Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի վերահաս ճգնաժամը
2018 թվականին ավարտվում է նախագահակենտրոն Հայաստանի շրջափուլը, երկիրն անցում է կատարում կուսակցակենտրոն համակարգի: Այլևս պետության գլխին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, այսինքն նոր նախագահին կնշանակի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը:
Նոր՝ 2015 թվականի սահմանադրությամբ նախագահի աթոռը պատվավոր թոշակառուի պաշտոն է դարձել: Նախագահն այլևս լուրջ քաղաքական ներուժ չունի և որպես պետության գլուխ ու Սահմանադրության պահապան կառավարման յոթ տարվա ընթացքում չի կարող որևէ կուսակցության անդամ լինել, այդպիսով նախագահը վերքաղաքական ինստիտուտ է լինելու:
Նոր ապոլիտիկ նախագահին քաղաքական լուրջ կշիռ է հաղորդում վերպետական համակարգը, որում նախագահը լուրջ ներկայացուցչական գործառույթ է ստանձնում: Այսպես՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քաղաքական որոշումներ ընդունող հիմնական մարմինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն է, որի կազմում ընդգրկված են Միության անդամ պետությունների նախագահները: Ստացվում է, որ երկրի ներքին քաղաքական կուրսից որոշակիորեն տարանջատված նախագահը որոշելու է երկրի արտաքին քաղաքական զարգացումների ուղենիշները:
Այս իրավիճակը ներհամակարգային ճգնաժամի հիմնասյուներ ունի: Արտաքին քաղաքականության որոշման լիազորություն չունեցող նախագահը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի ժամանակ հանդես է գալու որպես ՀՀ վարչապետի մունետիկ ու ցանկացած արտահայտած միտքը համաձայնեցնելու է գործադիրի ղեկավարի հետ: Սա արդեն ԵԱՏՄ գործունեության հատուկ դանդաղկոտություն կհաղորդի՝ բոլոր հետևություններով ու պահանջներով:
Մյուս կողմից նախանձելի չի լինի Հայաստանի իրական ղեկավարի կարգավիճակը ԵԱՏՄ-ում: Վարչապետը լինելու է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհուրդի անդամ, որտեղ իր կոլեգաները լինելու են սուպերնախագահական երկրների տեխնոկրատ վարչապետները, որոնց որոշումները լավագույն դեպքում խորհրդատվական բնույթ կարող են կրել:
ՀՀ նախագահի և վարչապետի աշխատանքը ԵԱՏՄ համակարգում արդյունավետ կազմակերպելու և լիազորությունները ճիշտ բաշխելու համար երկու ճանապարհ կա՝ համակարգային փոփոխություն կամ ներիշխանական համաձայնություն:
Համակարգային փոփոխությունը ենթադրում է, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում Հայաստանի ներկայացուցիչը կլինի երկրի իրական ղեկավարը՝ վարչապետը: Սա ենթադրում է փոփոխություններ ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտում:
Իսկ այդ տարբերակը բացառելու դեպքում Հայաստանի իշխանությունները հարկադրված կլինեն գնալու ներիշխանական համաձայնության: Այսինքն նախագահի և վարչապետի հարաբերություններն այնքան կայուն ու միասնական պիտի լինեն, որ հնարավոր լինի խուսափել «իմպրովիզացիոն մեկնաբանությունների» ճգնաժամերից: Ստացվում է, որ ԵԱՏՄ-ում նախագահի ինստիտուտի արդյունավետ աշխատանքի համար կարևոր է ոչ այնքան նրա լիազորությունները, որքան անձն ու կապը վարչապետի հետ, իսկ սա արդեն հակասում է ՀՀ նախագահի սահմանադրական լիազորություններին: