ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի «ադրբեջանական կոռուպցիոն ոդիսականն» ու հատուցման աշխարհաքաղաքական հիմքերը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 27-ին իր կանոնակարգի մեջ փոփոխություն իրականացրեց, որով անվստահության քվեի հիմքով հնարավոր է ընտրված պաշտոնյաների լիազորությունները վաղաժամ դադարեցնել: 2016 թվականի հունվարի 25-ից վեհաժողովը ղեկավարող իսպանացի Պեդրո Ագրամունտը կլինի առաջինը, ով նոր ընթացակարգով կազատվի զբաղեցրած դիրքից[1]:
Ո՞Վ Է ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԸ.
Ագրամունտն իսպանական խորհրդարանի պատգամավոր է, ներկայացնում է «Ժողովրդական կուսակցությունը» և ԵԽԽՎ-ում իր երկրի պատվիրակության անդամ է: Մինչև վերջերս նրա անունը ոչ բոլորին էր հայտնի: Նրա քաղաքական կարիերան ավելին քան քառորդ դարի պատմություն ունի և սերտորեն կապված է Վալենսիայի հետ, որտեղ նա պարբերաբար հաղթում է ընտրություններում և անցնում է իսպանական խորհրդարան՝ չնայած իր բավական կասկածելի հեղինակությանը:
Երիտասարդ տարիքում Ագրամունտը հավանում էր դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի գործունեությունը, և ինչպես նշում են իսպանական թերթերը, ռեժիմի հետ ակտիվորեն համագործակցում էր: 1980-ականների վերջերին նրա անունը շոշափվում էր աղմկոտ «Նասեյրոյի գործի» շրջանակներում, ըստ որի «Ժողովրդական կուսակցությունը» անօրինական ֆինանսավորում է ստացել. այդ ժամանակ Ագրամունտը կարողացավ խուսափել պատասխանատվությունից հետաքննության ընթացքում դատախազության կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումների շնորհիվ: Այդ ժամանակ Իսպանիայի գերագույն դատարանը վճռեց, որ օրինախախտ անձանց մասնակցությամբ հեռախոսային զրույցների ձայնագրությունները պատահաբար են ձեռք բերվել մեկ այլ հետաքննության գործով, ուստի ֆորմալ տեսանկյունից չեն կարող ապացույց լինել կուսակցության մեջ կոռուպցիայի դեպքի մասին:
Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ իսպանական պատվիրակության անդամ է վերջին 17 տարվա ընթացքում: Այդ տարիներին նրա քաղաքական վարքի տրամաբանությունը հիմնվում էր պարզ կանոնի վրա. գլխավորը սեփական շահն է, իսկ սկզբունքներն ու արժեքները երկրորդական են: Օրինակ, մարդու իրավունքների և ազատությունների հարցերով ավտորիտար ռեժիմների և նրանց հակառակորդների ընդդիմախոսության ժամանակ նա հատուկ կարևորում էր իշխանություններին աջակցություն հայտնող փաստարկները: Դրա համար կոլեգաներն ու իրավապաշտպանները նրան անվանում են կոնֆորմիստ (հարմարվող):
ԴԻԿՏԱՏՈՐ ԱԼԻԵՎԻ ԲԱՐԵԿԱՄԸ.
Ագրամունտի կոնֆորմիզմն արտահայտվեց նաև Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող լինելու ժամանակ: Նա համառորեն հրաժարվում էր հաշվի առնել ադրբեջանցի ակտիվիստների փաստարկներն երկրում մարդու իրավունքների և ընտրական ընթացակարգերի խախտումների վերաբերյալ:
Նրան բնավ չէր մտահոգում այն հարցը, որ Իլհամ Ալիևը 2009 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց երրորդ անգամ երկրի նախագահ «ընտրվելու» համար, թեև Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը նման գործելակերպին բացասական գնահատական էր տվել և բնորոշել էր որպես «լուրջ խոչընդոտ Ադրբեջանի համար կոնսոլիդացված ժողովրդավարություն դառնալու համար»: Իր ելույթներում Ագրամունտը սառնասրտորեն հակադարձում էր, որ Իսպանիայի թագավորը ընդհանրապես ցմահ է իշխում:
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Պաշտոնական Բաքվի նկատմամբ Ագրամունտի բարեհաճ դիրքորոշումը գագաթնակետին հասավ 2013 թ. հունվարին, երբ ԵԽԽՎ-ին ներկայացվեցին Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույցներ:
«Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդրի[2]» վերաբերյալ առաջին զեկույցի հեղինակը գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրեսսերն էր, որ նշում էր, որ Ադրբեջանում դատական համակարգը ռեժիմի կողմից լայնորեն կիրառվում է քաղաքական մրցակիցներին ահաբեկելու և չեզոքացնելու համար: Զեկույցում նշվում է, որ Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալուց ի վեր Ադրբեջանում խոսքի ազատությունը զգալիորեն վատթարացել է, իսկ քաղաքական համոզմունքների համար քրեական հետապնդումների դեպքերը շեշտակիորեն աճել են (հասել են 85-ի):
Ադրբեջանական իշխանությունները Շտրեսսերի դեմ աննախադեպ քայլի գնացին՝ թույլ չտալով նրան նյութեր հավաքելու համար մուտք գործել իրենց երկիր: Դրա համար զեկույցում նա հիմնվում է հասարակական կազմակերպությունների և բաց աղբյուրների տեղեկությունների վրա: Նրա բանաձևի նախագիծը կոչ էր անում Բաքվին անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել «խղճի բանտարկյալներին», ինչպես նաև թույլ չտալ քաղաքական դրդապատճառներով նոր ճնշումների գործադրումը: Նախագահ Ալիևի վարչակազմը չէր քողարկում վրդովմունքը և Շտրեսսերի զեկույցն անցվանեց «անհիմն, պատվիրված և հորինված»[3]:
«Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրագործման[4]» մասին երկրորդ զեկույցի համահեղինակն էր Պեդրո Ագրամունտը: Դրանում կտրականապես հերքվում էր երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը: Դրա փոխարենում շեշտվում էր, որ Ադրբեջանն ունի կարևոր աշխարհաքաղաքական դիրք և անկախության երկու տասնամյակների ընթացքում հասել է մարդու իրավունքների ապահովման մեջ զգալի առաջընթացի, թեև, իբր, երկրում ժողովրդավարության զարգացման համար խոչընդոտներ կային, ինչպես յուրահատուկ աշխարհագրական հարևանությունը և Հայաստանի հետ ընթացող հակամարտությունը: Այսինքն այդ զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ Ադրբեջանի՝ որպես Եվրոպա նավթ մատակարարող երկրի գործառույթն ավելի կարևոր է, քան ժողովրդավարական զարգացումը: Այդ դրույթներն ամբողջությամբ համապատասխանում էին պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ:
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ.
Այդպիսով ԵԽԽՎ-ում Շտրեսսերի բանաձևի նախագիծը սենսացիոն կերպով մերժվեց: Բաքուն այդ առիթով ցնծության մեջ էր: Ինչպես նշեց ադրբեջանական պատվիրակության անդամ Ալի Հուսեյնլին՝ այդ քվեարկության արդյունքը «ցույց տվեց ադրբեջանական պետության ուժը»[5]: Դրանից հետո իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Ագրամունտի հասցեին քննադատությունները զգալիորեն աճեցին: Ադրբեջանական ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բացահայտ ասում էին, որ նրան չեն վստահում, մեղադրեցին նրան իշխանությունների հետ հանցակցության մեջ և բոյկոտեցին նրա հետ հանդիպումները: Նրանց անգամ հաջողվեց Ադրբեջանի խնդրով այլընտրանքային լսումներ անցկացնել ԵԽԽՎ-ում, որին ներկա էին տասնյակ խորհրդարանականներ:
Այնուհանդերձ Ադրբեջանի իշխանությունների ուրախությունը վաղաժամ էր: 2016 թ. ամռանը հետևեց Եվրոպայի Խորհրդի պատմության ընթացքում եղած ամենամեծ կոռուպցիոն սկանդալը, երբ իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ Միլանի դատախազությունը գործ հարուցեց[6]: Վոլոնտեն չկարողացավ հստակ բացատրել, թե ինչու է 2012-2014 թվականերին ադրբեջանական հեռահաղորդակցական «Baktelecom MMC» ընկերությունից 2,4 մլն եվրո ստացել, որը Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատի հետ սերտ կապերի մեջ է: Դատախազության տեսակետով այդ գումարը Շտրեսսերի բանաձևի հարցում «ցանկալի» քվեարկություն կազմակերպելու համար էին: «RAI» հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ Վոլոնտեն նշեց, որ դա կաշառք չէր, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովին «գյուղատնտեսական հարցերով» խորհրդատվական ծառայություն մատուցելու հոնորարն էր:
Եվս կես տարի անց հրապարակվեցին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative -ESI) անկախ հետազոտական կենտրոնի հետազոտությունները[7]: Դրա առարկան Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունն» էր կամ թանկարժեք նվերների միջոցով Բաքվին հետաքրքրող հարցերում ԵԽԽՎ անդամների լոյալ քվեարկության ապահովումը: Դրանում շրջանառվում էր նաև Պեդրո Ագրամունտի անունը, ով կարևոր դեր է խաղացել Շտրեսսերի բանաձևը մերժելու գործում: ESI-ի զեկույցը լայն հնչողություն ստացավ և անգամ հետաքրքրություն առաջացրեց իսպանական Սենատում, որը Ագրամունտից բացատրություն պահանջեց: Թեև այդ ամենը լուրջ հետևանքներ չառաջացրեց, սակայն Ադրբեջանի լոբբինգն իրականացնելու մեջ կասկածվող Ագրամունտի համար 2017 թվականի հունվարին Վեհաժողովի նախագահի պաշտոնում վերընտրության համար բացասական ֆոն էր ստեղծվում:
ԱԳՐԱՄՈՒՆՏԻ ՀԱԿԱԴԱՐՁ ԱԼԻՔԸ.
«Վոլոնտեի» գործը Եվրոպայի Խորհրդի վարկանիշին զգալի հարված հասցրեց: ԵԽԽՎ դեմքը պահելու համար մանրամասն հետաքննություն իրականացնելու կոչեր էին հնչում, սակայն Ագրամունտը չէր շտապում դրանց ընթացք տալ: Նա ցանկանում էր նվազեցնել Վեհաժողովի դժգոհության ալիքն ու այդ հարցի դիտարկումն իր վերահսկողությամբ իրականացնել: Մասնավորապես, նա կոչ արեց Շտրեսսերի բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկության արդյունքները կասկածի տակ չդնել, իսկ նրա հետ չհամաձայնողներին մեղադրեց «ատելության, վերբալ ագրեսիայի և ճնշման արշավի» մեջ[8]:
Սակայն չհամաձայնողների թիվը բավականին մեծ էր՝ 64 պատգամավոր: Հատուկ հայտարարությամբ նրանք կոչ արեցին անմիջապես ամբողջությամբ անկախ, արտաքին ու բաց հետաքննություն իրականացնել Շտրեսսերի բանաձևի նախագծի քվեարկության բոլոր պայմանների վերաբերյալ[9]: Ինչ-որ պահ թվաց, թե Ագրամունտը նահանջել է. ԵԽԽՎ բյուրոն (որում ի պաշտոնե ներկայացված է նաև Ագրամունտը) միաձայն աջակցություն հայտնեց 64 խորհրդարանականների որոշմանը: Այնուհետ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկին (Լեհաստան) մանրամասն հուշագիր ներկայացրեց, թե ինչպես պետք է ձևավորվի արտաքին մարմինը, որը ԵԽԽՎ-ում կոռուպցիոն մեխանիզմի բացահայտման նշանակալի լիազորություններ կունենա: Սակայն Ագրամունտն ամեն ինչ արեց, որ այդ նախաձեռնությունը չեզոքացնի: Սկզբում նա կողմ արտահայտվեց միայն ներքին հետաքննության իրականացմանը, ապա հինգ խորհրդարանական ուժեր Ագրամունտի մասնակցությամբ ներկայացրեցին Սավիցկու հուշագրի «վերանայված տարբերակը»[10]:
ԱԳՐԱՄՈՒՆՏԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼԸ.
Հայտնի չէ՝ ինչով կավարտվեին ԵԽԽՎ-ում քաղաքական կոռուպցիան քողարկելու այդ ջանքերը, եթե չլիներ Վեհաժողովի անփառունակ ճանապարհորդությունը Սիրիա: Արդյունքում Սավիցկու հուշագիրն ընդունվեց առանց փոփոխությունների:
Սկանդալն առաջացավ այն ժամանակ, երբ Պեդրո Ագրամունտը Ռուսաստանի և տասն այլ երկրների խորհրդարանականների պատվիրակության կազմում այցելեց Սիրիայում տեղակայված ռուսական Հմեյմիմ ավիաբազա, ապա Դամասկոսում հանդիպեց Բաշար Ասադի հետ:
Առաջինը դա քննադատեցին Լեհաստանի, Դանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Նրանք ուշադրություն հրավիրեցին այցելության ոչ թափանցիկ ֆինանսական կողմի վրա և շեշտեցին, որ ԵԽԽՎ նախագահը լիազորություն չուներ այն իրականացնելու: Սակայն Ագրամունտն ամենալուրջ քննադատության արժանացավ այն բանի համար, որ նախ Սիրիա ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռով, և որ Բաշար Ասադի հետ հանդիպումն ամբողջությամբ հակասում է սիրիական խնդրով Եվրոպայի Խորհրդի դիրքորոշմանը: Այդ այցը, կարծես, ազդարարեր այն մասին, որ ԵԽԽՎ-ն աջակցություն է հայտնում Ասադի ռեժիմին:
Ագրամունտը փորձեց հակահարձակման դիմել: Վեհաժողովի գարնանային նստաշրջանի (ապրիլի 24-28) առաջին օրը նրան հաջողվեց ԵԽԽՎ բյուրոյի փակ նիստում մարտավարական հաղթանակի հասնել. նստաշրջանի օրակարգում չներառվեց ԵԽԽՎ նախագահի այցը Սիրիա: Այնուհետև Վեհաժողովի պլենար նիստի բացմանը նա շտապեց հայտարարել, որ նրա այցը համաձայնեցված էր Իսպանիայի կառավարության հետ, իսկ ինքը ներկայացնում էր միայն իր երկրի Սենատը, այլ ոչ թե ԵԽԽՎ-ն: Ագրամունտը շեշտեց, որ իր այցը Սիրիա սխալմունք էր, իսկ մեղքը բարդեց ռուսական մամուլի և Պետդումայի պատգամավորների վրա, ովքեր Դամասկոս իր այցելությունը խեղված են ներկայացրել:
Վեհաժողովին այս բացատրությունը չհամոզեց: Ակնհայտ էր, որ Ագրամունտի այցը Հմեյմիմ ու Դամասկոս ոչ մի իրավապաշտպան ու հումանիտար նպատակ չէր հետապնդում: Վրդովված խորհրդարանականները պահանջում էին ԵԽԽՎ նախագահողի վստահության հարցը դնել քվեարկության: Նման ճնշման պայմաններում Ագրամունտը նիստի մեկնարկից ընդամենը կես ժամ անց հարկադրված էր դուրս գալ:
ԱԳՐԱՄՈՒՆՏԻԶՄ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ.
ԵԽԽՎ դեմքը պահելու համար Ագրամունտն առնվազն պետք է հրաժարական տար, սակայն նա դրան չգնաց, իսկ Վեհաժողովը նախագահի հրաժարականը պահանջող ընթացակարգ չուներ: Նման իրավիճակն Ագրամունտին քաղաքական առևտրի հնարավորություն բացեց, որ վերջինս հրաժարական տա՝ պահպանելով դեմքը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի չորրորդ օրը նախատեսվում էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի ելույթը, մինչ այդ ընդամենը երկու անգամ էր իսպանական միապետը ելույթ ունեցել Վեհաժողովում (1979 և 1988 թվականներին): Ագրամունտը ցանկանում էր մնալ Վեհաժողովի նախագահությունում թագավորի ելույթի ժամանակ և խոստացավ դրանից հետո իր լիազորությունները վայր դնել:
ԵԽԽՎ բյուրոն համաձայնեց դրա հետ, սակայն հաշվի առնելով իսպանացու օդիոզ վարկանիշը, պահանջեց հրաժարականի դիմումը գրել նախքան միապետի ժամանումը: Նախատեսվում էր, որ դրա տեքստը կհրապարակվի նստաշրջանի վերջին օրը: Սակայն Ագրամունտը հրաժարվեց և գործարքը չեղարկվեց:
ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ.
Նրա փոխարեն Ֆիլիպ 6-րդին հանդիսավոր խոսք հանձնելու իրավունքը վերապահվեց իսպանացի սոցիալիստ Անտոնիո Գուտերրեսին, իսկ հաջորդ օրը Վեհաժողովի բյուրոն Ագրամունտին միաձայն անվստահություն հայտնեց՝ զրկելով նրան նիստերը նախագահելու և միջազգային միջոցառումներում կազմակերպությունը ներկայացնելու իրավունքից: Ֆորմալ առումով նա շարունակում էր մնալ ԵԽԽՎ նախագահը, սակայն իրական լիազորություններ այլևս չուներ:
Դրանից հետո Բյուրոն ձևավորեց և հաստատեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն դեպքերի հետաքննության անկախ մարմնի կազմը: Ագրամունտի խոսքերը, որ Սիրիա այցը պաշտոնապես համաձայնեցված էր Մադրիդի հետ, չհաստատեցին ո՛չ իսպանական կառավարությունը, ո՛չ էլ Սենատը: Նա նաև հեռացվեց ԵԽԽՎ-ում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» խորհրդարանական խմբից: Վերջ ի վերջո Վեհաժողովումը ընդունվեց կանոնակարգի փոփոխության մասին որոշումը և հավաքվեց ռեկորդային 154 ստորագրություն Ագրամունտին նախագահողի լիազորությունից զրկելու համար:
Այս հարցի կապակցությամբ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ինչն էլ կհանգեցնի Ագրամունտի հրաժարականին:
[1] Казус Аграмунта — http://www.rosbalt.ru/blogs/2017/07/03/1627698.html
[2] The follow-up to the issue of political prisoners in Azerbaijan — http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=19217&lang=en
[3] https://www.trend.az/azerbaijan/politics/2112188.html
[4] The honouring of obligations and commitments by Azerbaijan — http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=19243&lang=en
[5] https://www.azernews.az/nation/49298.html
[6] http://www.laprovinciadicomo.it/stories/como-citta/tangente-da-due-milioni-dallazerbaijan-accuse-allex-deputato-comasco-volonte_1189472_11/
[7] The European Swamp (Caviar Diplomacy Part 2) – Prosecutors, corruption and the Council of Europe -http://www.esiweb.org/index.php?lang=en&id=156&document_ID=181
[8] http://assembly.coe.int/Documents/Records/2017/E/1701231130E.htm
[9] http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=23448&lang=en
[10] https://www.theguardian.com/law/2017/apr/20/council-of-europe-urged-to-investigate-azerbaijan-bribery-allegations