Արցախ-Ադրբեջան կարճատև պատերազմի ռազմաքաղաքական նպատակները․ կարևորագույն պարզաբանումներն ու հետևությունները
Շուրջ երեք տասնամյակ ընթացող Արցախյան պատերազմն միջազգային իրավունքի տեսանկյունից լուծում չունի։ Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն կողմերի բանակցային համաձայնությամբ, ընթացիկ ցանկացած թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական մարտերը խիստ սահմանափակ մարտավարական նշանակություն ունեցող գործողություններ են։
Հակամարտությունը ներկայացնենք 2020 թ․ սեպտեմբերյան պատերազմի օրինակով։ Սեպտեմբերի 27-ին Բաքուն նոր էսկալացիայի գնաց՝ արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով հրետանային լայնամասշտաբ հարձակման անցնելով։ Ադրբեջանը կարողացավ գրավել մի քանի հայկական դիրքեր՝ սկզբունքորեն հասնելով իր առջև դրված նպատակին։ Ռազմավարական ավելի մասշտաբային նպատակադրություն Ադրբեջանը չէր էլ կարող ունենալ՝ հաշվի առնելով զինված ուժերի հարաբերակցությունը։
Այս առճակատման առանցքային բաղադրիչը տեղեկատվական ու ապատեղեկատվական հոսքերն են։ Տեղեկատվությունն առավելապես միտված է Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի բնակչության շրջանում կոնկրետ պլանավորված տրամադրություններ ձևավորելուն։ Եթե հաջողվում է հակառակորդ կողմի բնակչության շրջանում խուճապ առաջացնել, ուրեմն թիրախը խոցված է։
Պարզաբանենք մի քանի առանցքային հարցեր։
ԻՆՉՈՒ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԿՍԵՑ ՀԵՆՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ․
Հայկական զինված ուժերն ընդամենը 2 ամիս առաջ (2020 թ․ հուլիս) Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական դոմինանտություն արձանագրեցին։ Ադրբեջանական բանակի այդ պարտության համար Ալիևը պատասխան էր նախապատրաստում․ ինչն էլ եղավ 2020 թվականի սեպտեմբերին։ Հասկանալի է, որ Ադրբեջանի ագրեսիան առաջնահերթ լուծելու էր հոգեբանական տրամադրվածության հարցը։ Բաքուն իհարկե հրաժարվում է ընդունել նախահարձակ լինելու փաստը՝ ներկայացնելով, թե իրենց հակահարձակման են անցել, սակայն ռազմագիտությունից բազային գիտելիքներ ունեցող անձին պարզ է այդ հիմնավորումների աբսուրդայնությունը։
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
Ընդհանրապես անհեթեթություն է գլոբալ պանդեմիայի պայմաններում ռազմավարական լուրջ նպատակներ հետապնդող ռազմական գործողություններ սկսելը (հիմնավորումներն ակնհայտ են)։
Լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար կարևորագույն նշանակություն ունի երկու գործոն՝ ագրեսորի տնտեսության և զինված ուժերի նախապատրաստվածությունը։ «Ածխաջրածնային հիվանդությամբ» տառապող Ադրբեջանական տնտեսությունը «կորոնավիրուսային օրակարգի» պայմաններում առնվազն պատրաստ չէ երկարատև պատերազմի։ Իսկ Ադրբեջանը բավարար ռազմական ներուժ չունի լայնամասշաբ պատերազմում հաղթանակ ակնկալելու համար։ Բաքվի միակ ապավենը մնում է հանկարծակիությամբ խուճապ առաջացնել, ինչը պերմանենտ ռազմական գործողությունների մեջ գտնվող Արցախի համար առնվազն խնդրահարույց է։
Ի՞ՆՉ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
Առնվազն վերջին մեկ տասնամյակի ընթացքում ադրբեջանական ագրեսիան հիմնականում վարվում էր դիվերսիոն գործողություններով, իսկ սեպտեմբերյան պատերազմի առանցքում հրետակոծությունն է․ այժմ անօդաչու թռչող սարքերը փոխում են մարտական գործողությունների ողջ տրամաբանությունը, այլևս ճակատային գծի երկայնքով զինուժի խիտ կուտակվածությունը ոչ այնքան առավելություն է, որքան հեշտ թիրախավորման կետեր։ Աստիճանաբար մարդկային գործոնին փոխարինման է գալիս տեխնոլոգիան, ու այստեղ է, որ հակամարտող կողմերի հաջողությունների գրավական կարող է դառնալ ռազմական նորարարությունն ու տեխնիկական հագեցվածությունը։ Այս հարցում հայկական զինված ուժերն Ադրբեջանին բացարձակ չեն զիջում։
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ․
Միջազգային հեղինակավոր կառույցներից բացի առկա են ևս մի շարք երկրներ, որոնց դիրքորոշումը կարևորագույն նշանակություն ունի հակամարտության ընթացքի վրա, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) արձագանքները։ Ակնհայտ է, որ միջազգային բարձր հարթակներում որևէ անորոշություն չկա, բոլոր գիտեն՝ նոր բախումներն ով և ինչպես է կազմակերպել։ Սակայն կոնկրետ հասցեավորված դատապարտող հայտարարություններ չկան ու չեն լինի, բոլոր միջազգային դերակատարները շեշտում են միայն զսպվածության ու խաղաղության պահպանման կարևորությունը։
Միակ պետությունը, որը մշտապես կողմնապահ վերաբերմունքի ունի հակամարտության լուծմանը, Թուրքիան է, որը պատեհ առիթը բաց չի թողնում շեշտելու Ադրբեջանի հետ հարաբերությունների «մեկ ազգ – երկու պետություն» հայեցակարգը։ Թուրքիան նաև ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին, այդ թվում զենքով ու մարդկային ռեսուրսով։
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ․
Արցախյան հակամարտության մեջ, ըստ երևույթին, միջազգային առավել ազդեցիկ դիրքորոշումը Մոսկվայինն է։ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, սակայն Կրեմլը պահպանում է տարածաշրջանում իր ազդեցության հակակշիռները՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես իր ռազմավարական գործընկեր։ Նման պարագայում ռուսական զինուժի ակտիվ ներգրավումն հակամարտության մեջ ի պաշտպանություն դաշնակից Երևանի ուղղակի բացառված է։ Նախ Ռուսաստանը պարտավորություն չունի Արցախի հարցում (այն առանձին անկախ պետություն է), իսկ Հայաստանի Հանրապետության սահմաններին լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան ու չեն լինի, որպեսզի հիմք լինի ՀԱՊԿ դաշինքը գործարկելու համար։ Ներկա ստատուս-քվոն Կրեմլի համար լավագույն տարբերակն է՝ որպես տարածաշրջանում սեփական ազդեցության պահպանման երաշխիք։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ, կարճատև ռազմական բախումները պարբերական բնույթ են կրում, սակայն երկարատև լայնամասշտաբ պատերազմը բացառված է։ Ադրբեջանի կողմից կազմակերպող ռազմական ագրեսիաներն առաջնահերթ տեղեկատվական պատերազմի բաղադրիչ ունեն՝ ուղղված առավելապես սեփական ժողովրդին, իսկ հնարավորություն դեպքում միտված են հայկական միջավայրում խուճապ առաջացնելուն։
Ադրբեջանական նկրտումները չեզոքացնելու լավագույն ուղին է հայության միասնական արձագանքները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ընդհանուր դիրքորոշումը, ապատեղեկատվության խեղդումը, անհրաժեշտ տեղեկատվության տարածումը, փոխաջակցությունը կազմակերպումը և համընդհանուր մոբիլիզացիան։
Քաղաքագետ Արմեն Բադալյան