Հայաստանում ժողովրդավարության անկում է արձանագրվել, երկիրը հայտնվել է ավտորիտար պետությունների ցանկում. «Democracy Index 2016» զեկույցը
«The Economist Intelligence Unit» միջազգային կազմակերպությունը ներկայացրել է 2016 թ. ժողովրդավարության ինդեքսը:
Համաձայն զեկույցի աշխարհի երկրների գրեթե կեսը ժողովրդավարական են համարվում, սակայն «ամբողջությամբ ժողովրդավարական» (Full democracy) երկների թիվը 2016 թվականին կրճատվել է 20-ից 19-ը: Անգամ ԱՄՆ-ը դուրս է եկել «ամբողջական ժողովրդավարական երկրների» ցանկից և հայտնվել է «խնդրահարույց ժողովրդավարությունների» (Flawed democracy) ցանկում: Փաստաթղթի հեղինակները դա հիիմնավորում են նրանով, որ ԱՄՆ-ում կառավարության և ընտրովի պաշտոնատար անձանց հանդեպ վսստահությունն անկում է արձանագրել:
Անդրկովկասի երկրներում ժողովրդավարության մակարդակով ամենաբարձրը Վրաստանն է, այն 167 երկրից 78-րդ հորիզոնականում է և համարվում է հիբրիդային ռեժիմ, իսկ վատագույն ցուցանիշն ունի Ադրբեջանը, այն զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը և համարվում է ավտորիտար երկիր: Հայաստանը ևս ավտորիտար երկրների ցանկում է՝ զբաղեցնելով 120-րդ հորիզոնականը:
Ժողովրդավարության ինդեքսը հաշվարկվում է 5 ցուցանիշի համադրությամբ, որոնք գնահատվում են 10 միավորանոց համակարգով և դուրս է բերվում միջին թիվը: Այդ 5 ցուցանիշներն են.
- Ընտրական գործընթացներն ու պլյուրալիզմը,
- Կառավարության գործառնությունը,
- Քաղաքական մասնակցությունը,
- Քաղաքական մշակույթը,
- Քաղաքացիական ազատությունները:
Մինչև 4 միավոր ունեցող երկրները համարվում են ավտորիտար, 4-6 միավոր՝ հիբրիդային ռեժիմ, 6-8 միավոր՝ խնդրահարույց ժողովրդավարություն, 8-10 միավոր՝ ամբողջական ժողովրդավարություն:
Հայաստանն ունի 3,88 միավոր` ի տարբերություն նախորդ տարվա, երբ 4 միավորով հիբրիդային երկրների ցանկում էր:
Մեր երկրի համար ինդեքսի ամենաբարձր միավորը տրվել է «Քաղաքացիական ազատություններ» չափանիշին (5,88), այնուհետ «Քաղաքական մասնակցությունն» է (4,44), ապա արդեն «Ընտրական գործընթացներն ու պլյուրալիզմը» (4,33) և «Կառավարության գործառնությունը» (2,86): Այս բոլոր ցուցանիշները նույնն են ինչ 2015 թվականին, միակ բացասական տեղաշարժը արձանագրվել է «Քաղաքական մշակույթ» ցուցանիշի առումով. եթե 2015 թվականին Հայաստանն ուներ 2,5 միավոր, ապա 2016-ին իջել է մինչև 1,88 միավոր:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Բելառուսը (3,54 միավոր), Ռուսաստանը (3,24 միավոր), Ղազախստանը (3,06 միավոր) ևս ավտորիտար երկրների ցանկում են, միայն Ղրղզստանն է (4,93 միավոր) հիբրիդային երկրների թվում: