Խորհրդարանական ընտրություններ. «Բոլորի պատերազմը բոլորի դեմ», ընտրակարգի սպառնալիքները
Ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, երկիրն անցել է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի, սակայն քաղաքակիրթ կուսակցական-գաղափարական պայքարի փոխարեն, մենք ականատես կլինենք կենաց-մահու կռվի:
Ընտրություններում տարածքային բաց ցուցակի ներդրումը համակարգը դարձնում է կոշտ մեծամասնական, երբ տեղի է ունենալու անձանց ընտրություն՝ կուսակցության պրիզմայով: Նման պայմաններում քաղաքական ուժերի համար վճռորոշ կարևորություն ունի այսպես կոչված «ռեյթինգային» (քաղաքագիտական տեսանկյունից «ռեյթինգային» ընտրությունները բացարձակապես այլ ընտրակարգ են և Հայաստանում ներդրված բաց ցուցակով համամասնական ընտրակարգի հետ կապ չունեն) ցուցակով ներգրավված անձինք:
Այս ընտրությունները լինելու են լիբեալիզմի դասականներից Թոմաս Հոբսի բնորոշմամբ «Bellum omnium contra omnes» («Բոլորի պատերազմը բոլորի դեմ»), իրար դեմ են պայքարելու ոչ միայն կուսակցություններն ու դաշինքները, այլև նույն կուսակցության տարբեր ընտրատարածքներում ընդգրկված թեկնածուներն ու նույն ընտրական տարածքի թեկնածուները:
Ընտրատարածքներն ու ընտրողների քանակը.
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ | ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ/ՄԱՐԶ | ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ |
Թիվ 1 | Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն | 198.537 |
Թիվ 2 | Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն | 210.687 |
Թիվ 3 | Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ | 222.434 |
Թիվ 4 | Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն | 206.883 |
Թիվ 5 | Արարատի մարզ | 220.309 |
Թիվ 6 | Արմավիրի մարզ | 232.232 |
Թիվ 7 | Արագածոտնի մարզ | 117.455 |
Թիվ 8 | Գեղարքունիքի մարզ | 187.263 |
Թիվ 9 | Լոռու մարզ | 238.975 |
Թիվ 10 | Կոտայքի մարզ | 237.419 |
Թիվ 11 | Շիրակի մարզ | 231.982 |
Թիվ 12 | Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր | 152.805 |
Թիվ 13 | Տավուշի մարզ | 107.353 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 2.564.334 |
Պայքար կուսակցությունների և դաշինքների միջև.
Խորհրդարանում մանդատ ստանալու համար կուսակցությունները պետք է հավաքեն ընտրողների քվեի 5 տոկոսը, իսկ դաշինքները 7 տոկոսը: Այս անցողիկ շեմը բազմաթիվ քաղաքական ուժերի համար իրական գլխացավանք է, շատերը բավարար ներուժ չունեն այդքան քվե ապահովելու համար: Իսկ այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք առավելագույն մանդատի խնդիր են լուծում, բախվում են կայուն մեծամասնություն և կայուն փոքրամասնության ձևավորման հարցին:
Իշխող Հանրապետական կուսակցությունն նոր ընտրական օրենսգրքի խրթին մեխանիզմներով ամեն ինչ արել է, որ կարողանա առաջիկա ընտրություններին ապահովել մեծամասնություն Ազգային ժողովում, հենց այդ նպատակին է ծառայում նաև ընտրությունների երկրորդ փուլի ներդրումը: Եթե քաղաքական ուժը ստանում է մանդատների 50 տոկոսից ավելին, ապա նրան տրվում են հավելյալ մանդատներ, որպեսզի վերջինս ունենա 54 տոկոսի մեծամասնություն:
Դիտարկենք օրինակով՝ հայտարարված ընտրողների թվի (2.564.334) հաշվարկով մասնակցությունը եթե լինի մոտ 1,5 մլն (58,5 տոկոս), ապա կուսակցությունների համար անցողիկ շեմը (5 տոկոս) կկազմի մոտ 75.000 քվե, իսկ դաշինքներինը (7 տոկոս)՝ 105.000 քվե:
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ | ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ (58,5%) | ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄ | |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (5 %) | ԴԱՇԻՆՔՆԵՐ (7 %) | ||
2.564.334 | 1.500.000 | 75.000 | 105.000 |
Ընդունենք, որ ընտրություններին մասնակցել են 7 քաղաքական ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 4-ը՝ երկու կուսակցություն և երկու դաշինք; Այսպես ներկայացնենք մոտավոր արդյունքները.
Դաշինք | Կուսակցություն | Քվե | Տոկոսը | Մանդատների տոկոսը | Մանդատների թիվը
(նախնական) |
Մանդատների թիվը
(վերջնական) |
Դ-1 | 375.000 | 25 | 28,4 | 29 | 29 | |
Դ-2 | 195.000 | 13 | 14,8 | 15 | 15 | |
Դ-3 | 75.000 | 5 | — | — | — | |
Կ-1 | 660.000 | 44 | 50 | 50 | 60 | |
Կ-2 | 90.000 | 6 | 6,8 | 7 | 7 | |
Կ-3 | 60.000 | 4 | — | — | — | |
Կ-4 | 45.000 | 3 | — | — | — |
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերին տրված ընդհանուր քվեն կկազմի 1.320.000, այսինքն առաջատար կուսակցությունը կստանա մանդատների կեսը: Նման պայմաններում պատգամավորների թիվը կլինի 111, քանի որ մեծամասնություն ստացած քաղաքական ուժը պատգամավորական 54 տոկոսի մանդատ ունենալու համար կստանա հավելյալ 10 մանդատ: Տվյալ դեպքում չենք դիտարկում նաև ազգային փոքրամասնություններին տրամադրվող մանդատները (մեխանիզմը մանրամասն ներկայացված է Ընտրական օրենսգիրքի 17-րդ գլուխում):
Պայքար ընտրատարածքային ցուցակների միջև.
Կուսակցությունների ու դաշինքների մանդատների կեսը տրվում են համապետական ցուցակի, մյուս կեսը ընտրատարածքային ցուցակի ներկայացուցիչներին: Այդպիսով վեր նշված օրինակով՝ առավելագույն ձայներ ստացած կուսակցության մանդատների կեսը՝ 30-ը, տրվելու է համապետական ցուցակի առաջին երեք տասնյակի ներկայացուցիչներին, իսկ մնացած 30-ը կբաժանվեն ըստ ընտրատարածքային ցուցակների: Նույն ձև «Դ-1»-ի տարածքային մանդատները կլինեն 14, «Դ-2»-ը՝ 7, իսկ «Կ-2»-ը՝ 3 մանդատ: Այդպիսով ընդհանուր առմամբ տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորների թիվը կկազմի 54:
Ինչպե՞ս կբաշխվեն այդ 54 մանդատներները 13 ընտրատարածքների միջև: Արդյունքը կախված են ընտրությունների ժամանակ ընտրատարածքներում կուսակցություններին տրված քվեներից:
«Կ-1»-ի 30 տարածքային մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրատարածքում կունենա առնվազն 2 մանդատ, իսկ մնացյալ 4 պատգամավորական մանդատները կբաշխվեն ըստ ընտրական օրենսգրքով սահմանված գործակցի:
Ընտրատարածքում ընդգրկված թեկնածուները պետք է միասնական գործեն, որպեսզի տվյալ ընտրատարածքում ոչ միայն իրենց կուսակցությանը տրված քվեների թիվը լինի առավելագույն, այլև ըստ համամասնության ավելին լինի այլ ընտրատարածքներում իրենց կուսակցությանը տրամադրված քվեների գործակցից. նույն խնդիրն է լինելու նաև մնացյալ կուսակցությունների համար:
Այդպիսով՝ նույն կուսակցության ներկայացուցիչները տարբեր ընտրատարածքներում պայքարում են միմյանց դեմ:
Պայքար նույն կուսակցական-տարածքային ցուցակի ներկայացուցիչների միջև.
Ընտրությունների ժամանակ ամենաթեժ պայքարը կլինի նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների միջև, ովքեր ընդգրկված են նույն ընտրատարածքի կուսակցական ցուցակում: Տարածքային ցուցակի ներկայացուցիչները առաջնահերթ փորձելու են ավելի շատ քվե ստանալ, քան ցուցակի այլ գործիչները:
Ընտրությունների ելքը կախված է նրանից, թե արդյոք քաղաքական գործիչներն ունեն բավարար քաղաքական մշակույթ, որ կարողանան միաժամանակ և՛ համագործակցել իրար հետ, և՛ պայքարել իրար դեմ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընտրությունները Հայաստանում անձնավորված բիրտ պայքար են, ուստի դժվար է պատկերացնել, թե նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները որքանով կթշնամանան իրար հետ և արդյոք դա չի հանգեցնի հետագայում տվյալ քաղաքական ուժի կազմաքանդմանը:
Ընտրությունների ժողովրդավարական հիմնախնդիրը.
Այս ընտրակարգը ոչ միայն կարող է «դանդաղ գործողության ական» լինել կուսակցությունների համար, այլև կոնկրետ հակաժողովրդավարական բնույթ ստանալ: Այսինքն օրինակ ժողովրդականություն վայելող և մեծամասնության քվեն ստացած քաղաքական գործիչը կարող է զրկված լինել ընտրվելու հնարավորությունից:
Ներկայացնենք օրինակով՝ «Դ-3»-ի ներկայացնող թեկնածուն «Թիվ 10» ընտրական տարածքում ստանում է 15.000 քվե, սակայն չի ստանում պատգամավորական մանդատ, քանի որ իր քաղաքական ուժը չի հաղթահարել ընտրական շեմը: Իսկ նույն ընտրատարածքից մեկ այլ քաղաքական գործիչ, ով իրենից կրկնակի քիչ քվե է ստացել, սակայն առաջադրվել է ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունից, դառնում է պատգամավոր: Այդպիսով այն քաղաքական գործիչները, ովքեր ունեն պոտենցյալ մեծ ընտրազանգված, կխուսափեն համագործակցել փոքր կամ նոր կազմավորվող քաղաքական ուժերի հետ, ինչն էլ կուսակցությունների խոշորացման և այլընտրանքի բացառման ուղին է:
Մյուս դեպքում եթե անգամ քաղաքական ուժը հաղթահարել է ընտրական շեմը, սակայն կրկին ընտրատարածքում մեծ թվով քվե ստացած թեկնածուն կարող է մանդատ չստանալ: Օրինակ՝ «Դ-1»-ի ներկայացուցիչը «Թիվ 11» ընտրատարածքում ստացել է 10.000 քվե, սակայն մանդատ չի ստացել, քանի որ իրենց քաղաքական ուժը այդ ընտրատարածքում ստացել է մեկ մանդատ, որը տրվել է 12.000 քվե ստացած իր դաշինքի մեկ այլ գործչի: Մինչդեռ «Կ-1»-ի երկու ներկայացուցիչները, ովքեր ստացել են 8.000 և 5.000 քվե, դառնում են պատգամավոր, քանի որ իրենց կուսակցությունն այդ ընտրատարածքում ստացել է 2 մանդատ: Այսպիսով՝ նոր ընտրակարգի պայմաններում ժողովրդավարության առանցքային «մեծամասնության կանոնը» կարող է և չգործել:
***
Ընտրական օրենսգրքի շատ այլ դրույթներում ևս կան մի շարք խնդիրներ, որոնք կարող են տարամեկնաբանության պատճառ դառնալ և հանգեցնել քաղաքական ճգնաժամի: