Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը
Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:
Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Ցեղասպանության իրագործման մեխանիզմը
Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:
Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:
Ճանաչում
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:
Խորհրդարանական որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր
- Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով — 01 օգոստոսի, 2016թ.
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև — 02 հունիսի, 2016թ.
- Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև — 29 հոկտեմբերի, 2015թ.
- Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև — 24 հուլիսի, 2015թ.
- Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև — 29 մայիսի, 2015թ.
- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև — 6 մայիսի, 2015թ.
- Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ — 24 ապրիլի, 2015թ.
- Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն — 23 ապրիլի, 2015թ.
- Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ — 22 ապրիլի, 2015թ.
- Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ — 15 ապրիլի, 2015թ.
- Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ — 14 ապրիլի, 2015թ.
- Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև — 14 ապրիլի, 2015թ.
- Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ — 12 ապրիլի, 2015թ.
- Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր — 27 նոյեմբերի, 2014թ.
- Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ — 11 մարտի, 2010թ.
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը — 4 մարտի, 2010թ.
- ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ.
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը — 10 հոկտեմբերի, 2007թ.
- Չիլի, Սենատի որոշումը — 7 հուլիսի, 2007թ.
- Արգենտինա, օրենք — 15 հունվարի, 2007թ.
- Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ.
- Լիտվա, Ասամբլեայի որոշումը — 15 դեկտեմբերի, 2005թ.
- Եվրոխորհրդարանի որոշումը — 28 սեպտեմբերի, 2005թ.
- Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը — 14 հուլիսի, 2005թ.
- Գերմանիա, Խորհրդարանի որոշումը — 15 հունիսի, 2005թ.
- Արգենտինա, Սենատի որոշումը — 20 ապրիլի, 2005թ.
- Լեհաստան, Խորհրդարանի որոշումը — 19 ապրիլի, 2005թ.
- Նիդեռլանդներ, Խորհրդարանի որոշումը — 21 դեկտեմբերի, 2004թ.
- Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը — 30 նոյեմբերի, 2004թ.
- Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004թ.
- Արգենտինա, Սենատի հռչակագիրը — 31 մարտի, 2004թ.
- Ուրուգվայ, օրենք — 26 մարտի, 2004թ.
- Արգենտինա, օրինագիծ — 18 մարտի, 2004թ.
- Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը — 16 դեկտեմբերի, 2003թ.
- Արգենտինա, Սենատի որոշումը — 20 օգոստոսի, 2003թ.
- Կանադա, Սենատի որոշումը — 13 հունիսի, 2002թ.
- Եվրոխորհրդարանի որոշումը — 28 փետրվարի, 2002թ.
- Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին — 27 սեպտեմբերի, 2001թ.
- Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում — 26 սեպտեմբերի, 2001թ.
- Ֆրանսիա, օրենք — 29 հունվարի, 2001թ.
- Իտալիա, Պատգամավորների պալատի որոշումը — 16 նոյեմբերի, 2000թ.
- Եվրոխորհրդարանի որոշումը — 15 նոյեմբերի, 2000թ.
- Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ — 7 նոյեմբերի, 2000թ.
- Լիբանան, Խորհրդարանի որոշումը — 11 մայիսի, 2000թ.
- Շվեդիա, Խորհրդարանի զեկույցը — 29 մարտի, 2000թ.
- Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ — 28 մայիսի, 1998թ.
- Բելգիա, Սենատի որոշումը — 26 մարտի, 1998թ.
- Լիբանան, Պատգամավորների պալատի որոշումը — 3 ապրիլ, 1997թ.
- ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 — 11 հունիսի, 1996թ.
- Հունաստան, Խորհրդարանի որոշումը — 25 ապրիլ ի, 1996թ.
- Կանադա, Համայնքների պալատի որոշումը — 23 ապրիլի, 1996թ.
- Ռուսաստան, Դումայի որոշումը — 14 ապրիլի, 1995թ.
- Արգենտինա, Սենատի որոշումը — 5 մայիսի,1993թ.
- Եվրոխորհրդարանի որոշումը — 18 հունիսի, 1987թ.
- ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 — 12 սեպտեմբերի, 1984թ.
- Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշումը — 29 ապրիլի, 1982թ.
- Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև — 24 օգոստոսի, 1975թ.
- ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 — 9 ապրիլի, 1975թ.
- Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, որոշում — 20 ապրիլի, 1965թ.
- ԱՄՆ, Սենատ, որոշում 359 — 11 մայիսի, 1920թ.
- ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
- ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 — 9 փետրվարի, 1916թ.
- Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր — 24 մայիսի, 1915թ.
Կազմակերպություններ
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն — 24 ապրիլի, 2015թ.
- Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն — 9 ապրիլի, 2007թ.
- Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
- Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
- YMCA-ի Եվրոպական դաշինք — 20 հուլիսի, 2002թ.
- Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր — 24 ապրիլի, 2001թ.
- Մարդու իրավունքների լիգա — 16 մայիսի, 1998թ.
- Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
- Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
- Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ — 24 ապրիլի, 1996թ.
- Ամերիկայի հրեական համայնքների միություն — 7 նոյեմբերի, 1989թ.
- ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով — 2 հուլիսի, 1985թ.
- Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.
- Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ — 10 օգոստոսի, 1983թ.
- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում — 9 դեկտեմբեր, 1948թ.
- ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց — 28, մայիսի, 1948թ.
Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ
ԱՄՆ նահանգներ
- Ալյասկա
- Արիզոնա
- Արկանզաս
- Կալիֆոռնիա
- Կոլորադո
- Կոնեկտիկուտ
- Դելավեր
- Ֆլորիդա
- Ջորջիա
- Այդահո
- Իլլինոյիս
- Կանզաս
- Կենտակի
- Լուիզիանա
- Մեն
- Մերիլենդ
- Մասաչուսեթս
- Միչիգան
- Մինեսոտա
- Միսսուրի
- Մոնտանա
- Նեբրասկա
- Նեւադա
- Նյու Հեմփշիր
- Նյու Ջերսի
- Նյու Մեքսիկո
- Նյու Յորք
- Հյուսիսային Կարոլինա
- Հյուսիսային Դակոտա
- Օհայո
- Օկլահոմա
- Օրեգոն
- Փենսիլվանիա
- Ռոդ Այլենդ
- Հարավային Կարոլինա
- Թենեսի
- Տեխաս
- Յուտա
- Վերմոնտ
- Վիրջինիա
- Վաշինգտոն
- Վիսկոնսին
- Հարավային Դակոտա
- Հավայ
Արևմտյան Վիրջինիայի նահանգապետի հռչակագիր — 04 մայիսի, 2016թ.
Ավստրալիա
- Նոր Հարավային Ուելսի նահանգ
Արգենտինա
- Կորդոբայի նահանգ
- Բուենոս Այրեսի նահանգ
Կանադա
- Բրիտանական Կոլումբիա
- Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
- Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)
Շվեյցարիա
- Ժնեւյան կանտոն
- Վոդ կանտոն
Մեծ Բրիտանիա
- Ուելս
Իտալիա
- Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
- Ուդինեի քաղաքային խորհուրդ
- Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
- Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
- Բելլունոյի քաղաքային խորհուրդ
- Հռոմի քաղաքային խորհուրդ
- Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
- Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
- Ջենովայի քաղաքային խորհուրդ
- Թիենեի քաղաքային խորհուրդ
- Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
- Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
- Ռավեննայի քաղաքային խորհուրդ
- Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
- Վենետիկի քաղաքային խորհուրդ
- Իմոլայի քաղաքային խորհուրդ
- Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
- Պարմայի քաղաքային խորհուրդ
- Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
- Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
- Միլանի քաղաքային խորհուրդ
- Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
- Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
- Լուջոյի քաղաքային խորհուրդ
- Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
- Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
- Ասիաոյի քաղաքային խորհուրդ
- Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
- Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային
- Պադովայի քաղաքային խորհուրդ
- Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
- Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
- Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
- Ռոսսիի քաղաքային խորհուրդ,
- Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ,
- Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ
Տոսկանայի նահանգային խորհուրդ
Սիցիլիայի նահանգային խորհրդարան
Իսպանիա
- Նավառայի խորհրդարանի բանաձև
- Կատալունիա
- Բասկերի երկիր
- Բալեարիկ կղզիներ
- Միսլատա
- Բուրխասոտ
- Բետերա
- Պինտո
- Չիրիվեյա
- Սան Սեբաստիան
- Բասկերի երկրի խորհրդարանի հայտարարություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ — 16 ապրիլի, 2015թ.
- Սանտա Մարգարիտա ի Մոնխոս
- Ալդայա
- Մերիդա
- Պայպորտա
- Ալիկանտե
Բելգիա
- Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև
Ավստրիա
- Վիեննա
Մշակութային եղեռն
Որեւէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակույթի ոչնչացումը: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ:
Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված եւ ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաեւ հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:
Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում… Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպես է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արեւածաղիկ փաթեթավորելու համար»:
Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված եւ թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության` Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց եւ ավերվեց:
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաեւ Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:
Հայկական ճարտարապետական շինությունները հետեւողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:
1987 թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:
Հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: