Հայաստանն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին. Ադրբեջանի ստահոդ ենթադրությունների իրական նպատակը
Ադրբեջանական պրոպագանդայի համացանցային գործիքներից մեկը ՝ «Haqqin.az» կայքը, հաղորդում է, թե իբր «Հայաստանը ցանկանում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծին: Ի սկզբանե անտրամաբանական հայտարարությամբ Բաքուն փորձում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն՝ չունենալով որևէ տրամաբանական հիմնավորում:
Պարբերականը մասնավորապես ներկայացնում է, թե Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հունվարի 23-ին հաղորդել է, թե Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումից հետո Երևանը բանակցություններ կսկսի Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Նախարարը չի բացառել, որ նման փոխադրումներով կարող է զբաղվել վրացական երկաթուղային կազմակերպությունը:
Ադրբեջանական պարբերականը շեշտում է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղին Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի մի մասն է, որի նախատեսվում է մեկնարկ տալ այս տարվա առաջին կեսին:
Haqqin.az կայքն իրականությունն աղճատված է ներկայացնում: Հայաստանը շրջանցող քաղաքական նպատակ հետապնդող նախագծին ի սկզբանե Երևանի մասնակցությունը բացառված էր: 2007 թվականից կառուցվող նախագիծը, որի շինարարական աշխատանքների ավարտը պետք է ավարտվեր դեռ 2010 թվականին (նախապես նախատեսվում էր շինարարության համար ծախսել 422 մլն դոլար, որը հետագայում զգալիորեն աճել է): Պարզ է, որ Ադրբեջանի սովորական քաղաքացիների համար այս նախագծի կառուցմանը հետ կապված բազմաթիվ հարցերն իրենց պատասխանը չունեն, դրա համար անհրաժեշտություն է առաջանում նախագծին հավելյալ արժեք հաղորդել՝ ներկայացնելով, թե իբր Հայաստանը ևս ցանկանում է մասնակցել դրան և իբր թե Ադրբեջանը, որը և նախագծի հիմնական ֆինանսավորողն է, թույլ չի տալու դա:
Հայաստանի և Թուրքիայի միջև կապի ապահովման համար նոր երկաթուղի պետք չէ բնավ, դեռ 1899 թվականին կառուցվել է Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղին, որի հայ-թուրքական հատվածը չի գործում 1993 թվականից, երբ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին աջակցություն հայտնելու համար Անկարան փակեց Հայաստանի հետ սահմանը, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այլընտրանք է հենց հայկական երկաթուղուն:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային բեռնափոխադրումների իրականցմանը, ապա հարցի կարգավորման միակ փաստաթուղթը և բանակցային ձևաչափն առնչվում է դեռ 2009 թվականին երկու երկրների միջև ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրություններին:
Այդպիսով՝ Ադրբեջանը իր քաղաքացիներին հերթական անգամ շեղելու համար ու աղճատված կոնտեքստային փաստարկմամբ ներկայացնում է ի սկզբան սուտ ու անհիմն տեղեկություններ: