Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակման ու պետության կայացման դիվանագիտական ենթատեքստը
1776 թ. հուլիսի 4-ին հռչակվեց ԱՄՆ անկախությունը: Այն դարաշրջանում, երբ դեռ աշխարհին իշխում էր բացարձակ միապետության համակարգը, հիմք դրվեց ժամանակակից ներկայացուցչական լիբերալ-դեմոկրատիաներին, որի առաջին ներկայացուցիչն էր այսօր աշխարհի թիվ մեկ տերություն հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ինչպիսի՞ն էր այդ տերության հիմնադիր հայրերի դիվանագիտությունը պետության ձևավորման սկզբնական տարիներին:
«ԳԱՂՏՆԻ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՍԱՅԼԱՍ ԴԻՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ
1770-ականներին Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափի երկայնքով ձգված անգլիական տասներեք գաղութներ ապստամբեցի մետրոպոլիայի՝ Անգլիայի դեմ և ձևավորեցին Ամերիկա աշխարհամասի առաջին ինքնություն պետությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները[1]:
Անգլիայի դեմ ընթացող յոթնամյա պատերազմի ընթացքում այդ գաղութները ազատվեցին իրենց նախկին մետրապոլիայի լծից, որը խանգարում էր արդյունաբերության և առևտրի զարգացմանը, իսկ անգլիական արիստոկրատիայի ձեռքին էր գտնվում գաղութների լավագույն հողերը:
1776 թ. սկզբներին Թոմաս Փեյնը հրատարակեց իր «Ողջախոհություն» (անգլերեն «Common Sense») գրքույկը, որը կարճ ժամանակահատվածում հարյուրհազարավոր օրինակներով տարածվեց: Նա գրում է. «Բանավեճերի շրջանն ավարտվեց: Զենքը՝ որպես վերջին ռեսւորս պետք լուծի վեճը» [2]: Փեյնը ներկայացնում էր գաղութների ժողովրդական զանգվածների, ամերիկյան ապստամբների և զինվորների տրամադրությունները, ովքեր պահանջում էին հրաժարվել անգլիական կառավարության հետ փոխզիջման գնալու տարբերակներից և վերջնականապես խզել նրա հետ հարաբերությունները:
1776 թ. հուլիսի 4-ին Մայրցամաքային կոնգրեսը ժողովրդական զանգվածների ճնշման ներքո ընդունեց անկախության հռչակագիրը, Անգլիայից գաղութային կախվածությանը վերջ տվեց[3]: Հռչակագրի տեքստը ընթերցում էին փողոցներում և հրապարակներում, զանգվածները ցնցության մեջ էին:
Նոր ամերիկայն հանրապետության դիվանագիտությունը նոր սկզբունքներ հռչակեց:
Հռչակագրի տեքստը կազմեց Թոմաս Ջեֆերսոնը, ով 18-րդ դարի լուսավորության ձախ թևի ներկայացուցիչներից էր, որում նշվում է. «Մենք ակնհայտ ենք համարում ճշմարտությունները. բոլոր մարդիկ արարված են հավասար, և բոլորին Արարիչը օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են` կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը»: Հենց այս իրավունքների ապահովման ու պաշտպանության համար է ստեղծվում պետությունը։
Կառավարությունների իշխանությունը բխում է կառավարվողների համաձայնությունից։ Ուստի՝ եթե պետական իշխանությունը ոտնահարում է ժողովրդի իրավունքները, ապա ժողովուրդը իրավասու է կառավարությունը փոխարինել այնպիսի կառավարությամբ, որը կծառայի իր շահերին։ Այս դրույթը նոր էր պաշտոնական քաղաքական դոկտրինի համար։ Բացի այդ, դրա շնորհիվ բնական իրավունքները վերածվում են պետության՝ որպես ամբողջի նկատմամբ առանձին անհատների օրենքով ճանաչված սուբյեկտիվ իրավունքների։ Անձի սուբյեկտիվ իրավունքների պետական ճանաչումը որոշակիորեն խոչընդոտում է անձի նկատմամբ պետական իշխանության կամայականությունը։ Հռչակագիրը նաև պետական առաջին փաստաթուղթն է, որը հռչակում է ժողովրդական ինքնիշխանության՝ իբրև պետական կյանքի հիմքի գաղափարը։ Այստեղից էլ բխեցվում է իշխանությունը փոխելու ժողովրդի իրավունքը։
Օգտագործելով ժողովրդական գերակայության առաջադիմական սկզբունքը գաղութների անկախացման նպատակի համար՝ ամերիկյան բուրժուազիան այնուհանդերձ հեռու էր դրան հետևելուց: Այդ սկզբունքների հռչակումը չխոչընդոտեց, որ օրինական մնար սևամորթների ստրկությունը, ինչպես նաև տեղի էր ունենում հնդկացիների զանգվածային վայրագ կողոպուտ ու ոչնչացում: Սկզբունքորեն ԱՄՆ-ը դարձավ հասարակական անհավասարության դասական օրինակ[4]:
Իր անկախության համար պայքարող Միացյալ Նահանգների բուն արտաքին գործերի կազմակերպումն էլ նոր գծեր էր պարունակում իր մեջ: Սկզբնական շրջանում արտաքին հարաբերությունների համակարգումն իրագործվում էր Մայրցամաքային կոնգրեսի կողմից, ապա անցան դրա կողմից առանձնացված կոմիտեներին և անձանց, ովքեր պատասխանատու էին կոնգրեսի առջև:
Ֆիլիադելֆիայում առաջին Մայրցամաքային կոնգրեսի բացումից հետո, որը ընթացավ 1774 թ. սեպտեմբերի 5-ից մինչև 1776 թ. հուլիսի 4-ը, այդ ներկայացուցչական ժողովը չէր համարձակվում օգնություն խնդրել օտար երկրներից: Քանի որ նման դիմումը անգլիական կառավարության կողմից կարող էր ֆորմալ առիթ հանդիսանալ կոնգրեսի անդամներին պետական դավաճանության մեջ մեղադրելու համար: Կոնգրեսը բացահայտ օժանդակություն էր խնդրում միայն այլ բրիտանական գաղութներից և Իռլանդիայի ժողովրդից: 1775 թ. նոյեմբերի 29-ին ֆորմալ առումով ձևավորվեց մարմին, որը համապատասխանում էր արտաքին գործերի նախարարությանը, այն կոչվում էր գաղտնի թղթակցության կոմիտե: Նման բնույթի թղթակցություն պետք է ապահովեր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և այլ երկրներում: Կոմիտեն գոյություն ունեցավ մինչև 1777 թ. ապրիլ, երբ փոխարինվեց արտաքին գործերի կոմիտեով:
1776 թ. հունվարին կոնգրեսը գաղտնի թղթակցության կոմիտեին լիազորեց օտարերկրյա ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու 40 հազար ֆունտ ստերլինգին համարժեք ապրանքներ ներմուծել և նույն չափ էլ արտահանել: Թեև պաշտոնապես ներկայացվում էր, որ դա արվում է հնդկացիների որոշակիորեն օժանդակելու համար, սակայն իրականում Եվրոպայից գաղտնիորեն գնում էին ամերիկյան բանակի համար զենք և սպառազինություն[5]:
Դեռ 1763 թվականից, երբ մեկնարկեց Անգլիայի դեմ գաղութների հակամարտությունը, անգլիացիների հակառակորդ Ֆրանսիան Ամերիկայում գաղտնի գործակալներ էր պահում, որոնց կողմից հայտնվող տեղեկությունները հենց թագավորի կողմից էին ուսումնասիրվում: 1775 թ. վերջին Ֆիլադելֆիա ժամանեցին երկու ֆրանսիական առևտրային ներկայացուցիչներ: նրան հետ ամերիկացիները վառոդի և զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրեցին, այդ ապրանքները գաղտնիորեն պետք է փոխադրվեին Ամերիկա: Իսկ 1776 թ. մարտի 3-ին գաղտնի կոմիտեն Մայրցամաքային կոնգրեսի անդամ Սայլաս Դինին ուղարկեց Ֆրանսիա՝ որպես իր գատնի ներկայացուցիչ: Նրան հանձնարարված էր հասնել Ֆրանսիայի հետագա օժանդակությանը[6]:
Դինը պետք է Ֆրանկլինի անունից նամակ հանձներ գիտնականներ Ժ. Դ. Լե Ռուային և Բ. Դյուբուային, ովքեր ամերիկացիների բարեկամներն էին: Ենթադրվում էր, որ Դյուբուայի միջոցով հնարավոր կլինի կապվել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Շարլ դե Վերժենի հետ: Իսկ հանդիպելով նախարարին՝ Սայլաս Դինը հնարավորություն կունենար իրեն ներկայացնելու ոչ թե ամերիկյան վաճառական, ով հետաքրքրված է Փարիզի տեսարժան վայրերով, այլ հանձնել իր հավաստագրերը և պաշտոնապես խնդրել ֆրանսիական կառավարությունից աջակցել ամերիկյան գաղութներին զենքով ու սպառազինությամբ: Ֆրանսիայում իր առաքելությունը կյանքի կոչելուց հետո Դինը պետք է մեկներ նույն նպատակով Հոլանդիա: Հստակ է, որ այս դիվանագիտական առաքելությանը իրական նպատակների քողարկման ամբողջական համակարգ էր ձևավորվել:
Ամերիկյան հանրապետության դիվանագետները Ֆրանսիայում ստացան առաջադեմ բուրժուազիայի և ազատական պալատականների աջակցությունը: Արտգործնախարար կոմս Վերժենը ևս ամերիկացիների նկատմամբ դրական էր տրամադրված: Վերջինս դիվանագիտության հին դպրոցի ներկայացուցիչ էր և հետևում էր Մաքիավելիի «նպատակը արդարարցնում է միջոցները» հայտնի սկզբունքին: Նա սիրում էր ասել, որ ինչ-որ մեկի հետ գործ ունենալիս, միշտ պետք է ոգեշնչել գործընկերոջը, որ հոգ ես տանում հենց նրա շահերին մասին՝ չմտածելով սեփականի մասին, որքան ավելի հնարավորթյուն ունենաս ներշնչել այդ գաղափարը, այնքան ավելի հեշտ է հասնել սեփական նպատակներին: Վերժենի դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ բարեկամական էր, նա նոր պետության մեջ տեսնում էր Ֆրանսիայի հնամենի թշնամու՝ Անգլիայի հակառակորդի: Դրա հետ մեկտեղ նա առաջնորդվում էր մի շարք դիտարկումներով: Առաջնահերթ Ֆրանսիան ցանկանում էր ռևանշի հասնել Կանադան և Օստ-Ինդան (Արևելյան Հնդկաստան) կորցնելու համար: Մտնելով ԱՄՆ-ի կողմից պատերազմի մեջ՝ ֆրանսական դիվանագետները ցանկանում էին թուլացնել Անգլիայոին, վերադարձնել Կանադան և գրավել Վեստ-Ինդիայի (Արևմտյան Հնդկաստան) հին անգլիական գաղութները՝ դրանով իսկ ընդլայնելով ծովերում ֆրանսիական առևտուրը և ամրապնդելով Եվրոպայում Ֆրանսիայի դիրքը: 1775 թվականից Ֆրանսիան Ամերիկայում ապստամբած անգլիական գաղութներին սկսեց օգնության ձեռք մեկնել, սակայն Ֆրանսիան չէր շտապում Անգլիայի դեմ ուղղակի պատերազմի մեջ մտնել, Վերժեն սպասում էր, որ հակամարտող երկրները հիմնավորապես թուլացնեն միմյանց[7]:
Ֆրանսիական կառավարությունը ամերիկյան գաղութների հետ հարաբերությունները կարգավորելու համար ձևավորեց ոչ պաշտոնական ներկայացուցչություն, որը ղեկավարում էր Բոմարշեն: Վերջինս ապստամբ գաղութներին օգնելու նպատակով դեռ 1775 թ. հիմնեց ֆիկտիվ առևտրի տուն: Բոմարշեի օգնությամբ Սայլաս Դինը Ֆրանսիայից Ամերիկա տեղափոխեց կամավոր-սպաներ և ֆրանսիական զինանոցի զենքեր: Երբ Դինը ժամանեց Փարիզ և կապնվեց Բոմարշեի հետ, վերջինս տեղեկացրեց Դինին բոլոր գործերի մասին, սակայն չասեց ամենակարևորը, որ ինքը ֆրանսիական կառավարության գաղտնի գործակալն է: Հետագայում պարզվեց, որ այդ զգոնությունը տեղին էր: Դինն ամեն ինչ պատմել էր մեկ այլ ամերիկացի, Ֆրանսիայում կոնգրեսի գաղտնի գործակալ Էդուարդ Բանկրոֆտին, ով էլ միաժամանակ անգլիական կառավարության համար էր աշխատում:
Բոմարշեի աջակցությամբ ամերիկյան գաղութները զգալի օգնություն ստացան: Սայլաս Դինը ձեռք բերեց 20 հազար անձի համար հագուստ, 30 հազար հրացան, 100 տոննա վառոդ և ավելին քան 300 թնդանոթ: Ֆիկտիվ ընկերությունը 1776-ից մինչև 1783 թվականները շուրջ 21 միլիոն լիվր ծախսեց: Դրանից բացի Դինը զգալի գումար ստացավ նաև իսպանական կառավարությունից, որը ևս Անգլիայի հետ թշնամական հարաբերությունների մեջ էր[8]:
Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզում գործող իր լրտեսների միջոցով լավատեղյակ էր Դինի իրական գործունեության մասին, ուստի բողոքի նոտա հղեց ֆրանսիական կառավարությանը: Անգլիական նավատորմը սկսեց գրավել ֆիկտիվ ֆրանսիական առևտրային կազմակերպության նավերը:
ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ
«Անկախության հռչակագրի» հրապարակումից հետո ֆորմալ առումով Անգլիայից առանձնացած գաղութների կողմից ձևավորած ինքնուրույն պետությանը հնարավորություն ընձեռվեց Ֆրանսիա ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ ուղարկել: Դեսպանի ճիշտ ընտրությունը վիթխարի նշանակություն ուներ: Եվրոպայում ամերիկացիներից քչերին էին ճանաչում, անգամ Վաշինգտոնը առանձնակի ճանաչում չուներ: Փարիզ դեսպան ուղարկվեց միակ ամերիկացին, ով այդ ժամանակ որոշակիորեն հայտնի էր Եվրոպայում: Բազմակողմի տաղանդներ ունեցող, երկար տարիներ Անգլիայում գաղութի ներկայացուցիչ բնակված, ոչ միայն Անգլիայում, այլև Ֆրանսիայում զգալի անձնական կապեր հաստատած Բենջամին Ֆրանկլինն էր այդ դեսպանը:
Ի հակադրություն իր համաքաղաքացիների մեծամասնության, որոնց համար մտավոր հետաքրքրությունները անէական դեր էին խաղում, Ֆրանկլինը նշանակավոր մտածող, գիտնական և հասարակական գործիչ էր: Նա կարևորագույն բացահայտումներ է արել էլեկտրականության բնագավառում և նավաշինարարության տեսության հեղինակ էր: Բավականին խորը գիտելիքներ ուներ նաև քաղաքականության, տնտեսության բնագավառներում: Նա ընտրվել էր անգլիական Թագավորական գիտական ընկերակցության անդամ[9]:
Որպես նոր բուրժուա-դեմոկրատական շրջանակների ներկայացուցիչ շատ կարևոր էր, թե դեսպան Ֆրանկլինը ինչպիսի վարք կցուցաբերի հին կարգուկանոնին հակված Ֆրանսիայում: Ժամանելով Ֆրանսիա որպես Ամերիկյան հանրապետության դեսպան՝ Ֆրանկլինը առաջնահերթ պահպանեց ամերիկյան հանրությանը բնորոշ հասարակ հագուստով, նա ժամանակի ազնվականության բնորոշիչ հանդիսացող կեղծամ չէր կրում, սակայն շատ աչքի չընկելու համար նա սովորաբար անգամ սենյակներում գլխարկը չէր հանում: Սակայն ամերիկյան ապստամբների նկատմամբ համակրանքը Փարիզում այնքան բարձր էր, իսկ դեսպանն էլ այնքան ընդունելի էր, որ նման էքսցենտրիկ պահվածքը ֆրանսիացիների համար խոչընդոտ չհանդիսացավ:
Ֆրանկլինը դրական հարաբերություններ հաստատեց ոչ միայն ֆրանսիական կառավորության հետ, այլև դիվանագիտական կորպուսի մեծ մասի հետ, իհարկե բացառությամբ Ֆրանսիայում Անգլիայի դեսպան լորդ Ստորմոնտին: Օբյեկտիվ քաղաքական իրավիճակը Ֆրանսիայում ամերիկյան դիվանագիտության համար բարեհաճ պայմաններ էր ձևավորում: Ամերիկյան դեսպանը կարող էր օգտագործել Անգլիայի և Ֆրանսիայի միջև հնամենի թշնամանքը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ ֆրանսիական հասարակության առաջադեմ տարրերի համակրանքը Ամերիկյան հանրապետության հանդեպ: Իսկ Ֆրանկլինը հիրավի ունակ էր այդ երկու գործոններն էլ հավուր պատշաճի օգտագործել, ինչով զգալի ազդեցություն էր գործում Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոս 16-րդի և պալատականների վրա՝ նպատակ ունենալով Ֆրանսիային և Անգլիային պատերազմի դրդելու[10]:
Անգլիայի դեսպանը ֆրանսիական կառավարությանը սպառնաց, որ կլքի Փարիզը, եթե «ամերիկյան ապստամբների ղեկավարին» թուլատրեն այնտեղ հայտնվել: Այդ դժվարի իրավիճակից Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Վերժեն յուրօրինակ լուծում ուրվագծեց. նա պատասխանեց, որ Ֆրանկլինին Նանտում տեղեկացրել են Փարիզ մուտք գործելու արգելքի մասին, սակայն նամակը տեղ չի հասել: Իսկ երբ Ֆրանկլինը Փարիզում է, նրան վտարելը «սկանդալային անհույրաընկալություն» կլիներ և քաղաքակիրթ ժողովուրդների բարքերի խախտում: Այդպիսով Ֆրանկլինը հնարավորություն էր ստացել մնալու Փարիզում[11]:
Իր ժամանումը Ֆրանսիա Ֆրանկլինը ներկայացրել էր որպես ընտանեկան գործերով մասնավոր այց: Ֆրանկլինի ժամանումը նաև հետաքրքրել էր Ռուսաստանին, այսպես Փարիզում ռուս դեսպան իշխան Բարյատինսկին նշում է. «Ֆրանկլինը երեկ ժամանել է Փարիզ (գրված է դեկտեմբերի 15-ին): Հասարակությունը այնքան է զբաղված նրանով, որ ոչ մի այլ բանի մասին չի խոսվում, եթե ոչ նրա այցելության պատճառների մասին, բազմաթիվ տարատիպ նորություններ կան, ուստի դժվար է ընկալել ինչի վրա հիմնվել»: Ոմանց կարծիքով Ֆրանկլինը եկել էր «միայն այն պատճառով, որ իր երկու թոռներին տեղի ուսումնարար տար»: Մեկ այլ դիտարկմամբ Ֆրանկլինը մեկնում է Շվեյցարիա և «իր հետ ոսկու ձուլակտորներ է տանում 600 հազար լիվր արժողությամբ…՝ նպատակ ունենալով իր համար դղյակ գնել ու հանգիստ մահկանացու կնքել»: Ուրիշներն ասում էին, որ նա եկել է «Ֆրանսիայի հետ բանակցելու» դաշինք ձևավորելու համար, իսկ ոմանք էլ կարծում էին, որ Անգլիայի հետ խաղաղության բանակցություններ է վարում: Իսկ ամերիկյան գործերի մասին Ֆրանկլինն ասում է, որ անգլիացիների հաջողությունները «ոչինչ չարժեն»[12]:
Մինչ Ֆրանսիա մեկնելը՝ 1776 թ. մարտի 2-ին Ֆրանկլինը Ֆիլադելֆիայից Փարիզ նամակ է ուղարկում, որում կարծիք է արտահայտում այն մասին, որ եթե գաղութներն անկախանան Անգլիայից, ապա ըստ նրա «դրանց կոմերցիոն ոլորտի գլխավոր մասը կլինի Ֆրանսիայի հետ»[13]: Այդ նամակը Ֆրանսիայում հավանաբար զգալի տարածում է գտել, քանի որ դրա բովանդակության մասին անգամ ռուսական դեսպանն է փոխանցում Պետերբուրգ:
Ֆրանկլինի հետ ամերիկյան կոնգրեսը իրավահավասար լիազորություններով ևս երկու անձանց է ուղարկում. Սայլաս Դինին, ով թերևս ավելորդ վստահող էություն ուներ և Ջոն Ջեյին՝ Նյու Յորք նահանգի գերագույն դատավորին: Առաքելության այս երեք անդամներից բացի դրա կազմի մեջ էին Վիրջինիա նահանգից կոնգրեսի ներկայացուցիչ Արթուր Լին ու Էդուարդ Բանկրոֆտը, ով և անգլիական կառավարության լրտես էր: Հետագայում 1778 թ. Ֆրանկլինը նշանակվեց միանձնյա դեսպան[14]:
Խոսելով Եվրոպայում իր գտնվելու մասին՝ Ֆրանկլինը նշում է, որ «իր անձը ներկայացնում է Եվրոպայում ամերիկյան կառավարությունը և հարկադրված էր գործելու ոչ միայն որպես դեսպան, այլև որպես Ամերիկայից ժամանած ռազմական և ծովային գերատեսչությունների, գանձարանի, նավարդյունաբերության, գերիներին օգնության ու փոխանակման բյուրոյի, հյուպատոսի, ինչպես նաև ապրանքների առևտրականի կարգավիճակում»:
1776 թ. դեկտեմբերի 23-ին Փարիզում ամերիկյան առաքելությունը դիմեց երկրի արտաքին գործերի նախարար Վերժենին՝ նրան հղելով մի փաստաթուղթ, որն համարվում է ԱՄՆ-ի առաջին դիվանագիտական նոտան: Դրանում և հետագա բանակցությունների ընթացքում ամերիկացիներն առաջարկում էին Ֆրանսիային առևտրային և դաշնակցային պայմանագրեր կնքել: Նրանք խնդրում էին, որ Ֆրանսիան ութ ռազմական նավեր ուղարկի ֆիկտիվ առևտրային ֆրանս-ամերիկյան կազմակերպության նավերը անգլիական նավերից ազատելու համար:
Այդ առաջարկին ի պատասխան Վերժենը խոստացավ Միացյալ Նահանգներին գաղտնի աջակցություն: Իրոք մեկ տարվա ընթացքում ֆրանսիական կառավարությունը ամերիկացիներին 2 միլիոն լիվր հատացրեց որպես նվիրատվություն, ավելին ևս 1 միլիոնի էլ պարտք տվեց: Սակայն հիմնական հարցը՝ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու խնդիրը, Վերժենը դեռ հրաժարվում էր դիտարկել:
Փորձելով թուլացնել իր բազմադարյա հակառակորդին՝ Անգլիային, ֆրանսիական կառավարությունը ամերիկացիներին թեև ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, այնուհանդերձ նա ամերիկացիներին դիտարկում էր որպես «օրինական միապետ դեմ դուրս եկած ապստամբներ»: Նման մտածողությունը բնական է, քանի որ Ֆրանսիայում դեռևս շարունակում էր իշխել բացարձակ միապետությունից և երկրի համար ցանկալի չէր որևէ այլ միապետի թուլացումը, դա անուղղակիորեն հարված կլիներ սեփական իշխանությաննկատմամբ: Մինչդեռ ամերիկացիների շրջանում նոր բուրժուական հանրույթն ու նոր բարքերն էին կայանում:
Ֆրանսիայում քիչ թիվ չէին կազմում նաև ամերիկյան անկախացման գործընթացին համակրող անձանց թիվը: Այսպես ամերիկյան գաղութներին օգնելու ցանկությամբ Բոմարշեն նամակով դիմում է Լյուդովիկոս 16-րդին: Նա վստահեցնում է թագավորին, որ ամերիկացիներին աջակցություն կտրվի միայն այն բանի համար, որպեսզի հավասարեցվի անգլացիների հետ նրանց ուժերը և ձգձգելու պատերազմը անվերջ: Թագավորին այդ գաղափարը դուր եկավ: Սակայն անգամ նման աջակցությունը «ապստամբներին» ֆրանսիական թագավորին անհանգստացնում էր, համաձայնելով օգնել ամերիկացիներին, նա գտնում էր, որ սխալ է վարվում: Սկզբունքորեն Լյուդովիկոս 16-րդի մոտ «միապետների համերաշխության» հակվածություններ էր նշմարվում, սակայն պետք էր հասկանալ, որ ժամանակները փոխվում էին, ինչը նոր իրողություններ էր թելադրում:
Իսկ «անկախացած» գաղութները այդ ժամանակահատվածում ծայրահեղ վիճակի մեջ էին հայտնվել: 1777 թ. օգոստոսին Ամերիկյան հանարպետության դեսպանները ֆրանսիական կառավարությանը հուշագիր ներկայացրեցին: դրանում ասվում էր, որ եթե Ֆրանսիան ավելի արդյունավետ օժանդակություն չհատկացնի, ապա ամերիկյան գաղութները Անգլիայի հետ հաշտության պայմանագիր կկնքեն: Ֆրանսիական իշխող շրջանակները հասկանում էին, որ այդ սպառնալիքը բավական ռեալ է, առավել ևս եթե հաշվի ենք առնում, որ և՛ Ամերիկայում, և՛ Անգլիայում զգալի թիվ էին կազմում պատերազմը դադարեցնելու կողմնակիցները: Սակայն, չնայած կրիտիկական դրությանը, Վերժենը չէր շտապում պատասխանել: Այդ ժամանակ կոնգրեսը բանակցություններ սկսեց վարել Անգլիայի հետ, սակայն անգլիական զորքերի ձեռքբերումների արդյունքում այդ բանակցությունները անգլիական կողմի նախաձեռնությամբ դադարեցվեցին:
Ապստամբների համար իրավիճակը Ամերիկայում դառնում էր ավելի ու ավելի վտանգավոր: Անգլիացիները գրավեցին Ֆիլադելֆիան, կոնգրեսը հարկադրված էր փոխադրվելու Յորքթաուն: Անգլիացիները որոշեցին վերջնականապես ճնշել ապստամբությունը և մեծ բանակ հանեցին գաղութների դեմ: Այդ ռազմական օպերացիայի ողջ Եվրոպայի ուշադրության կենտրոնում էր:
Ֆրանսիայում Անգլիայի դեսպան լորդ Ստորմոնտը գնաց Փարիզի բոլոր դեսպանությունները և հաղորդեց այն մասին, որ անգլիացիները նշանակալի հաղթանակ են տարել ամերիկացիների հետ առաջին բախման ժամանակ: Սակայն երբ լուր տարածվեց այն մասին, որ 1777 թ. հոկտեմբերին անգլիական բանակը Սարատոգայի մեջ շրջապատվել և ամբողջական կազմով կապիտուլացվել է[15], Ֆրանկլինը սկսեց տարածել այդ տեղեկատվությունը, այդ պատմական իրադարձության մասին մանրամասնություններ էր հղում մեծ թվով անհրաժեշտ գերատեսչությունների ու ներկայացուցչությունների:
Այդպես 1777 թ. դեկտեմբերին ռազմական գործողությունների ընթացքում բեկում տեղի ունեցավ: Արդյունքում ԱՄՆ-ի և Անգլիայի միջև խաղաղության բանակցությունները վերականգնվեցին: Վերժենը ուշադրությամբ հետևում էր դրանց ընթացքին: Այդ բանակցությունների արդյունքների մասին տեղեկանալու համար, նա համաձայնության էր եկել այն տան սեփականատիրոջ հետ, ուր մնում էին Ֆրանկլինն ու Դին: Այդ լրտեսը ունկնդրում էր խոսակցությունները և այլ տարբերակներով վկայություններ էր հավաքում իր տնվորներից: Նա հայտնեց Վերժենին, որ բանակցությունները ամբողջ թափով ընթանում են և խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի: Սարատոգայի հաղթանակը և սպասվելիք խաղաղություն կնքելու մասին տեղեկությունը հարկադրեցին Վերժենին ու Լյուդովիկոս 16-րդին, որ անհապաղ պետք է գործել, քանի որ իրավիճակի ձգձգումը կարող էր հանգեցնել Անգլիայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հաստատմանը, արդյունքում Անգլիայի ձեռքերը կազատվեին, ինչը կարող էր սպառնալ Վեստ-Ինդիայում Ֆրանսիայի գաղութների կորստով: Ֆրանկլինի հետ սերտ կապեր ունեցող Բոմարշեն ամեն կերպ փորձում էր համոզել Լյուդովիկոս 16-րդին, որ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների հետ դաշնակիցներ դառնալ:
1777 թ. դեկտեմբերի 6-ին Վերժեն հայտնեց Ֆրանկլինին, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու բանակցություններ սկսել: Այս քայլով Վերժեն ցանկանում էր երկարաձգել պատերազմը Անգլիայի և ամերիկյան գաղութների միջև՝ հույս ունենալով, որ դրանով երկուսն էլ կթուլանան[16]:
Վերժենից խոսում ստանալով, որ կկնքվի ֆրանս-ամերիկյան միություն՝ Միացյալ Նահանգները դադարեցրեց Անգլիայի հետ հաշտության բանակցությունները: Սակայն այդ ամենին հասնելով՝ Վերժենը կրկին սկսեց հապաղել: Նա հայտնեց Ֆրանկլինին, որ դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին պայմանագիրը կկնքվի միայն այն բանից հետո, երբ դրան միանա Իսպանիան: Մինչդեռ իսպանական կառավարությունը չէր կարող այդ պահին պատասխանել, քանի որ Վերժենը պաշտոնական Մադրիդից նման մոտեցման առաջարկություն ամենևին էլ չէր արել: Միայն 1778 թ. փետրվարի 6-ին, լուրեր ստանալով, որ ԱՄՆ-ը կրկին սկսում է բանակցել Անգլիայի հետ, Ֆրանկլինը երկու կարևորագույն պայմանագրեր է կնքում Ֆրանսիայի հետ՝ դաշնակցային և առևտրային[17]:
Դաշնակցային պայմանագիրը նշանակում էր, որ Ֆրանսիան Անգլիայի դեմ հակամարտության մեջ էր մտնում: Այդ պայմանագրով Ֆրանսիան առաջին տերությունն էր, որ ոչ միայն ճանաչեց ԱՄՆ-ի ինքնիշխանությունը, այլև երաշխավորում էր նրա անկախությունը: Իսկ մյուս կողմից Միացյալ Նահանգները երաշխավորություն էին տալիս, որ Ամերիկայում ֆրանսիական տիրույթները անձեռնմխելի կմնան: Միացյալ Նահանգները իրավունք ստացան ամերիկյան մայրցամաքում բրիտանական տիրույթների նկատմամբ հավակնություն ցուցաբերելու, այդ թվում նաև Կանադայի և Բերմուդյան կղզիների նկատմամբ, իսկ Ֆրանսիան՝ Վեստ-Ինդիայի անգլիական տիրույթների նկատմամբ: «Մենք կնքեցինք Ֆրանսիայի հեշտ դաշնակցային և առևտրային պայմանագրեր, — գրում է Ֆրանկլինն իր որդուն: — Դրանք բավականին շահավետ են ԱՄՆ-ի համար: Այդ պայմանագրերը ուղարկում եմ այս փոստով: Ողջ Եվրոպան մեր կողքին է, իսկ Անգլիան շղթայված է»:
Կնքված պայմանագրերի արդյունքում անգլիական դեսպանը լքեց Փարիզը: Մարտի 20-ին Ֆրանկլինը և ուրիշ ամերիկյան գործիչներ ամերիկյան առաքելության քսան անդամների ու աշխատակիցների հետ ընդունելության արժանացան Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի մոտ: Սակայն ԱՄՆ-ի ներկայացուցիչները այդպես էլ չներկայացվեցին դիվանագիտական կորպուսին:
Այդպիսով՝ Սարատոգայի մոտ ամերիկացիների հաղթանակը ոչ միայն մեծ ռազմական իրադարձություն էր, այլև իր հետ բերեց հեռուն գնացող միջազգային հետևություններ: Ֆրանսիայի թագավորական կառավարությունը, հաղթահարելով ամերիկյան ապստամբ-հանրապետականների նկատմամբ բացասական տրամադրությունները, ճանաչեց նոր ամերիկյան հանարապետությունը, ԱՄՆ-ի հետ դարձավ դաշնակիցներ և Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ[18]: Կոնգրեսը ֆրանսիական կառավարության կողմից Ֆրանկլինի միջոցով կլորիկ գումար և մեծ թվով զինամթերք ստացավ: 26 գծանավերից կազմված հզոր ֆրանսիական նավատորմը ուղևորվեց դեպի Ամերիկայի ափերը:
Անգլիայի և Ֆրանսիայի միջև ռազմական գործողությունները մեկնարկեցին նաև Հնդկաստանում: Ֆրանսիական նավատորմը հարձակվեց անգլիական նավերի վրա ոչ միայն օվկիանոսային առևտային ուղիների երկայնքով, այլև անգլիական ջրային տարածներում:
1778 թ. Սայլաս Դինի փոխարեն, ում մեղադրեցին Ֆրանսիայի հետ գաղտնի դաշնակցային պայմանագրի բարձրաձայնման համար, Փարի ուղարկվեց Ջոն Ադամսը: Դիվանագիտական սովորույթներին համաձայն դեսպանը որևէ երկրում կարող է նշանակվել միայն իր կառավարության համաձայնությամբ: Ադամսն առաջարկեց դիվանագիտությա մեջ նոր մեթոդ կիրառել, որոնք նման են այն մեթոդներին, որոնք ամերիկացիները կիրառում էին ռազմական գործողությունների ժամանակ, երբ նրանք հրաժարվեցին գծային շարքերից և անցան գործողությունների առանձին շղթաներով: Անկանոն մեթոդներով գործող ամերիկյան ապստամբերը՝ ոստիկանները զգալի աջակցություն էին ցուցաբերում կանոնավոր բանակին: Դրա հետ կապված հենց Ջոն Ադամս էլ առաջարկեց անկանոն գործողությունների մարտավարությունը կիրառել նաև դիվանագիտության մեջ: Հետագայում կիրառվեց նաև «ոստիկանական դիվանագիտություն» արտահայտությունը: Ադամսն առաջարկեց մի կողմ թողնել ավանդույթը, որ դեսպաննոեր կարող են նշանակվել միայն այն երկրներում, որոնց հետ արդեն իսկ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, ավելին միայն այն դեսպաններին, ում ընդունելի նախնական համաձայնություն է տվել տվյալ երկրի կառավարությունը: Ադամս առաջարկում էր դեսպաններ ուղարկել բոլոր այն երկրները, ում հետ Միացյալ Նահանգները ցանկանում էր հարաբերություններ հաստատել՝ առանց կանխավ հարցնելու այդ երկրի կառավարության համաձայնությունը[19]: Իսկ Ֆրանկլինը դեմ էր դրան: Սակայն նա դեսպանական առաքելության երեք անդամներից մեկն էր և հարկադրված էր ենթարկվել մեծամասնությանը:
Իսպանիան Ֆրանսիայի հետ դաշնակցային հարաբերություններ մեջ էր, ուստի 1779 թ. Անգլիայի դեմ պատերազմի դուրս եկավ, սակայն Իսպանիայի իշխող շրջանակները ամերիկյան գաղութների ապստամբությունը և դրանց առանձնացումը Անգլիայից ամենևին ցանկալի չէին համարում: Այդ տրամադրությունները ավելի ուժեղացան, երբ ամերիկյան գաղութների ապստամբության ազդեցության տակ ազատագրական շարժումներ սկսվեցին նաև իսպանական Ամերիկայում: Երբ Մայրցամաքային կոնգրեսի ներկայացուցիչ Արթուր Լին ուղարկվեց Մադրիդ որպես դեպսան, իսպանական կառավարությունը նրան կես ճանապարհին թողեց: Որից հետո Լին նշանակվեց դեսպան Պրուսիայում: Նա ժամանեց Բեռլին, սակայն Ֆրիդրիխ Երկրորդի կողմից ընդունելության չարժանացավ:
Արթուր Լիի եղբորը՝ Ուիլյամին կոնգրեսը ուղարկեց և՛ Բեռլին, և՛ Վիեննա, սակայն նրան ոչ մի տեղ էլ չհաջողվեց հասնել, արդյունքում նա մնաց Փարիզում: Ադամսին ուղարկեցին Հաագա, սկզբում նա Նիդերլանդների կողմից Միացյալ Նահանգները ճանաչելու նպատակին չհասավ, միայն 1782 թ. նրան ճանաչեցին որպես ԱՄՆ-ի դեսպան: Այդ ընթացքում Ռուսական կայսրությունում էլ Ֆրենսիս Դեյնը ցանկանում էր Եկատերինա Երկրորդի ճանաչումը ստանալ, սակայն անարդյունավետ[20]:
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՆ—Ի և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ. 1783 Թ. ՎԵՐՍԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1778 թ. ֆրանս-ամերիկյան պայմանագրերից հետո ծովում անգլիական տիրապետումը սպառնալիքի տակ հայտվեոցԼ Անգլիայի դեմ հանդես եկան երկու հզոր ծովային տերություններ՝ Իսպանիան և Ֆրանսիան: 1779 թ. աշնանն Անգլիայի թագավոր Գեորգ Երրորդը նամակով օժանադկություն խնդրեց Եկատերինա կայսրությունց: Վերջինս համար պարզ էր, որ Անգլիայի վիճակն իրոք շատ դժվար է, Հոլանդիայում էլ էր ակտիվացել հականագլիական տրամադրությունը: Սակայն Ռուսաստանը, ի հակառակ Անգլիայի խնդրանքի, հյուսիսային չեզոք երկրների միավորում ձևավորեց նպաըակ ունենալով ետ մղել առևտրային նավերի վրա անգլիական նավատորմի հարձակումներից պաշտպանվել: Եկատերինան այդ նախագծին առաջարկեց միանալ նաև Շվեդիային ու Դանիային: Այս կարևոր քայլը առաջնահերթ ուղված էր Անգլիայի հավակնությունները ծովերում զսպելուն և նրա տիրատեպմանը վերջ տալուն:
1780 թ. փետրվարի 28-ին Եկատերինան ծովային առևտրի սկզբունքների մասին իր հռչակագիրը ուղարկեց Անգլիա, Ֆրանսիա և Իսպանիա, դրա հիմնական դրույթներից էր այն, որ չեզոք երկրների նավերը կարող են ազատորեն պատերազմի մեջ գտնվող երկրների ծովային տարածքներում: Այդ գերնպատակի իրագործման երաշխիքը լինելու էր ռուսական նավատորմի զգալի ուժերը:
«Ռազմական չեզոքության» հայտարարումը Անգլիայի՝ հակառակորդների ձեռքերը կապելու նկրտումներին ուժեղ հարված էր: Անգլիան արդեն իսկ պատերազմի մեջ էր Ֆրանսիայի, Իսպանիայի և գաղութների դեմ, իսկ այժմ էլ մի շարք երկրներ պատրաստ էին նրա դեմ ռազմական գործողություններ ծավալել, եթե Անգլիան խոչընդոտեր իրենց առևտուրը: 1781 թ. հյուսիսային երկրներին՝ Ռուսաստան, Հոլանդիա, Դանիա, Շվեդիա, միացան Ավստրիան և Պրուսիան, 1782 թ.՝ Պորտուգալիան, իսկ 1783 թ. Սիցիլիան[21]:
Իսկ արդեն 1780 թ. ռազմական չեզոքության խոշորագույն ներկայացուցիչ, հզոր ծովային տերություն և ժամանակի համաշխարհային բանկիր Հոլանդիան Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ:
Զինված չեզոքության հռչակումը նշանակում էր Անգլիայի վերջնական դիվանագիտական իզոլյացիա և վերջ էր տալիս նար տիրապետմանը ծովում: Սկզբունքորեն Ռուսատան այս հարցում աջակցություն ցուցաբերեց Միացյալ Նահանգներին, որը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ էլ չուներ: ԱՄՆ-ը իր դրական վերաբերմունքն արտահայտեց Ռուսաստանի կողմից ձևավորած զինված չեզոքության նախագծին և պատրաստակամություն հայտնեց պահպանելու դրա հռչակագրի դրույթները[22]:
Այդ նույն ժամանակահատվածում Ամերիկայում պատերազմը շարունակվում էր: Անգլիացիները հաղթանակներ էին տանում: Այն դժվար ժամանակ, երբ անգլիական զորքերը այրեցին հարավի մի շարք քաղաքներ, գրավեցին Հարավային Կարոլինան և շարժվեցին դեպի Վիրջինիա, կոնգրեսը Փարիզ ուղարկեց Լորենսին՝ հավելյալ աջակցություն ստանալու համար[23]: Ֆրանկլինի միջնորդությամբ Լորենսին հաջողվեց ստանալ Ֆրանսիայի նոր սուբսիդավորումը, նա ԱՄՆ-ի համար մեծ պարտք վերցրեց: Դրանից բացի Ֆրանսիան օգնություն ուղարկեց մեծ նավատորմ, նոր զինվորականներ, ինչպես նաև զենք ու զինամթեր 20 հազար անձանց համար: Անկախության համար պատզրամի կարևորագույն շրջանում ամերիկացիները ևս մեկ անգամ Ֆրանսիայի աջակացությունը ստացան:
Հիվանդ 74-ամյա Ֆրանկլինը կոնգրեսին խնդրեց իրեն ազատել իր պարտականություններից և վերադառնալ հայրենիք, սակայն կոնգրեսը նրան «վերջին հանձնարարականը» տալ՝ բանակցություններ վարել Անգլիայի հետ:
1781 թ. Ռուսաստանն ու Ավստրիան հակամարտող տերություններին առաջարկեցին միջնորդություն ցուցաբերել խաղաղության հասնելու համար: Այդ միջնորդությունը ընդունվեց երկու կողմից էլ: Անգլիան առաջարկեց Ռուսաստանին հանձնել Մինորկա կղզին, եթե Պետերբուրգը միջնորդության ընթացքում ի նպաստ Անգլիայի գործի: Կայսրուհին հրաժարվեց նման ընծայից, սակայն միջոնդրությունը իրագործվեց: Թեև այն ավարտին չհասվեց, քանի որ Անգլիան ու Ֆրնսիան Ռուսաստանի առաջարկությունները ընդունելով, սկսեցին ուղղակի բանակցություններ վարել: Անգլիան նաև ուղղակի բանակցությունների մեջ մտավ Միացյալ Նահանգների հետ:
1781 թ. Յորքթաունում անգլիական զորքերը վճռորոշ պարտություն կրեցին[24]: Իսկ Անգլիայում իշխանության եկան այդ ընթացքում վիգերի կուսակցությունը, ովքեր կողմնակից էին ամերիկյան գաղութների հետ հաշտության հաստատմանը: Արդյունքում սկսվեցին խաղաղության բանակցությունները:
Սկզբում կոնգրեսը բանակցություններ վարելու լիազորությունը տվեց միայն Ջոն Ադամսին, սակայն 1781 թ. հունիսի 15-ի կոնգրեսի որոշմամբ խաղաղության բանակցությունների համար ձևավորվեց հինգ անձից կազմված առաքելություն, որին մասնակից էին նաև Բենջամին Ֆրանկլինն ու Ջոն Ջեյը: Վերջինս զգալի դեր խաղաց բանակցությունների ընթացքում:
Ջեյին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի աջակցությամբ Անգլիան ու ԻՍպանիան պատրաստվում են իրար մեջ բաժանել ամերիկյան Արևմուտքը, իսկ Ֆրանսիան ամենևին էլ դեմ չէ, որ հաշտություն կնքվի ի վնաս Միացյալ Նահանգների: Այդ ժամանակ որևէ բան չասելով Ֆրանկլինի, Ջեյը Փարիզում անգլիական գործակալներից մեկի միջոցով 1782 թ. սեպտեմբերին ուղղակի բանակցությունների մեջ մտավ անգլիական կառավարության հետ: Այդ ընթացքում Անգլիայի կառավարությունը ղեկավարում էր Շելբերնը, ով որոշել էր իր երկրի հակառակորդներին բաժանել և դրա համար էլ փորձում էր յուրաքանչյուր հետ առանձին բանակցություններ վարել: Շելբերնը Ջեյի առաջարն ընդունեց: Հետագայում արդեն անգլո-ամերիկյան բանակցություններն ընթանում էին Ֆրանսիայից գաղտնի:
Թեև ամերիկյան դելեգատները հստակ ցուցում էին ստացել կոնգրեսից բոլոր բանակցությունները վարել Ֆրանսիայի իմացության պայմաններում: Սակայն Ջեյը զանցել էր ցուցումը և իր կողմն էր գրավել նաև Ջոն Ադամսին և սկսել էին գործել Ֆրանսիայի ԱԳՆ Վերժենից, շատ դեպքերում նաև Ֆրանկլինից էլ առանձին: Բանակցությունների արդյունքում Անգլիան ճանաչեց իր նախկին գաղութների անկախությունը և նրանց հետ իրավահավասարության հիմքով պահյմանագիր կնքեց[25]:
Այդ պայմանագրի դրույթները մշակվեցին 1782 թ. Փարիզում և փաստացի ուժի մեջ մտան 1783 թ. սեպտեմբերի 3-ին՝ ստորագրումից հետո: Դրանով Միացյալ նահանգների անկախությունը ֆորմալ ճանաչվեց խաղաղության պայմանագրի մեջ, որը կնքվեց մի կողմից, այնուհետ անգլո-ամերիկյան պայմանագիրը վավերացվեց և՛ Անգլիայի, և՛ ԱՄՆ-ի կողմից: Անգլո-ամերիկյան պայմանագրի կազմված էր տասը կետերից, առաջին հոդվածը շեշտում էր, որ Անգլիան ճանաչում է ԱՄՆ-ի անկախությունը[26]:
- Մեծ Բրիտանիան ճանաչում էր Տասներեք գաղութները որպես ինքնավար և անկախ պետություններ (նահանգներ) և հրաժարվում է նրանց ղեկավարելու, նրանց տարածքների և սեփականության որևէ նկրտումներից,
- Հաստատվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի միջև սահմանները,
- ԱՄՆ-ին իրավունք էր տրվում ձկնորսությամբ զբաղվելու Մեծ Նյուֆաունդլենդյան ջրերում և Սուրբ Լավրենտիոսի ծոցում,
- Հաստատվում էր երկու երկրների պարտքերի մարման պարտավորությունը,
- Համադաշնության կոնգրեսը պետք է «համոզիչ կերպով առաջարկեր» նահանգներին որոշում ընդունելու լոյալիստների (միապետության կողմնակիցների) սեփականությունը բռնագրավելու համար կոմպենսիացիա վճարելու հարցում,
- ԱՄՆ-ը պարտավորվում է դադարեցնել լոյալիստների սեփականության հետագա բնագրավումը,
- Ռազմական գերիները ազատվում էին երկու կողմից էլ, բրիտանական բանակը դուրս էր բերվում ԱՄՆ-ից, և ամերիկյան սեփականությունը (ներառյալ սևամորթ ստրուկները) չէր խաթարելու և չէր տանելու իր հետ,
- Երկու երկրներն էլ մշտապես Միսիսիպի գետից օգտվելու իրավունք ստացան,
- 1782 թ. նոյեմբերի 30-ին նախնական համաձայնագրի ստորագրումից հետո երկու կողմից էլ գրավված տարածքները ենթակա էին վերադարձման՝ առանց հատուցման,
- Պայմանագրի վավերացումը պետք է տեղի ունենար ստարոգրումից հետո 6 ամսվա ընթացքում:
Իրականում պայմանագրի ոևոշ դրույթներ խախտվեցին: Լայոլիստների փոխհատուցում տալու մասին որոշումը չկայացվեց, իսկ նրանց սեփականությունը շարունակվում էր բռնագրավվել; Հաճախ բրիտանացի զինվորականները սևամորթ ստրուկների իրենց հետ էին տանում: Ներկա դրությամբ այս պայմանագրից ուժի մեջ է միայն առաջին հոդվածը[27]:
Քանի որ ԱՄՆ-ի և Անգլիայի միջև պայմանագիրը ստորագրվել էր առանց «դաշնակցային» ֆրանսիական կառավարության իմացության, վերջինս մեծ դժգոհություն էր արտահայտում: Իսկ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարգավորելու առաքելությունը կրկին վերապահված էր Ֆրանկլինին, ով և իր վառ ունակությունների միջոցով կարողացավ այդ խրթին հիմնախնդիրն էլ կարգավորել: Միայն 1785 թ. Ֆրանկլինն թույլատրեցին վերադառնալ հայրենիք, երբ արդեն 79-ամյա ծերունի էր:
Միացյալ Նահանգների կազմավորման շրջանում ամերիկյան բուրժուզիայի արտաքին քաղաքականության հիմնական բովանակդություն էր անկախության համար պայքարը, ԱՄՆ-ի պետական ինքնավարության հաստատումը: Սակայն արդեն այդ ժամանակ ամերիկյան բուրժուազիայի համար արդեն իսկ բնութագրական էին ծավալապաշտական նկրտումները: Ազատվելով մետրոպոլիայի իշխանությունից՝ ամերիկյան գաղութները բռնեցին ագրեսիայի ու գրավումների ուղին: Պետության տարածքների ընդլայնումը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահագների դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկը: Դեռ անկախության համար պատերազմի շրջանում ամերիկյան արդյունաբերողները, հողատերեն ու խոշոր ֆերմերները հնարավորին ցանկանում էին ԱՄՆ-ի տարածքի ընդլայնում:
1778 թ. Ջոն Ադամսը հստակորեն շեշտեց երկրի ծավալապաշտական քաղաքականությունը. «Քանի դեռ Մեծ Բրիտանիան տիրում է Կանադային, Նոր Շոտլանդիային և Ֆլորիդային կամ այդ գաղութներից որևէ մեկին, Մեծ Բրիտանիան կլինի Միացյալ Նահանգների թշնամին…»[28]:
Նույն այդ թվականին անկախության շարժման հայտնի ներկայացուցիչ Սեմուել Ադամսը նույնպես պահանջում էր Կանադայի, Նոր Շոտլանդիայի և Ֆլորիդայի գրավում. «Մենք երբեք ամուր դիրքեր չենք ունենա, քանի դեռ Բրիտանիան մեզ չի զիջել այն, ինչը Բնությունը նախատեսել է մեզ տիրելու համար, կամ քանի դեռ չեն խլի իրենցիցի այդ տիրույթները»[29]: Նմանատիպ գաղափարները առկա էին բազում քաղաքական գործիչների մոտ, սկզբունքորեն ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունը երկրի ձևավորման սկզբից և ետ իրողություն էր:
Դիվանագիտության պատմության տեսանկյունից հետագա շրջանում Միացյալ Նահանգների համար կարևոր էր նաև Ֆրանսիայի հետ հարաբերությունները. 1778 թ. դաշինքը իր վախճանին հասավ արդեն 1793 թվականին[30]: Այդ ժամանակ Մեծ բրիտանիան պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի դեմ, սակայն 1794 թ. Միացյալ նահանգները հրապարակեց չեզոքության ֆորմալ հռչակագիր:
Անգլո-ամերիկյան հարաբերությունները առավել համակարգվեցին 1794 թ. նոյեմբերի 19-ին Լոնդոնում ստորագրված պայմանագրով, որում անդրադարձ եղավ արդեն երկու երկրների միջև առկա մի շարք վիճելի հարցերի՝ մասնավորապես նավագնացության առումով[31]:
***
Միացյալ Նահանգները կազմավորումը համապատասխանում էր համաշխարհային պատմության մեջ արմատական փոփոխությունների շրջանի մեկարկին, երբ ավանդական միապետական կառավարման համակարգերը աստիճանաբար կորցնում էին իրենց դերը և վերափոխվում էին ժողովրդավարական նորմերով առաջնորդվող ներկայացուցչական մարմինների: Մեր մոտեցումն այն է, որ այս գլոբալ միտումների առանձին դրսևորում էր ամերիկյան հանրապետության ձևավորումը, որի գաղափարախոսներն էին նոր բուրժուազիան: Մենք գտնում ենք.ժ, որ այս նոր իրողությունների տրամաբանական շարունակություններ էր 1789 թվականին Ֆրանսիայում սկիզբ առած Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը արմատապես փոխեց ավանդական միապետական Եվրոպայի քաղաքական դիմագիծը, արդեն այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրները շարժվում են այն խաղի կանոններով, որոնք ընկած էին Միացյալ Նահանգների հիմնադրման մեջ: ԱՄՆ-ի «Անկախության հռչակագիրը. և դրանում արտահայտված դրույթները ժամանակակից ժողովրդավարական կարգերի հիմնադրույթներն են պարունակում իրենց մեջ:
Բազմաթիվ են տեսական մոտեցումները, որ այդ նոր տեղաշարժերը պլանավորված էին կիսագաղտնի կազմակերպությունների, մասնավորապես մասոնական օթյակների կողմից և ամենևին էլ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի մեծամասնությունը մասոններ էին: Մենք ևս հակված ենք այդ տեսակետին, սակայն նման հետազոտության գիտական նյութը որքան էլ հետաքրքիր է, այնքան էլ ոչ միանշանակ ու երբեմն առարկայազուրկ, ուստի մեր հետազոտության մեջ այդ շեշտերին չեն մանրամասնել, բավարարվել ենք ամերիկյան հանրապետության դիվանագիտական պրակտիկայի ուսումնասիրությամբ[32]:
Սկզբունքորեն Միացյալ Նահանգները, լինելով Մեծ Բրիտանիայի գաղութը, կարողացավ ճիշտ օգտագործել ժամանակի գերտերությունների միջև առկա հակասությունները, մասնավորապես Ֆրանսիայի և Անգլիայի միջև դարավոր հակամարտությունը ԱՄՆ-ը օգտագործեց ի նպաստ իրեն. Ֆրանսիան զգալի նյութական աջակցություն էր տրամադրում ԱՄՆ-ին, իսկ հետագայում ներգրավվեց նաև պատերազմի մեջ՝ համապատասխան պայմանագրեր կնքելով: Հետագայում Անգլիայի դեմ պատերազմի ելան նաև Իսպանիան ու Հոլանդիան, իսկ մնացյալ առաջատար Եվրոպական տերությունները զինված չեզոքություն էին պահում, որն ըստ էության ցանկալի էր հենց Միացյալ Նահանգներին:
ԱՄՆ-ը ի սկզբանե ասիմետրիկ գործողությունների էր դիմում ինչպես ռազմական թատերաբեմում, այնպես էլ դիվանագիտության մեջ: Ամերիկյան գործիչները նոր մշակույթ էին տարածում, ավելի հասարակ անձանց ու ոչ ձևական բարքի: ԱՄՆ-ը առանց ընդունող երկրի նախնական համաձայնության անգամ դեսպաններ էր ուղարկում եվրոպական երկրներ, փորձում էր տարբեր ձևերով կապի մեջ մտնել նրանց հետ: Ու սա այն դեպքում երբ եվրոպական երկրների մեծամասնությունը միապետական էր ու բացասարաբար էր տրամադրված գաղութներում ծագող ցանկացած ապստամբության, այնուհանդերձ ԱՄՆ դիվանագետները կարողացան ի նպաստը իրենց օգտագործել Եվրոպական տերությունների հակասությունները: Դրան հավելյալ նաև Անգլիայի դեմ պատերազմում ամերիկյան զորքերի ձեռքբերումները, արդյունքում Անգլիան ուղղակի հարկադրված էր զիջումների գնալու և արդեն 1783 թ. ճանաչեց Միացյալ Նահանգների անկախությունը:
Միացյալ Նահանգների դիվանագիտական հաջողությունների մեջ ինքնին մեծ դեր ունեին առանձին անհատներն, ովքեր լիազորված լինելով Համադաշնային կոնգրեսի կողմից կարողանում էին սեփական արտահայտված ունակությունների միջոցով հասնել ԱՄՆ-ի համար ցանկալի վիճակների: Առավել ևս գաղտնի բանակցությունների կամ քողարկված այցելությունների դեպքում անհատական ունակությունները առաջնային նշանակություն են ստանում:
Միացյալ Նահանգների ձևավորումը և կայացումը դիվանագիտական տեսնակյունից վառ կերպով ապացուցում է, թե ինչպես կարող է ազատագրական պայքարը ճիշտ ուղղությամբ հանել և հասնել վերջնական հաջողության:
[1] Մանրամասն տե՛ս Bancroft G., History of the United States of America, from the discovery of the American continent. (1854–78), vol. 7–10.
[2] Томас Пейн «Здравый смысл» // http://inliberty.ru/library/classic/516/
[3] The U.S. State Department (1911), The Declaration of Independence, 1776, էջ 10, 11:
[4] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 382-383:
[5] Потемкин В. П. История дипломатии. Том 1: С древнейших времен до нового времени, М., 1941 // http://lib.rus.ec/b/270294/read
[6] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, 384-385
[7] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 385
[8] http://www.diphis.ru/missiya_saylasa_dina-a90.html
[9] Բենջամին Ֆրանկլինի մասին մանրամասն տե՛ս օրինակ Brands H. W., The First American: The Life and Times of Benjamin Franklin, 2010
[10] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 387
[11] Потемкин В. П. История дипломатии. Том 1: С древнейших времен до нового времени, М., 1941 // http://lib.rus.ec/b/270294/read
[12] Архив внешней политики России, фонд «Сношения России с Францией», дело 312, л. 245
[13] Նույն տեղում, л. 168:
[14] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 388
[15] Մանրամասն տե՛ս Ketchum R. M., Saratoga: Turning Point of America’s Revolutionary War. New York: Henry Holt. 1997, էջ 351-362:
[16] Потемкин В. П. История дипломатии. Том 1: С древнейших времен до нового времени, М., 1941 // http://lib.rus.ec/b/270294/read
[17] Hamilton A., Syrett H. C., ed. The Papers of Alexander Hamilton XX. New York: Columbia University Press, 1974, էջ 28:
[18] Weintraub S., Iron Tears: America’s Battle for Freedom, Britain’s Quagmire, 1775–1783, 2005, էջ 151:
[19] McCullough D., John Adams. Simon & Schuster. 2008, էջ 180–187
[20] Մանրամասն տե՛ս Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 392-393:
[21] Потемкин В. П. История дипломатии. Том 1: С древнейших времен до нового времени, М., 1941 // http://lib.rus.ec/b/270294/read
[22] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 394-395:
[23] Անգլիական զորքերի առաջխաղացման մասին մանրամասն տե՛ս Lumpkin H., From Savannah to Yorktown: The American Revolution in the South, 2000:
[24] Davis B., The Campaign that Won America. New York: HarperCollins. 2007, էջ 189-237
[25] http://www.diphis.ru/mirnie_peregovori-a97.html
[26] Зорин В.А. и др. (ред.) История дипломатии. Том 1, Изд. 2-е, перераб. и доп. — М.: Государственное издательство политической литературы, 1959, էջ 397
[27] Treaty of Paris, 1783; International Treaties and Related Records, 1778–1974; General Records of the United States Government, Record Group 11; National Archives // http://www.ourdocuments.gov/doc.php?flash=true&doc=6
[28] Weinberg A. K., Manifest Destiny, Baltimore, 1935, էջ 21:
[29] Նույն տեղում, էջ 22:
[30] http://www.diphis.ru/deyatelnost_francuzskogo_posla_jene_v_amerike-a100.html
[31] Տե՛ս Nickels B., Native American Free Passage Rights Under the 1794 Jay Treaty: Survival Under United States Statutory Law and Canadian Common Law. Boston College International and Comparative Law Journal 24 (2), էջ 313–340:
[32] Потемкин В. П. История дипломатии. Том 1: С древнейших времен до нового времени, М., 1941 // http://lib.rus.ec/b/270294/read