստոնեություն, միևնույն ժամանակ գտնվում են մի այնպիսի տարածաշրջանում, երն ամբողջությամբ շրջապատված է մահմեդական տարրով:
Հայաստանում հիմնվեցին երեք գյուղեր ասորի բնակչությամբ՝ Արզնի, Կոյլասար (Դիմիտրով), Վերին Դվին, որտեղ և ս այսօր հիմնականում ներկայացված են ասորիները՝ ներառելով նաև Նոր Արտագերսը Արմավիրի մարզում: Ավանդաբար ասորիները Հայաստանում զբաղվել են հողագործությամբ. ասորիներից 2 885-ը (84.6%) ապրում է գյուղերում, և միայն 524-ն (15.4%) է քաղաքաբնակ[19]:
Արարատի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ոչ միայն ասորիները, այլև ռուսները, եզդիները, հույները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:
Վերին Դվին համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է «Մար-Թումա»: Համայնքում կա նաև «Մարեզ» անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է «Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Իսահակ Թըմրըզը:
Համայնքում գործում է նաև «Աթուր» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Բիտ Ավդալ Միխաիլը, գործում է նաև նույնանուն ասորական ազգային երգի-պարի համույթը, որը մշտապես մասնակցում է մարզում, ինչպես նաև հանրապետությունում անցկացվող միջոցառումներին:
Վերին Դվինի միջնակարգ դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն և ասորիների պատմությունը: Դպրոցը ևս ակտիվ մասնակցություն է ունենում ազգային ավանդույթների պահպանման, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման գործում[20]:
Դիմիտրով համայնքի բնակչության 25 տոկոսն ասորիներ են: Համայնքում գործում է «Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սբ. Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնք» կազմակերպությունը: Գյուղում նույն սրբերի անվամբ կա գործող եկեղեցի, որը կառուցվել է 1840 թվականին: Համայնքում գործում է նաև «Մինվե» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Անյա Գիվոևան:
Ամեն տարի հուլիսի 28-ին համայնքը նշում է «Շարա» կրոնական տոնը:
Գյուղի ասորական համայնքը ղեկավարվում է «Աթուր» հասարակական կազմակերպության կողմից: Համայնքն ակտիվորեն մասնակցում է ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական միջոցառումներին: Մեծապես կարևորվում են ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման հարցերը:
Դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն[21]:
Կոտայքի մարզում ասորիները ապրում են Արզնիում (1500 հոգի) և Արգելում (13 հոգի)[22]: Արմավիրի մարզի Նոր-Արտագերս համայնքում միաժամանակ բնակեցված են ինչպես եզդիներ, այնպես էլ ասորիներ: Ասորիների թիվը այստեղ 256 է, իսկ եզդիներինը` 327[23]:
Ընդհանուր առմամբ ասորական համայնքը բավականին ինտեգրացված է հայկական հասարակության մեջ և որոշակիորեն ներառված է ինտելիգենցիայի կազմում: Նրանք պահպանում են իրենց ազգային նույնականությունը, մասնավորապես պահպանելով իրենց լեզուն. Հայաստանում գործում են 4 դպրոցներ, որոնք դասավանդում են ասորերեն:
Ասորիների մեծամասնությունը տիրապետում են հայերենին ու ռուսերենին: Ասորիների մեծամասնությունը պատկանում է Արևելքի ասորական եկեղեցուն, դրանից բացի կա փոքր համայնք, որը պատկանում Խալդիական կաթոլիկ եկեղեցուն: Երևանում գործում է խոշոր ասորական Երիտասարդական կենտրոն:
Բավականին բարձր տոկոս է կազմում խառը՝ հայ-ասորական ամուսնությունները: Ի դեպ այս երևույթը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր կենտրոնացած են հայկական և ասորական համայնքներ:
Ընդհանուր առմամբ հայերի և աորիների միջև ոչ խնդրահարույց իրավիճակներ չի առաջացել, այս երկու ժողովուրդները համերաշխորեն գոյակցում եմ միմյանց հետ: Որոշակի խոչընդոտներ կան ասորական եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև, իսկ կաթոլիկ հայ և ասորի եկեղեցիները ջերմ հարաբերությունների մեջ են:
[1] Մելիքյան Ն. Ազգային և էթնիկ փոքրամասնությունները Հայաստանում // աղբյուրը՝ http://www.armedia.am/?action=Analytical&what=show&id=765066764&lang=arm
[2] Հարցազրույց ազգությամբ ասորի դեասան Ռազմիկ Խոսրոևի հետ, http://oldest.hetq.am/arm/society/7215/?printable=1
[3] Մելիքյան Ն. Ազգային և էթնիկ փոքրամասնությունները Հայաստանում // աղբյուրը՝ http://www.armedia.am/?action=Analytical&what=show&id=765066764&lang=arm
[4] «Լեզվի մասին» ՀՀ օրենք http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1793&lang=arm
[5] Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենք http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1464&lang=arm
[6] Ներկայացված տվյալները մոտավորեն են՝ հիմնված յուրաքանչյուր առանձին երկրի վիճակագրական տվյալների վրա:
[7] http://newtimes.ru/articles/detail/37109
[8] Эрлихман В., Непокоренные //Российский исторический журнал «Родина» 2006 г.-№ 8, աղբյուրը՝ http://www.istrodina.com/rodina_articul.php3?id=1976&n=101
[9] Note on the Modern Assyrians, աղբյուրը՝ http://www.friesian.com/notes/note-n.htm
[10] http://www.crwflags.com/fotw/flags/assyria.html
[11] Տե՛ս օրինակ Simo Parpola, Assyrians after Assyria // http://www.nineveh.com/Assyrians%20after%20Assyria.html
[12] http://oldest.hetq.am/arm/society/7215/?printable=1
[13] Միջազգային ասորական երաժշտության փառատոն մասին տե՛ս http://www.ankawa.com/english/?p=1096
[14] Ասորական ժողովրդական պարերի մասին տե՛ս http://www.aina.org/articles/tafd.pdf
[15] Ասորական ավանդական-պատմական հագուստենրի մասին մանրամասն տե՛ս http://www.fashion-era.com/ancient_costume/assyrian_clothing_pictures_assur.htm
[16] http://oldest.hetq.am/arm/society/7215/?printable=1
[17] Տե՛ս Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքը http://docs.armstat.am/census/pdfs/51.pdf
[18] Աղբյուրը՝ http://www.panarmenian.net/rus/news/72219/ // մեր կարծիքով ասորական համայնքի ղեկավարի ներկյացրած սույն թվերը ճոխացված են՝ որոշակի հանգամանքներից ու նպատակներից ելնելով:
[19] Տե՛ս Եվրոպական խարտիա տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների մասին և բացատրական զեկույց 2008թ. http://www.coe.int/t/dg4/education/minlang/report/PeriodicalReports/ArmeniaPR2_en.pdf
[20] Արարատի մարզի պաշտոնական կայքը http://ararat.gov.am/general/
[21] Արարատի մարզի պաշտոնական կայքը http://ararat.gov.am/general/
[22] Կոտայքի մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկատվությունը տե՛ս http://kotayk.gov.am/general-information/
[23] Տե՛ս Արմավիրի մարզի պաշտոնական կայքը http://armavir.gov.am/general-information/