Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի գերակայությունները (2014-2025 թթ.)
ՀՀ կառավարությունը վերանայել է 2008 թվականին ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը»` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները, ծրագրի հեռանկարը մինչև 2025 թվականն է (Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր):
Ծրագրի հիմնական առաքելություններից է՝ առաջիկա տարիներին ռազմավարական ուղենիշեր ապահովել միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) մշակման համար: Հիմնական նպատակը զբաղվածության ավելացումն է՝ որակյալ, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով։ ՀԶԾ-ն հիմնված է չորս գերակայությունների վրա՝ զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավում, կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում։
Հանդիսանալով ՀՀ Կառավարության գործունեության առաջնային ուղեցույցը՝ ՀԶԾ-ն հիմնված է հետևյալ չորս գերակայությունների վրա՝
Գերակայություն 1. Զբաղվածության ընդլայնումը,
Գերակայություն 2. Մարդկային կապիտալի զարգացումը,
Գերակայություն 3. Սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը,
Գերակայություն 4. Կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացումը։
Ծրագրի գործողության առաջին հինգ տարիների ընթացքում զբաղվածության ընդլայնումը կարևորագույն գերակայությունն է՝ շեշտադրելով որակյալ, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանն ուղղված գործողությունները։ ՀՀ Կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորությունների ստեղծմանը:
Մարդկային կապիտալի զարգացման գործողություններն ուղղված են լինելու առաջնային ծառայությունների ծավալների, որակի և մատչելիության աճին (ներառյալ՝ առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթն ու առաջնային ենթակառուցվածքները)՝ հատուկ շեշտադրելով նաև մարդու և բնության փոխհարաբերություններն ու ներդաշնակ զարգացումը։ ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում՝ յուրաքանչյուրի մոտ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը։
Սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման գործողությունները միտված են լինելու գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը (ներառյալ՝ հասցեականության և նպատակայնության ավելացումը) և երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության հիմքերի ստեղծմանը՝ ապահովելով սոցիալական երաշխիքների համապարփակ տրամադրում, սոցիալական ռիսկերի էական նվազում և աղքատության կրճատում։ Միևնույն ժամանակ, գործողություններ են իրականացվելու սոցիալապես անապահով և խոցելի բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցության գերազանցապես դրամական ձևերից միջնաժամկետ հեռանկարում համալիր փաթեթների տրամադրմանն աստիճանական անցում կատարելու ուղղությամբ: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի՝ հարազատ պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու կայուն զգացման ամրապնդումը:
Երկրի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացման գործողությունները, ապահովելով որդեգրած հիմնարար քաղաքականությունների շարունակականությունը, միտված են լինելու պետության արդյունավետության աճին, պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ընդլայնմանը և նպատակային օգտագործմանը, տրամադրվող ծառայությունների որակի և մատչելիության ավելացմանը, կոռուպցիայի նվազեցմանը, որոշումների ընդունման թափանցիկության և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության աստիճանի մեծացմանը: