Արցախյան հակամարտության առանցքային հարցերի շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պարզաբանումները
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է Արցախյան հակամարտության առանցքային խնդիրների պարզաբանմանը: Ներկայացնենք դրանք առանձին կետերով:
Սահմանային լարվածության պատճառները.
Ս. Սարգսյանը նշել է. «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այն ելք, այն ճանապարհ չէր մնում:
Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից, և սահմաններում տիրում է անդորր, ապա և՛ միջազգային հանրությունը, և՛ Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի՝ ստատուս քվոյի հետ: Ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից էլ միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այս իրավիճակի հետ»:
Կարդացե՛ք նաև. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլը. Մադրիդյան սկզբունքներ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ հասցեական հայտարարությունների խնդիրը.
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ կոնկրետ հասցեականություն չունեցող հարցին՝ Ս. Սարգսյանը հայտնել է. «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ Մինսկի խումբը կամ միջազգային այլ կառույցներ հավասարության նշան են դնում, առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց է դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմ:
Ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը՝ ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է: Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ էլ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել:
… ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչի հետ և ասել եմ՝ ինչու դուք կոնկրետ մատնացույց չեք անում: Ասեց՝ կոնկրետ մատնացույց անելու պարագայում, մենք կարող ենք դառնալ կողմ, և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն են վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա: Այլընտրանքը ռազմական գործողություններն են»:
Կարդացե՛ք նաև. «Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնում է նոր ստագնացիոն շրջափուլ»:
Հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմի ներդրման խնդիրը:
ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմը նշանակում է, ոչ միայն որոշել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, այլ նաև հետաքննություն անցկացնելու, թե կողմերից որ մեկի որ զինվորը և որ սպան խախտեցին: Հայաստանի պահանջն է, որ ստեղծվի հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ, քանի որ տրամաբանական չէ, որ կոնկրետ ստորաբաժանումներում Մինսկի խումբն իրականացնի հետաքննություն:
Սակայն Ադրբեջանը չի գնում նման մեխանիզմի ներդրմանը, քանի որ դա կնշանակի ստատուս-քվոյի հավերժանակացմանը: Դրա համար այդ պրոցեսը փակուղի է մտել ու ամեն անգամ Ադրբեջանն ինչ-որ պատրվակով հրաժարվում է:
Կարդացե՛ք նաև. «Ապառազմական գոտու ձևավորում. Արցախյան հակամարտության խաղաղարար նախաձեռնություն և հայանպաստ լուծում»:
Հակամարտությանը քաղաքական լուծում տալու դեպքում դրա պարտադրանքը.
Նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկմամբ՝ Մինսկի խմբի անդամ երկրներից և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, եթե իրենց պետական առաջնային կարևորություն ունեցող շահից բխի, կարող են Ադրբեջանին որևէ բան պարտադրել:
Սակայն Մինսկի խումբն ամենազոր չէ, իսկ քաղաքական որոշումների դեպքում անգամ դրանց իրականացման ամենավստահելի երաշխիքը մարտունակ բանակ ունենալն է: Նախագահը շեշտել է, որ ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ունենալու է նաև հաստատում տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և այստեղ կան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում պարտադրանքի:
Կարդացե՛ք նաև. «Պետությունների պատասխանատվությունը միջազգային իրավունքում»:
Հայաստանի անզիջումային դիրքորոշման դրույթները.
Խոսելով Արցախյան հիմնախնդրի լուծման մասին՝ նախագահը շեշտել է, որ այն լինելու է միայն փոխզիջումային տարբերակով, հայկական կողմը զիջումների որևէ մտադրություն չունի և հետագայում չի ունենա: Սերժ Սարգսյանը նշել է այն կետերը, որոնց առումով Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է.
- Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ:
Կարդացե՛ք նաև. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը»
Բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցը.
Նախագահը Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին: Նա շեշտել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ԼՂՀ մասնակցությամբ բանակցային գործընթացից, ապա նշել, որ ինչ-որ պահի ԼՂՀ մասնակցությունը պարտադիր է: Բանակցությունների ժամանակ քննարկված բոլոր տարբերակումներում, այդ թվում Մադրիդյան սկզբունքներում, ԼՂՀ մասնակցությունը սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է:
Կարդացե՛ք նաև. «Հայաստան-Արցախ. հնարավորություններ և սպառնալիքներ»:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքը վաճառելու խնդիրը.
Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի ռազմական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ, նշելով. «Այդ խնդիրը հայ—ռուսական բարեկամության, ռազմական համագործակցության, ընդհանրապես մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան: Բայց կան հանգամանքներ, որոնք մեզ համար միգուցե ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են: Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել, եթե ինչ—որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել: Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պիտի համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու»:
Ապա նախագահն անդրադարձել է Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ հարաբերությունների վերանայման հարցին և շեշտել. «Ծայրահեղ վատ իրավիճակ կարող են ստեղծել… ու՞մ հետ վերանայենք, բարելավենք, Թուրքիայի՞ հետ, թե՞ ՆԱՏՕ—ում բոլորը գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ, թե՞ ուղղակի բոլորի հետ թշնամանում են, բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»:
Կարդացե՛ք նաև. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը»:
ՀԱՊԿ արձագանքը սահմանային լարվածությունների ժամանակ.
Այն խնդրին, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունը չի արձագանքում սահմանային միջադեպերին, նախագահը նշել է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ—ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ:
ՀԱՊԿ ավելի պասիվ դերակատարում պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև իրենք ունեն նաև դիրքորոշում այսպիսի, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, Պաշտպանական բանակն է, ոչ թե հայկական բանակը:
Ամենակարևորը, որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ, պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ—ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները: … ՀԱՊԿ—ը երբեք հայտարարություն չի արել, որը կհակասեր Հայաստանի շահերին»:
Կարդացե՛ք նաև. «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության նշանակությունը»:
Նախագահն անդրադարձել է նաև հայկական զինուժի առջև դրված ռազմավարական խնդիրների իրականացման ունակության, բանակի սպառազինության արդիականացման, «Իսկանդեր» համակարգերի կիրառման հարցերին, «ազգ—բանակ» հայեցակարգին, «ինքնակոչ քաղաքագետների» վերլուծություններին և այլն, իսկ հարցազրույցի վերջում խոսել է նաև երկրի ներքին հիմնախնդիրների շուրջ:
Դիտե՛ք հարցազրույցն ամբողջությամբ.