Քաղաքագետի մասնագիտությունը պախարակող ֆեյսբուկյան պոպուլիստները և տեղեկատվական պատերազմում խոցելիության վտանգները
Այսօր քաղաքագիտության հետ առնչություն չունեցող տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք չեն զլանում իրենց անվանել «քաղաքագետ»: Այդպիսի «ինքնակոչ քաղաքագետներն» արատավորում են իրական մասնագիտությունը:
Այդ ամորֆ մասնագետների խնդիրը բարձրաձայնվել է նաև երկրի նախագահի կողմից, ով ակնհայտ քամահրանքով այդ անձանց բնորոշել է «իրենց քաղաքագետ կոչողներ», «վերջերս ծնված բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ»: Ցանկացած իրական քաղաքագետի համար ցավալի է, որ իր մասնագիտության մասին այդպես են խոսում, այն էլ երկրի ղեկավարի մակարդակով:
Քաղաքագիտության ու քաղաքական պոպուլիզմի տարբերությունը.
Քաղաքագիտական վերլուծությունների առանցքային գաղափարն օբյեկտիվությունն է, քաղաքական իրավիճակը հստակ ու համակողմանի նկարագրությունը: Սա վերաբերում է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործընթացների վերլուծությանը: Կան կոնկրետ չափանիշներ, որոնց կարելի է հասկանալ ներկայացվող տեղեկությունների քաղաքագիտական արժեքը (կարդացե՛ք. «Քաղաքական կանխատեսման մեթոդներն ու քաղաքագիտական տեղեկությունների որակի չափանիշները»):
Իրական քաղաքագետը թշնամի երկրի քաղաքացիներին երբեք չի վիրավորի, օրինակ ադրբեջանցիներին չի անվանի «ոչխարներ», իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչներին երբեք չի կոչի «հիմարներ» կամ նմանատիպ այլ գնահատականներով չի բնորոշի: Սա քաղաքական պոպուլիզմ է, որը քաղաքագետի համար անընդունելի է:
Քաղաքագետը խամաճիկ չէ որևէ խավի համար ականջահաճո հայտարարություններ անելու համար, նա մասնագետ է, ով ներկայացնում է իրականությունը՝ և՛ դրականը, և՛ բացասականը:
Քաղաքագիտական վերլուծությունները հենց օբյեկտիվության ու մասնագիտական համակողմանի ուսումնասիրվածության հիմքով է, որ բարձր արժեք ունեն, իսկ «քաղաքագետի» անվան տակ հանդես գալը խոսքին հավելյալ արժեք է հաղորդում:
Տեղեկատվության տարածման 21-րդ դարի իրողությունները հնարավորություն են տալիս տարբեր մասնագիտությունների տեր անձանց «քաղաքագետ» ինքնահռչակվելու: Վերջիններիս սոցիալական ցանցերում (մասնավորապես ֆեյսբուկում) իրենց վերլուծություններն են հրապարակում, որոնք այնուհետ տարբեր ինտերնետային լրատվամիջոցներ արտատպում են իրենց կայքերում՝ ներկայացնելով հեղինակներին որպես քաղաքագետներ: Սա խոսում է այդ էլեկտրոնային լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, նման հրապարակումները շատ հաճախ պայմանավորված են սեփական արժեքավոր հոդվածների բացակայության գործոնով:
Քաղաքագիտական մասնագիտություն չունեցող, այսպես կոչված «ֆեյսբուկյան քաղաքագետների» հրապարակումները լուրջ չեն կարող դիտարկվել, որովհետև նրանց հրապարակումներում պատասխանատվությունը զրոյական է: Կայքը հրապարակում է տվյալ մարդու հոդվածը՝ պարտադիր նշելով, որ հնչած կարծիքը կարող է չհամապատասխանել խմբագրության դիրքորոշման հետ, այսինքն լրատվամիջոցն ազատում է իրեն պատասխանատվությունից: Մինչդեռ հեղինակը կարող է հրապարակման տարածումից հետո ապաակտիվացնել իր էջը: Արդյունքում գուցե ամբողջությամբ շինծու տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ հանրության զգալի մասին ու հարվածել անհրաժեշտ թիրախին, սակայն այդ ապատեղեկատվության համար այլևս ոչ ոք պատասխանատու չէ:
Ֆեյսբուկյան պոպուլիստները որպես ադրբեջանական քարոզչության գործիքներ.
Իհարկե յուրաքանչյուրն իրավունք ունի սոցիալական ցանցերում հրապարակելու իր կարծիքը, դիտարկումները ցանկացած նյութի վերաբերյալ: Սակայն եթե տվյալ անձը մասնագետ չէ կամ ի պաշտոնե որևէ ոլորտի պատասխանատու անձ է, ուրեմն նրա անձնական կարծիքը լրատվական տեսանկյունից որևէ կարևորություն չունի, այն ընդամենը բլոգային տեղեկատություն է:
Շատ կարևոր է այն հարցը, թե այդպիսի հրապարակախոսների կողմից ներկայացվող տեղեկությունները որքանով են հավաստի, մասնավորապես կարևոր է հրապարակվող տվյալների աղբյուրը: Հաճախ դրանք ընդամենն ադրբեջանական կայքերից թարգմանություններ են, որոնք ներկայացվում են հայկական լսարանի համար «գրավիչ» վերնագրով:
Բայց արդյոք սոցիալական ցանցերի օգտատերերը համոզված են, որ տվյալ տեղեկությունները չեն հանդիսանում Բաքվի քարոզչամեքենայի գործիքներ, իսկ «նայիվ հրապարակախոսները» դրանք ներկայացնում են որպես սեփական վերլուծություններ՝ կամա, թե ակամա մոլորեցնելով ընթերցողին: Սա տեղեկատվական լուրջ խնդիր է:
Մյուս կողմից արդեն հիմնվելով այդ ոչ մասնագետ «վերլուծաբանների» այսպես կոչված «քաղաքական վերլուծությունների» վրա՝ արդեն ադրբեջանական մամուլը հրապարակում է «հայազգի քաղաքագետների» «հեղինակավոր» դիրքորոշումը, իհարկե իրենց համար նախընտրելի շեշտադրումներով: Այդպիսով, վերջիններս դառնում են ադրբեջանական ապատեղեկատվության գործիքներ, ու սա կարող է առավել վտանագավոր հետևանքների հանգեցնել:
Եվ մեկ վտանգավոր միտում կա, որ այդ «վերլուծաբանների» անհատական էջերը կարող են կեղծ լինել, անգամ հատուկ Ադրբեջանի կողմից ստեղծված, որպես տեղեկատվական պատերազմի հնարավոր միջոց կամ ապատեղեկատվության տարածման աղբյուր: Ու բնավ բացառված չէ, որ այդպիսի «քաղաքագետներն» արդեն իսկ գրում են այն ամենը, ինչը պատվիրում է Բաքուն:
Սրանք այն մտահոգություններն են, որոնց հետ հաշվի չնստելու դեպքում տեղեկատվական պատերազմում մեր երկիրն ու հասարակությունը խոցելի կլինի: