Հասարակության դասակարգումն ու պետական կառավարումն ըստ Արիստոտելի
«Կառավարում» կամ «իշխում» հասկացությունը իրավագիտության կարևորագույն կատեգորիաներից է: Իշխանությունն այն առանցքն է, որի շուրջ ձևավորվում և ամրագրվում են իրավագիտության ուսումնասիրության տարբեր օբյեկտներն ու ուղղությունները: Իսկ ինչպիսի՞ն են լինում իշխանության ձևերը, այսինքն մեր բնորոշմամբ կառավարման ձևերը. առաջնահերթ պետք է հենց դա հստակեցնել: Այդ խնդրին փորձել են անդրադառնալ իրավա-քաղաքական հարցերով հետաքրքրվող բոլոր մտածողները, սակայն մեծ է եղել հատկապես Արիստոտելի ներդրումը: Որպես երևույթների համալիր պատկերը ձևավորող մտածող, Արիստոտելը յուրօրինակ է նրանով, որ հստակ տալիս է այս կամ այն երևույթի էության բացատրությունը ու տրամաբանական կապը յալ երևույթների հետ: Հասարակությունը ևս ընկալում է որպես ամբողջություն, որն ունի որոշակի ընդհանրական բնույթ, իսկ պետությունը ձևավորվում է բնականորեն՝ հասարակության զարգացումից ելնելով:
Արիստոտելյան տրամաբանությունը այնքանով է հետաքրիր այսօրյա իրավա-քաղաքական ուսումնասիրությունների համար, որքան այն բավականին բնական է ու ընդունելի նաև ժամանակակից հասարակության համար: Միայն մեկ տարբերություն է առկա. Անտիկ հունական պոլիսները և ժամանակակից ներկայացուցչական հիմքով ձևավորվող պետական ինստիտուտները արմատապես տարբերվում են իրարից. Այդ տարբերությունը հաշվի առնելով կարելի է մոդիֆիկացիայի ենթարկել արիստոտելյան դասակարգումը և ներկայացնել պետական կառավարման ձևերի հստակ դասակարգում:
Կառավարում երևույթի հասարակական ընկալում ու դասակարգման անհրաժեշտությունը
Իրավագիտական մտքի կենտրոնում է մշտապես եղել այն հարցը, թե ինչպես է կառավարվում հասարակությունը կամ հանրույթը: Ինչ է «կառավարությունը» և ինչով է տարբերվում «քաղաքական համակարգից» կամ «ռեժիմից»: «Կառավարություն» տերմինը վերաբերում է այն ինստիտուտներին ու գործընթացներին, որոնց շրջանակներում սովորաբար ընդունվում են կոլեկտիվ ու դրա հետ մեկտեղ, որպես կանոն, իրականացման համար պարտադիր որոշումներ: Քաղաքական համակարգը կամ ռեժիմը ավելի լայն հասկացություններ են, ներառում են ոչ միայն իշխանության մեխանիզմները և պետության ինստիտուտները, այլև այն կառույցներն ու գործընթացները, որոնց միջոցով պետությունը համագործակցում է հասարակության հետ[1]:
Հասարակության կառավարման մինչ օրս ամենաարդյունավետ ինստիտուտն եղել է պետությունը: «Պետությունը քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտն է, որը կազմակերպում, ուղղորդում և վերահսկում է մարդկանց, հասարակական խմբերի, դասակարգերի ու ասոցիացիաների համատեղ գործունեությունը ու հարաբերությունները: Պետության նշանակալի է նրանով, որ նրա ձեռքում է կենտրոնացված իշխանությունն ու ռեսուրսները, ինչն էլ հնարավորություն է տալիս կառավարելու ու նպատակաուղղված կարգավորելու սոցիալական հարաբերությունները: Պետությունը քաղաքական իշխանության հատուկ կազմակերպութուն է, որն ունի սուվերենիտետ և իր հրամանների համապարտադիր բնույթ»[2]: Մեծ հաշվով պետությունը դա իշխանության (քաղաքական կառավարման) ինստիտուցիոնալ մարմնավորումն է:
Մշտապես հասարակագիտական մտածողների ուշադրության կենտրոնում է եղել այն հարցը, թե ինչով է տարբերվում կառավարման մի ձևը մյուսից: Դեռ Ք.ա. 4-րդ դարում Արիստոտելը նախաձեռնեց քաղաքական ռեժիմների դասակարգման առաջին մեզ հայտնի փորձը: 18-րդ դարի սկզբներին շրջանառության մեջ դրվեց երկրները միապետությունների ու հանրապետությունների, ինքնակալությունների ու սահմանադրական ռեժիմների բաժանման պրակտիկան: 20-րդ դարում ի հայտ եկան նոր առավել յուրօրինակ դասակարգումներ: «Սառը պատերազմի» ժամանակահատվածում երկրագնդի քաղաքական քարտեզը բաժանված էր «Երեք աշխարհների», որում համաշխարհային քաղաքականությունը հանգեցվում էր ժողովրդավարության ու ամբողջատիրության միջև հակամարտությանը: Այսօր այդ դասակարգումը հնացած է, մասնավորապես կապված այնպիսի քաղաքական գործընթացների հետ, ինչպես կոմունիզմի փլուզումը, Արևելյան Ասիայի հզորացումը և քաղաքական իսլամի կայացումը: Այսօր դեռևս պարզ չէ՝ ինչ են նշանակում այդ փոփոխությունները՝ արևմտյան լիբերալ դեմոկրատիայի համաշխարհային հաղթարշավ, թե ժամանակակից աշխարհի հետագա քաղաքական ֆրագմենտացիա[3]:
Գործնականում դասակարգման առանցքային հասկացությունը իշխանությունն է: Քանի որ «իշխանությունը» հասկացությունը նույնական է «կառավարում» հասկացությանը, մյուս կողմից պետությունը իշխանության ինստիտուցիոնալ արտահայտությունն է: Այդպիսով, երբ փորձենք առանձնացնել կառավարման տեսակներ, իշխանության տեսակներ, պետության տեսակներ, ապա դրանք մեծ հաշվով նույն երևույթի դիտարկումն է տարբեր չափանիշներով: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ պետության ձևերը, կառավարման ձևերը, քաղաքական ռեժիմները ու քաղաքական համակարգերը հնարավոր է ներկայացնել մեկ ընդհանուր դասակարգմամբ:
Սակայն նախ հստակեցնենք նշված յուրաքանչյուր հասկացության բովանդակությունը:
Պետության ձև – պետության բարձրագույն մարմինների կազմակերպման միջոց, իշխանության տարածքային կառուցվածքը ու դրա իրագործման մեթոդները: Պետության ձևը ամբողջանում է երեք տարրերից՝ կառավարման ձևից, պետական կառուցվածքի ձևից և քաղաքական ռեժիմից[4]: Քաղաքական ռեժիմը բնորոշում է տվյալ պետության մեջ կառավարման բնույթը, այսինքն պետությունները ձևերը ասելիս այն կարելի է բաժանել երկու չափանիշով՝ ըստ կառավարման ձևի և ըստ կառուցվածքի:
Պետական կառուցվածքի ձև – պետության կամ պետությունների միության տարածքային կազմակերպման միջոց: Առանձնացվում են պետության կարգի երկու ձևեր՝ դաշնություն և ունիտար պետություն[5]:
Կառավարման ձևեր (իրավագիտական սահմանում) – համալիր սահմանադրական-իրավական ինստիտուտ, իշխանության կազմակերպում, որը բնութագրվում է որպես ֆորմալ աղբյուրի, բարձրագույն մարմինների կառուցվածք և իրավական բնույթ, ինչպես նաև նրանց միջև փոխհարաբերությունների հաստատված կարգ: Կառավարման ձևի գլխավոր որոշիչ չափանիշն է պետության գլխի իրավական կարգավիճակը (ընտրվող և փոխարինվող հանրապետություններում, ժառանգական միապետություններում): Ժամանակակից պետություններին բնորոշ է կառավարման երկու ձև՝ հանրապետություն և միապետություն[6]:
Կառավարման ձև (քաղաքագիտական սահմանում) – սահմանում է իշխանության բարձրագույն մարմինների ձևավորման կարգն ու հարաբերությունները նրանց միջև: Միապետությունն ու հանարապետությունը տարբերվում են պետության գլխի փոխարինման միջոցով: Միապետի կարգավիճակը, որպես կանոն, փոխանցվում է ժառանգաբար, անգամ այն հատուկ դեպքերում, երբ դինաստիան կտրվում է, միապետ է ընտրվում թագավորական տոհմին պատկանող սահմանափակ ընտանիքների շրջանի ներկայացուցիչներից մեկը: Հանրապետությունում պետության գլուխը (միանձնյա կամ կոլեգիալ) իր պաշտոնը ստանում է ընտրությունների ինստիտուտի հենքով[7]:
Քաղաքական ռեժիմը (իրավագիտական սահմանում) – հնարքների, մեթոդների, ձևերի համակարգ, որոնք խթանում են հասարակության մեջ քաղաքական իշխանությունը իրագործելու համար: Սա իշխանության գործառութային բնութագրիչն է: Քաղաքական ռեժիմների միասնական տիպաբանություն չկա: Հաճախ գիտության մեջ առանձնացվում են ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար ռեժիմներ: Կառավարման ռեժիմի բնույթը պետությունների սահմանադրությունների մեջ երբեք ուղղակիորեն չի նշվում (չհաշված բավականին տարածում գտած ժողովրդավարական բնույթի շեշտադրումը), սակայն գրեթե միշտ անուղղակիորեն անդրադառնում է դրանց բովանդակության վրա[8]:
Ռեժիմ՝ (քաղաքագիտական սահմանում – ֆր. regime – կառավարում)
- Որպես կառավարման մեթոդ (ռեժիմ՝ ողջ քաղաքական կարգ) – ինստիտուցիոնալ, սոցիալական և գաղափարական տարրերի համալիրը, որոնք կազմում են քաղաքական իշխանությունը կոնկրետ երկրում որոշակի ժամանակահատվածի համար, այս ընկալումը պետական իշխանության կառուցվածքը բնութագրող քաղաքական համակարգի ֆորմալ-իրավաբանական և ավելի լայն՝ սահմանադրական ասպեկտն է:
- Որպես քաղաքական կարգի (ավելի կոնկրետ դրա սոցիալ-տնտեսկան հիմքերի) փոփոխական պարամետրերի փոփոխման համար բացվածություն (ռեժիմ՝ այլընտրանք),
- Որպես կառավարման աղբյուր կամ իշխանական հեղինակություն, որը կանխորոշում է քաղաքական կարգը և/կամ նրա փոփոխվող բաղադրիչները (ռեժիմ՝ իշխանություն)[9]:
Քաղաքական համակարգ (լայն իմաստով) – հարաբերությունների կայուն ձև, որի միջոցով տվյալ հասարակության համար ընդունվում ու իրականացվում են պրակտիկայում իշխանական որոշումները: Այդ համակարգն ունի չորս բնութագրիչներ, որ նրան տարբերում է այլ սոցիալական համակարգերից.
- Այն ունիվերսալ է, քանի որ ներառում է իր ազդեցությամբ ողջ հասարակությունը,
- Այն իրականացնում է ամբողջական վերահսկողություն ֆիզիկական ու այլ տիպի հարկադրանքի կիրառման վրա,
- Պարտադրող որոշումներ ընդունելու նրա իրավունքը համարվում է լեգիտիմ,
- Նրա որոշումները համարվում են իշխանական-հեղինակավոր, իրենց մեջ կրում են լեգիտիմության ուժ և այն բանի զգալի հավանականություն, որ մարդիկ կենթարկվեն[10]:
«Քաղաքական համակարգ» տերմինը սովորաբար օգտագործվում է պետության կառավարմանն առնչվող ու նրանում տեղի ունեցող տարաբնույթ քաղաքական գործընթացները բնութագրող հարաբերությունների ամբողջությունը նշելու համար:
Համակարգի գործառնման գործընթացին անդրադարձել է Դեյվիդ Իստոնը՝ որպես 3 տարրերի` «մուտքեր», «կոնվերսիա» և «ելքեր» փոխգործակցության գործընթաց: «Մուտքերը» պահանջարկներն ու աջակցությունն են, ըստ որի մշակվում են «ելքերը»` որոշումները և գործողությունները: Այստեղ մեծ դեր ունի նաև հակադարձ կապը[11]:
Քաղաքական համակարգն հանդես է գալիս որպես ավելի լայն հասարակական համակարգի ենթահամակարգ: Այն «համակարգ» է, քանի որ նրանում առկա են մեկ ամբողջության մեջ մասերի փոխգործակցություններ, «քաղաքական» է, քանի որ այդ փոխգործակցությունը իրականացվում է իշխանության, հասարակության մեջ հարստությունների ու ռեսուրսների բաշխում: Ռեժիմն այդպիսով այնպիսի «կառավարման համակարգ» է, որը պահպանվում է կառավարության բոլոր ու ամեն տեսակ փոփոխությունների դեպքում: Կառավարությունները կարող են փոփոխվել ընտրությունների, դինաստիայի փոփոխության, պետական հեղաշրջումների արդյունքում և այլն, ռեժիմները փոխվում են կա՛մ արտաքին ռազմական միջամտության, կա՛մ էլ ներսում հեղափոխական հեղաշրջման դեպքում[12]:
Ռուսական քաղաքագիտական մտքում «ռեժիմի» ընկալումը միանգամայն այլ է, որպես ավելի նեղ հասկացություն, որը արտացոլում է քաղաքական համակարգի պատմականորեն ոչ հարատև այս կամ այն վիճակը[13]:
Կարելի է ենթադրել, որ քաղաքական համակարգն ավելի ամորֆ հասկացություն է, այն մշակված է քաղաքական կառավարում երևույթին ավելի հստակ բովանդակություն տալու ու գիտականորեն մշակելու համար: Այլ հարց է, թե արդյոք այդ հասկացությունն հավելյալ կերպով չբարդեցրեց կառավարում երևույթի ընկալումը: Այնուհանդերձ մենք կարող ենք ասել, որ քաղաքական համակարգ հասկացությամբ կարելի է բնորոշել և՛ քաղաքական ռեժիմը, և՛ կառավարման ձևը, և՛ պետության կառուցվածքի ձևը:
Հասկացությունների զուտ սահմանմամբ հնարավոր չէ երևույթի էությունը հասկանալ, քանի որ տարբեր գիտական ուղղությունների ու տարբեր մտածողների կողմից վերը նշված երևույթները միանգամայն տարբեր ընկալում կարող են ունենալ, ուստի ավելին քան անհրաժեշտություն է առաջանում վերլուծել յուրաքանչյուր հասկացության ձևավորման հիմքը ու պատմական համատեքստը: Ինչն էլ հանգեցնում է քաղաքական կառավարման ձևերի դասակարգման խնդրին:
«Քաղաքական կառավարման ձևերի դասակարգումը մեզ համար հետաքրքիր ու կարևոր է երկու պատճառով:
Առաջին պատճառն այն է, որ այն զգալիորեն հեշտացնում է պետական կառավարման ընկալումը: Չէ՞ որ հասարակական գիտություններում ճանաչողությունը բխում է գլխավորապես համեմատությունից. փորձագիտական բնույթի մեթոդներն այստեղ կիրառելի չեն: Մենք չենք կարող փորձ իրականացնել, որ ստուգենք, թե արդյոք ԱՄՆ-ի կառավարության համար ավելի հեշտ չէր լինի այս կամ այն կառավարական ճգնաժամը (government gridlock) լուծել, եթե հրաժարվեն իշխանությոնների տարանջատման սկզբունքից, կամ արդյոք կպահպավեր ԽՍՀՄ-ում սոցիալիստական համակարգը, եթե երկրում բարեփոխումները մի սերունդ ավելի շուտ սկսվեին: Ուստի մեզ մնում է միայն հանգել երևույթները համադրելու ճանապարհին. ուրվագծելով նրանց միջև նմանություններն ու տարբերությունները, մենք ավելի հստակ ենք տեսնում հետազոտության առարկան, քաղում ենք նշանակալին աննշանից և ընդհանրապես հստակություն ենք մտցնում այն բանի մեջ, ինչն այլ դեպքում կլիներ անհասկանալի փաստերի պարզ հավաքածու: Զուգահեռ գիտնականը կարող է ձևակերպել իր հիպոթեզները, հայեցակարգերը, տեսությունները և անգամ ինչ-որ չափով դրանք ստուգել փաստացի նյութով: Այդպիսով ինչպես կասեր Ալեքսիս դե Թոքվիլը. «չհամադրելով երևույթները, բանականությունը չգիտե, ուր գնալ»: Ինչ վերաբերում է կառավարման համակարգերի դասակարգմանը, ապա այն լոկ միջոց է մեր համեմատության գործողությունը ավելի մեթոդական ու հաջորդական դարձնելու:
Երկրորդ պատճառն այն է, որ դասակարգումը հեշտացնում է ոչ միայն վերլուծությունը, այլև երևույթի գնահատումը: Չէ՞ որ Արիստոտելի ժամանակներից ի վեր մտածողները ձգտել են ոչ միայն հասկանալ, այլև կատարելագործել իշխանությունը: Փիլիսոփայության մեջ դեսկրիպտիվ տարրերը միշտ նորմատիվ տարրերը հետ են հանդես գալիս՝ ինչ է առկա հարցը, ինչ պետք է լինի հարցի հետ: Պատմության մեջ բազմիցս նախաձեռնվել են պատկերել կառավարման իդեալական համակարգ՝ ըստ էության ուտոպիա, օրինակ Պլատոնի «Պետությունը», Թոմաս Մորի «Ուտոպիան» (1516), Պյոտր Կրոպոտկինի «Դաշտ, ֆաբրիկա և արհեստանոց» աշխատությունը (1912) և այլն: Այսպես, թե այնպես համեմատելով քաղաքական երևույթները իրար հետ՝ մենք հնարավորություն ենք ստանում դրանց տալ այս կամ այն որակական բնութագրությունը, գնահատականը[14]:
Միայն համեմատական մոտեցման շրջանակներում է, որ օրինակ կարելի է ինչ-որ դատողություններ անել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես «Արդյոք պետք է ողջունել ու խրախուսել Հայաստանի անցումը լիբերալ դեմոկրատիայի», «Պետք է արդյոք Հնդկաստանը հրաժարվի դաշնային կարգավիճակից ի օգուտ ունիտար համակարգի կամ շրջանների անկախության» և «Պետք է արդյոք Միացյալ Թագավորությունը ընդունի «գրված» սահմանադրություն»:
Այնուհանդերձ դասակարգման յուրաքանչյուր համակարգ ունի իր թերությունները:
- Ինչպես և մնացյալ վերլուծական մեթոդները, դրանք իրենց մեջ կրում են պարզեցման վտանգ: Մեկ սյունյակով ռեժիմների դասակարգումն ուշադրությունը գրավում է նրանց համընկնող բնութագրիչների վրա, սակայն միանգամայն հավանական է, որ ուշադրությունից դուրս մնա ինչ-որ բավականին էական տարբերություններ նրանց միջև: Մեծ վտանգ է չնկատել այն, որ միևնույն երևույթը տարբեր պայմաններում կարող է ունենալ սկզբունքորեն ոչ միանման իմաստ: Օրինակ՝ «պետությունը», որ գոյություն ունի Ճապոնիայում և ողջ Արևելյան Ասիայում, իր տեսակով ու բուն էությամբ կարող է արմատապես տարբերվել «պետության» Արևմտյան ընկալումից: Ուստի համեմատական վերլուծություն իրականացնելիս պետք է մշտապես հաշվի առնել էթնոցենտրիզմի վտանգը:
- Դասակարգումը կարող է աղավաղվել այս կամ այն արժեքայնության ազդեցությամբ: Օրինակ ժամանակին մասնագետները կոմունիստական ու ֆաշիստական ռեժիմները միավորում էին «ամբողջատիրության» սյունյակի տակ, պատկեր էր ձևավորվում, որ «սառը պատերազմի» տարիներին արևմտյան լիբերալ դեմոկրատիաները սկզբունքորեն կռվում էին հենց այն նույն թշնամու դեմ, ինչ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
- Եվս մեկ թերություն է այն, որ դասակարգման հիմքում դրվում է պետությունը, իսկ երկրները դիտարկվում են որպես ամբողջական ու ինքնուրույն առաջ մղող համակարգեր: Իհարկե սա մեծ սխալ չէ, թեպետ գլոբալիզացիայի դարաշրջանում նման մոտեցումն այլևս բավարար չէ[15]:
Այսօր, երբ բավականին արդիական է պետությունների՝ որպես համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատարների տրանսֆորմացման հարցը, և ի հայտ են գալիս ընդհանրության մեջ ասված Նոր վերազգային (վերպետական) դերակատարներ, որոնք թելադրում են խաղի իրենց կանոնները[16]: Հարց է առաջանում, թե ինչպես կարելի է տեղավորել այդ սուբյեկտներ առկա դասակարգման համակարգերի մեջ: Այս հարցի պատասխանը ևս մեկ անգամ հենք է տալիս մտածելու, որ գոյություն ունեցող դասակարգման համակարգերը խմբագրման և տերմինաբանական հստակեցման կարիք ունեն:
Պետական կառավարումն ըստ Արիստոտելի
Անտիկ իրավա-քաղաքական միտքը մեծ զարգացում ստացավ Պլատոնի աշակերտ ու քննադատ Արիստոտելի կողմից (Քա. 384-322թթ.), ում էլ պատկանում է «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի մեծ ընկեր է»: Արիստոտելը պատմության առավել ունիվերսալ մտածողներից է:
Արիստոտելը ծնվել է փոքր հելլենական Ստագիր քաղաքում, դրա համար նրան երբեմն անվանում են Ստագիրացի: Քա 367թ. (17 տարեկանում) տեղափոխվել է Աթենք, ուր սովորել, ապա դասավանդել է Պլատոնի Ակադեմիայում, մինչև վերջինիս մահը: Լքելով Աթենքը (Քա 347 թ.)՝ ապրել է տարբեր հունական քաղաքներում, իսկ Քա 342-340 թթ. Փիլիպոս Երկրորդ թագավորի հրավերով զբաղվել է նրա որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ:
Քա 335թ. վերադարձել է կրկին Աթենք, երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ: Արիստոտելը դասախոսությունները կարդում էր ճեմելով, որի պատճառով էլ նրա հետևորդներին սկսեցին կոչել պերիպատետիկներ՝ ճեմականներ: ուր հիմնել է իր դպրոցը՝ Լիկեյ և ղեկավարել է այն գրեթե մինչև իր կյանքի վերջ:
Արիստոտելի իրավա-քաղաքական մտքերը մանրամասն նկարագրված են այնպիսի աշխատանքներում, ինչպես «Պոլիտիկա», «Աթենական պոլիտեա» և «Էթիկա» գրքերը:
Արիստոտելը նախաձեռնել է քաղաքականության մասին գիտության համակողմանի մշակման փորձեր: Քաղաքականությունը որպես գիտություն նրա մոտ սերտորեն կապված է էթիկայի հետ: Քաղաքականության գիտական ընկալումը ենթադրում է, ըստ Արիստոտելի, բարոյականության, էթիկայի (բարքերի) իմացության մասին[17]:
Քաղաքական գիտության օբյեկտներն են համարվում հիասքանչն ու արդարը, բայց նույն այդ օբյեկտները որպես արժանիքներ ուսումնասիրվում է նաև էթիկայի կողմից: Էթիկան ներկայացվում է որպես քաղաքակնության սկիզբ, դրան տանող ուղի:
Արիստոտելն առանձնացնում է արդարության երկու տեսակ՝ հավասարակշռող ու բաշխող: Հավասարակշող արդարության չափանիշն է «թվաբանական հավասարությունը», այդ սկզբունքի կիրառության ոլորտն է քաղաքացիական-իրավական գործարքների ոլորտը, վնասի փոխհատուցումը, պատիժը և այլն: Բաշխող արդարությունը բխում է «երկրաչափական հավասարության» սկզբունքից և նշանակում է ընդհանուր բարիքի բաժանում ըստ արժաննիքների, համահավասար հանրույթի այս կամ այն անդամի ներդրումներին:
Քաղաքականության համար էական էթիկական հետազոտության հիմնական հետևությունն այն եզրակացությունն է, որ քաղաքական արդարությունը հնարավոր է միայն ազատ ու հավասար անձանց միջև, որոնք պատկանում են միևնույն հանրույթին և նպատակ ունեն ինքնաբավարարման:
«Պետությունը հանրույթի հատուկ ձև, որը առաջանում է համընդհանուր բարիքի և երջանիկ կյանքի համար: Գալիս է Արիստոտելից, պետության մեջ տեսնում էր ազատ և հավասար քաղաքացիների ասոցիացիա, միություն: Արիստոտելը պետությունը համարում էր բնականության, արդարության, գեղեցկության և համընդհանուր բարիքի մարմնավորում: Այն «քաղաքական կենդանու» «համատեղ գոյակցության» ձգտումն է: Ըստ Արիստոտելի պետությունը քաղաքական միության ձև է, որի առանցքը կազմում է «իշխանությունը, որի օգնությամբ մարդը իշխում է իր պես և ազատ մարդկանց»»[18]:
Պետությունը (պոլիսը) բնական զարգացման արդյունք է: Այդ իմաստով այն նման է այնպիսի բնականորեն առաջացած առաջնային հանրույթներին, ինչպես ընտանիքը կամ գյուղը: Բայց պետությունը հանրույթի բարձրագույն ձևն է, որը իր մեջ է ներառում բոլոր մնացած հանրույթի ձևերը: Քաղաքական հանրույթում հանրույթի բոլոր մնացած ձևերը հասնում են իրենց նպատակին (բարեկեցությանը): Մարդն իր էությամբ քաղաքական էակ է և պետության մեջ (քաղաքական հանրույթում) ամբողջանում է մարդու այդ քաղաքական բնույթի ծագումնաբանական հիմքերը: Բայց ոչ բոլոր ժողովուրդներն են հասել զարգացման այդ աստիճանին: «Բարբարոսները»՝ մարդկային բնույթի թերի զարգացվածությամբ մարդիկ, դեռ չեն հասունացել կյանքի քաղաքական ձևի համար: «Բարբարոսն ու ստրուկը, իրենց բնույթով, նույնական հասկացություններ են»:
Տիրոջ ու ստրուկի հարաբերությունները, ըստ Արիստոտելի, ընտանիքի տարրերն են, այլ ոչ թե պետության: Իսկ քաղաքական իշխանությունը բխում է ազատության ու հավասարության հարաբերություններից, որով սկզբունքորեն տարբերվում են երեխաների հանդեպ հայրական իշխանությունից և ստրուկների հանդեպ տիրոջ իշխանությունից:
Արիստոտելի, ինչպես և Պլատոնի համար, պետությունը իրենից ներկայացնում է ինչ-որ ամբողջություն, նրա տարրերի միասնականություն, բայց նա քննադատում է Պլատոնի այն փորձը «դարձնելու պետությունը չափազանց միասնական»[19]: Պետությունը կազմված է մի շարք տարրերից և դրանց միացման չափազնաց մեծ ձգտումը, ինչպես օրինակ Պլատոնն էր առաջարկում՝ սեփականության, կանանց ու երեխաների ընդհանրություն, կհանգեցնի պետության վերացման: Ելնելով մասնավոր սեփականության, ընտանիքի ու անհատի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ Արիստոտելը շեշտակիորեն քննադատում է պլատոնական պետության ծրագրերը:
Մասնավոր սեփականությունը, ըստ Արիստոտելի, արմատացած է մարդու էության մեջ, սեփական անձի նկատմամբ նրա բնական սիրո մեջ:
Պետությունը, ըստ նրա, բարդ հասկացություն է: իր ձևով այն իրենից ներկայացնում է որոշակի կառույց, որը միավորում է քաղաքացիների որոշակի ամբողջության: Այս տեսանկյունից խոսքը վերաբերում է ոչ թե պետության այնպիսի նախնական տարրերի մասին, ինչպես անհատը, ընտանիքը և այլն, այլ քաղաքացու մասին: Պետության էությունը կապված է նախևառաջ քաղաքացի ինստիտուտի հետ, թե ում համարել քաղաքացի: Ըստ Արիստոտելի՝ քաղաքացի է նա, ով կարող է մասնակցել տվյալ պետության օրենսդիր ու դատական իշխանության գործերին[20]:
Այստեղ պետք է նշել, որ Արիստոտելն ապրում էր հունական պոլիսներում (քաղաք-պետություններում), որոնք բավականին քիչ թվով բնակչություն ուներին: Օրինակ ամենից մեծ պոլիսը Աթենքն էր, որի բնակչությունը մոտ 40.000 մարդ էր, սակայն այդ բնակչությունից մոտ 6.000 էր համարվում դեմոս, այսինքն լիիրավ քաղաքացի: Հենց «դեմոս» բառից է բխում «դեմոկրատիա» հասկացությունը՝ որպես դեմոսի իշխանություն: Աթենական իշխանության բարձրագույն մարմինը Էկկլեսիան էր՝ 6.000-ի Ժողովրդական ժողովը, իսկ որոշումներն ընդունվում էին ուղիղ քվեարկության միջոցով՝ ձայների մեծամասնությամբ: Սա նշելով ուզում ենք շեշտել, որ արիստոտելյան մոտեցումները ամենևին էլ առարկայազուրկ չէին (ինչը կարող է այդպիսին թվալ ժամանակակից մարդու համար), իսկ իշխանության ներկայացուցչական համակարգը, որը գործում է այսօր բոլոր երկրներում, ոչ մի ընդհանուր կապ չուներ հին հելլենական կառավարման համակարգի հետ[21]:
Պետության ցանկացած ձևի դեպքում առկա է քաղաքացի հասկացության հստակ սահմանում, հիմքեր այս կամ այն քաղաքացիների խմբին որոշակի իրավունքներ վերապահելու: Քաղաքացի հասկացության, հետևաբար նաև պետության ձևի փոփոխության հետ փոփոխվում է նաև բուն պետությունը:
Արիստոտելը «Պոլիտիկա» աշխատության մեջ հանգամանալից անդրադառնում է պետական կառավարման ձևերի հարցին՝ փորձելով բացատրել դրանց տիպերը, տարբերակիչ գծերը:
Պետական կառույցը (politeia) առաջնահերթ բարձրագույն իշխանության և ընդհանրապես պետական պաշտոնների կազմակերպման ոլորտում կանոնակարգն է, բարձրագույն իշխանությունը ամենուրեք կապված է պետական կառավարման կարգի հետ (politeyma): Արիստոտելը, որպես մեկնաբանություն, բերում է այն օրինակ, որ դեմոկրատկան երկրներում բարձրագույն իշխանությունը ժողովրդի ձեռքին է, իսկ օ;իգարխիայում՝ հակառակը ուստի պետականա կարգը մենք դրանցում տարբեր կերպ ենք անվանում: Նույնն է նաև մնացյալի պարագայում:
Արիստոտելը հարց է բարձրացնում, թե «ինչ նպատակով է առաջացել պետությունը և որքան տեսակներ ունի իշխանությունը, որը ղեկավարում է մարդուն նրա հասարակական կյանքում: Ինչպես արդեն նշել ենք, ըստ Արիստոտելի մարդը քաղաքական էակ է, ուստի անգամ այն մարդիկ, ովքեր փոխօգնության կարիք ամենևին չունեն, միևնույն է ձգտում են համատեղ կենսագործունեության:
Դրան մարդկանց դրդում է նաև ընդհանուր շահի գիտակցությունը… մարդիկ համախմբվում են բուն կյանքի համար ամրապնդելով պետական շփումը[22]:
Պատմության ընթացքում մեծ հետաքրքրություն է ներկայացրել քաղաքական կյանքի և հատկապես պետության տիպաբանության խնդիրը: Պետության առավել վաղ և թերևս հայտնի տիպաբանությունը իրականացրել է Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ (Քա 4-րդ դ.): 158 հունական պոլիսների ուսումնասիրությամբ նա տարբերակում է պետության ճիշտ և սխալ ձևեր: Ճիշտ է համարում այն պետությունները, որոնց իրական նպատակը համընդհանուր բարիքն է, իսկ սխալ է համարում այն պետությունները, որոնք մղված են միայն կառավարիչների բարիքի ապահովմանը: Ըստ Արիստոտելի պետական կարգը այն է, երբ տիրապետում է օրենքով հաստատված իշխանությունը: Համընդհանուր բարիքի չափանիշից բացի կիրառում է նաև կառավորումը իրականացնող անձանց թվի չափանիշը. մե՞կն է կառաավարում, մի քանի՞սը, թ՞ե շատերը:
Արիստոտելը անդրադառնում է իշխանության տարատեսակներին. տիրոջ իշխանությունը ստրուկի նկատմամբ միաժամանակ օգտակար է և՛ ծնե ստրուկի, և՛ տիրոջ համար, բայց ամեն դեպքում այստեղ ակնհայտ է նախևառաջ տիրոոջ օգուտը: Իսկ երեխաների, ընտանիքի հանդեպ իշխանությունը Արիստոտելն անվանում է տնայնագործական իշխանություն, որի տակ նկատի ունի կա՛մ ենթակաների համար բարիքի, կա՛մ երկու կողմերի միաժամանակյա բարիքը: Այդ տրամաբանությամբ դատելով՝ Արիստոտելը գտնում է, որ պետական պաշտոնները, ուր պետությունը հիմնված է իրավահավասարության և քաղաքացիների հավասարության վրա, հակված են հաջորդաբար կառավարելու: Այդ հակվածությունը ի սկզբանե բնական հիմքեր է ունեցել. Պահանջվում էր, որ պետական կարգադրությունները իրագործվերին հաջորդաբար և բոլորն էլ ցանկանում էին, որ երբ նա իշխում է և հոգ է տանում ուրիշների բարեկեցության, բարիքի համար, ապա նաև իր անձնական բարիքի համար ինչ-որ մեկը գործի: Այսօր փոքր ինչ տարօրինակ է իշխանական լծակների նման ընկալումը, բայց և Արիստոտելի ժամանակ արդեն այդ նախնական հայրական խնամքի նմանվող կառավարումը ցնորալից էր թվում: Այդ ժամանակ իսկ ակնհայտ էր կառավարչական դիրքից բխող անձնական բարիքների հնարավորությունները: Սկզբունքորեն պարզ է, որ կառավարման ճիշտ (արդար) ձև պետության համար կարող է սահմանվել այն ձևը, որը հաշվի է առնում ընդհանուր բարիքը, իսկ միայն կառավարողների բարիքի համար գործող կառավարման ձևը սխալ ձևերն են[23]: Փաստացիորեն բարիքի բաշխումը Արիստոտելի մոտ ներկայանում է որպես կառավարման ձևրի դասակարգման մեկ չափանիշ: Ժամանակակից հասարակագիտական ընկալմամբ Արիստոտելն առաջարկում էր կառավարման ձևերի կոորդինատային դասակարգում՝ երկչափ:
Երկրորդ չափանիշն Արիստոտելը նույնքան բնական է ներկայացնում: Պետական կառուցվածքը նույնական է պետական կառավարման կարգին, որն էլ մարմնավորում է բարձրագույն իշխանությունը, իսկ բարձրագույն իշխանությունը գտնվում է կա՛մ մեկի, կա՛մ մի քանիսի, կա՛մ էլ մեծամասնության ձեռքում:
Երբ կառավարում է մեկը, մի քանիսը կամ մեծամասնությունը ի բարեկեցություն ընդհանուր, ապա նման կառավարման ձևերը, բնականաբար, ճիշտ (արդար) են, իսկ երբ հաշվի է առնվում մեկի, մի քանիսի կամ մեծամասնության շահը, որը կառավարում է, ապա դա կառավարման սխալ ձև է:
Միապետական կառավարումը, որը գործում է ի բարօրություն ընդհանուրի սովորաբար անվանվում է թագավորական իշխանություն, քչերի բայց մեկից ավելի անձի իշխանությունը՝ արիստոկրատիա, իսկ երբ ի նպաստ ընդհանուրի բարօրության են կառավարում մեծամասնությունը, Արիստոտելը օգտագործում է պոլիտեա տերմինը: Նման դասակարգումը տրամաբանորեն ճշմարիտ է. մեկ անձը կամ մի քանիսը կարող են աչքի ընկել իրենց բարեպաշտությամբ, իսկ մեծամասնության համար դժվար է դա ապահովել, մինչդեռ մեծամասնության համար ավելի հեշտ է զինվորական խիզախությունը, քանի որ այն հիմնականում հենց ժողովրդական զանգվածների մոտ է հանդիպում: հենց դրա համար էլ նման պոլիտեաներում բարձրագույն իշխանությունը կենտրոնացված է զինվորների ձեռքում, որը զինվում է սեփական միջոցներով: Նշված ճշմարիտ տարբերակներից շեղումներն են. թագավորությունից տիրանիան, արիստոկրատիայից՝ օլիգարխիան, պոլիտեայից՝ դեմոկրատիան[24]:
Կառավարման ձևերի արիստոտելյան դասակարգման ժամանակակից մոդիֆիկացիա
Հասարակագիտության մեջ առկա են կառավարման ձևերի դասակրգման մի շարք մոդելլներ՝ գծային, կոորդինատային, երկչափ, եռաչափ և այլն[25]:
Դասակարգումների այս բազմազանության մեջ իր յուրօրինակ կուռ որակով հանդես է գալիս արիստոտելյան դասական տիպաբանությունը: Գործնականում ցանկացած կառավարման երևույթ դասակարգելիս առաջնային չափանիշը պետք է լինի հենց այն, թե որքան մարդիկ են կառավարում: Արիստոտելը բաժանում էր երեք խմբերի՝ մեկը, մի քանիսը, շատերը. շատերը (կամ մեր ընկալմամբ՝ մեծամասնությունը) Արիստոտելի ապրած դարաշրջանում կարող էր մասնակցել կառավարմանը ուղղակիորեն, ինչն էլ ժողովրդավարության հենքն էր: Սակայն այսօր, երբ հասարակությունները միլիոններով են հաշվվում քաղաքական կառավարման շատերը տարբերակը դուրս է գալիս:
Մյուս կողմից Արիստոտելը առաջարկում էր հաշվի առնել, բարիքի հանդեպ վերաբերմունքը, թե արդյոք բարիքը ծառայելու է ընդհանուրին, թե մասնավոր կառավարիչների շահին: Արիստոտելը զգուշացնում էր դեմագոգիայի վտանգի մասին, որին կարող է ենթարկվել դեմոսը:
Մենք մեր դասակարգման մեջ կվերափոխենք արիստոտելյան դասակարգումը՝ ներառելով ժամանակակից քաղաքական իրողություններն ու դեմագոգիայի դրսևորումը: Ստացվում է կոորդինատային դասակարգում, որի մի չափանիշն է, թե ովքեր են կառավարում՝ մեկը, թե մի քանիսը: Մեծամասնությունը չի կարող կառավարել, քանի որ «կառավարում» հասկացությունը ենթադրում է փոքրամասնության առկայություն: Եվ երկրորդ չափանիշը, թե արդյոք կառավարողներն ինչպես են օգտագործում ռեսուրսները, միջոցները (բարիքը)՝ ընդհանուրի համար, մասնավոր իրեն (իրենց) համար, թե երբ ռեսուրսների բաշխման ժամանակ մանիպուլյացիայի է ենթարկվում:
Դրանով իսկ ստանում են քաղաքական կառավարման հետևյալ դասակարգումը, որն ունի վեց ձև՝ հայրակալական, մարյոնետային, տիրանիկ, օլիգարխիկ, մանիպուլարխիկ, խնամակալական կառավարումներ: Ի դեպ այս դասակարգման մեջ չափազանց կարևորվում է կոնկրետ հանրույթի գիտակից (ռացիոնալ) վերաբերմունքը:
Այս դասակարգման համար մենք կարող ենք հստակեցնել ցուցիչներ, որով հնարավոր կլինի հստակ համեմատական անցկացնել տարբեր կառավարման տարբերակների միջև:
Քանի որ մեր դասակարգման առանցքում ընկած է երկրում մարդկանց ռեսուրսների, միջոցների (բարիքի) բաշխվածությունը, ապա կարելի է կոնկրետ տնտեսագիտական ցուցիչներով ներկայացնել երևույթը: Մասնավորապես որպես ցուցիչներ կարելի է օգտագործել մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկության տոկոսայնությունը, կրթվածության մակարդակը՝ գրագիտություն ունեցող կամ բարձրագույն կրթությամբ անձանց տոկոսային հարաբերակցությունը բնակչության հաշվարկով, եկամուտների անհավասարության ցուցիչը և մի շարք այլ անհրաժեշտ ցուցիչներ: Իհարկե այս խնդիրը համակողմանի վերլուծության ու առավելագույնս օբյեկտիվ ցուցիչ դուրս բերելու կարիք է զգում, սակայն այնուհանդերձ նման տարբերակով կարելի է հստակորեն դասակարգել ոչ միայն պետությունները, այլև ցանկացած քաղաքական կազմակերպություն և դեռ ավելին ցանկացած հանրույթ: Կարող ենք համեմատականներ տանել տարբեր կորպորացիաների միջև (օրինակ GM-ի՝ Ջեներալ Մոթըրս-ի BP-ի՝ Բրիտիշ Փետրոլյումի միջև, կամ Եվրամիության և ԱՍԵԱՆ-ի միջև, կամ էլ երկու կուսակցությունների միջև): Հիմնական ցուցիչներից բացի առկա են նաև հավելյալ ցուցիչներ, որոնցով կարելի է առավել կոնկրետացնել այս կամ այն քաղաքական կառավարման արդյունավետությունը այս կամ այն համատեքստում, մասնավորապես այդ ցուցիչների ցանկին կարելի է դասել միգրացիայի հարաբերակցությունը, լիբերալ արժեքները, զինված ուժերի տոկոսայնությունը բնակչության համեմատության, ռեսուրսների ու ՀՆԱ-ի հարաբերակցությունը և այլն:
Տիրանիա կամ բռնապետական քաղաքական կառավարում. Սա քաղաքական կառավարման այն ձևն է, որում կառավարում է մեկը ի բարօրություն ինքն իրեն: Այսինքն սա առավելապես եսասիրական կառավարման ձև է, որը կարելի է համարել քաղաքական կառավարման վատագույն ձևը:
Մարյոնետային քաղաքական կառավարում. Երբ կառավարում է մեկը, սակայն կառավարման մեջ մանիպուլյացիան առաջնային նշանակություն ունի: Այս տարբերակում մարյոնետի կարգավիճակը կարող է դրսևորվել և՛ կառավարողի, և՛ կառավարվողների հանդեպ: Մասնավորապես կառավարողը կարող է իրականում մարյոնետային կարգավիճակում լինել, այսինքն ինքնին ռեալ քաղաքական ուժ իրենից չներկայացնի, լինի դրածո կամ անգամ չգիտակցի, որ իրականում ինչ-որ մեկ այլ դերակատար ուղղորդում է նրա գործողությունները: Ինչպես նաև կառավարվողները կարող է ենթարկվել մանիպուլյացիայի, մասնավորապես և՛ թյուր ինֆորմացիան, և՛ պրոպագանդան, և՛ գովազդն ու այլ հոգեբանական հնարքները, այսինքն այն ամենը ինչը մարդուն թույլ չի տալիս ադեկվատ ընկալել իրականությունը:
Օլիգարխիկ կամ կլանային քաղաքական կառավարում. Երբ կառավարում են մի քանիսը, զուտ իրենց անձնական բարօրության համար:
Մանիպուլարխիկ կամ ժողովրդավարական քաղաքական կառավարում. Երբ կառավարում են մի քանիսը, սակայն ամենուրեք մանիպուլյացիայի են դիմում հասարակական բարիքը արդար բաշխելու պատրանք թողնելու համար: Մասնավորապես՝ բազմաթիվ են հասարակության վրա ազդելու հոգեբանական հնարքները, հենց այս համատեքստում չափազանց շատ է կարևորվում լրատվամիջոցների օգտագործումը, ձևավորվում է մեծամասնության իշխանության պատրանք: Մյուս կողմից կառավարող խումբը կարող է ենթակա քողարկված կամ չներկայացվող կառույցի:
Քաղաքական կառավարման լավագույն ձևերն նրանք են, որոնցում կառավարումն իրականացվում է հանուն համընդհանուր բարիքի[26]:
Հայրակալություն կամ պատրիարխիկ քաղաքական կառավարում. Կառավարում է մեկը ի նպաստ բոլորի բարօրության: Սա իրական հայրական հոգատարություն է, երբ մեծ հաշվով ամեն ինչ պարզ ներկայացվում է, ոչինչ չի քողարկվում, մարդկային հոգեբանական թուլությունները որպես զենք չի օգտագործվում բնակչությանը հպատակեցնելու համար և այլն:
Խնամակալական քաղաքական կառավարում. Սա իրավամբ կարելի է համարել կառավարման լավագույն տարբերակը, երբ կառավարում են մի քանիսը ի բարօրություն բոլորի: Սա կառուցողական, ալտրուստական վերաբերմունք է սեփական հանրույթի նկատմամբ, երբ ընդհանուր ու սեփական բարեկեցություն նույնն է համարվում: Գործնականում այս տարբերակն իր մեջ ներառում է սոցիալիզմին բնորոշ տարրեր, սակայն իրական գաղափարական իմաստով, այլ ոչ թե այն տարբերակով, որը գործի դրվեց ԽՍՀՄ-ում:
Նման դասակարգումը բավականին մոբիլ է և համապաստախանում է կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ կառավարումը բնորոշելու հրամայականին: Օրինակ գոյություն ունեցող պետությունների ու պետականանման կառույցների դասակարգումը նպատակահարմար կլինի անցկացնել յուրաքանչյուր տարին մեկ անգամ, որովհետև միևնույն կառավարչի ժամանակ երկիրը կարող է սկզբում տիրանիկ լինել, հետո վերափոխվել մարյոնետային ձևի և այլն:
Գործնականում նման կառավարման համար առաջնային արժեք է համարվում հասարակության մեծամասնության բարօրությունը, այլ ոչ թե քաղաքական մասնակցությունը, ընտրությունները և այլն: Իրականում էական չէ, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը, քանի որ կառավարումը, որը շատ ավելի երկար գործընթաց է, կարևորվում է ավելին, քան զուտ իշխանության ձևավորման ընթացակարգը: Այն ինչ այսօր գիտական շրջանառության մեջ առկա քաղաքական կառավարման ձևերի դասակարգման մեծամասնության դեպքում իրականում դասակարգվում են կառավարման ձևավորման տեսակները: Այդ տրամաբանությամբ հարց է ծագում, եթե մենք երկիրը ժողովրդավարական ենք համարում զուտ մի քանի տարին մեկ անգամ ներկայացուցիչ ընտրելով, ապա արդյոք դա պարաքոդսալ չէ: Նախ ներկայացուցչության ու նոր կառավարման ինստիտուտ ձևավորելու գործընթացում ակնհայտ է «օլիգարխիացման երկաթյա օրենքը» հավանականությունը: Մյուս կողմից պարադոքսալ է, թե ինչպես կարելի է ժողովրդավարությունն անգամ ժամանակային այն կտրվածքով, որով քաղաքացին մասնակցություն է ցուցաբերում, համարել մեծամասնության իշխանություն, եթե կա չափազանց մեծ ծավալների հասնող աբսենտիզմ: Մասնավորապես՝ իշխանություն ձևավորելու համար իրականացվում են ընտրություններ (հաշվի չենք առնում հնարավոր խաբեությունները, մանիպուլյացիաները, ինչպես նաև ենթագիտակցության վրա ազդելու բազմաթիվ հնարքները), որին մասնակցել կարող են տվյալ երկրի քաղաքացիները, ովքեր ունեն ընտրական իրավունք (ընդունենք բնակչության թվի մոտ 80 տոկոսը): Ընտրությունների քվեարկում է ընտրական իրավունք ունեցող անձանց մոտ 60 տոկոսը (միջին հաշվարկով), այսինքն երկրի բնակչության 48 տոկոսը: Իսկ ընտրվում են առավելագույն ձայներ ստացած թեկնածուն (ընդունենք քվեարկողների 60 տոկոսը քվեարկել է նրա օգտին): Ստացվում է, որ թեկնածուն ընտրվում է ստանալով բնակչության ոչ ավել քան 30 տոկոսի քվեն: Պարադոքսալն այն է, որ այս համակարգը մենք անվանում ենք մեծամասնության իշխանություն՝ պոլիարխիա[27]: Իրականում մեծամասնությունը կարող է դրսևորվել միայն ընթացիկ կոնկրետ քվեարկության մեջ, այլ ոչ թե ընդհանուր համակարգի կոնտեքստում: Եզրակացությունը մեկն է, որ ժողովրդավարություն որպես այդպիսին չի լինում, եթե գործ ունենք ներկայացուցչության ինստիտուտի հետ:
[1] Хейвуд, Э. Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. էջ 29
[2] Политология: учебник /под ред. С. В. Решетникова. 6-е изд. Минск. 2010, էջ 123
[3] Хейвуд, Э. Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. էջ 28
[4] Большой юридический словарь. Додонов В. Н., Ермаков В. Д., Крылова М. А. и др. М.: Инфра-М, 2001. էջ 591
[5] Նույն տեղում
[6] Նույն տեղում
[7] Мельвиль А. Ю. Политология: учеб. – М. 2008, էջ 596
[8] Большой юридический словарь. Додонов В. Н., Ермаков В. Д., Крылова М. А. и др. М.: Инфра-М, 2001. էջ 397
[9] Мельвиль А. Ю. Политология: учеб. – М. 2008, с. 588
[10] Նույն տեղում էջ 581
[11] Соловьев А.И. Политология: Политическая теория, политические технологии. М.Аспект Пресс, 2003, էջ 232
[12] Хейвуд, Э. Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. էջ 29
[13] Նույն տեղում
[14] Хейвуд, Э. Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. էջ 30
[15] Хейвуд, Э. Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. էջ 31
[16] Նոր վերազգային դերակատարների մասին մանրամասն տե՛ս Современные международные отношения и мировая политика: Учебник Отв. ред. Торкунов А. В. -М., 2004. էջ 247- 269
[17] История политических и правовых учений, Учебник для вузов // Под общей редакцией В. С. Нерсесянца, М., 2004, էջ 64:
[18] Мухаев Р.Т. Теория политики М., 2005, էջ 211:
[19] История политических и правовых учений, Учебник для вузов // Под общей редакцией В. С. Нерсесянца, М., 2004, էջ 65:
[20] История политических и правовых учений, Учебник для вузов // Под общей редакцией В. С. Нерсесянца, М., 2004, էջ 66:
[21] Մանրամասն տե՛ս Даль Р. Демократия и ее критики / Пер. с англ. Под ред. М.В.Ильина. — М., 2003.
[22] Аристотель, Сочениния в четырех томах, Том 4, М., 1983, էջ 455
[23] Аристотель, Сочениния в четырех томах, Том 4, М., 1983, էջ 456:
[24] Տիրանիան միապետական իշխանություն է, որը հետապնդում է միայն կառավարող մեկ անձի շահը, օլիգարխիայի համար կարևոր է ունևոր քաղաքացիների շահը, իսկ դեմկրատիայի պայմաններում կաևորվում է չունևորների շահը, ընդհանուր շահը ոչ մի կառավարման ձև առաջ չի քաշում:
Միապետություն (մոնարխիա – լատ. monos – մեկ, arkhein – կառավարիչ. միաիշխան) – կառավարման ձև, որի ժամանակ պետության մեջ գերագույն իշխանությունը ֆորմալ կերպով (ամբողջությամբ կամ մասամբ) կենտրոնացված է միանձնյա կառավարչի` միապետի ձեռքում: Ինչպես նաև նման իշխանությամբ պետությունն է: Իշխանությունը սովորաբար փոխանցվում է ժառանգաբար:
Տիրանիա (հուն. tyrania) – տիրանի անհատական իշխանությամբ կառավարման (կամ պետական կառուցվածքի) տիպ, որը բնութագրվում է, որպես կանոն, դաժանությամբ, բռնության և հարկադրանքի տարբեր ձևերի կիրառմամբ:
Արիստոկրատիա (հուն. aristos – լավագույն, kratos – իշխանություն) – կառավարման ձև, որի ժամանակ իշխանությունը պատկանում է տոհմային ազնվականությանը. ազնվականության տիրապետում:
Օլիգարխիա (հուն. oligarchia – քչերի իշխանություն) – քիչ թվով մարդկանց խմբի կառավարում (խոշոր ձեռնարկատերեր, զինվորականներ և այլն): – Категории политической науки М., 2002. էջ 283:
[25] Մանրամասն տե՛ս Сморгунов Л. В. Сравнительная политология: Теория и методология измерения демократии. – СПб., 1999.
[26] Քաղաքական կառավարման համատեքստում ընդհանուր բարիքի մասին տե՛ս Даль Р. Демократия и ее критики / Пер. с англ. Под ред. М.В.Ильина. — М., 2003. էջ 427-455
[27] Պոլիարխիայի մասին տե՛ս Даль Р. Демократия и ее критики / Пер. с англ. Под ред. М.В.Ильина. — М., 2003. էջ 341-346