Արցախյան «տեղեկատվական պատերազմում» Ադրբեջանի նոր մարտավարությունն ու հայկական կողմի «ինքնաիզոլացիան» պատճառները
Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը բացարձակապես ձեռնտու չէ Ադրբեջանին, իսկ ռազմական էսկալացիայի ճանապարհով իրավիճակը փոխելու փորձերը լուրջ սպառնալիք է պարունակում հենց այդ երկրի համար, արդյունքում Բաքվին մնում է ապավինել միայն «տեղեկատվական հակամարտության» գործիքակազմին:
2017 թվականի հուլիս ամսից Ադրբեջանը հանդես է գալիս սեփական «խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու» նոր մարտավարությամբ. կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ իր սահմանամերձ բնակավայրերից, հստակ հասկանալով, որ հայկական ուժերը պատասխանելու են, իսկ արդյունքում արձանագրված քաղաքացիական զոհերը դառնում են ադրբեջանական պրոպագանդայի գործիք, թե իբր հայկական ուժերը ռմբակոծում են ադրբեջանական բնակավայրերը: Միջազգային հանրության ու հակամարտության կարգավորման մեջ լիազորություններ տիրապետող կառույցների համար ակնհայտ է Ադրբեջանի այս ազգադավ քաղաքականությունը:
Սակայն ադրբեջանական ապատեղեկատվությունը շարունակում է պաշտոնական ալիքներով սփռվել, իսկ հայկական կողմը հայտնվել է արդարացողի դիրքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամեն օր պարտադիր հրապարակում է «ռազմաճակատի զեկուցումները», որոնք տարածվում են իշխանության ենթակայության տակ գտնվող բոլոր լրատվամիջոցներով: Այդ հայտարարությունների բովանդակությունը նույնն է, թե իբր Հայաստանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակչության ուղղությամբ:
Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները հարկադրված են ամեն անգամ հերքել Ադրբեջանի ապատեղեկատվությունները: Այսինքն այսօր Արցախյան հակամարտության ընթացքի մասին Ադրբեջանն է ձևավորում «տեղեկատվական առիթը»՝ ներկայացնելով իրավիճակն իրեն հարմար շեշտադրումներով (օրինակ օգտագործելով «Հայաստանի զինված ուժեր» արտահայտությունը՝ Բաքուն փորձում է ներկայացնել լարվածությունը որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, այսպիսի դիրքավորումը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից):
Ի՞նչ այլընտրանք է առաջարկում հայկական կողմը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հազվադեպ է անդրադառնում սահմանային լարվածության խնդրին, միայն հույժ անհրաժեշտության դեպքերում, իսկ Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացնում է լարվածության վերաբերյալ շաբաթական զեկույցներ: Իհարկե հայկական կողմի այս քաղաքականությունն ունի իր բացթողումները:
Նման պայմաններում ամենօրյա տեղեկատվության հիմնական աղբյուրը դառնում է ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունը: Ադրբեջանն ներկայացնում է, թե «ռազմաճակատի» որ հատվածում քանի անգամ է խախտվել հրադադարը և ինչ զինատեսակներից քանի կրակոց է արձանագրվել: Իսկ արցախյան կողմը ներկայացնում է յոթօրյա կտրվածքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Հայկական լրատվության մեջ առաջանում է «տեղեկատվական քաղց» ու բնավ բացառված չէ, որ որոշ «պրոֆեսիոնալ» լրագրողներ ու վերլուծաբաններ սկսեն օգտագործել Ադրբեջանի տեղեկությունները՝ ակամա վնաս հասցնելով մեր պաշտոնական դիրքորոշմանը:
Սակայն ի՞նչն է պատճառը, որ հայկական կողմը այլևս չի ներկայացնում շփման գծի ամենօրյա զեկույցները: Այդ մոտեցումը սկսվեց 2017 թվականի մայիսի վերջերից, նախքան այդ Արցախի պաշտպանության նախարարությունը ևս ամեն օր հրապարակում էր սահմանային լարվածության թվային տվյալները (հրադադարի խախտման դեպքերի և արձակված կրակոցների քանակը):
Արդեն երկու ամիս տևող «ինքնաիզոլացման» թերևս միակ հիմնավորումը կարող է լինել սեփական քաղաքացիների վրա կիսապատերազմական իրավիճակի հոգեբանական ազդեցության թուլացումը: Երբ ամեն օր հայկական տեղեկատվության գրեթե բոլոր աղբյուրների գլխագրերում ներկայացվում է արցախյան սահմանին արձանագրված միջադեպերը, երբեմն հազարը գերազանցող կրակոցների քանակը, այդ տեղեկատվությունը կարող է երկակի ազդեցություն ունենալ սովորական քաղաքացիների վրա:
Մի կողմից ունկնդիրը մտահոգության խնդիր ունի, որ սահմանային լարվածությունը շատ բարձր է, մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ, ինչի պայմաններում շատերը կցանկանան իրենց որդիներին հեռու պահել «հայրենիքի պաշտպանության առաքելությունից», իսկ շատերն էլ կմտածեն պատերազմող հայրենիքը լքելու և օտար երկրներում խաղաղ ապրելու մասին: Այս տրամաբանությամբ քաղաքացիների մոտ նաև վերանում է սեփական երկրում արարելու, ներդրումներ իրականացնելու, բիզնես ստեղծելու և զարգացնելու ցանկություն, քանի որ կիսապատերազմական իրավիճակն անկախատեսելի արդյունքների կարող է հանգեցնել:
Մյուս կողմից սահմանային լարվածության վերաբերյալ ամենօրյա թվային տվյալների մասին տեղեկությունները կարող են բթացնել քաղաքացու զգոնությունը: Այդ ամենը քաղաքացին կարող է ընդունել որպես սովորական իրողություն, իսկ արդեն իրական սպառնալիքը գուցե և չկարողանա ընկալել ամբողջ լրջությամբ:
Այդպիսով պարզ է, որ սահմանային լարվածության վերաբերյալ հայկական կողմի սահմանափակ տեղեկատվությունը հետապնդում է առավելապես հոգեբանական պաշտպանվածության նպատակ: Թեև առաջանում է տեղեկատվության որոշակի պակաս, սակայն գրագետ աշխատանքի դեպքում այդ բացը հնարավոր է հեշտությամբ լրացնել: