ԱՄՆ-ը կտրում է Ռուսաստանի «երակները». նոր պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը
ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հուլիսի 22-ին հրապարակվեց Ռուսաստանի և Իրանի դեմ նոր սահմանափակումների վերաբերյալ օրինագծի տեքստը:
Դրա վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 25-ին Կոնգրեսի ստորին պալատում, հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, բացարձակ մեծամասնության համաձայնություն էր տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը (կարդացե՛ք. «Carthago delenda est. աշխարհաքաղաքականությունը վեր է նախագահից. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվում են»):
Ռուսամետ դիրքորոշման մեջ մեղադրվող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Հաշվի առնելով հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականների դիրքորոշումը, հասկանալի է դառնում, որ օրինագիծը կընդունվի և կհանձնվի նախագահի ստորագրմանը:
Նոր փաստաթղթով նախատեսվում է պատժամիջոցների ազդեցության տակ հայտնված ռուսական բանկերի ֆինանսավորման առավելագույն ժամկետի կրճատում՝ հասցնելով մինչև 14 օր, իսկ նավթագազային ընկերությունների համար՝ մինչև 30 օր:
Վաշինգտոնը շարունակելու է դեմ արտահայտվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը, քանի որ «այն վտանգավոր ազդեցություն է ունենում Եվրամիության էներգետիկ անվտանգության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գազային շուկայի զարգացման և Ուկրաինայի էներգետիկ ոլորտի բարեփոխումների համար»: (ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպայի համար առաջարկում է հումքի իր տարբերակը, կարդացե՛ք. «Եվրոպայի այլընտրանքային մոդելն ըստ Թրամփի. «Երեք ծովերի նախաձեռնությունը» ապտակ Եվրամիությանն ու Ռուսաստանին»)
ԱՄՆ-ը գրեթե զրոյացնում է ռուսական ածխաջրածնային խողովակների կառուցման գործում ներդրումների իրականացման հնարավորությունները՝ բազմամիլիարդանոց նախագծերի մեջ անգամ մեկ տոկոսի ներդրումների հնարավորություն չտալով: Մոսկվայի համար երկարաժամկետ կտրվածքով կարևորագույն նշանակություն ունեցող և այժմ կառուցվող խողովակաշարերը ևս («Հյուսիսային հոսք-2», «Թուրքական հոսք», «Սիբիրի ուժը») կարող են ֆինանսավորման լուրջ խնդիրների բախվել, որոնց հետևանքները երկրի համար կարող են անկախանտեսելի լինել: Սկզբունքորեն այս քայլով ԱՄՆ—ը կտրում է Մոսկվայի «տնտեսական երակները». Վաշինգտոնը գործուն խոչընդոտ է ստեղծում, որով Ռուսաստանի տնտեսության զարգացման նախաձեռնությունները լուրջ վտանգի տակ են հայտնվում:
Ռուսաստանից արտահանումների զգալի մեծամասնությունը բաժին է հասնում նավթագազային ոլորտին, եթե այդ ոլորտում պատժամիջոցներն ավելացվում են, ուրեմն այդ երկրում տնտեսական ռեցեսիայի հավանականությունը էլ ավելի է մեծանում:
Պատժամիջոցների խստացման տեղեկություններից հետ նավթի համաշխարհային գները սկսեցին նշանակալի անկում արձանագրել, ինչը հանգեցնում է նաև ռուսական ռուբլու արժեզրկմանը: Դժվար է կանխատեսել, թե օրինագծի վերջնական ընդունումից հետո ինչպես կարձագանքի համաշխարհային շուկան, սակայն Կրեմլի համար լավատեսության հիմքեր չկան:
Օրինագիծը նաև ենթադրում է, որ Բարաք Օբամայի օրոք (2014-2016 թթ.) Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները պետք է ամրագրվեն օրենքով: Այսինքն ԱՄՆ նախագահը դրանք մեղմելու կամ վերանայելու հնարավորություններ կունենա միայն Կոնգրեսի կողմից հաստատումից հետո: Սա արդեն խոսում է պատժամիջոցների պահպանման ռեժիմի հարատևության մասին, ու հազիվ թե Վաշինգտոնը վերանայի այդ քաղաքականությունը, եթե Մոսկվայի կողմից նշանակալի աշխարհաքաղաքական զիջումներ չկորզի:
Նշենք, որ մինչ այս օրինագծի ընդունումն Արևմուտքի սանկցիաները տարածվում էին ընդհանուր առմամբ ռուսական 387 ընկերության և 448 անձի նկատմամբ: Պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանից արտահանումները կրճատվել են երկու անգամ, եթե 2012 թվականին կազմում էր 528 մլրդ դոլար, ապա 2016 թվականի արտահանումները կազմել են ընդամենը 259.3 մլրդ դոլար: Ռուսական տնտեսության անկումը զգալի է բոլոր ոլորտներում, այդ ամենը չի կարող ազդեցություն չունենալ նաև ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար: