Ադրբեջանական լրատվության ճգնաժամն ու իշխանությունների դեսպոտիկ քաղաքականությունը
Ներկայացնում ենք ադրբեջանական «Թուրան» գործակալության «Ադրբեջանական մամուլ. ճգնաժամը շարունակվում է» վերլուծական հոդվածի առանցքային դրույթները:
Լրատվամիջոցը հոդվածի սկզբում նախ անդրադառնում է այսպես կոչված «ադրբեջանական մամուլի» երկարատև պատմությանը, ինչի մասին խոսելն անիմաստ է, ապա ներկայացնում է ժամանակակից ադրբեջանական «անմիտ ու ցածրորակ մամուլի» խնդիրները:
«Այսօր մամուլը բարձրաձայնում է ոչ թե հասարակության, այլ իշխանությունների շահերը, այդ պաշտոնյա-օլիգարխիկ խառնուրդը պետությունը ծառայեցնում են իրենց նապատակների համար: Նման հակահասարակական շահերի սպասարկումն էլ երկիրը մղել է երկարատև և տանջալից ճգնաժամի մեջ: Ժամանակակից ադրբեջանական մամուլն այդ ծայրահեղ իրավիճակի առաջին մեղսակիցն է, քանի որ այն տարիների ընթացքում փառաբանել է աշխարհի ամենակոռուպացված իշխանություններից մեկի հաջողություններն ու առավելությունները», — նշված է հոդվածում:
Հեղինակն անդրադառնում է վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական մամուլի կարգավիճակի խնդրին՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածով («Պետության գլխի պատիվն ու արժանապատվությունը նսեմացում») լրագրողին կարող է սպառնալ մինչև 3 տարի ազատազրկում (օրենսդրական փոփոխություն՝ 29.11.2016 թ.): Իսկ 2017 թվականի հունիսի 1-ից արդեն մինչև 5 տարվա ձերբակալություն է սպառնում:
Դրանից բացի ալիևյան կլանը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել նաև ինտերնետում, Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով, եթե վիրավորել են պետության ղեկավարին անգամ կեղծ պրոֆիլների օգտագործմամբ, կարող են մեկ տարվա ազատազրկման դատապարտվել:
2017 թ. ապրիլի 17-ից «.az» դոմեյնային տիրույթն ամբողջությամբ պետության վերհսկողության տակ է: Նոր փոփոխություններով արգելված տեղեկատվության համար կայքը կարող է փակվել: Արդեն գարնանն այդ քաղաքականության արդյունքում արգելափակվեցին ընդդիմադիր «Meydan TV», «RadioAzadlyg», «Azerbaijan Saati», «Azadliq.info» կայքերը:
Ադրբեջանական իշխանությունների «գրաքննական» քաղաքականության արդյունքումը լրատվությունը կորցրեց օբյեկտիվությունը, բազմակարծությունն ու հավասարակշռվածությունը, այժմ մամուլը կա՛մ սպասարկում է իշխանություններին, կա՛մ էլ վառ քննադատությամբ փորձում է վրեժխնդիր դառնալ:
Հոդվածի հեղինակն այնուհետ անդրադառնում է Ադրբեջանում խոսքի ազատությունից բացակայության հարցին՝ նշելով, որ իրողություն է դարձել տարբեր հիմնավորումներով լրագրողներին չեզոքացնելու փորձերը: Մեկ տարվա ընթացքում ձերբակալվել են 4 լրագրող և 2 բլոգեր, որոնցից մեկը՝ Մեհմեդ Գալանդարովը բանտում մահացել է: Իսկ այս քաղաքականության կիզակետը դարձավ Թբիլիսիում լրագրող Աֆգան Մուխտարլիի առևանգումն ու ձերբակալությունը:
Ընդհանուր առմամբ ձերբակալված լրագրողների ու բլոգերների թիվը հասել է 14-ի (հոդվածում ներկայացվում է ողջ ցանկը): Ընդդիմադիր տասնյակ լրագրողներ պետության կողմից ճնշումների են ենթարկվում, նրանց անգամ արգելում են դուրս գալ երկրից, իսկ ֆինանսական հաշիվները սառեցնում են:
Վերլուծության մեջ հեղինակն անդրադառնում է նաև լրատվամիջոցների նկատմամբ տնտեսական բնույթի ճնշումների խնդրին: 2016 թվականին ԶԼՄ-ների օրինական եկամուտները՝ մեդիագովազդը կրճատվել է 43.9 տոկոսով՝ կազմելով 14,7 մլն մանաթ (8,62 մլն դոլար):
- Հեռուստագովազդը, որը ներառում է 10 կենտրոնական և նույնքան էլ շրջանային հեռուստաալիքներ, կրճատվել է 11,8 մլն մանաթով կամ 59,4 տոկոսով՝ կազմելով մոտ 8 մլն մանաթ (4,72 մլն դոլար):
- Շուրջ 10 ռադիոկայաների գովազդը կրճատվել է 1,6 մլն մանաթով կամ 52,2 տոկոսով՝ կազմելով 1,48 մլն մանաթ (869 հազար դոլար):
- Ինտերնետային գովազդը կրճատվել է 319 հազար մանաթով կամ 20,3 տոկոսով՝ կազմելով 1,25 մլն մանաթ (733 հազար դոլար), սա վերաբերում է շուրջ 200 կայքերի:
- Շուրջ 30 թերթերի ու ամսագրերի գովազդը կրճատվել է 8,7 հազար մանաթով կամ 61 տոկոսով՝ կազմելով 1,4 մլն մանաթ (875 հազար դոլար):
Մեդիագովազդի ցուցանիշներն հետևյալն են.
2015 թ. (մանաթ) |
2016 թ. (մանաթ) |
Շարժընթացը (տոկոս) |
|
Ընդհանուր | 25. 969.100 ($24 732) |
14.675.000 ($8. 621.190) |
-43,9 |
Հեռուստաընկերություն | 19. 836.000 ($18 891) |
8.036.000 ($4 720.950) |
-59,4 |
Ռադիո | 3.094.300 ($2 946,9) |
1.479.000 ($868.870) |
-52,2% |
Ինտերնետ | 1.565.600 ($1491) |
1.247.000 ($732.580) |
-20,3% |
Թերթ, ամսագիր | 1.408.700 ($1341) |
1.400.000 ($875.300) |
-0,61% |
Գովազդային շուկայի տվյալները ցույց են տալիս լրատվամիջոցների կախվածվությունն իշխանությունից, ինչը հանդիսանում է մամուլի հիմնական հովանավորը:
Լրագրողների համար մյուս խնդիրն այն է, որ մասնավորապես պետական կառույցներին վերաբերող տեղեկատվությունը հասանելի չէ: Չնայած համապատասխան օրենսդրական հիմքերին՝ գերատեսչությունները օրենքով նախատեսված ժամկետներում չեն պատասխանում հարցումներին, երբեմն ընդհանրապես անպատասխան են թողնում դրանք: Անգամ դատական կարգով շատ դեպքերում հնարավոր չէ պատասխան ստանալ, իսկ դատական գործընթացները տևում են ամիսներ ու տարիներ: Լրագրողների իրավունքները խախտվում են, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը պատասխանատու է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իրագործման համար, սկզբունքորեն անկարող է որևէ հարց լուծել:
Լրատվականն ամփոփում է վերլուծությունը՝ նշելով, որ ԶԼՄ-ների գործունեության այս փաստերը խոսում են տարիներ շարունակ Ադրբեջանում մամուլի ճգնաժամի մասին, որում այն հայտնվել է իշխող ռեժիմի ջանքերով: Տեղի է ունենում ազատ մամուլի հետևողական ու նպատակային չեզոքացում, ինչը կարող են դիտարկվել որպես մտածված պետական քաղաքականություն: Դրա հիմնական նպատակն է զրկել լրատվամիջոցներին իշխանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության գործառույթից: Ինչի արդյունքում պետական դիրքի չարաշահման ու կոռուպցիայի դեպքերն զգալիորեն աճել են՝ հանգեցնելով երկրի տնտեսական ու համակարգային ճգնաժամին: