Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նշանակությունը. քառակի հարված Թուրքիային
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, ընդունեց «1915 թ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը: Դրանով պաշտոնական Բեռլինը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները համարում են «ցեղասպանություն», սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է, քանի որ 2005 թ. Բունդեսթագը ևս մեկ բանաձև էր ընդունել, որում «ցեղասպանություն» եզրույթը չէր գործածվում:
Գերմանիայի ճանաչումը քառակի հարված է Թուրքիային:
Նախ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Թուրքիայի առանցքային դաշնակիցն էր և հայերի կոտորածները ճանաչելով որպես «ցեղասպանություն»՝ նաև իր մեղսակցությունն է ընդունում, որը թուլացնում է Թուրքիայի «ժխտողական» դիվանագիտության դիրքերը:
Երկրորդ՝ «ցեղասպանության» տերմինի կիրառությամբ Գերմանիան հավասարության նշան է տանում Մեծ եղեռնի և հրեաների Հոլոքոստի միջև, ինչը ենթադրում է, որ կատարված ոճրագործությունները պետք է ոչ միայն դատապարտվեն, այլև հատուցվեն:
Երրորդ՝ Թուրքիայի ամենամեծ սփյուռքը (ավելին քան 3 մլն թուրքեր) ապրում են հենց Գերմանիայում, որոնք որևէ ձևով չկարողացան ազդել այս բանաձևի ընդունման վրա (ընդամենը 1 դեմ, 1 ձեռնպահ): Դրանով Անկարան հստակ հասկանում է պատմական արդարության հաստատման անխուսափելիությունը:
Չորրորդ՝ Բունդեսթագի այս բանաձևը պետք է օրինակ լինի այլ երկրների՝ մասնավորապես ԵՄ անդամ պետությունների համար: Իսկ եվրաինտեգրացման մարմանջ ունեցող Թուրքիան սա իրական գերխնդիր է, վաղ, թե ուշ պետք է հաշվի նստի իր պատմության հետ: