Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության նշանակությունը
Ձևավորումը – Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:
2002 թ. Պայմանագիրը փոխակերպվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության, որի գործունեության հիմնական հարթություններն են. անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայումը:
Անդամ երկրները – Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
Կառուցվածքը – ՀԱՊԿ մարմիններն են Հավաքական անվտանգության խորհուրդը (պետությունների ղեկավարների ձևավաչափ), ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը:
Կազմակերպության հավաքական ուժերի և միջոցների` անդամ պետությունների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պատրաստությունը ստուգելու նպատակով, պարբերական հիմքով անց են կացվում համապատասխան զորավարժություններ:
2009 թ. փետրվարի 4-ին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշինքը նախատեսված է հետխորհրդային տարածության երկրների միջև հնարավոր ինտեգրացիոն նոր կառույցի համար ռազմական բաղադրատարրն ապահովելու համար:
ՀԱՊԿ-ի էությունը պարզաբանելու համար հարկավոր է այն դիտարկել երեք վեկտորներով` Ռուսաստանի տեսանկյունից, այլ անդամ պետությունների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան և Տաջիկստան) տեսանկյունից, մնացած երկրների տեսանկյունից:
Ռուսական տեսանկյուն` ՀԱՊԿ-ն ծառայում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, ՀԱՊԿ-ն Ռուսաստանի և նրա սատելիտների կազմակերպություն է:
ՀԱՊԿ-ն զսպաշապիկ է աշխարհաքաղաքական այլ բևեռների հնարավոր նկրտումների համար: Այս կառույցի ստեղծմամբ Ռուսաստանը փորձում է անդամ երկրներում իր վերահսկողության պահպանման հենք ապահովել, ինչը զսպում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք` միաժամանակ բուֆերային գոտի ստեղծելով ՆԱՏՕ-ին անդամ երկրների և բուն ՌԴ սահմանների միջև:
ՀԱՊԿ-ն պայմաններ է ստեղծում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների իրավիճակում Ռուսաստանի համար նվազագույն կորուստներով կամ առավելագույն ձեռքբերումներով դուրս գալու համար: Աշխարհաքաղաքական հնարավոր այլընտրանքային զարգացումների դեպքում ՀԱՊԿ-ն կարող է Ռուսաստանին ապահովության որոշակի երաշխիքներ տրամադրել: Մասնավորապես`
- Եթե եվրոպական ինտեգրացման վեկտորը ձախողվի, ապա բացառված չէ, որ ՀԱՊԿ-ին անդամագրվեն Արևելյան և անգամ Կենտրոնական Եվրոպայի երկրներ:
- Եթե հանգամանքների բերում Չինաստանը չափազանց բուռն զարգացում ապահովի, ինչը նրա ամբիցիաները կկրկնապատկի, չի բացառվում նաև ՀԱՊԿ-ՆԱՏՕ հնարավոր դաշնակցության ապահովումը` որպես ընդհանուր Հյուսիսային դաշինք:
- Եթե աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի սերտացնեն Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները, մասնավորապես Համագործակցության Շանհայյան կազմակերպության շրջանակներում, ապա բացառված չէ ՀԱՊԿ-ի վերածումը էլ ավելի հզոր կառույցի` Չինաստանի, իսկ հետագայում նաև Հնդկաստանի հնարավոր անդամագրմամբ:
- Եթե հնարավոր համարենք Իրանի անդամակցությունը այս կառույցին, ապա դա կնշանակի ուղիղ մարտահրավեր Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին: Ինչն էլ կհանգեցնեն, եթե ոչ որոշակի առճակատման, ապա գոնե հարաբերությունների սառեցման:
- ՀԱՊԿ-ն կարող է նաև զսպիչ հանդես գալ արմատական մահմեդական հնարավոր նկրտումների պարագայում:
Այլ անդամ պետությունների տեսանկյունից` ՀԱՊԿ անդամ մնացած պետություններին անհրաժեշտ է այս դաշնակցությունը զուտ Ռուսաստանի միջոցով իրենց անվտանգության ու զարգացման խնդիրներն ապահովելու համար: Մասնավորապես ՀԱՊԿ-ն անհրաժեշտ է այնքանով, որքանով յուրաքանչյուր առանձին անդամ երկիր որոշակի տարածքային խնդիրներ ունի մեկ այլ երկրի հետ, իսկ ՀԱՊԿ-ն երաշխիք է հնարավոր ռազմական զարգացումների դեպքում:
Այլ երկրների տեսանկյունից` ՀԱՊԿ-ն չի կարող դիտարկվել որպես մրցակից ՆԱՏՕ-ին, ինչպես Վարշավյան պակտի կազմակերպությունն էր, քանի որ պոտենցյալ ներուժը նշված երկու բևեռների միջև չափազանց տարբեր է: Այլ երկրները ՀԱՊԿ-ն համարում են Ռուսաստանի` որպես աշխարհաքաղաքական բևեռի վերականգնման թերևս դեռևս չհաջողված փորձ, բայց որի հնարավոր վտանգը դեռ չկա: Քանի դեռ Ռուսաստանը աշխարհաքաղաքական կշիռ է ներկայացնում, այս կազմակերպությունը կշարունակի իր գոյությունը: